Կյանքը տեղի է ունենում, ոչ թե պատահում... Թեկուզ պատահարը մեր իրական կյանքն է. Սէվ
Մայիսին Նահանգներում էի մի ծրագրի շրջանակներում, որը միտված էր ավելի տեսանելի եւ գործնական դարձնել «Հանդուրժողականությունը մշակույթի միջոցով» թեման:
Վաշինգտոնյան ոչ մարդաշատ փողոցներից հետո հաջորդ հանգրվանը լճաշատ Միննեսոտա նահանգն էր: Խմբի անդամները սպասում էին հաջորդ կայանին` Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքին, որտեղ բոլորս տեսնելու էինք մեր ընկեր-հարազատներին:
Լոս Անջելեսում խմբի ադամներից մեկը հայտնեց, որ այդ օրը հանդիպելու է նկարիչ Սէվին... Առաջարկեց միանալ իրեն, ես ասացի, որ անհանգիստ եմ, որովհետեւ այն, ինչ տեսնում եմ նրա նկարներում, դեռեւս շփման չի տանում ինձ` որպես մշակութային լրագրող: Ես պատրաստ չէի...
Արդեն իսկ հոկտեմբերին Սէվը մի քանի այլ ամերիկաբնակ հայ արվեստագետների հետ Հայաստանում էր: Ես հավաքեցի ողջ համարձակությունս ու նախեւառաջ խոսակցությունն սկսեցի օն-լայն դաշտում.
Անուշ- Ողջույն, ո՞նց եք: Երկար ժամանակ վախի զգացումից ոչինչ չէի գրում Ձեզ. աբստրակցիայի մեջ այդքան ռեալությունն ինձ վախեցնում էր: Հիմա մի տեսակ ոգեւորվել եմ դրանից... Ժամանակի եւ պատմության հերքումն այս պարագայում համահունչ են այն ժամանակին, որը չկա եւ որում միաժամանակ գրում եմ Ձեզ... Եվ էլի ո՞նց եք:
Սէվ- Երբ պարզվեց, որ վերացարկումը ամենից շատ է մոտեցնում իրականությանը, պատրանք արտադրողները սարսափեցին ու վախից փորձեցին վերացապաշտությունը խորը թաքցնել... Բայց, ավա՜ղ, կեղծը երբեք չի կարող իրական լինել...
Անուշ- Իրականության ուրիշ երես ներկայացնելը հեշտությամբ տրվող բան է... Եվ պատմությունն էլ թերեւս այդ պատճառով հերքել կարելի է:
Սէվ- Պատմությունն ու պատմություն պատմելը շատ տարբեր բաներ են, ու դժբախտաբար պատմություն պատմողները բազմացան... Ինստիտուտները շատացել են...
Անուշ- Ինստիտուտ ստեղծելու հավանականությունն ու հավակնությունն է մեծացել: Երանության պահ է` իրականության մեջ խոսել իրականությունից...
Սէվ- Էն, ինչ հնարավոր է, արտադրելը ձանձրալի է... Կյանքը տեղի է ունենում, ոչ թե պատահում... Թեկուզ պատահարը մեր իրական կյանքն է...
Անուշ- Ձանձրույթն ապահովության թմբիրի մեջ է պահում. կարծում եմ` շատերի համար, լավագույն միջոց է… Կիսատության ու վերապրումի սինդրոմ...
Սէվ- Ով չի զգում ձանձրույթի վտանգը, կորցնում է ամեն ինչ...
Անուշ- Ով զգում է` նույն պահին էլի կորցնում է ամեն ինչ...
Սէվ- Դե ուրեմն հաշվենք, որ ամեն ինչ կորցրել ենք, ու ինչ-որ գալիս ու գալու է նվեր է` ԸՆԾԱ...
Անուշ- Հավատում եմ... Ուրեմն այն, ինչ չենք տեսել, ավելի՞ իրական է:
Սէվ- Չենք տեսել, որովհետեւ այնտեղ չենք նայել...
Անուշ- Ուղղություն որոշողը մենք ենք...
Սէվ- Որոշողը չգիտեմ, բայց ընտրողը ինքդ ես... Ու ամեն ակնթարթի...
Անուշ- Հնարավոր է նման ընթացքի մեջ ստխառնոց առաջանա... Սոցիումն ընտրած բաներ ունի…
Սէվ- Սոցիումը միայն կարող է պարտադրել...
Անուշ- Երբ միեւնույն կարասի մեջ ենք, պարտադրանքից դուրս վիճակը կարող է կրակի բաժին դարձնել... Թե՞ ընկերակցության առումով կրակն ավելի նախընտրելի է:
Սէվ - Не так страшен черт, как его малюют...
Անուշ- Ուրեմն ուրախ եմ` ծանոթության համար` Անուշ Քոչարյան` hetq.am-ի մշակութային լրագրող:
Հ.Գ. Առաջին լուսանկարում ՍԷվի 2000 թ.-ի աշխատանքն է, որն այժմ գտնվում է Ջերրի (Ժիրայր) Զորթյանի հավաքածուում (Ալտադենա, Կալիֆորնիա): Իսկ երկրորդ լուսանկարում "The Malleus Maleficarum" or "Hammer of the Witches" աշխատանքն է (Ֆրանկլին` Հոլիվուդ, Լոս-Անջելես): Լուսանկարի հեղինակ` Անի:
Հոկտեմբեր, 2012
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել