HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի վերարտադրության պատմություն

Սկիզբը

Մաս II: Գործազրկության վտանգ

Ի՞նչ է նշանակում «Իշխանության եւ ընդդիմության միասնական թեկնածու»։ Սա հասկանալու համար պետք է նայել Հայաստանի քաղաքական դաշտին։ Դժվար չէ նկատել, որ այդտեղ հավասարակշռություն չկա։

Այն նման է Հյուսիսային պողոտայի պեյզաժներին՝ մի կողմից վեր խոյացող շքեղ բարձրահարկեր են, մյուս կողմից դեռեւս չմաքրված ավերակներ, որտեղ ոչ հեռավոր անցյալում կենդանություն է եղել։

Մայիսյան ընտրություններից հետո քաղաքական դաշտի վերջին տասը տարվա դերակատարները դուրս մնացին խաղից։ Ճիշտ է նրանք սովոր էին խաղալ չհաղթելու պայմանով, բայց մասնակցությունից զրկվելուն պատրաստ չէին։ Եւ հիմա, օրինակ, Արտաշես Գեղամյանն, ով պրոֆեսիոնալ ընդդիմադրի համբավ ուներ, ստիպված է նոր աշխատանք փնտրել, որովհետեւ նախագահի ընտրությանը մասնակցելը կամ չմասնակցելը նրան դարձնելու է գործազուրկ։

Մասնակցելով ընդդիմության միասնական թեկնածուի որոնումներին՝ նա ամենեւին պատրանքներ չունի, որ այդ տիտղոսը մատուցվելու է հենց իրեն։ Չունի մի քանի պատճառով։ Առաջինը՝ հասկանում է, որ խորհրդարանական ընտրությունների նվազագույն շեմը չհաղթահարելով, կորցրել է առաջատարի նպաստավոր իր դիրքը։ (Չմոռանանք, որ նախորդ ընտրություններում նա դաշինքում չէր, բայց խորհրդարանում էր։) Երկրորդը՝ գիտե, որ Աշոտ Մանուչարյանի ձեռնարկած քննարկումները որպես կանոն լինում են դեստրուկտիվ եւ անպտուղ։ Երրորդը՝ Պարույր Հայրիկյանը՝ լինելով ձեռնարկի համահեղինակ, հենց սկզբից՝ Վազգեն Մանուկյանին տեղը դնելու միջոցով, հասկացրել էր, որ միասնական թեկնածու իր կենդանության օրոք կարող է լինել միայն եւ միայն ինքը։ Այսուհանդերձ Գեղամյանը մասնակցում է քննարկումներին, որովհետեւ դրանք ոչ թե իշխանության հասնելու նպատակ են հետապնդում, այլ քաղաքականությունից դուրս մնալը կանխելու ջանքեր են։

Այս ամենը հասկանալով՝ նա առաջարկում է մի տարբերակ, որն ըստ էության փոխզիջումային է, եւ ուղղված է առկա ընդդիմության կյանքը երկարացնելուն։ Երբ ասում է «Իշխանության եւ ընդդիմության միասնական թեկնածու», բոլորն էլ հասկանում են, որ դա չի լինելու ոչ ինքը, ոչ Ստեփան Դեմիրճյանը, ոչ Արթուր Բաղդասարյանը, ոչ Վազգեն Մանուկյանը, ոչ էլ Պարույր Հայրիկյանը։ (Եթե որեւէ մեկի անունը մոռացա, ներում եմ խնդրում։) Միասնական թեկնածուն լինելու է այն մարդն, ով լավագույնս ապահովելու է Ռոբերտ Քոչարյանի սահուն վերարտադրությունը։ Իսկ այդ մարդն առայժմ միայն Սերժ Սարգսյանն է։

Ուրեմն՝ եթե իշխանությունը համաձայնի այս առաջարկին, որն ըստ էության լուծում է ապագա նախագահի լեգիտիմության հարցը, ընդդիմությունը կստանա պաշտոնական կարգավիճակ։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Արտաշես Գեղամյանը դառնալու է, ասենք, Երեւանի քաղաքապետ, բայց հանրապետության մի քանի փոքր քաղաքներում, որոշ գյուղերում ու ավաններում թույլ կտրվի ընդդիմության ներկայացուցիչների ընտրությունը, որոշ ընդդիմադիրներ գուցե պաշտոններ ստանան նախարարություններում եւ այլ գերատեսչություններում, իսկ ավելի հաճախ նրանք կընդգրկվեն տարատեսակ հանձնաժողովներում, կհրավիրվեն ինչ-ինչ խորհրդարանական լսումների։ Սա հնարավորություն կտա պահպանելու ընդդիմության քաղաքական աշխատատեղերը եւ փրկելու սեփական կուսակցությունների անդամների թեկուզ մի փոքր մասը։

Կհասկանա՞ն իշխանությունները Գեղամյանի առաջարկը։ Կարծում եմ, կհասկանան, եւ նրանց պատասխանը կարող է շատ կարճ լինել՝ հա, ի՞նչ կա որ, հատկապես որ խորհրդարանական ընտրությունից առաջ՝ հրաժարվելով «Ամրացում տրոհման ճանապարհով» պրոյեկտից, Սերժ Սարգսյանը դեռ չի հասցրել նոր բան առաջարկել։

Իշխանությունն ու ընդդիմությունը չունեն գաղափարական ընդգծված տարբերություններ։ Իշխանությունն ու ընդդիմությունը չունեն ընտրազանգված։ Իշխանությունն ունի վարչական ռեսուրս, որով կարողանում է իր գործերը գլուխ բերել։ Այս պարագայում իշխանությանը ձեռնտու է Գեղամյանի առաջարկը, որն իր խորքում մեծ հաշվով նշանակում է ընտրություններ առանց ընտրազանգվածի մասնակցության։ Այսինքն՝ իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնում են, որ Սերժ Սարգսյանն է պապան (Աստված երկար կյանք տա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին), վարչական ռեսուրսն իրեն հատուկ հմտությամբ անում է գործը, նախագահն ընտրվում է, ընդդիմությունը՝ շնորհավորում։ Եւ Հայաստանն աշխարհին ներկայանում է վստահություն վայելող նախագահով։

Կհասկանա՞ն ընդդիմադիրները Գեղամյանի առաջարկը։ Տեսականորեն՝ այո, գործնականում բազմաթիվ հարցեր կառաջանան՝ կապված կուսակցությունների զբաղվածության աստիճանի հետ։ Ամեն մեկը կփորձի ճշտել արեւի տակ ստանալիք իր տեղը։ Անիրատես ոմանք կհրաժարվեն մասնակցել, կհեռանան ու կփորձեն կառչել Դաշնակցությունից՝ վերջին տասը տարվա իշխանական կուսակցությանը սարթ ընդդիմադրի իմիջ հաղորդելով։ Այսպիսով այս պրոյեկտն էլ կձախողվի, բայց վերարտադրությունը կմնա օրակարգում։

Իրավիճակն արմատականորեն կարող է փոխել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն, ինչը, սակայն, հավանական չէ, քանի որ Հանրապետության հիմնադիր նախագահի վերադարձը փափագողներն առաջնորդվում են ձիարշավի տրամաբանությամբ՝ վստահել հնարավոր հաղթողին։ Վերադարձի մասին խոսողներից ոչ ոք մինչ օրս չի զուգադրել այդ քաղաքական գործչի հեռանալու պարտադրանքն ու վերադարձի անհրաժեշտությունը։ Նրանք, ովքեր այսօր ասպարեզ են հրավիրում հնարավոր հաղթող Տեր-Պետրոսյանին, վաղը դառնալու են նրա քաղաքական գծի ոխերիմ թշնամիները։

Ներկա ընդդիմության համար Տեր-Պետրոսյանի վերադարձն ավելի քիչ է ցանկալի, քան Քոչարյանի վերարտադրությունը, որովհետեւ առաջին նախագահի հայտնությունը նշանավորելու է քաղաքականության նոր շրջափուլ, որտեղ իրենք պարզապես անելիք չեն ունենալու։ Տեր-Պետրոսյանի ընդդիմությունն ուրիշ է լինելու։ Իսկ Սերժ Սարգսյանի ընտրության դեպքում աշխատատեղերը կես դրույքով պահպանելու հույս դեռ կա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter