
Ուզում են ձևավորել բացօթյա ընթերցանության մշակույթ
«Էս գիրքը վաղուց չէի սկսում կարդալ, եկա էստեղ, սկսեցի կարդալ», - ասաց Ստեփան Սմբատյանը, ով եկել էր մասնակցելու «Բացօթյա ընթերցանության» ֆլեշմոբին։
Գաֆեսճեան արվեստի կենտրոնի պուրակում՝ Կասկադի մոտ հավաքվել էին բազմաթիվ երիտասարդներ՝ իրենց գրքերով։ Շրջապատելով Ալեքսանդր Թամանյանի արձանը՝ նրանք կարդում էին իրենց գրքերը։
«Մեր միջոցառման առաջնային նպատակը կարծրատիպերը կոտրելն է. մարդիկ կոմպլեքսավորվում են բացօթյա ընթերցանությունից։ Ուզում ենք ձևավորել բացօթյա ընթերցանության մշակույթ», - ասաց «Ֆլեշմոբ դիվիզիայի» հիմնադիր անդամներից և կազմակերպիչներից Արմեն Սուքիասյանը։
Քանի որ 2012 թ.-ին Երևանը հռչակվել է գրքի մայրաքաղաք, կազմակերպիչները նախապատրաստվում են դրան, նախատեսում են այս ֆլեշմոբը դարձնել ամենամյա, ինչպես նաև հետագայում դիմել, որպեսզի գրանցեն Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենազանգվածային ֆլեշ-մոբ։
«Երկրորդ տարին եմ մասնակցում այս ֆլեշմոբին։ Գաղափարը լավն է, որ կարելի է տարվա մեջ գոնե մի ժամանակ հատկացնել գրականությանը», - ասաց միջոցառման մասնակիցներից Գոհար Արամյանը։
«Նախաձեռնությունը շատ լավն է, քանի որ ինձ համար գրքի պրոպագանդան շատ լավ է։ Ես կողմ եմ գիրք կարդալուն, կապ չունի` լինի դա թվային ֆորմատով, թե թղթի վրա», - ասաց միջոցառաման մեկ այլ մասնակից` Մարգարիտ Ամիրխանյանը։
Սակայն և' Գոհարը, և' Մարգարիտը նշեցին, որ իրենց դուր չի գալիս այն, որ այսքան շատ հավաքված մարդականց մի մասը եկել է ոչ թե կարդալու, այլ իրենց ընկերների հետ շփվելու, որի հետևանքով մյուսներին խանգարում են։
«Լավ գաղափար է, որ մարդիկ գիրք կարդան կամ անցորդները տեսնեն ու իրենք էլ մտածեն, որ կարելի է գիրք կարդալ», - ասաց Ստեփան Սմբտյանը։
Մեկնաբանել