
Ուգանդայում, Տանզանիայում,Կոնգոյում և Մոզամբիկում գիտությունը ավելի՞ է կարևորվում, քան Հայաստանում
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում քննարկվում է 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը: Փորձենք հասկանալ, թե, մասնավորապես գիտության մասով, որքա՞ն է ֆինանսավորման չափը:
Այսպիսով, ըստ ԱԺ-ում շրջանառության մեջ դրված բյուջեի նախագծի, 2013 թվականին գիտության ֆինանսավորումը կկազմի շուրջ 11.241 միլիոն դրամ: Եթե դրան գումարենք կառավարության խոստումը ԱԺ-ում հաջորդ ընթերցման ժամանակ ևս շուրջ 300 միլիոն ավելացնելու մասին, ապա կստանանք շուրջ 11.545 միլիոն դրամ:
Այսպիսով, 2013 թվականին գիտության ոլորտի ֆինանսավորումը 2012 թվականի համեմատ կաճի 13.5 տոկոսով` ճիշտ նույնքանով, որքանով որ կաճի պետական բյուջեի եկամուտների մասը, ինչը պահանջվում է «Գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով: Այսինքն, գիտության ֆինանսավորման ավելացումը կլինի ճիշտ այնքան, որքան օրենքը պարտադրում է իշխանություններին և ոչ ավելի:
Գիտության ֆինանսավորում/ՀՆԱ հարաբերակցությունը
Այս տարի գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 0,246 տոկոսը: Հաջորդ տարի, ըստ կանխատեսումների, այն կլինի աննշան չափով ավելի` 0,254 տոկոս (կանխատեսվող ՀՆԱ-ն` 4,54 տրիլիոն դրամ):
Այս թիվը ավելի հասկանալի դարձնելու համար բերենք օրինակներ` հիմնվելով ՅՈւՆԵՍԿՈ-ի 2010 թվականի զեկույցի վրա: Եվրոպական միությունում այդ ցուցանիշը ամենացածրն է Կիպրոսում և Սլովակիայում` 0,47 տոկոս և ամենաբարձրն է Շվեդիայում` 3,75 տոկոս:
Նույնիսկ Ուգանդայում գիտությանը տրվում է ՀՆԱ-ի 0,39 տոկոսը, Տանզանիայում` 0,32, Կոնգոյում` 0,48, իսկ Մոզամբիկում` 0,53: … Այսինքն` այդ երկրներում գիտության դերը ավելի է կարևորվում, քան Հայաստանում:
Ռուսաստանում այս թիվը 1,03 տոկոս է, Թուրքիայում` 0,81: Մեզ հետ համեմատաբար նույն հորիզոնականում են գտնվում Մոնղոլիան, Ղազախստանն ու Ղրղզստանը:
Աշխարհում բացարձակ առաջատարն է Իսրայելը (4.86 տոկոս), որը, շրջապատված լինելով թշնամիներով ու պարբերաբար պատերազմների մեջ մտնելով, որոշ հայ պաշտոնյաների տրամաբանությամբ, չպիտի գիտությանը այդքան մեծ գումարներ (պետական բյուջեի համարյա 20 տոկոսը) տրամադրեր:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ակտիվիստները, բազմաթիվ փորձագետներ և համարյա բոլոր կուսակցությունները (նախընտրական ծրարգերով) գտնում են, որ Հայաստանը պետք է հասնի գիտության ֆինանսավորման ՀՆԱ-ի 2-ից 3 տոկոսանոց մակարդակին:
Անշուշտ, դեռ հույս կա, որ ընդդիմադիր 4 կուսակցությունների («Ժառանգույթուն», ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ)` գիտության ֆինանսավորումը ավելացնելու առաջարկները ԱԺ-ում Բյուջեի քննարկամն 2-րդ ընթերցման ժամանակ գոնե մասնակիորեն կընդունվեն իշխող մեծամասնության և կառավարության կողմից:
Սակայն, հակառակ պարագայում կստացվի, որ, ի թիվս այլ երկրների, նույնիսկ Ուգանդայում, Տանզանիայում,Կոնգոյում և Մոզամբիկում իշխանությունները ավելի են կարևորում գիտության դերը, քան Հայաստանում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել