
Շատ ընտանիքներ չէին գնա գյուղից, եթե Կուտականի դպրոցը բարեկարգ լիներ
Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դպրոցը 1948 թվականի կառույց է, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չի հիմնանորոգվել: Մասնակի վերանորոգվել են միայն ուսուչանոցն ու համկարգչային սենյակը: Օգտագործման համար պիտան է ընդամենը 6 դասասենյակ:
«Շատ վատ վիճակ է, լացելու վիճակ»,- ասում է դպրոցի տնօրեն Ռաֆայել Ավետիսյանը և նկարագրում դպրոցի վիճակը: Առաստաղը բաց է, հողը թափվում է դասասենյակներ, հատակը փտած է, լուսամուտների փեղկերին մեխ չի խփվում, որովհետև նույնպես փտած են, կտուր բարձրանալու և տանիքը ծածկելու հնարավորություն չկա, քանի որ ուր ոտքդ դնես, կարող է ծակվել և թափվել:
Տնօրեն Ավետիսյանն ասում է, որ դպրոցի վերանորգման հարցով բոլոր ատյաններին դիմել է, սակայն որևէ տեղից հարցի լուծման կոնկրետ ուղիներ դեռևս չի ստացել: Տնօրենը ենթադրում է, որ պետական մարմինները, բյուջեի սուղ լինելու պատճառով, դեռ չեն հասել Կուտականի դպրոցին: Ռ. Ավետիսյանը 1997թ.-ին Սոցիալական ներդրումների հիմնադրամին է դիմել, եկել դպրոցի վերանորոգման նախագիծը պատրաստել են, բայց ծրագիրը զուգադիպել է երկրաշարժի 10-ամյակի հետ, և մի տարի հետո` 1998-ին գումարները տեղափոխել են երկրաշարժի գոտի:
Ռ. Ավետիսյանը նաև հանրապետության նախագահին է գրել: «Փաստը դա է, որ էդ վիճակում է դպրոցը, ոչ մեկին էլ չեմ մեղադրում, ինչ-որ տեղ ինձ եմ մեղավոր զգում, որ երևի լավ չեմ պայքարել: Ուր գնացել եմ, չեն մերժել, կանենք, կանենք ու այդպես մինչ էսօր»,- ասում է Ռ. Ավետիսյանը:
Կուտականը Ադրբեջանից բռնագաղթած փախստականներով բնակեցված գյուղ է` փաստացի շուրջ 150 բնակչով: Կուտականի միջնակարգ դպրոցը 40 աշակերտ ունի, բոլոր դասարանները կոմպլեկտավորված են, առանձին դասարան ընդհանրապես չկա: Աշակերտների թիվը տարեցտարի նվազում է: 1992 թվականին դպրոցի տնօրեն նշանակված Ռաֆայել Ավետիսյանը հիշում է, որ իր նշանակման տարին 119 երեխա էր սովորում դպրոցում: Բնակչության հիմնական արտահոսքը 1990-ականներիվ վերջին է եղել, երբ սպառվել են օգնությունների բոլոր երակները, պահեստների ցորենն ու մթերքը, և արտագաղթը լայն թափ է ստացել: Տնօրենը կարծում է, որ դպրոցի վիճակն էլ մեծապես նպաստում է, որ մարդիկ հեռանան` իրենց երեխաների կրթույթունը պատշաճ կազմակերպելու նպատակով:
«Կուզենայինք, որ մեր դպրոցը շատ շքեղ դպրոց լիներ, դա երազանք է: Բնականբար միջավայրը աուրա է ձևավորում և երեխաների մոտ` ճաշակ, էսթետիկա, գիտակցության վրա էլ է ազդում: Շատ ընտանիքներ չէին գնա գյուղից, եթե դպրոցը բարեկարգ լիներ»,- ասում է տնօրենը:
Քանի որ դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով, դպրոցի բյուջեն սուղ է, և չի բավարարում ուսուցիչների աշխատավարձին: Այդ պատճառով ուսուցիչներին վարձատրում են նաև դպրոցի պահպանման համար նախատեսված 14 մլն դրամից: «Եթե պահպանման ֆոնդից չվճարենք, ապա ընդամենը 2 ամիս աշխատավարձ կտայինք ուսուցիչներին, եթե վճարվեր մեր աշակերտների թվով»,- անկեղծանում է Ռ. Ավետիսյանը:
Մասնագիտությամբ կենսաբան տնօրենն ասում է, որ մասնագետի կարիք դպրոցը չունի, հարևան գյուղերից գալիս են համապատասխան մասնագետներ` հիմնականում Մեծ Մասրիկից: Գյուղից ընդամենը 4 ուսուցիչ կա, գնալ-գալու ծախսերը ուսուցիչների հաշվին է:
Աշակերտները պատմեցին, որ ձմռանը ձնաբքի պատճառով, երբ ճանապարհը փակվում է, դրսից եկող ուսուցիչները երբեմն չեն կարողանում հասնել Կուտական, դասը, բնականաբար, տապալվում է: Իսկ սովորական օրերին նրանք ստիպված են դասն անցկացնել` ամբողջ ժամի ընթացքում զգալով խոնավության գաղջ հոտը:
Մեկնաբանել