HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ Ջիլիզայի միակ ձեռքբերումը վերջին տարում և գյուղապետի լավատեսությունը

Լոռու մարզի սահմանամերձ Ջիլիզա համայնքի ղեկավար Մհեր Վարդանյանը չի կորցնում իր լավատեսությունը հայ-վրացական սահմանի Ջիլիզայի հատվածի սահմանային անցակետը բացելու հարցում:

Գյուղապետը անցակետի բացումով է պայմանավորում Ալավերդուց 30 կմ հեռավորության վրա գտնվող, մեկուսացված սահմանամերձ գյուղի զարգացումը: «Գյուղում այդ ժամանակ անցուդարձը կշատանա, և Ջիլիզան կզարգանա»,- ասում է Մհեր Վարդանյանը:

Անցակետի բացման մասին նրա հետ զրուցել էինք նաև մեկ տարի առաջ: Դեռ այն ժամանակ նա համոզված էր, որ անցակետի բացումը ձգձգում են Վրաստանի իշխանությունները: Ինչպես Ջիլիզայի անցակետի բացումը, այնպես էլ 12-13-րդ դարերի կառույց, Ջիլիզայի և Վրաստանի Չանախչի գյուղի միջև ընկած վայրում գտնվող Խորակերտի եկեղեցական համալիրի խնդրի լուծումը պայմանավորված է հայ-վրացական սահմանազատմամբ:

Հիշեցնենք, որ Խորակերտի և հայ-վրացական սահմանի վերաբերյալ 2011թ. «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունների արդյունքում 225 կմ սահմանագծից նախնական համաձայնեցված է 160 կմ-ը, չհամաձայնեցված է 65 կմ-ը: Չհամաձայնեցված հատվածներն են եղել Բավրա գյուղի, Ջիլիզա գյուղի մոտ գտնվող փոքր տեղանքի, Սադախլո բնակավայր-Դեբեդ գետի, Խոժոռնի գյուղի, Ախքյորփի-Չանախչի-Բրդաձոր հատվածները:

Սա ջիլիզցիների վերջին տեղեկությունն է եղել հայ վրացական սահմանի զատման և Ջիլիզայի անցակետի բացման մասին: Մեկ տարի հետո անցակետի և դեռևս չճշտված 65 կմ երկարության սահմանագծի մասին տեղեկատվություն ստանալու համար «Հետքը» նոյեմբերի 5-ին գրավոր հարցում ուղղեց ԱԳՆ լրատվական ծառայության, բայց հարցումը դեռ մնում է անպատասխան:

Ջիլիզայում ներկայում ապրում է 40 ընտանիք` 120 բնակչով: Ըստ Մհեր Վարդանյանի՝ վերջին շրջանում Ջիլիզայից արտագաղթողներ չեն լինում: «Մահացության դեպքերն են շատ: Տարի ենք ունեցել՝ 7 մարդ մահացել է: Դա մեր համայնքի համար մեծ թիվ է»,- ասում է նա: Գյուղապետը, սակայն, շատ մեծ ուրախությամբ է հայտնում, որ վերջին 1 տարում գյուղում երկու երեխա են ծնվել, որոնցից մեկն իր թոռն է:

Այսուհանդերձ, Ջիլիզայի սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում է հետընթաց ապրել: Վերջին մեկ տարում գյուղի միակ ձեռքբերումը «Վորլդ վիժն» կազմակերպության Ալավերդու զարգացման կենտրոնի կողմից գյուղապետարանի հարևանությամբ կառուցված խաղահրապարակն է:

Գյուղապետի տեղեկացմամբ՝ անկախացումից հետո Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսության զարգացման որևէ ծրագիր չի իրականացրել սահմանամերձ գյուղում: Անգամ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր պաշտոնավարման 1,4 տարվա ընթացքում դեռևս չի այցելել Ջիլիզա` տեղում ծանոթանալու գյուղի խնդիրներին: Մհեր Վարդանյանն ասաց, որ գյուղի հիմնախնդիրները անձամբ է ներկայացնում մարզպետին և նրանից ստանում պատշաճ աջակցություն:

Ջիլիզայի տարեկան բյուջեն կազմում է 4 մլն դրամ, որից 3,5 մլն-ը պետբյուջեից հատկացված դոտացիան է: Պետբյուջեի չնչին այս հատկացումով հնարավոր չէ վերանորոգել գյուղամիջյան գրեթե անանցանելի ճանապարհները, ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա, տեղադրել հակակարկտային կայան, աջակցել սոցիալապես անապահով գյուղացիներին և լուծել սահմանամերձ Ջիլիզայի բնակիչներին գյուղին կապելու մյուս խնդիրները:

Ջիլիզան ունի ջրամատակարարման խնդիր: «Մադան-Ջիլիզա ջրատարի ջուրը նվազում է»,- ասում է գյուղապետը:

Ջիլիզցիներին արտաքին աշխարհի հետ շաբաթը մեկ անգամ կապողը Ջիլիզա-Վանաձոր ավտոբուսն է:

Ջիլիզայի դպրոցի աշակերտները տարեցտարի պակասում են: Այս տարի դպրոցը չունի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ դասարաններ: «2013թ. առաջին դասարան գնացող մեկ երեխա պետք է ունենայինք, այն էլ երեխան գյուղից տեղափոխվեց: 2014թ. կունենանք առաջին դասարան»,- հայտնում է Մհեր Վարդանյանը:

Դպրոցում աշակերտներին չեն ուսուցանում անգլերեն, ռուսերեն և մաթեմատիկա, քանի որ դպրոցը չունի այդ առարկաների ուսուցիչներ: Ջիլիզայում ոչ մանկապարտեզահասակ երեխա կա, ոչ էլ մանկապարտեզ:

Գյուղացիներն ունեն 120 գլուխ խոշոր եղջրավոր անասուն, 50 գլուխ խոզ ու խոճկոր, 70 գլուխ ոչխար: «Այս տարի գյուղին 40 հա խոտհարքներ են հատկացվել անտառտնտեսությունից»,- ասում Մհեր Վարդանյանը: Ջիլիզցիները հողագործությամբ չեն զբաղվում:

Գյուղի Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցին ավերված է: Եկեղեցին 1932 թ. պայթեցրել են խորհրդային իշխանությունները և քարերն օգտագործել գյուղի անասնագոմերը կառուցելիս:

Ջիլիզան ունի տնակում տեղավորված մեկ փոքր մթերային խանութ, չունի տնտեսական և այլ խանութներ: Թեև ունի փոստատար, սակայն չունի փոստային ծառայության շենք:

Մինչ սահմանամերձ Ջիլիզայի սոցիալ-տնտեսական զարգացումը չի հայտնվում ՀՀ կառավարության տեսադաշտում, հարևան վրացիները ոչինչ չեն խնայում, որ ամեն գնով կասեցնեն հայ-վրացական սահմանի հայկական գյուղերի շփումը: Իսկ այն, թե անդրսահմանային մեկուսացումը ինչ հետևանքներ է ունենում սահմանից այն կողմ գտնվող հայկական գյուղերում, կներկայացնենք հաջորդ հոդվածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter