
Բեռլինում Էրդողանին դիմավորեցին ցուցարարները
Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական այցով ժամանեց Բեռլին՝ տեղում թուրքական նոր դեսպանատան բացման արարողությանը մասնակցելու: Էրդողանին Բեռլինում դիմավորեցին հազարավոր քուրդ, եզդի, ալևի, հայ և այլազգի ցուցարարներ, ովքեր շատ բարձր սկսեցին վանկարկել «ֆաշիստ Էրդողան, ֆաշիստ Էրդողան…»:
Ցույցը, որ կազմակերպվել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրից ոչ հեռու՝ Բրանդենբուրգյան դարպասի մոտ, տևեց մոտ երեք ժամ:
Ցուցարարների հիմնական պահանջն էր նոր քաղաքականություն վարել Թուրքիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների հանդեպ: Ցուցարարները, սակայն, պահանջների մեծ ցանկով էին հանդես գալիս, մասնավորապես ճանաչել վերջին հարյուրամյակում Թուրքիայի կատարած բոլոր ջարդերն ու ցեղասպանությունները, հանդուրժողականություն դրսևորել և հավասար պայմաններ ստեղծել Թուրքիայում բանկվող բոլոր մարդկանց համար՝ անկախ ազգությունից:
Քուրդ ցուցարարների հիմնական ցանկությունն էր սեփական Քուրդիստան պետությունն ունենալ այսօրվա Թուրքիայի տարածքում. խոսքի մեջ նշում էին Արևմտյան Հայաստանի մի քանի քաղաքների անուններ: Հայկական կողմի պահանջն էր Թուրքիային ճանաչել տալ 1915-ին իրագործած Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ասորիների և հույների ցեղասպանությունները:
Ցուցարարները մի շարք կոչեր ուղղեցին Գերմանիայի դիվանագիտական կառույցներին' պահանջելով մարդու իրավունքների պաշտպանության և կրոնական լիակատար ազատության ապահովում թուրքական վարչապետի կողմից: Բոլորը վանկարկում էին, որ Անկարան անտանելի է իր ժխտողական քաղաքականությամբ, Էրդողանը ստախոս է, Էրդողանը ճնշում է ազգային փոքրամասնություններին և այլն:
Ցույցի բանախոսները մեծաթիվ էին ու տարբեր օղակների ներկայացուցիչներ: Եկել էին նաև մի քանի պատգամավորներ, ովքեր քաջալերեցին ցուցարարներին՝ խոստանալով վերջիններիս ձայնը հասցնել համապատասխան մարմիններին ու պահանջել հետևողականություն:
Կանաչների կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթը հավաստիացրեց, որ ինքն անձամբ է պայքարելու. «Մենք վկաներն ենք փախստականների և ազգային փոքրամսնությունների նկատմամբ մի աղետալի իրավիճակի: Գերմանիան պետք է ասի, որ պատրաստ է նրանց ընդունել»:
Անդրադառնալով Թուրքիայում տիրող «դեմոկրատիային»՝ Կլաուդիա Ռոթը հարց տվեց. «Ինչպե՞ս կարելի է Թուրքիային կոչել դեմոկրատական պետություն, եթե այնտեղ դեռ հազարավոր լրագրողներ են բանտերում փակված խոսքի ազատության իրենց իրավունքը կիրառելու համար: Ի՞նչ է պատահել, որ խոսքի ազատությունը հայտնվել է բանտերում կամ իսպառ է վերանում: Ես չեմ կարող մոռանալ իմ հայ բարեկամին՝ Հրանտ Դինքին, ով սպանվեց ազատ խոսելու համար»:
Նմանատիպ բովանդակությամբ ելույթ ունեցան մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում նաև Ձախերի կուսակցության նախագահ Գրեգոր Գիզին, նույն կուսակցության անդամ Սևիմ Դագդելեն և այլք:
Ցույցի ընթացքում նշվեց, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Էրդողանը մի շարք հարցեր է քննարկելու, այդ թվում նաև Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության առաջնահերթ հարցը, այնուհետև կբանակցեն քրդական, հայ-թուրքական ու մերձավորարևելյան մնացած զարգացումների վերաբերյալ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել