
Հաշվապահ-ֆինանսիստը 20 տարի անց վերադարձել է Հայաստան՝ իրականացնելու իր կյանքի ամենակարևոր ծրագիրը
ԱՄՆ-ում 20 տարի ապրելուց հետո երևանցի հաշվապահ-ֆինանսիստ Վարուժան Մուրադյանը կնոջ ու 4 երեխայի հետ այս ամռանը վերադարձել է Հայաստան՝ այստեղ մշտապես ապրելու: Նա ասում է, որ սխալ կհամարեր, եթե շարունակեր մնալ ԱՄՆ-ում՝ չնայած 20 տարվա ընթացքում այդ երկիրն իրեն շատ բան է տվել:
«Կամաց-կամաց ես պետք է այստեղ խարիսխը գցեմ: Ի վերջո, մարդը միայն իր հողի վրա կարող է ավելի ուրախ լինել: Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք զարմանում են Հայաստան վերադառնալու փաստի վրա: Հուսով եմ, որ մի օր իմ այս քայլը ուրիշների կողմից կդիտվի որպես բնական և կդառնա ավելի մասսայական»,- ասում է Վարուժան Մուրադյանը:
Նա Գլենդեյլում աշխատել է որպես հաշվապահ, հետո դարձել մեծ ընկերության գլխավոր հաշվապահ, հետո պետությունից ստացել իր աուդիտորական (CPA) ֆիրման բացելու իրավունք: Հայաստան վերադառնալուց առաջ Վարուժանը ֆիրմայի ղեկավարումը հանձնել է գործընկերոջը:
Վարուժանն իր վերադարձը ծրագրել էր 10 տարի առաջ: Նա երեխաներին ԱՄՆ-ում ուղարկել է հայկական դպրոցներ, իսկ վերջին տարիներին գրեթե ամեն ամառ բերել Հայաստան, որպեսզի կապվեն երկրին: Արդյունքում երեխաները հիմա հեշտ են ինտեգրվում հայաստանյան իրականությանն ու իրենց շրջապատին:
ԱՄՆ-ում Վարուժանը սկսել է լրջորեն հետաքրքրվել խաղողագործությամբ ու գինեգործությամբ: Նա այցելել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի գինեգործական կենտրոններ, գինեգործության մասին դասընթացի մասնակցել Կալիֆորնիայի UC Davis համալսարանում: Սկզբում ուզում էր հող գնել Սանտա Բարբարայում, բայց որոշեց չհարստացնել օտար երկիրը և հողամաս գնեց Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մոտ:
«Այստեղ մտադիր եմ զբաղվել խաղողագործությամբ և գինեգործությամբ: Իմ նպատակն է փոխել մասնագիտությունս: Շատերի համար անհասկանալի է, թե ինչպես կարող եմ թողնել իմ ամերիկյան տաք ու ապահով գրասենյակային կյանքը և փոխարենը այստեղ սկսել մի գործ, որը կպահանջի մեծ ու քրտնաջան աշխատանք: Իմ ծրագրին ծանոթ ընկերներս խղճում էին ինձ՝ տեսնելով, թե ինչ անմխիթար վիճակում է հողակտորը, որի վրա պետք է փորձեմ իրականացնել երազանքս: Որքան էլ զարմանալի հնչի, նրանց հուսահատ հայացքները ինձ ավելի էին գոտեպնդում, ու ես շարունակում էի վստահ քայլերով գնալ առաջ»,- պատմում է Վարուժան Մուրադյանը:
Նրա մոտ 60 հա-անոց հողամասի 6,5 հա-ում հիմա տնկված են խաղողի միայն գինու տեսակներ: Վարուժանն այս հողամասում իրականացնելու է իր կյանքի ամենամեծ ծրագիրը. առաջիկայում կառուցելու է փոքրիկ գինետուն-գինու գործարան, որի նախագծման աշխատանքներն ավարտին են մոտենում: Գինետունը լինելու է մի համալիր. փոքր արտադրամասեր, գետնափոր մառաններ, գինի համտեսելու սրահ, գործարանում շրջագայության միջոցով հնարավոր կլինի մարդկանց ծանոթացնել գինու պատրաստման ողջ գործընթացին: Հողամասում լինելու են հրապարակ, ավտոկայանատեղի, շատրվաններ, արձաններ, հնարավոր է՝ նաև ձիեր, տնկվելու են խաղողի նոր այգիներ: Գինետանը լինելու է ակումբ, կազմակերպվելու են ջազի երեկոներ, բերքի տոներ:
Այս հողամասում է Վարուժան Մուրադյանը կառուցելու գինետուն-գինու գործարանը |
«Սա զուտ բիզնես չէ, սա աշխատելու և ապրելու կերպ է: Ի սկզբանե այս ծրագրին ես մոտեցել եմ որպես հոբբիի, բայց վստահ լինելով, որ որևէ գործի մեջ սեր ու աշխատանք ներդնելով՝ այն ի վերջո կվերաճի հաջողակ բիզնեսի: Սա հիմա դարձել է իմ կյանքի ամենակարևոր ծրագիրը, որը պետք է ժառանգաբար շարունակի իմ ընտանիքը»,- ասում է Վարուժան Մուրադյանը: Նրա կինն ու երեխաները ևս հետաքրքրված են հողամասով ու մասնակցում են բերքահավաքին:
Հարցին, թե արդյոք հաշվարկե՞լ է Հայաստանում բիզնեսով զբաղվելու բոլոր ռիսկերը՝ գինեգործը պատասխանում է, որ ամեն նորաբաց բիզնես էլ ռիսկեր ունի, ոչ մի գործարար չի կարող հաշվարկել բոլոր ռիսկերը, և ինքը պետք է կարողանա հաղթահարել ամեն մի ռիսկ:
«Ինձ միշտ սփյուռքում հարց են տվել՝ բա քեզ չե՞ն խանգարում էնտեղ: Առաջին հարցը դա է: Ասում եմ՝ ինձ առայժմ օգնող եղել է, խանգարող չի եղել: Ենթադրենք, մի օր հնարավոր է՝ ես էլ հանդիպեմ նման խոչընդոտի: Հետո ի՞նչ: Դրանից ես պիտի հուսախաբվե՞մ, ասեմ՝ էս երկիրը երկիր չի, գնա՞մ էստեղից: Ոչ: Ուղղակի ամեն երկիր ունի իրեն հատուկ գործարար միջավայր և այդ միջավայրին բնորոշ խոչընդոտներ: Օրինակ՝ ամերիկյան բիզնես միջավայրին սովոր գործարարը հնարավոր է՝ մեծ դժվարությունների հանդիպի, երբ փորձի նոր բիզնես սկսել նույնիսկ Ֆրանսիայի պես երկրում՝ հանդիպելով ֆրանսիական հայտնի պետական բյուրոկրատական պատնեշին: Ուրեմն ի՞նչ, ասի, որ Ֆրանսիան բիզնեսի համար լավ երկիր չի՞»,- ասում է Վարուժան Մուրադյանը:
Նա համոզված է, որ իր հողամասի հարևանությամբ արդեն գործող գինու գործարանի հետ խնդիր չի լինի, քանի որ գինեգործությամբ զբաղվող համայնքը համոզված է, որ ինչքան շատ լինեն գինու գործարանները Հայաստանում, այնքան լավ: Ինքը՝ Վարուժանը, կցանկանար, որ ուրիշները ևս գինու գործարաններ բացեին իր հողամասի շրջակայքում, որպեսզի Արագածոտնը դառնա գինեգործության, գինեգործական տուրիզմի շրջան:
Վարուժանի խոսքով՝ հայկական գինին այսօր շատ ցածր հեղինակություն ունի Լոս Անջելեսի շուկայում: Հայաստանից բերված գինին հիմնականում սպառվում է հայկական շուկաներում և չի բավարարում ամերիկյան շուկայի պահանջները: Հայաստանը նշված չէ գինեգործության համաշխարհային քարտեզներում: Դրանցում որպես գինեգործության հին շրջան նշվում է Եվրոպան, նոր շրջաններ՝ Կալիֆորնիան, Ավստրալիան, Հարավային Աֆրիկան, Արգենտինան:
«Հայկական գինի՝ որպես բրենդային անուն, առայժմ չկա: Նոր պիտի ստեղծվի: Ի ուրախություն բոլորիս, հիմա արդեն հանդիպում են նոր մոտեցումներ, նոր գործարարներ, որոնք մտածում են ոչ միայն քանակի, այլև որակի մասին: Եվ հուսով եմ, որ 4-5 տարի հետո աշխարհի գինու քարտեզի վրա մենք կունենանք մեր տեղը»,- ասում է Վարուժանը:
Նրա՝ որպես գինեգործի նպատակներից մեկն է ուսումնասիրել, թե խաղողի ինչ տեսակներ, գինի պատրաստելու ինչ մեթոդներ ու տեխնոլոգիաներ են եղել Վանի թագավորությունում. Վանի թագավորության գինին իր ժամանակներում մեծ համբավ է ունեցել, ինչպես հիմա ֆրանսիական գինին: Վարուժան Մուրադյանը 4 տարի առաջ, երբ Վասպուրականի հայրենակցական միության Լոս Անջելեսի մասնաճյուղի նախագահն էր, միության անդամների հետ եղել է Արևմտյան Հայաստանում, այդ թվում նաև Վանում, իսկ եկող տարի ուզում է գնալ Վանի գյուղական շրջաններ զուտ գինեգործական արշավի: Գուցե Վանում պահպանվել են խաղողի որոշ տեսակներ, որոնք հրաշալի կաճեն նաև Արագածոտնում, քանի որ «այս հողին են պատկանում»:
Խաղողի այգին |
«Մենք, ցավոք, շատ քիչ գրականություն ունենք Վանի գինեգործության մասին, բայց ես ինքս, լինելով վանեցու թոռ, նպատակ եմ դրել ուսումնասիրել և հասկանալ: Ինչքանով կհաջողվի՝ չգիտեմ»,- ասում է Վարուժան Մուրադյանը ու հավելում, որ ըստ ամերիկյան վիճակագրության՝ լավագույն գինիներն արտադրում են մասնագիտությամբ ոչ գինեգործները՝ մարդիկ, ովքեր որոշել են թողնել իրենց մասնագիտությունն ու աշխատանքը և սեր ներդնել գինեգործության մեջ, մարդիկ, որոնց «խայթել է գինու մեղուն» (bitten by the wine bee - ամերիկյան արտահայտություն է - հեղ.):
ԱՄՆ-ում շատ դրական բաներ կան, որոնք Վարուժանը կուզենար Հայաստանում էլ տեսնել: Նախ և առաջ՝ ամերիկյան հարմարավետ ավտոճանապարհները, նաև կուզենար, որ մարդիկ ժպտային, մռայլ դեմքեր ունենալու փոխարեն, չլինեին չարացած, այլ բարյացակամ ու հանդուրժող իրար նկատմամբ, այդքան շատ չբողոքեին ամեն մանրուքից, ու նաև շրջապատի լավը տեսնելով՝ լինեին լավատես:
«Ես նոր մարդ չեմ այստեղ և ամեն ինչին էլ տեղյակ եմ: Եթե հարկ լինի, բողոքողներից էլ ավելի շատ թերություններ և բացասական երևույթներ կարող եմ թվարկել, ինչպիսիք են կոռուպցիան, մենաշնորհները և այլն: Իսկ կարո՞ղ եք նշել մի երկիր, որտեղ դրանք չկան: Այդ թերությունները իրենք իրենց չպիտի վերանան. մենք միասին պիտի փորձենք վերացնել»,- ասում է Վարուժան Մուրադյանը:
Նա, ընդունելով Հայ առաքելական եկեղեցու կարևոր դերը սփյուռքում, միևնույն ժամանակ չի կարողանում ընկալել այն, որ այսօր հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսվում օտար երկրներում եկեղեցիներ կառուցելու վրա: Գինեգործը կարծում է, որ հնարավոր է ավելի համեստ միջոցներով բավարարել սփյուռքահայերի հոգևոր կարիքները, իսկ խնայված հսկայական միջոցները ուղղել դեպի Հայաստան՝ մեկական միլիոն տրամադրելով յուրաքանչյուր սահմանամերձ գյուղում դպրոց կամ փոքրիկ արտադրամաս կառուցելուն կամ վերանորոգելուն:
«Սփյուռքի շարքերը համալրող հայը հնարավոր է՝ պահպանի իր ազգանվան վերջին 3 տառերը, բայց միևնույնն է՝ 3-4 սերունդ հետո նա պարզապես կդադարի հայ լինելուց: Եվ եթե հայի տեսակը անկարող է պահպանվել դրսում, ապա «հայապահպանություն» հասկացությունը սփյուռքում, կարծում եմ, ինքնախաբեություն է: Ցավոք, սփյուռքը ինքնաոչնչացման գործընթացի մեջ է»,- ասում է Վարուժանը՝ թվարկելով հայկական այն գաղթօջախները, որոնք արդեն ձուլվել-վերացել են՝ այդ երկրներին թողնելով նաև իրենց ստեղծած ազգային հարստությունը:
Մեր այն դիտարկմանը, որ Հայաստանում աշխատանք չգտնելու պատճառով սփյուռքահայերը չեն գալիս, իսկ հայաստանցիներն արտագաղթում են՝ Վարուժան Մուրադյանը պատասխանում է, որ հատկապես ներկայիս ճգնաժամի պայմաններում ԱՄՆ տեղափոխվածներին ոչ ոք միանգամից աշխատանք չի առաջարկում, աշխատանք գտնելը կարող է տևել ամիսներ, տարիներ, և կարող է գտնեն այնպիսի աշխատանք, որը երբեք չէին անի Հայաստանում:
Միաժամանակ Վարուժանը կարծում է, որ Լոս Անջելեսում ապրող շատ սփյուռքահայեր ցանկություն ունեն Հայաստանում հաստատվելու: Նրանց խանգարում են մի կողմից Հայաստանում տիրող սոցիալական անարդարության մթնոլորտը, մյուս կողմից՝ իրենց ֆինանսական սուղ միջոցները:
Մեկնաբանություններ (37)
Մեկնաբանել