HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատուկ Մեծ Հոկտեմբերի 95-ամյակի պատվին

Լեռ Կամսար

Քահանան, որ մեծ պասին մածուն է ուտում, չի նկատում իր մորուքի վրա թափվածը, բայց անմիջապես նկատում է իր դիմացը նստած քահանայի մորուքին թափված մածունը։

Այսպես է կյանքը։ Մարդն իր սեփական հիմարությունը չի նկատում, մինչեւ որ այն չնկատի դիմացի նստած քահանայի «մորուքին»։

Որպեսզի ես ցույց տամ, թե կոմունիզմը մարդկային հոգեբանությանը հակառակ, անբնական, անբանական ու տխմար կրոն է (ինչպես բոլոր տեսակի կրոնները), ես ձեր աչքի առաջ կպատկերեմ փոքրիկ պարտեզիս մեջ տնկած երկու ծիրանի ծառերը։ Մեկը դրանցից խոշոր, հյութալի քաղցր ծիրանենի է, շալախ։ Մյուսը մանր, չորացած, անհամ մի ծիրանենի, որ բերանդ դնելիս ուզում ես թքել։ Այնքան վատ, որ ափսոսում ես նրան մի անուն դնել եւ թողել եմ անանուն։

Այս երկու ծիրանի ծառերն ուզում են սոցիալիզմ կառուցել նախ, հետո անցնել կոմունիզմի։

Ի՞նչ եք կարծում, այդպիսի հասարակարգ ստեղծելու առաջարկ առաջին անգամ ո՞ր ծիրանի ծառը պիտի անի, քա՞ղցրը, թե անհամը։ Իհարկե, անհամը։

Առաջուց ասեմ, որ բույսերի մեջ սոցիալիզմը բռնությամբ, բանտով ու աքսորով չեն քարոզում։ Նրանք հողին կպած բույսեր են ու աքսորի ոչ ենթակա։ Հետեւաբար չունեն ոչ Լենին, ոչ Ստալին։

Նրանք կոմունիզմ  կառուցեցին միանգամայն կամավոր հիմունքներով, մարդկանց ցույց տալու համար, թե երբ կոմունիզմ կառուցվում է կամավոր եւ ոչ սվինների օգնությամբ, ինչքան անհնարին է։

Նրանք առաջին պահին այնքան տաք իրար կպան, որ որոշեցին ապրել իրար համար։ Քաղցր ծիրանը անհամի համար, անհամը՝ քաղցրի։ Ըստ այդ ծրագրի, անհամը քաղցր ծառի պտուղն ուտեր, քաղցրն՝ անհամի։ Այսինքն՝ այն, ինչ մարդկանց մեջ կոչվում է «մեկը բոլորի, բոլորը մեկի համար»։

Երբ սկսվեց սույն հիմունքների վրա պտուղների փոխանակությունը եւ քաղցր ծիրանը բերանը դրեց իր անհամ «ընկերոջ» պտուղը, սիրտը խառնեց եւ դիմացինին չվիրավորելու համար՝ դարձավ ետեւ թքեց։ Այդ այն ժամանակ, երբ անհամ ծիրանի ծառը առաջ քաշելով՝ քաղցր ծառի պտուղները ագահաբար կլանում էր։

- Քաղցր ծառը չուտելուց այնքան նիհարեց, իսկ անհամն այնքան չաղացավ, որ ինքնապահպանման բնազդը խոսեց առաջինի մեջ։ Նա առաջարկեց միանգամից այսպես չհասնել կոմունիզմի, մի փոքր ետ գնալ դեպի սոցիալիզմ, ապա նոր թեւակոխել կոմունիստական շրջանը։ Ի՞նչ անենք, ի՞նչ չանենք՝ մեր պտուղները խառնենք իրար ու այնպես ուտենք։

Բայց խառնելիս մի ուրիշ անհարմարություն երեւան եկավ։  Երկուսն էլ սկսեցին ուտել քաղցր ծառի պտուղները, իսկ անհամի ծիրանները մնացին որպես «փշրանք» ու ոչ ոք ձեռքը չպարզեց ուտելու։

Համով ծիրանենին, տեսնելով, որ երկուսն էլ ապրում են միայն իր պտուղներով ու իր կողակիցը միայն ուտելու «ընկեր» է, դարձավ անհամին ասաց.

- Ընկեր ջան, մենք մեր «Հոկտեմբերին» հասնելու մեջ մի փոքր շտապել ենք։ Արի մի փոքր էլ հետ գնանք, հասնենք կապիտալիստական կարգեր, ես իմ պտուղն ուտեմ, դու՝ քոնը, հետո նոյեմբերին կամ դեկտեմբերին սոցիալիստ կդառնանք. խոմ պայման չէ, որ անպայման այդ հոկտեմբեր ամսին լինի։ Հոկտեմբերին լինում են բռնի սոցիալիզմները, իսկ մենք միացած ենք իրար կամավոր, հետեւաբար մեզանից է կախված, որ ամսին հարմար տեսնենք՝ հին կարգերը կտապալենք։

- Կապիտալիստական սիստեմում ես քաղցից կմեռնեմ,- ասաց անհամ ծիրանենին։

- Ինչո՞ւ, - հարցրեց համովը։

- Իմ ծիրանը ուտելու բան չէ, այնքան որ եկող տարի մտադիր եմ այլեւս պտուղ չտալ։

- Պտուղ չտալ, անպտուղ կանգնել եւ իմ պտու՞ղը վայելել։

- Երբ սոցիալիստական կարգով պիտի ապրենք, այդպես էլ պիտի լինի, հապա ո՞նց։

- Օհո՜,- ձայնեց քաղցր ծիրանենին,- որ այդպես է՝ ես դուրս եմ գալիս կոլխոզից։ Ես իմ պտուղը տամ՝ դու վայելես, ինքս քաղցած նստեմ քո բրդուճնե՞րը համրեմ։

- Ես մեղավո՞ր եմ, որ անհամ եմ ծնվել,- առարկեց կոլխոզնիկ ծիրանենին։

- Դու ապրիր քո սեփական ծիրանով։

- Իմ սեփական ծիրանն ուտեմ՝ կմեռնեմ։

- Ավելի լավ։ Երբ մի ծիրանի ծառ իր պտուղն ուտելով կմեռնի՝ մի ժամ առաջ թող մեռնի։ Արդեն այգեգործության նպատակն էլ այն է՝ ոչնչացնել անպետք ծիրանները, պահել, խնամել պիտանիները միայն, ինչպես Դարվինն է ասում։ Քեզ կամ պետք է կտրել այրել, կամ ինձ բերել քեզ վրա պատվաստել։ Այս է կյանքի օրենքը, կյանքը սրանից զատ ուրիշ օրենք չունի։

- Կոմունիզմը հե՞չ։

- Կոմունիզմը քեզ նման ոչ մի բանի պետք չեկող ծիրանենիների հորինած վարդապետություն է։ Ուզո՞ւմ եք կոմունիզմ. խնդրեմ, հավաքվեք այգու բոլոր անհամ ծիրանենիներով ու ձեզ համար կոմունիզմ կառուցեք։ Ձեզ խանգարող չկա։

- Այդ ճիշտ ես ասում, սիրելիս, դու միանգամայն իրավացի ես, բայց... դե... ախր մենք էլ որպես օրգանական էակներ պետք է մեր գործերի մեջ մի փոքր համայնական զգացմունք դնենք, այնպես, ինչպես կենդանին ու մարդը։

- Մարդն՝ այո, բայց կենդանու անունը մի տա։ Ոչ մի ավանակ իր առջեւի յոնջան չի հրի իր ավանակակցի առաջ, իսկ նրա փուշը ինքը ճաշակի։ Իսկ մարդիկ համայնական զգացմունքի մասին խոսում են, որովհետեւ  նրանցում տարածված է խաբելու սովորությունը։ Նրանք պարզապես խաբում են իրար։ Այնտեղ էլ ոչ մի “ավանակ” իր յոնջան չի փոխանակում փշի  հետ։ Եթե բույսերն ու կենդանիներն էլ լեզու ունենային եւ կարողանային իրար խաբել խոսքերով, գուցե մեզ մոտ էլ հնարավոր լիներ սոցիալիզմ կառուցել։ Բայց որ մեզ Աստված լեզու չի տվել՝ ի՞նչ կարող ենք անել...

Ճիշտ այդ միջոցին այգեպանը՝ այսինքն ես, սղոցը ձեռքիս պարտեզս մտա եւ սկսեցի սղոցել անհամ ծիրանենին։

Երբ ծիրանենին արմատից կտրվում էր, կատարից ասաց նախկին ընկերոջը.

- Առանց ինձ, մենակդ ինչպե՞ս պիտի ապրես...

- Այն ծառը, որ իր սեփական արմատներն ունի, իր բունը, ճյուղերը, տերեւներն ու պտուղը, նա ոչ մի «ընկերոջ» կարիք չի զգում։ Սա տասը տարի է, երբ քեզ եմ նայում՝ սիրտս է խառնում...

Ու իմ փոքրիկ պարտեզում «ռեակցիան» հաղթանակեց...

-----------

Այստեղ ռեակցիան հաղթանակեց այն պատճառով, որ գործող անձինք ծառեր էին։

Եթե մարդիկ լինեին՝ հիմա «սովետական բանակը» կմտներ «Հունգարիա» եւ նրա լեշը գետին կփռեր...

                                                                                                              1959թ. «Սոցիալիզմի Սահարա» 

 

Տեսեք, թե գաղափարները ինչպե՜ս են խունանում եւ շարքից դուրս գալիս...

Մի ժամանակ «ազգասիրությունը» գաղափարների շուկայում ամենաաչքի ընկնող խանութն էր գրավում։ Հիմի այդ խանութն օրումեջ է բացվում եւ շատ շուտով կփակվի բնավ չբացվելու համար։

Հիմա՝ քաղաքացիական կռիվ։ Հիմա ազգերը բաժանվում են երկու մասի ու իրար կոտորում։ Հիմա ազգերն իրենց պատերազմական կարիքները բավարարելու համար այլեւս կարիք չեն զգում օտարներին ձեռք մեկնել։ Ունեն իրենց սեփական ատելության աղբյուրը, որն անսպառ նյութ է տալիս ներքին պատերազմների համար։

Ֆրանսիացիք դարեր շարունակ պատերազմեցին օտարների հետ, չմտածեցին գիլյոտին հնարել՝ նրանց վզները արագ եւ շտապ կտրելու համար։ Գիլյոտին հնարեցին այն ժամանակ միայն, երբ պետք զգացին իրար գլուխները կտրելու համար։

Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ Ռուսաստանում իրար կոտորելու տենչն այնքան բուռն էր եւ պատճառն այնքան սակավ, որ ստիպված  կարմիրների ու սպիտակների բաժանվելով՝ իրար կոտորեցին։ Փառք տալու է ամենակալին, որ Ռուսաստանը գույների կողմից աղքատ է, եթե նա ունենար ծիածանի յոթ գույները, յոթ կուսակցության կբաժանվեր՝ յոթն անգամ շատ իրար կոտորելու համար։

Ռուսաստանը, ասենք ոչինչ, երկու հարյուր միլիոն է, նրան կարելի է ներել այդ շռայլության համար, բայց ի՞նչ ասես մեր քոսոտ հայ-կարմիրներին, որոնք Ռուսաստանի մասշտաբով կամեցան կոտորել մատի վրա համրվող իրենց ազգակիցներին։ Ու դրանք չկոչվեցին «դավաճան». դրա դիմաց խեղճ Վասակ Սյունին այս տասնհինգ դար շարունակ դավաճան է կոչվում մեր ազգի կողմից։ Վասակը հավատափոխ կամեցավ անել հայերին՝ Պարսկաստանից իր հետ բերելով կրակապաշտ մոգերին, իսկ կարմիր հայերը Մոսկվայից բերին այնպիսի մոգեր, որոնք ոչ թե փոխեցին հայ կրոնը, այլ իսպառ վերացրին, իրենց «կարմիր անկյուններում» դնելով Լենինի ու Ստալինի պատկերները՝ երկրպագելու համար։

Մահմեդական աշխարհը, դարեր շարունակ կոտորելով հային, մինչեւ օրս էլ չսովորեց մեզ կոտորելու արվեստը։ Լենկ Թեմուրն այնքան համբակ դուրս եկավ, որ հայերին Վանա բերդից վայր գլորելիս թույլ տվեց, որ վերջին ընկնողները չմեռնեն։ Մինչդեռ հայ կարմիրները  Զանգեզուրում, երբ գնդացիրով վայր էին գլորում շարքով կանգնած հայերին, որ մի քահանա, մնալով դիակների տակ, ազատվեց ու խնդրեց մեռածներին ստուգող «սմերտնի կոմիսարին» խնայել իր ալեւոր մորուքը, կոմիսարն ասաց.

-Չեմ կարող ազատել քեզ, ինձ վրա հաշվված ես որպես մեռած։

Ու ատրճանակը բռնելով կրծքին, տվեց ծեր քահանային գետին գլորեց՝ ասելով մահմեդականներին.

-Հային ահա այսպես կկոտորեն, հիմարնե՜ր...

Սրանով էլ գնաց ազգասիրությունը եւ եկավ ազգատյացությունը։

-------------------------------------

Եթե ընդունենք, որ ամեն գաղափար հնանում է, պետք է ընդունել, որ կգա ժամանակ, երբ կհնանա նաեւ քաղաքացիական պատերազմը։ Ի՞նչ գաղափար պիտի հաջորդի նրան։

Կհաջորդի անհատի պատերազմ ինքն իր հետ։ Միեւնույն մարդու աջ ու ձախ  ձեռները, ներկվելով երկու տարբեր գույներով, կսկսեն երկու կողմից հարվածներ հասցնել մարդու հիմար գլխին...                                                                                                    

                                                                                                         «Սոցիալիզմի Սահարա», 1959թ. 


Լսեք պատմեմ այսօր մի սափրիչի կյանքից։

Առաջին ներգաղթողներից էր, անունը՝ Մանուել։ Այս Մանուելը մի խանութ ուներ Երևանի Կոնդ թաղամասում և մարդկանց սափրելով՝ իր հանապազօրյա հացն էր հայթայթում։

Հասավ Ստալինի յոթանասուն-ամյակը։ Քաղաքը զարդարվեց։ Միլիցիան մտավ Մանուելի խանութը, թե՝ տանդ ինչ զարդ ունես՝ բեր խանութիդ պատերը զարդարիր։ Մանուելն ուներ ընդամենը մի պատի գորգ՝ իր մեծադիր լուսանկարը վրան կախած։  Բերեց մարդն իր ունեցած այդ զարդարանքը և խանութի պատին փակցրեց։

Տոնի օրը երբ ստուգելու համար միլիցիան դարձյալ խանութը մտավ ու տեսավ Մանուելի նկարը գորգին, և ոչ Ստալինի՝ անմիջապես,  չթողնելով, որ Մանուելը իր հաճախորդի մեկ երեսը սափրելուց հետո մյուսն էլ սափրեր, վերցրեց մարդուն դատի տվեց, Ստալինի հոբելյանը ծաղրանքի ենթարկելու մեղադրանքով։

Դատարանը քննելով գործը՝ հաստատեց ու տասնհինգ տարով Սիբիր տաժանակիր աշխատանքի դատապարտեց։

Տասնհինգ տարուց վերադարձավ Մանուելը թոքախտով ծանր հիվանդ ու մեռավ։

Սիրված մարդ էր, բարեկամները բոլորն էլ պսակ բերին։ Թաղման թափորը կազմելիս, բարեկամները խորհուրդ տվին հանգուցյալի կնոջը Մանուելի նկարը դուրս հանել թափորի առջևից տանելու համար։

- Ամա՜ն, ձեր ոտքը պագնեմ, այդպիսի բան չանեք,- սարսափած խոսեց կինը,- մի անգամ այդ նկարը փորձանք բերեց գլխներուս, կուզեք կրկնե՞լ այն։ Ստալինի նկարը տարեք դագաղի առջևից...

Թափորը դեռ փողոցը չելած՝ հանկարծ սգերթը շրջապատվեց չեկիստներով։ Հրամայվեց դագաղը գերեզմանոց քշել, իսկ կնոջը, ձերբակալելով, Չեկա տարան։

- Դու մեր առաջնորդին մեռցնե՞լ կուզես,- ատամները կրճտացնելով ասաց կողքի չեկիստը,- հիմա քո հալը կտեսնես։

Կինը, անշուշտ, իր հալը «տեսավ», բայց նրա բարեկամներից և ոչ մեկը նրան այլևս չտեսավ, էն գնալն էր, որ գնաց։

Նրանց միակ որդին՝ Սեդրակը, ապագայում նման զուլումի չենթարկվելու համար վերցրեց մեջտեղից և իր հոր, և Ստալինի նկարները։

Խե՜ղճ Սեդրակ...

Ի՞նչ իմանար տղան, որ Ստալինի նկարն ամեն տան համար պարտադիր է կախել և այս հրաման անսաստողը կդատապարտվի տասը տարվա բանտարկության....

--------------------------

Սեդրակը էժան պրծավ։

Ինձ քսան տարվա դատապարտեցին, որովհետև ես համ Ստալինի նկարը չէի կախել պատիցս, համ էլ ոչ մի հատոր Լենինի  գրվածքներից չունեի գրադարանումս...

   1960թ. անտիպ

Մեկնաբանություններ (1)

Անդրանիկ Հակոբյան
Մեծերին պետք է կարդալ տարբեր տարիքում: Պետք չէ վախենալ, նրանք չեն ձանձրացնի, նրանք միշտ նոր են, բարձրորակ կոնյակի նման ժամանակի մեջ ավելի բազմափունջ է դառնում նրանց բուրմունքը: ,,Հետքի,, օգնությամբ էդպիսին հայտնագործեցի նաև Լեռ Կամսարին: Չգիտեմ, երևի վատ հասկանալուց չէ, որ միևնույն գործը մեկ օրվա մեջ երկու անգամ էլ եմ կարդացել: Եվ ամեն անգամ համը չի պակասել, խորացել է: Ապշելու բան է, առանց ճիգ ու ջանքի, առանց ածականների քեզ համոզում է, դարձնում իր դաշնակիցը: Անկասկած, հենց դա է մեծությունը, որ վերանում է տարածությունը , ժամանակը, կարծում ես, թե այսօր է գրվել: Ինձ հատկապես հիացնում է Լեռ Կամսարի գրականության լավատեսությունը: Նա էդ ամբողջի մեջ քեզ թևաթափ չի անում, հակառակը` համոզում է, որ վաղն ավելի լավ է լինելու: Ահա թե ինչու եմ այսօր առավել կարևորում Լեռ Կամսարին վերադառնալը, ահա թե ինչու եմ հիացած ,,Հետքի,, էս օրինակելի նախաձեռնության համար: Կրկնվելուս պատճառը մոռացկոտությունը չէ, այլ համոզմունքը, որ լավի մասին շատ ու անընդհատ պետք է ասել, որ ,,եղիցի լույս,,: Էսօր իշխողը թափթփուկն է, անորակը, որովհետև դա ենք թմբկահարում: Հիշում եք երևի, ,,Երջանկության մեխանիկա,, ֆիլմի պարզունակ, մի ժամանակ էլ ծիծաղելի. ,, հենց մի լուսավոր բան ես տեսնում, ուզում ես պտտվել, պտտվել շուրջը,, խոսքը: Պարզունակ է թափթփուկի վարքն ու օրինակը, դրա ահմար էլ մեր բակերը, թերթերը, եթերը, մեր առօրյան լիքն են դրանցով, դրանք են օրվա հերոսները: Իրական հերոսները մատուցված, ճանաչված լինելու պահանջարկ չունեն, որովհետև հասարակությունն իրեն զրկել է իդեալներից: Լեռ Կամսարի մեծությունը հասարակությանը կռապաշտության թմբիրից հանելն է, առողջ կենսակերպի բերելը: Նրա ,,Մենք և մեր աստվածները,, երգիծանքի շուրջ ,,Հետքում,, ծավալված քննարկումը լավատեսության հույս է ներշնչում, որ կարևորը մեծերին վերադառնալն է, իրական մշակույթին հաղորդվելը, որը ժամանակի մեջ ավելի լավ կընկալվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter