HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանի ճգնաժամը եւ հայ համայնքը

Օգոստոսի 5-ին Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժեմայելի` հայերի հասցեին կատարած անհանդուրժողական հայտարարությունների արդյունքում ստեղծած մթնոլորտը (Տես` Լիբանանահայությունը ցնցված է նախկին նախագահի անհանդուրժողական արտահայտություններից) մեղմացավ, երբ օգոստոսի 12-ին Ժեմայելը կրկին հայտարարեց, որ ինքը հարգում է հայ համայնքը, իսկ Հ. Յ. Դաշնակցության հետ ունեցած իր վեճը նմանեցրեց «անցնող ամպի»:

Հիշեցնենք, որ Ժեմայելը պարտվել էր Բեյրութի Մեթն ընտրատարածքում կայացած պատգամավորական մասնակի ընտրություններում, եւ այդ պարտությունը գլխավորապես Հ. Յ. Դաշնակցությանն ու հայերի դիրքորոշմանը վերագրելով` կասկածի տակ էր առել լիբանանահայերի քաղաքացիական իրավունքները, նշելով` «Մեթնի կամքը չպետք է թելադրվի հայերի կողմից»:

Նախկին նախագահը ասել էր, որ մերժում է Դաշնակցության` «Մեթնի իսկական քրիստոնյաների ձայները» գողանալը, դրանով փաստորեն հայերին համարելով նաեւ երկրորդ կարգի քրիստոնյաներ: Նա Դաշնակցությանը մեղադրել էր Բուրջ Համուդ թաղամասում մեծ մասշտաբի ընտրական կեղծիքներ ի գործ դնելու մեջ: Հաջորդող օրերին այս արտահայտությունները հանդիպել էին լիբանանահայերի, ինչպես նաեւ` Լիբանանի մի շարք քաղաքական դեմքերի ու ուժերի դատապարտմանը:

Լիբանանը հերթական անգամ գտնվում է քաղաքական սուր ճգնաժամի մեջ, եւ տեսանելի լուծումների բացակայության պայմաններում` երկրի ապագան մնում է անորոշ: Չնայած Ժեմայելի արտահայտությունների ստեղծած մթնոլորտի մեղմացմանը, այս իրողությունը լուսարձակի տակ է առնում այն պայմանները, որոնցում ապրում է Լիբանանի հայ համայնքը:

Ի՞նչ իրավիճակ է տիրում Լիբանանում եւ ի՞նչ տեղ են գրավում լիբանանահայերը այնտեղ:

Լիբանանյան գլուխկոտրուկ

Ընդամենը 10 452 քմ տարածք զբաղեցնող Լիբանանի քաղաքական կյանքը, պատմական, աշխարհագրական, մշակութա-արժեքային բազմազանության եւ այլ պատճառների հետեւանքով միշտ էլ եղել է բարդ եւ ոչ օրինաչափ: Առանց մանրամասների, բավ է նշել, թե փոքր այս երկրում բնակվում են քրիստոնյա եւ մուսուլման կրոնների հետեւորդ, մեծամասնությամբ արաբախոս 18 հարանվանությունների պատկանող համայնքներ, որոնցից ոչ մեկը թվային բացարձակ մեծամասնություն չի ներկայացնում: Հակառակ իրենց միացնող լեզվական եւ այլ ընդհանրությունների` այս համայնքներն ունեն մշակութա-կենցաղային եւ արժեքային որոշ տարբերություններ եւ յուրահատկություններ: Համայնքային պատկանելիության զգացումը հաճախ գերիշխում է համընդհանուր լիբանանյան քաղաքացիության գիտակցությանը: Երկրի քաղաքական համակարգը կառուցված է գլխավոր երեք համայնքների` մարոնիտ քրիստոնյաների (արեւելյան կաթոլիկներ), սուննի մուսուլմանների եւ շիա մուսուլմանների միջեւ իշխանության բաժանման խախուտ հավասարակշռության վրա: Լիբանանի արդի պատմությունը մեծ հաշվով եղել է քրիստոնյա եւ մուսուլմանական մեծագույն համայնքների եւ նրանց քաղաքատնտեսական վերնախավի պայքարը` վերահսկելու երկրի քաղաքական ղեկն ու տնտեսական բարիքները:

Երկրի փոքր ու խոցելի լինելը, ներքին հակասությունները եւ այլ գործոններ պատճառ են հանդիսացել, որ Լիբանանը մշտապես ենթարկվի արտաքին միջամտությունների: Ավելին, որոշ համայնքների վերնախավեր` իրենց վայելած գերակայությունը կորցնելուց կամ այլ համայնքների ու նրանց արտաքին հովանավորների գերակայությունից վախենալով, իրենք իսկ դիմում են արտաքին ուժերի օգնությանը: Տասնամյակներ ի վեր շարունակվող, եւ պարբերաբար տարբեր դրսեւորումներ ունեցող լիբանանյան ճգնաժամը` ներքին դրդապատճառների արդյունքը լինելուց բացի, նաեւ տարածաշրջանային եւ միջազգային ուժերի մրցակցության ու պայքարի դրսեւորումն է:

Մինչեւ 1975 թ. առանձնահատուկ դիրքեր գրավող քրիստոնյաները եւ մանավանդ մարոնիտ համայնքը շարունակված քաղաքացիական պատերազմի( 1975-1990 թթ.) արդյունքում կորցրեցին իրենց այդ դիրքերը: Մուսուլմանների հզորացմանը նպաստեց նաեւ վերջիններիս թվային աճը: 90-ականներին իշխող դիրքեր ունեցան սուննի մուսուլմանները, դրան նպաստեց նաեւ միլիարդատեր Ռաֆիկ Հարիրիի վարչապետ լինելը: 2005թ. Ռ.Հարիրի սպանությունն անելանելի ճգնաժամ ստեղծեց Լիբանանում, ինչն իրար դեմ է հանել հիմնականում սուննի եւ շիա համայնքները, իսկ տկարացած եւ երկփեղկված քրիստոնյաները բաժանված են այդ երկու ճամբարների միջեւ: Կացությունն էլ ավելի բարդանում է արտաքին միջամտությունների պատճառով:

Ներկայումս Լիբանանում զարգացումների վրա առավել կամ նվազ չափով իրենց ազդեցությունն են ունենում ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Սաուդական Արաբիան, Իսրայելը, Սիրիան եւ Իրանը: Գնալով ազդեցիկ դարձող շիա համայնքի մեծամասնությունը` արաբների արդի պատմության մեջ անցած ամառ առաջին անգամ Իսրայելին ձախողության մատնած Հեզբոլլահ կազմակերպության, ինչպես նաեւ` Ամալ շարժման միջոցով, վայելում է Իրանի եւ Սիրիայի հովանավորությունը: Սուննի համայնքը, սպանված վարչապետի որդի Սաատ Հարիրիի եւ նրա հավատարիմ, վարչապետ Ֆուադ Սենյորայի գլխավորությամբ, վայելում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Սաուդական Արաբիայի հովանավորությունը:

Մարոնիտների մի մասը` Ամին Ժեմայելի ղեկավարած Փաղանգավոր կուսակցության եւ քրիստոնյա աշխարհազորայինների երբեմնի ղեկավար Սամիր Ժաժաի ղեկավարած Լիբանանյան Ուժեր կազմակերպության գլխավորությամբ, դաշնակցում է սուննի ուժերի հետ եւ հարում է արեւմուտքին: Իսկ մի ուրիշ մաս` զորավար Միշել Աունի գլխավորությամբ, դաշնակցում է Հեզբոլլահին:

Արեւմտամետ հատվածը, որ ճանաչված է «Մարտի 14» շարժում անունով, խորհրդարանում մեծամասնություն է կազմում: Լիբանանում խորհրդարանն է ընտրում Հանրապետության նախագահ: «Մարտի 14» շարժումը ցանկանում է սեպտեմբերի 25-ից հետո տեղի ունենալիք նախագահական ընտրություններին ներկայիս սիրիամետ նախագահ Էմիլ Լահուդին փոխարինել իրեն հավատարիմ նախագահով: «Մարտի 14» շարժումը Սիրիային պատասխանատու է համարում Ռաֆիկ Հարիրիի սպանության համար եւ այս հարցում պահանջում է միջազգային դատարանի միջամտություն:

Հեզբոլլահ-Աուն դաշինքը համարում է, որ ներկա կառավարությունը միակողմանի է եւ չի ներկայացնում բոլոր համայնքների շահերը, ոչ էլ արտացոլում է երկրում տիրող ուժերի հավասարությունը: Այս դաշինքը պահանջում է, որ մինչեւ նախագահական ընտրությունների կայացումը կազմվի «ազգային միության» կառավարություն, որտեղ ներկա ընդիմությանը հատկացվի նախարարական աթոռների մեկ երրորդը, ինչը նրան իրավունք կտա իր վճռական խոսքն ասելու սահմանադրությամբ ճշտված էական նշանակության հարցերի քննարկման պահին: «Մարտի 14»-ի ուժերը մերժում են այս պահանջը:

Յուրաքանչյուր կողմի կեցվածքին ամրորեն նեցուկ են կանգնում նրանց սատարող արտաքին ուժերը: Լիբանանում այս կամ այն կողմի հաղթանակը համազոր է Մերձավոր Արեւելքում նրանց հովանավորող տարածաշրջանային եւ միջազգային ուժերի դիրքերի հզորացմանը:

Եթե լիբանանցիները չկարողանան մինչեւ նախագահական ընտրությունների ժամկետի ավարտը ինչ որ համախոհության հասնել, ապա Լիբանանին եւ լիբանանցիներին սպառնում է անորոշ, բայց բոլոր դեպքերում, անմխիթար ապագա:

Լիբանանի հայկական կուսակցությունները եւ Լիբանանի քաղաքականությունը

Մինչեւ 1975 թ. Լիբանանի քաղաքացիական պատերազմի բռնկումը, Փաղանգավոր կուսակցությունը եւ Հ.Յ.Դ.-ն ընտրական եւ քաղաքական դաշնակիցներ էին: Մյուս կողմից, Լիբանանում իր քաղաքական գործունեության ընթացքում Դաշնակցությունը միշտ էլ հանդես էր եկել որպես իշխանամետ ուժ: Քաղաքական այս դիրքորոշումների, բայց նաեւ համայնքի ներսում այս կուսակցության վայելած անհերքելի հեղինակության շնորհիվ, Դաշնակցության առաջադրած թեկնածուները համարյա միշտ շահում էին Լիբանանի խորհրդարանում հայ համայնքին վերապահված 5-6 աթոռները եւ այսպիսով կազմում «Հայ երեսփոխանների բլոկը»:

1975 թ. ապրիլին քաղաքացիական պատերազմի բռնկելուց հետո, հայկական երեք կուսակցությունները, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական Կուսակցությունը եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան Կուսակցությունը համատեղ որոշեցին լիբանանահայությանը հեռու պահել ներքին այդ պատերազմից` որդեգրելով «դրական չեզոքության» քաղաքականություն: Չհաշված մեկ-երկու շեղումներ, այս կեցվածքը պահպանվեց քաղաքացիական պատերազմի ամբողջ 15 տարիների ընթացքում:

Այդ տարիներին հասկանալի պատճառներով խորհրդարանական ընտրություններ տեղի չէին ունեցել: 1992 եւ 1996 թթ. ընտրություններում Դաշնակցության առաջադրած թեկնածուներին առաջվա նման հաջողվեց գրավել խորհրդարանում հայերին հատկացված տեղերը: Դաշնակցությունը շարունակում էր մնալ իշխանամետ կուսակցություն:

Այս իրավիճակը փոխվեց 2000 թ.-ին, երբ վարչապետ եւ հզորագույն հեղինակություն, միլիարդատեր Ռաֆիկ Հարիրին Բեյրութի երկրորդ ընտրատարածքում, որպես նախընտրական համագործակցության նախապայման, Դաշնակցությունից պահանջեց, որ ապագա խորհրդարանում հայերը առանձին բլոկով հանդես չգան եւ իր ղեկավարած խմբակցության մաս կազմեն: Նա նաեւ պայման դրեց, որ հայ թեկնածուների մի մասին ինքն առաջադրի: Հայ պատգամավորների մեծագույն մասն ընտրվում են նշյալ ընտրատարածքից: Դաշնակցությունը մերժեց Հարիրիի պայմանները եւ առաջին անգամ ընդդիմացավ օրվա իշխանություններին` հանձին Հարիրիի: Նրա թեկնածուները այդ ընտրատարածքում ձախողվեցին, եւ խորհրդարան անցան Հարիրիի առաջադրած հայ թեկնածուները, որոնց շարքում էին հնչակյան եւ ռամկավար կուսակցությունների անդամներ: Դաշնակցությունն իր պարտությունը վերագրեց Բեյրութի նշյալ ընտրատարածքի աշխարհագրական սահմանների մեջ կատարված միտումնավոր փոփոխություններին: Նա առարկեց, թե հաղթող հայ պատգամավորները փաստորեն ընտրվել էին այդ ընտրատարածքի ոչ-հայ քաղաքացիների քվեներով, քանի որ սահմանները փոխվել էին այնպես, որ Հարիրիի համախոհ ընտրողները լինեն մեծամասնություն, մինչ ավելի փոքր թիվ կազմող հայ քվեարկողների ջախջախիչ մեծամասնությունն իրենց ձայները տվել էին իր` Դաշնակցության թեկնածուների օգտին:

Միեւնույն պատկերը կրկնվեց 2005 թ.-ին, որի արդյունքում Լիբանանի ներկա խորհրդարանի հայ 6 պատգամավորներից 4-ը պատկանում են Հարիրիի խմբակցությանը, իսկ Դաշնակցությունն ունի ընդամենը մեկ պատգամավոր: 2000 թ.-ին Դաշնակցությունը դադարեց իշխանամետ լինելուց, իսկ 2005թ.-ի պատգամավորական ընտրություններից նա հարում է Լիբանանի քաղաքական ընդդիմությանը եւ պահանջում է ընտրական օրենքի եւ Բեյրութի երկրորդ ընտրատարածքի սահմանների փոփոխություն: Ընդդիմության առանցքն են կազմում շիա մուսուլման Հեզբոլլահը եւ մարոնիտ քրիստոնյա Միշել Աունն ու նրա ղեկավարած «Ազատ Ազգային Հոսանքը»: Դաշնակցությունը սերտ համագործակցության մեջ է վերջինիս հետ, որի խմբակցության մաս է կազմում դաշնակցական պատգամավորը:

Հնչակյան եւ Ռամկավար կուսակցությունները իշխանամետ են, եւ ինչպես նշվեց, նրանց ներկայացուցիչները մաս են կազմում Հարիրի ընտանիքին հավատարիմ եւ գլխավորապես սուննի մուսուլմաններից բաղկացած խմբակցությանը:

Հայկական կուսակցություններն ուրեմն տեղ են գրավում Լիբանանի խիստ բեւեռացված քաղաքական դաշտի տարբեր կողմերում: Հակառակ այս իրողությանը, նրանց եւ ընդհանրապես լիբանանահայերի միջեւ բարեբախտաբար չի տիրում այն լարված մթնոլորտը, որ տիրում է այդ բեւեռները ներկայացնող այլ ուժերի միջեւ:

Լիբանանի հայկական համայնքը դեպի ու՞ր

Եթե լիբանանցիները չկարողանան համակեցության մի նոր տարազի շուրջ համաձայնության գալ, եւ եթե ավելի կարճ ժամկետում, հաջորդող շաբաթներում, չկարողանան հակադիր երկու բեւեռներին ընդունելի նախագահական թեկնածուի շուրջ համաձայնության հասնել, երկրին սպասում է մութ եւ անորոշ ապագա: Այդ պարագայում, Լիբանանի մյուս համայնքների նման անորոշ եւ աննախանձելի կլինի նաեւ հայ համայնքի ապագան:

Բայց համեմատաբար դրական հանգուցալուծման պարագայում եւս, միջին եւ երկար ժամկետում Լիբանանի հայ համայնքին (ինչպես եւ Մերձավոր եւ Միջին Արեւելքի մյուս երկրների հայ համայնքներին) դժբախտաբար փայլուն ապագա չի կարելի ակնկալել: 15 տարվա ներքին պատերազմի, տնտեսական շարունակվող ճգնաժամի եւ ներկա քաղաքական սրումի ու անորոշության պատճառով երբեմնի կենսունակ գաղութը մեծապես տուժել է` քանակապես եւ որակապես: 1975 թ. մոտավորապես 250 հազար գնահատվող համայնքից ներկայումս ամենալավատեսական գնահատականներով մնացած պետք է լինի 90-100 հազարը:

Դեպի արեւմուտք արտագաղթի ալիքը շարունակվում է եւ նույնիսկ ներքաղաքական համաձայնության պարագայում դժվար որ կանգնի: Արեւմուտքի եւ խորհրդային-ԱՊՀ երկրներին բնորոշ ուծացման երեւույթը, ինչին, բացառությունները հարգելով, անցյալում անհնար էր հանդիպել Լիբանանում, վերջին երկու տասնամյակներում թափ է ստացել, եւ այն հաստատապես կշարունակվի ապագայում: 20-30 տարի եւս, եւ Լիբանանի, ինչպես նաեւ Մերձավոր ու Միջին Արեւելքի մյուս համայնքներից կմնա քիչ բան: Միակ տրամաբանական լուծումը մնում է հայրենադարձությունը: Իսկ Հայաստանը պատրա՞ստ է կամ ուզու՞մ է ընդունել իր որդիներին... :


Արամ Թովմասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter