
Նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը քաղաքապետարանի թույլտվությամբ մանսարդ է կառուցում
Կասկադ համալիրի աստիճաններով իջնելիս անհամաչափության զգացողություն կունենաք: Դա Երևանի քաղաքապետարանի նոր նախագիծն է:
Թամանյան 3 շենքը շուրջ հիսուն տարի է, ինչ բնակեցված է: Նախկինում շենքի առաջին հարկում մանկապարտեզ է գործել, որի կոյուղին վնասված է եղել: Տարիների ընթացքում կոյուղու ջրի մեծ մասը հոսել է շենքի տակ և խարխլել հիմքը: Անմիջապես շենքի տակով է անցնում մետրոյի երթուղին: Բնակչուհի Անուշ Առաքելյանի` 68 բնակարանում ինձ անընդհատ թվում էր, թե երկրաշարժ է, հատակը դղրդում էր: Նա պատմեց, որ ամռանը իրենց բնակարանը վերանորոգող վարպետները ասել են, որ տան պատերը անընդունելի չափով ծռված են:
Մեկ ամիս առաջ Թամանյան 3-ի վրա շինարարություն սկսվեց: 74 և75 բնակարանների սեփականատեր, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը իրեն պատկանող բնակարանների վրա մեկ հարկ էլ է ավելացնում: Շինարարությունը իրականացնում է «ՄՈՎԱՐԹՍՏՈՒԴԻՈ» ՍՊԸ-ն:
«Ես մեկ շաբաթ հիվանդ էի, երբ տուն եկա, ապշել էի. հարկն արդեն կանգնած էր»,-պատմում է տիկին Անուշը:
Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224 հոդվածի առաջին կետի՝ «Բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժինները սահմանվում և գրանցվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման հետ միասին և կարող են փոփոխվել միայն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում»:
Մեր հարցին, թե շինարարությունը սկսելուց առաջ անցկացվե՞լ է համապատասխան սեյսմիկ ստուգում և շենքի բնակիչները տվե՞լ են իրենց թույլտվությունը, ինչպես դա նախատեսված է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով, Արմեն Սարգսանի Լոնդոնում գտնվող գրասենյակից պատասխանեցին. «Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը պահպանված են և դրա հաշվի առմամբ է, որ Երևանի քաղաքապետարանն ընթացք է տվել կառուցապատման գործընթացին»
Բնակիչները հիշում են, որ կողքի մուտքի վերջին հարկի բնակարաններից մեկի սեփականատերը մեկ տարի առաջ իրենց դիմել էր` շենքի կտուրին շինարարություն կատարելու համաձայնություն վերցնելու: Մի քանի բնակչուհիների անհամաձայնությամբ շինարարությունը չի իրականացվել: Այս պարագայում հարցնողներ չեն էլ եղել: 28 բնակարանից Վլադիմիր Դիլանյանը, նկատելով շինարարությունը, դիմել է քաղաքապետարանի թեժ գիծ, եկել են երկու երիտասարդ, որոնք հավաստիացրել են, որ խնդիրը կլուծվի ու հեռացել:
Բնակիչները մտահոգված նամակ են ուղարկել ՀՀ նախագահին. «... Դիմում ենք Ձեզ, ակնկալելով Ձեր անհապաղ միջամտությունը` դադարեցնելու ապօրինի շինարարությունը, վերականգնելու շենքի նախկին տեսքը Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկում և պատասխանատվության ենթարկել այն կառույցներին, որոնք շրջանցելով քաղաքաշինութան օրենքները, թույլ են տալիս աղավաղել մեր քաղաքի տեսքը և վտանգել բնակիչների կյանքը»,- ասված է նամակի վերջին պարբերության մեջ:
Նամակը նախագահականից ուղարկում են քաղաքապետարան, որից հետո մամուլում տարածվում է քաղաքապետարանի հայտարարությունը: Բնակիչների նամակին մոռանում են պատասխանել:
Քաղաքպետարանի հայտարարության մեջ ասված է, որ այս առաջարկը նրանք ստացել են դեռ ամիսներ առաջ Կենտրոն վարչական շրջանի կողմից, որ սա ամբողջական նախագիծ է` մանսարդների համակարգված իրականացում, որը նախատեսված է իրականացնել ամբողջ շենքի երկայնքով ու նաև դիմացի շենքի վրա. «զուգահեռ շենքի շինարարությամբ ակնհայտ կդառնա, որ ծավալատարածական համաչափությունները չեն խախտվում և ճարտարապետական առումով շենքերը համահունչ են»:
Դիմացի շենքի բնակիչները, այս լուրը լսելով, խառնվում են իրար ու զանգում քաղաքապետարան, որտեղ իրենց հանգստացնում են, ասելով, որ իրենց շենքի վրա ոչինչ չի արվելու:
Ըստ քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի՝ նման նախագծերը ընդունելի են, եթե իրականցվում են պրոֆեսիոնալ ձևով: Սրանք իրականացնելիս հաշվի են առնվում շենքի ֆիզիկական վիճակը, սեյսմակայունությունը և տարածքի քաղաքաշինական իրավիճակը: Բայց անկասկած նման շինարարությունները սկսում են ամբողջ համալիրով միաժամանակ, շինարարությունն իրականացնում է նույն ընկերությունը, այլապես կստացվեն կարկատաններ:
Սա հետստալինյան ժամանակաշրջանի շենք է, որ կառուցվել է հիսունականներին: Այն նախատեսված էր դեռ թամանյանական նախագծում: Ըստ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի՝ շենքն ունի հստակ տեսք և ամբողջականություն, որը սահմանել է նախագծողը, և այժմ արդեն նրա վրա հավելումներ անելը կոպիտ ճարտարապետական սխալ է:
Շինարարությունը հիմա արդեն կարծես վերջին փուլում է: «Անկախ շինարարությունից՝ մեզ մտահոգում է մեր շենքի սեյսմիկ վիճակը և մեր կյանքի ապահովությունը»,- այսպես ինձ ճանապարհեց տիկին Լիա Օսիպյանը:
Նարե Սահակյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4 կուրս
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել