
«Համեր»-ով գյուղապետը թաքցրել է իր հարազատների անուններով գրանցած հողերը
Գեղարքունիքի մարզի Այրք և Կուտական համայնքների հողերին արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու: Հիշեցնենք, որ Այրք համայնքի ղեկավար Արտյոմ Շաբոյանը Այրքում մեծ տնտեսություն ու հեկտարներով հողեր ունի: Մեզ հետ զրույցում նա նշել էր, որ Այրքում վարձակալել է 200 հա հող, 3 հա էլ սեփականաշնորված հող ունի: Մարզի այս համայնքներում հողօգտագործման խախտումների մասին հարցադրումով դիմել էինք մարզպետարան: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անունից ստացած պատասխանից պարզվում է, որ Այրքի համայնքապետը ճշգիրտ տվյալներ չի հայտնել մեզ` թաքցնելով իր հարազատների անուններով գրանցված հողերը:
Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման, օգտագործման տրամադրամն և վարձավճարների գանձման հարցերը յուրաքանչյուր համայնքում մարզպետարանի կողմից ուսումնասիրվում են երեք տարին մեկ անգամ: Սակայն մեր գրության և հրապարակումների հիման վրա մարզպետարանի աշխատակիցները այս համայնքներում ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ Այրք համայնքը ունի շուրջ 1200 հա համայնքային սեփականության վարելահողեր, որից մշակելու համար պիտանի են 995 հա-ն: Վարձակալվել և օգտագործվում է շուրջ 902 հա-ն: Իսկ համայնքի ղեկավար Ա. Շաբոյանը և իր ընտանիքի անդամները վարձակալել են շուրջ 447 հա հող, այսինքն` գյուղի մշակելու համար պիտանի հողերի գրեթե կեսը: Ըստ մարզպետարանի Հողաշինարարության և հողօգտագործման բաժնի պետ Էդիկ Ստեփանյանի, գյուղապետի կողմից վարձակալած հողերի հետ կապված խախտումներ չեն հայտնաբերվել, քանզի վարձակալական պայմանագրերը օրենքով սահմանված կարգով ունեն պետական գրանցում և այդ հողերի համար աճուրդ է հայտարարվել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: «Մենք գյուղապետին չենք կարող ասել` դու ինչու ես էդքան հող մշակում, բյուջեն գրեթե ամեն տարի 100 տոկոսով կատարում է, ինքն էլ վճարում է վարձակալած հողերի տուրքը»,- ասում է Է. Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է Կուտական համայնքին, ապա այստեղ, ըստ նույն պատասխանի, հողերի սեփականաշնորհման ժամանակ բոլոր ընտանիքները օգտվել են սեփականաշնորհման գործընթացից, բացառությամբ մեկ ընտանիքի, որը համայնք է տեղափոխվել սեփականաշնորհման գործընթացից հետո: Կուտական համայնքը ունի 724 հեկտար համայնքային սեփականության վարելահողեր, որից մինչև 2005 թվականը վարձակալությամբ օգտագործման է տրվել 722 հեկտարը: Կնքվել են վարձակալական պայմանագրեր, որոնք սահմանված կարգով ստացել են պետական գրանցում: Համայնքի նախկին ղեկավարի կողմից ՀՀ հողային օրենսգրքի 76-80-րդ հոդվածների համաձայն` երկարաժամկետ վարձակալությամբ հողատարածքներ են տրամադրվել նաև մի շարք խոշոր վարձակալների` այդ թվում Վլադիմիր Խաչատրյանին` 105 հա, Պերճ Մկրտչյանին` 251 հա, «Մաքս ֆրուտ» ՍՊԸ-ին` 157 հա, Քաջիկ Ավետիսյանին` 64 հա, Կորյուն Հունանյանին` 38 հա:
«…Ինչ վերաբերում է վարձակալների տվյալ համայնքի բնակիչ լինել կամ չլինելուն, ապա ՀՀ օրենսդրությամբ նման սահմանափակումներ չկան»,- հայտնում մարզպետի գրությունը:
Գեղարքունիքում հողերի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է
Հողաշինարարության և հողօգտագործման բաժնի պետ Էդիկ Ստեփանյանն ասում է, որ մինչև 2005-2006թթ. Վարդենիսիում հողերի նկատմամբ հետաքրքրություն չի եղել` ոչ մի տեսակի: Մի քանի ընկերությունների` հողեր մշակելուց և արդյունքներ ստանալուց հետո հետաքրքրությունն ավելացել է, իսկ մինչ այդ գյուղացիները նույնիսկ սեփական հողերն են թողել անմշակ, ասենք, որպեսզի օգտվեն նպաստից: Հիմա վերաբերմունքը փոխվել է, հատկապես ոռոգվող հողերը բնակիչներին հետաքրքրում են:
Գեղարքունիքի մարզում համայնքային սեփականության և պետական նշանակության ավելի քան 32 հազար հա վարելահող կա, որից 16.6 հազար հա-ն տրված է վարձակալության: Հողաշինարարության և օգտագործման բաժնի պետի տեղակալ Մարատ Ղուրշուդյանն էլ նշում է, որ վերջին տարիներին ավելացել է նաև արոտների օգտագործումը, և դեռ ավելանալու միտումներ կան: Այս տարի շուրջ 181 հազար հա արոտավայրրից վարձակալության է տրված 36 հազարը, մինչդեռ 2011-ին` 32 հա էր վարձակալվել: Մարատ Ղուրշուդյանը դա կապում է օրենքի փոփոխությամբ (կադասրտում արոտները չեն գրանցում, ուղղակի պայմանագիր է կնքվում) և ֆերմերային տնտեսությունների ստեղծմամբ. «Ֆերմերային տնտեսությունների ստեծղման հետ կապված արոտների վարձակալությունը մի քիչ ավելացել է, անցած տարվա համեմատ 4000 հա-ով ավելացել է»:
Մարզի 19.6 հազար հա խոտհարքից 3.4 հազարն է տրված վարձակալության: Խոտհարքների վարձակալությունը այս տարի մի փոքր ավելացել է, սակայն, ինչպես Մարատ Ղուրշուդյանն է նշում, դրանք հեռու են բնակության վայրերից, ըստ այդմ` օգտագործման տոկոսը քիչ է:
Մեկնաբանել