
Մենք և մեր աստվածները
Լեռ Կամսար
Ես ավելի մեծ ապերախտություն չեմ ճանաչում, քան այն, որ մարդը ցույց է տալիս դեպի իր աստվածները։
Աստվածները մարդուն կյանք են տալիս, պահպանում են նրան ամեն տեսակ չարիքներից, իսկ մարդը՝ հեչ, եղած-չեղած մի հաշիվ է։ Մարդն իր անասունին ավելի խնամք է տանում, քան իր աստծուն։ Մարդը, ճիշտ է՝ ամառը իր անասունները ուղարկում է սար, բայց աշնան ցրտերին իջեցնում է սարի ստորոտը ու տեղավորվում նրանց համար շինած հատուկ գոմերում։
Իսկ հայերն ու հույներն իրենց բազմանդամ աստվածներին Մասիսի ու Օլիմպոսի գագաթը հանելով, ամառ-ձմեռ թողեցին այնտեղ անասելի սառնամանիքների մեջ, եւ բոլորը փչացան գնացին առանց հետք թողնելու։
Մենք նախապատմական ժամանակներից ահագին կավե կուռքեր, տոտեմներ, թալիսմաններ ունեինք, ո՞ւր կորան։ Փչացան, փչացան մեր անհոգի վերաբերմունքից։ Մարդն այդպես է. պետք եղած ժամանակ աստծուն ասում է՝ “արի պաշտեմ”, մնացած ժամանակ՝ «գնա մեռիր»։ Գնացին մեռան, դե համմե, տեսնենք հիմա ի՞նչ պիտի պաշտես։
Իսրայելը անապատում մի Ոսկե հորթ ուներ, որին պաշտելով՝ մեծ հաջողությունների հասավ։
Եթե աստվածն իր փոքր հասակում կարողացավ այդքան օգտակար դառնալ իր ժողովրդին, ձեզ եմ հարցնում, եթե մեծանար կով դառնար՝ ի՞նչ պիտի աներ այդ նույն ժողովրդին։
Եթե մարդիկ խնամեին այդ հորթին, կով կդառնար, կամուսնանար եգիպտացոց Ապիս ցուլի հետ, եւ մարդկությունը այլեւս երբեք աստվածային սով չէր ապրի, ստեղծելով մի սրբազան նախիր։
Դեպքեր կան աստվածաբանության մեջ, որոնք վկայում են, որ մարդն իր աստծուն է մոտեցել շահադիտական նպատակներով։ Ուղղակի ասած՝ առեւտրում խաբել է նրան։
80-90 կիլո կշռվող մայրերն իրենց տասը կիլոյանոց երեխաները գցելով շիկացած Մողոքի գիրկը՝ զոհել են, որպեսզի իրենք փրկվեն։
Այսքան չարաշահությո՞ւն։
Պատմությունը չի հիշատակում թեեւ այդ աստծո սեռը, բայց ես համոզված եմ, որ դա կին պետք է եղած լինի։ Որովհետեւ եթե տղամարդ լիներ, երեխայով չէր բավարարվի եւ կպահանջեր, որ երեխայի մայրն ընկներ իր գիրկը...
Բոլոր աստվածներից մնացել է հիմա մեկը միայն, այն էլ նրա համար որ... գոյություն չունի։ Եթե գոյություն ունենար, հիմա վաղու՜ց էր կորել։
Եվ ավելացնեմ անմիջապես, որ այդ գոյություն չունեցող աստվածն էլ մերը չէ, դա Իսրայելի անհատական սեփականությունն է, եւ վեհանձնաբար տվել է մեզ պաշտելու։
Վեհանձնաբար եմ ասում, որպեսզի համեմատած լինեմ հայերի ու հույների հետ։ Այդ երկու ազգերն իրենց աստվածների առատության մեջ մի աստված չտվին, որ Իսրայելը պաշտեր, իսկ Իսրայելը իր Եհովային դրել է կոլխոզ, ով ուզում է՝ պաշտում է։
1917 թվականին, երբ Ռուսաստանում տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, ռուսները կանգնեցին ու ասացին՝ “աստված չկա”, իսկ մենք մի հատուկ շոշափելի աստված չկարողացանք ճարել խոթել նրանց աչքը՝ ասելով.
- Ահա՛ քեզ աստված։
Եվ որովհետեւ ո՞ր ամսին, ի՞նչ հեղափոխություն էլ ծագելու լինի, այնուամենայնիվ մարդ արարածն առանց աստծո չի կարող ապրել, այդ պատճառով ռուսներն իրենց համար աստված ստեղծեցին ու քառասուն տարի պաշտեցին։ Դրանցից մեկի անունը Լենին դրին, մյուսինը՝ Ստալին։
Ստալինն իր աստվածային բնույթով ավելի հակված էր դեպի պատմական Մողոք աստվածը։
Ստալինը Մողոքով սկսելով, նրա անգթությունը զարգացրեց եւ աներեւակայելի չափերի հասցրեց։ Մողոքն իր գրկում այրում էր միայն մանուկներին, իսկ Ստալինը ոչ մորը խնայեց, ոչ հորը, ոչ երեխային. ով ձեռքն ընկավ՝ կոտորեց, փրկելով նրանց հոգին։
Այժմ երկու խոսք՝ աստվածային տեխնիկայի մասին.
Մարդիկ իրենց աստվածներին պաշտել են առհասարակ թարմ վիճակում։ Բայց ժամանակը չի խնայում անգամ աստվածներին։ Նրանք էլ հպատակվելով ժամանակի կամքին, խունանում են, ծերանում ու մեռնում։
Այս է պատճառը, որ ռուսները բռնեցին իրենց զույգ աստվածներին, չորացրին, այսպես կոչված աստվածային չիր դարձրին։
Այո՛, ի՞նչ խոսք, աստվածային տեխնիկայում դա մի աննախընթաց վերելք էր, ու եթե այս ձեւը ծանոթ լիներ նախապատմական մարդուն, այսօր նրա ոչ մի աստված չէր փչանա, նա կարիք չէր ունենա սրա-նրա աստվածը պաշտել։
Հիմա մենք ամենայն իրավամբ կարող ենք ասել, որ ռուսները հավիտյանս ապահովված են սեփական աստվածներով։ Ունեն երկու չորացրած աստվածներ Մավզոլեում պառկած։ Պաշտիր որքան կուզես, ոչ կհալեն, ոչ կմաշեն։
Ինձ այստեղ զարմացնում է մի բան։
Եգիպտոսը, որ զմռսելու արվեստում իր նմանը չի ունեցել ամբողջ աշխարհում, ինչպես չի մտածել իր ցուլը՝ Ապիսը, մորթել, բաստուրմա շինել...
Ռուսները, որոնք ոչ մի համբավ չեն ունեցել ապխտելու արվեստի մեջ, այսօր կարողացան երկու անանց աստվածների տեր դառնալ, իսկ Եգիպտոսը իր մարալ եզին կորցրած՝ գնացել է մահմեդականների աստվածն է պաշտում։
Չորացնելն ընդհանրապես լավ սովորույթ է։
Ամառն ամեն տեսակ թարմ բանջարեղեն կա, բայց եթե ձմեռվա համար չչորացնենք բադրիջան, լոբի, ռեհան՝ ձմեռվա մեր կերակուրները կմնան անհամեմ ու բուսեղենից զուրկ։
Ինչպես տանտիրուհին ամառվանից իրեն ապահովում է ձմեռվա կանաչիով, այնպես էլ մարդն իր ժամանակին պիտի ապահովի ինքզինքը ձմեռային աստվածներով։
-------------------------
Բայց ես, երեւակայեք, կյանքումս երբեք չորացած աստված չեմ պաշտել։ Ես պաշտել եմ տասնյոթ տարեկան աղջիկներ՝ մինչեւ նրանց հիսուն տարեկանը, հիսունից վեր՝ հանում եմ Օլիմպոս եւ մի նորը պաշտում...
1959թ.
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել