
«Լավ ենք անում, ի՞նչ կարող ես անել, հասարակությու՛ն»
«Բոլորը երդվում են, որ սա աբսուրդ է, բայց հերթով կնիքները խփում են` սկսած վարույթն իրականացնող մարմնից: Այս գործի վերնագիրը կարծես այսպիսին լինի. «Լավ ենք անում, ի՞նչ կարող ես անել, հասարակությու՛ն: Սա մարտահրավեր է ոչ միայն հասարակությանը, այլեւ ամբողջ դատական համակարգին»,- վրդովված ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանը:
Օգոստոսի 31-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանը բավարարեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Ա. Տոնոյանի հերթական միջնորդությունը` Ա. Արզումանյանի կալանքը եւս երկու ամսով` մինչեւ նոյեմբերի 7-ը, երկարացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Արզումանյանը մեղադրվում է «փողերի լվացման» մեջ: Նա ձերբակալվել է այս տարվա մայիսի 7-ին եւ առ այսօր պահվում է ԱԱԾ-ի մեկուսարանում: Հուլիսի 2-ին երկարաձգվել էր ( մինչեւ սեպտեմբերի 7-ը ) Արզումանյանի կալանքի ժամկետը:
ԱԱԾ-ի այդ միջնորդությունը բավարարել էր նույն դատավորը` Ռ. Ներսիսյանը: Այս անգամ էլ միջնորդությունը բավարարվել է առանց հիմնավորման. որոշման մեջ նույնությամբ մեջբերվել են ԱԱԾ-ի ներկայացրած հիմնավորում-ենթադրությունները:
ԱԱԾ քննչական վարչությունը նշել է, թե այժմ նախկին նախարարի ստացած գումարների օրինականությունը ստուգելու համար կրկին Ռուսաստան են գործուղվել ԱԱԾ-ի եւ ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակիցները, որոնց եւս երկու ամիս է պետք` առաջին գործուղման ժամանակ ծագած մի շարք հանգամանքներ պարզելու, գործողություններն ավարտին հասցնելու համար: Իսկ «հաշվի առնելով Ա. Արզումանյանի կողմից կատարված արարքի հասարակական վտանգավորությունը»` նրան պետք է այդ ընթացքում կալանքի տակ պահել:
Ըստ այդմ` դատարանը գտել է, թե «ազատության մեջ մնալով` մեղադրյալը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, նախաքննությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, կատարել քրեական օրենքով արգելված արարք»:
«Այսպիսի անօրինականություն երբեւէ ո՛չ տեսել էի, ո՛չ լսել: Սա զավեշտ է, քանի որ Արզումանյանին կալանքի տակ պահելու իրավական հիմք գոյություն չունի, եւ վաղ թե ուշ այս գործը հանցակազմի բացակայության պատճառով կարճվելու է,- ասում է Հ. Արսենյանը:- Ինչ-որ պաշտոնյաների ճնշման տակ այսպես վարկաբեկում են ամբողջ իրավական համակարգը եւ հատկապես դատարաններին: Միանշանակ քաղաքական պատվեր է սա»:
Փաստաբան Արսենյանը բողոքարկելու է այս որոշումը, բայց դրա հետ առանձնապես հույսեր չի կապում:
Արսենյանը պատրաստվում է Ալեքսանդր Արզումանյանին խնդրել, որպեսզի հրաժարվի իր` պաշտպանի ծառայությունից, քանի որ «այս գործում իրավական հարթություն գոյություն չունի»:
Նշենք նաեւ, որ Ա. Արզումանյանի կինը` ԱՄՆ քաղաքացի Մելիսա Բրաունը, հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռուդոլֆ Փերինային, որը հայտնել է իր եւ Ռ. Քոչարյանի հանդիպման մասին: Քոչարյանն ասել է, թե նախաքննություն է ընթանում, եւ իրենք հետեւում են դրան: Մ. Բրաունը համոզված է, որ այս գործի պատվիրատուն նախագահ Քոչարյանն է, եւ նրանից է կախված իրավապահների եւ դատավորների ցանկացած քայլ:
Մեկնաբանել