HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կռացած` դեպի 3-րդ հազարամյակի մարտահրավերներ

Ռազմիկ Մարկոսյան

Անգլիայում (հավանաբար ոչ միայն Անգլիայում) երբ որևէ տարածք կանաչապատում են, այդ տարածքի միջով անցնող ճանապարհներ ի սկզբանե չեն  նախագծում: Որոշ ժամանակ անց խոտածածկույթի վրա հետիոտների տրորած տեղերով հստակ ուրվագծվում են անցուդարձի համար առավել հարմար ուղղությունները: Հենց այդ «նշված» ճանապարհներն էլ հետագայում սալարկում են՝ նպաստավոր անցուղի տրամադրելով բնակչությանը: Ճիշտ այդպես զարգացած երկրներում քաղաքացին մասնակցություն է ունենում իր երկրում կայացվող ցանկացած որոշման:

Մեր երկիրն Անգլիայից այնքան հեռու չէ, որքան այնպիսի քաղաքակրթությունից, երբ կառուցելիս նկատի է առնվում շահագործողի շահը, արտադրելիս` իրացնողի, որոշելիս` հետևանքները կրողի: Մեզանում լիարժեք շահագործվում է միայն մեր քաղաքացիների համբերատարությունը: Օրինակներ` ինչքան ուզեք: Բայց այս անգամ խոսենք առաջին հայացքից գուցե ոչ այնքան էական թվացող մի խնդրի` մեր մայրաքաղաքի տրանսպորտային սպասարկման որակի մասին: Չէ՞ որ բնակչության տեղափոխումն  արյան հոսքի պես ապահովում է մեր երկրի կյանքն ու գոյության որակը:

Պարույր Սևակը կասեր` «հաշվեցեք հապա…», թե միայն վերջին հարյուրամյակում մեծ եղեռն, մեծ երկրաշարժ, պատերազմ ու շրջափակում տեսած, բայց հերոսաբար ոտքի վրա մնացած ժողովրդի հավաքական հոգեբանության վրա ինչ հետևանք կարող է ունենալ սեփական երկրում տարիներ շարունակ ամենաստորացուցիչ պայմաններում երթևեկելը:

Պարզ է` Երևանում միկրոավտոբուսային բիզնեսը մասնավոր ձեռներեցներին է պատկանում: Նույնքան պարզ է, որ ցանկացած բիզնես զարգանում է պետական վերահսկողությամբ: Ասենք, դա քաղաքային տրանսպորտին կարող է և չվերաբերել, քանի որ այդ բիզնեսը մեզանում առհասարակ չի զարգանում: Այն պարզապես ոտքի վրա են պահում տարիներ շարունակ ոտքի վրա երթևեկող մեր քաղաքացիները:  

Հայտնի բան է, թե ինչ խորհուրդ ունի խոնարհումը: Ենթաստորադասության չափ հին այդ մարմնական շարժումը նշանակում է` «Ես քո ենթական եմ»: Հնում պետական ու կրոնական շինություններ հիմնելիս մարդու գոտկատեղի բարձրությամբ մուտքի դուռ էին կառուցում, որպեսզի ներս մտնողն իր կամքից անկախ, երբեմն էլ` կամքին հակառակ` խոնարհվի: Եվ ահա արդեն քանի տարի է` հիմնականում Երևանում կենտրոնացած մեր երկրի բնակչությունը կռացած երթևեկելով` իր խոնարհումն է բերում տրանսպորտային սարդոստայնի տերերին, որոնք ոչ մի կերպ նպատակահարմար չեն համարում զարգացնել իրենց բիզնեսը, իրենց շարժակազմը համալրել բարձր տանիք ունեցող, հարմարավետ տրանսպորտային միավորներով, որպեսզի ժողովուրդը ստիպված չլինի անվերջ գլուխ տալ:

Եթե նկատի ունենանք, որ մեր մայրաքաղաքի տրանսպորտից ամենից հաճախ օգտվում է աշխատող ու սովորող զանգվածը, ապա պարզ կդառնա, թե ինչ հոգեբանություն ու սեփական երկրի նկատմամբ ինչ վերաբերմունք է ձևավորվում մեր երկրի այսօրն ու վաղը ապահովող քաղաքացիների մեջ:

Իսկ հաշվե՞լ են արդյոք, թե պատերազմի մշտական վտանգի տակ  գտնվող մեր ժողովուրդի համար հոգեբանական ինչ աղետ է օրվա ընթացքում մի քանի անգամ ընկճված հոգով, ոտնահարված արժանապատվությամբ, երկտակ ծալված,  իրար խանգարելով ու իրար ատելով մի վայրից մյուսը փոխադրվելը: Եթե դրան գումարվում է մեր քաղաքային տրանսպորտի՝ ցինիկ դրսևորում ստացած մրցավազքը, երբ «բերնեբերան» լցված երթուղային տաքսիներն, իրենց «ուղեբեռի» մասին մոռացած, թույլատրելի արագությունը գերազանցելով ու տարբեր այլ խախտումներ կատարելով, փորձում են իրարից առաջ անցնել՝  խլելու համար կանգառում կանգնած պոտենցյալ խոնարհվողներին… Մշտապես վթարային իրավիճակ ստեղծող այս «շուկայական մրցակցությունը» չեն կասեցնում ո՛չ ճանապարհային ոստիկանության տեսուչները, ո՛չ հսկիչ սարքերը: Դե, «գծերի տերերը» հարգանք-պատիվ ունեն: Իսկ ժողովուրդն էլ… Այնինչ անկախացումից արդեն երկու տասնամյակից էլ ավելի է անցել: Ի դեպ, 90-ականների սկզբներին` հաղորդակցության գրեթե իսպառ բացակայության պայմաններում, հոգեբանության տեսանկյունից` մեր ժողովրդի վիճակը ներկայիս համեմատ գերադասելի էր: Այն ժամանակ մի տեսակ ներդաշնակություն կար: 

Իսկ այսօր շքեղ նորակառույցներն ակոսող պողոտաներով անցնում են մեր բնակչությանը բարոյապես հալածող ուղևորափոխադրման գաճաճ միջոցները, որոնց մեջ հիգիենայի սահմաններից դուրս քիթ-քթի տված, ողնաշարները երկտակած ուղևորները, եթե նույնիսկ արդեն սովորել են  ու չեն էլ գիտակցում, որ ծաղրվում են նրանց կողմից, ում վճարում են ու դեռ շարունակում են մի կերպ տեղ տալ տասներեք մարդու համար նախատեսված միկրոավտոբուսի քսանհինգերերդ ուևորին, վաղն անպայման տեղի կտան իրենց վիրավորված ենթագիտակցության առաջ: Չէ՞ որ այն, ինչ մեր քաղաքացու համար սովորական են դարձրել, կարող է հատուկ լինել միայն արտակարգ իրավիճակներին:

Ի դեպ, տասներեք ուղևորի մասին տեղեկացնող հայտարարության կողքին անտեսված-արհամարհված մի գրություն էլ կա քաղաքակրթության վերջին ճիչը հանդիսացող մեր  ուղևորատարներում: Խոսքը օրինապահության նկատմամբ թքուն վերաբերմունքի հերթական վկայության՝ վարորդի ծխելն արգելող օրենքի մասին է: Այդ օրենքն անտեսվում է ոչ միայն վարորդների ու ավտոճանապարհային ոստիկանների, այլև հենց ուղևորների կողմից. նրանք իրենց հերթին պետք է վարորդին արգելեն ծխել: Դա նրանց իրավունքն է: Բայց դե գլուխը կախ վիճակի հետ լրիվ հարմարված ժողովրդի իրավունքը ո՞րն է:

Դե հիմա, ինչքան ուզում ենք` արտասահմանյան երկրներից ծրագրեր ներմուծենք ու, այսպես կոչված, «թրեյնինգներ» կազմակերպենք` քաղաքակրթելու, եվրոպականացնելու, երրորդ հազարամյակի մարտահրավերներին պատրաստելու համար մեր քաղաքացուն: Նա, միևնույն է, ստիպված կլինի օգտվել քաղաքային տրանսպորտից ու մեր ջանքերն ու արտասահմանցիների փողերը ջուրը կլցվեն: Երևանցու մեջ դարձյալ կարթնանա լավագույն դեպքում մի նստարանին երկու հոգով նստողի, կամ էլ, ինչպես ժողովուրդն է ասում` «փոստի ձիու» հոգեբանությունը:    

Այնինչ մեր ձեռներեց գործարարների համար արժանապատիվ ուղևորափոխադրում կազմակերպելն ամենևին էլ բարդ բան չէ: Իսկ եթե նրանք չեն ուզում դա անել, կառավարությունը պետք է նրանց առաջ խնդիր դնի` պահանջելով հստակ նշված ժամկետում շտկել իրավիճակը (ինչպես որ դա արվեց ամրագոտիների դեպքում): Կարելի է նաև տրանսպորտային սպասարկման որակի բարելավումն առաջիկա ընտրություններում օգտագործել որպես բենզին՝ քարոզչական մեքենայի համար:

Մի ելք էլ կա. գուցե ժողովուրդը կազմակերպի «գծերի տերերի»` իրենց իսկ «կազմակերպած» տրանսպորտից ժողովրդի պես վնասվելով օգտվելը: Թող «գծերի տերերը» կանգառում մի քանի երթուղային բաց թողնելուց ու նյարդայնանալուց հետո մի կերպ խցկվեն հերթական երթուղային տաքսին ու զանազան հոտերի, ծխի ու ինչ-որ տարօրինակ, անծագում երաժշտության տարրալույծի մեջ, իրենց մարմնի մասերին անհաղորդ` գնան, ապա բախտավոր նստած ուղևորին հարցնեն` «Ո՞ւր ենք հասել, դուրսը չի երևում»:

Այ, սա կլինի կայացվելիք որոշումներին մասնակից լինելու, նոր տնկված խոտածածկույթը քաղաքացուն հարմար տեղերում տրորելու հայկական տարբերակը: Եվ այդ դեպքում գուցե մեր ձեռներեցներն ու նրանց վերահսկելու կոչված պատկան մարմինները ստիպված լինեն հարգել ողնաշարը լրիվ չծռած, արժանապատվությունը մինչև վերջ չկորցրած ժողովրդին:         


Մեկնաբանություններ (2)

Ալվարդ
Երեւի 2007-ի ընտրությունների շրջանում էր, երբ դեռ Աբովյանում էի ապրում ու մեծ դժվարությամբ երթուղայինում տեղ էի գտնում Երեւան աշխատանքի հասնելու համար: Հաճախ դա կզած, կռացած, նվաստացած վիճակ էր ենթադրում: Կանգառում, իր հսկա ծավալներով ճնշում էր Ծառուկյանի դե գիտեք ինչպիսի, դիմանկարը` փայլուն ապագայի խոստումներով: Ի վերջո նյարդերս չդիմացան ու մի օր նրան/նրա գրասենյակ էլ-փոստով զայրույթս արտահայտեցի. ուզում էի հասկանալ թե ինչ իմաստ ունի այդ հսկա պատկերը այն մարդկանց համար, ովքեր ամեն առավոտ կանգնած այդ պատկերի առջեւ պարտադրված նայում են այդ պատկերին, ապա կռացած ու ծռմռված տանջալից ճանապարհ են կտրում` հասնելու Ծառուկյանի որեւէ գործարան, որպեսզի դրանից հետո ստրուկի պես աշխատեն մի քանի գրոշ ու հետո այդքանից հետո նորից, կռացած 40-50 րոպե ու ավելի երկար ճամփա կտրեն հասնելու տուն, իրենց ընտանիքին: Արձագանքը մոտավորապես այսպիսին էր` ինձ հուշեցին թե հավանաբար դժվար մանկություն եմ ունեցել եթե այդքան բարկացած եմ տրանսպորտի վիճակից ու զզվում եմ ամեն առավոտ նույն պատկերի առջեւ կանգնելուց: Չեմ կարծում շատ բան է փոխվել այդ ժամանակից ի վեր ու չեմ կարծում մեր քաղաքացու արժանապատվությունը որեւէ նշանակություն ունի տիրող համակարգի համար:: Մտեք հիվանդանոց, որեւէ պետական հիմնարկ,...եթե ''հատուկ մեկի մարդը'' չեք, ուրեմն ամենայն հավանականությամբ պիտի կուլ տաք ձեր արժանապատվությունը ու կզեք....բռնեք դռան բռնակը որ ձեզանից առաջ չանցնեն ու միեւնույն է կանցնեն քանի որ դուք ձեզանից հատուկ մի բան չեք ներկայացնում: Բժիշկը գնացել է ու պետք է սպասեք անորոշ ժամանակով` կես ժամ, մեկ ժամ կամ ժամեր...այդ ընթացքում պիտի քծնեք ու ժպտաք բուժքրոջը որ ձեզ շանս տա բժշկին տեսնելու...բժշկին տեսնում ես` նվաստացման մեկ այլ փուլ, ասենք պատկերացրենք գինեկոլոգիայի բաժնում, որտեղ տարրական պարագաներ են պակասում ու հիվանդին հանդիմանում են որ չգիտեր որ հետը պետք է չստեր բերեր, եւ այնլ....մի անգամ դռան բռնակը անիմաստ բռնած սպասելու ընթացքում սիրտս թուլացավ, օդը սկսեց չհերիքել, մտա ներս ու չէի կարողանում խոսել բժշկուհու հետ, գրեթե արտասվում էի...նա ինձ առաջարկեց նստել պատուհանի կողքին ու խորհուդ տվեց որ հետագայում վալերիանա վերցնեմ սրտիս համար: Հավանաբար հազվադեպ է լինում որ մարդկանց սիրտը նվաստացումից թուլանում է ու բժշկուհուն մնում էր գուշակել որ ես սրտի հետ կապված պրոբլեմ ունեմ: Սպասել ամեն տեղ էլ կա, բայց սպասելու ձեւ ու կարգ պետք է լինի, ու հիվանդը, իր հիվանդությունը թողած չպիտի մտածի բժշկուհուն քծնելու, հաճոյանալու, ծանոթ գտնելու ու նման զզվելի բաների մասին: Այո, բժիշկը պետք է լինի հպարտ, որպես պրոֆեսիոնալ, կարեւոր գործի տեր մարդ բայց ոչ ''աստված''...ինչպես որ պաշտոնյաներն են իրենց աստվածացնում...ու էսպես բարձրանում է...ու բնականորեն Ծառուկյանը կարծում է որ պետք է փորձի սրբերի դասին կարգվել ու դրան ուղղված քայլերից մեկն էլ մարդկանց ստիպելն է` որ տրանսպորտի մեջ կռանան ու աղոթեն իր ողորմացող պատկերի տակ: Հիմա կասեն` բա նրա ձրի ավտոբուսները? դա հերթական ողորմության ժեստ է, ընտրակաշառք կամ էլ ինչ-ինչ հաշիվներ գծի տիրոջ հետ....եթե այդքան մտածում է երկրի մասին, թող նպաստի որ տրանսպորտի վիճակը հիմնովին բարեկարգվի, համակարգը, սկզբունքը փոխվի...թե չէ ձրի ավտոբուսով նվաստացած քաղաքացուն ավելի լավ կարգավիճակ չի տալիս:
Արամ
Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ ,,կռացնելը,, ինքնանպատակ չէ, դա արվում է ,,իշխանության ֆորայի,, համար, ինչպես ցիննիկորեն արտահայտվել էր Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ամեն առիթով մատ է թափ տալիս ու աջ ու ձախ հոխորտում Գալուստ Սահակյանը: Ընդամենը երեկ երկրի նախագահը խոսում էր Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի մասին: Կռացած, ստորացված ժողովուրդը, բանակում տեղի-անտեղի վիրավորվող ու ստորացվող զինվորը ինչ ոգի ու դուխ ունի, որ դեմ կանգնի ազերին: Երթուղային տաքսիները հերթական միջոցն են հասարակությանը ինքնապաշտպանության բնազդներից ու ինքնահարգանքից զրկելու, որ թելադրելն ու իշխելը հեշտ լինի, վկա մեր առավել քան ստորացուցիչ ընտրությունները, որոնք հիմնովին ու համատարած բարոյալքում են ժողովրդին, որ հավորժորեն մանդատ ստանա ստահակն ու ցիննիկը: Մեզ ամենուրեք կռացրած տղերքը, տեսնել է պետք, թե ոնց են կզում սեփական տերերի առաջ, մի շարքային ռուսի առաջ, մենակ թե մոսկվաներից եկած լինի: Համ էլ ժողովուրդը թող մտածի, որ եթե չի ուզում կռանալ, թող ինքը ծունկի բերի իրեն ստորացնողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter