HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախ մեռա, հետո ապրեցի

Լեռ Կամսար

1965 թ.-ի նոյեմբերի 22-ին Երեւանում՝ իր խղճուկ եւ աղքատիկ խրճիթում, վախճանվեց հայտնի երգիծաբան Լեռ Կամսարը:

Իմ ծննունդից մինչև մահը կապված է մի լար, երևակայությունս լարախաղացի նման անվերջ գնում-գալիս է այդ լարի վրա։

Ասում են ամենաարագ հաղորդակցության միջոցը ինքնաթիռն է հիմա, բայց սխալ է։ Ինքնաթիռը չի կարող մարդու նման ծննդյան ու մահվան միջև ընկած ճանապարհը կտրել մի ակնթարթում, այդ ճանապարհը կտրում է երևակայությունը։

Իմ երևակայությունը այն թազբեհի թելն է, որ կապում է իմ կյանքի բոլոր երեկները իմ կյանքի վաղերին։

Չլիներ երևակայությունս՝ իմ երեկներն ու վաղերը կանցնեին իբրև անծանոթներ առանց իրար բարևելու։

Ես յոթանասուն տարեկան եմ, ամեն անգամ, երբ երևակայությունս երթևեկում է այդ տարածությունը՝ քառասուն տարվա վրայից ցատկում է։ Այդ իմ չապրած տարիներն են։Այդ տարիներին բոլշևիկյան իշխանությունը եկավ, քացու մի հարվածով դուրս վռնդեց ինձ ղեկավարող կամքս, մի էշի նոխտա դրեց վզիս, տարավ կապեց սոցիալիզմի դատարկ մսուրին, և ես սա 40 տարի միայն ազատություն եմ զռում։

Բայց մի ժամանակ ես մարդ էի…  Այդ նույն բոլշևիկյան կառավարությունը ամբողջ 20 տարի նոխտայիցս բռնած ման ածեց իր բանտերում ու աքսորավայրերում։ Երբ ուժասպառ եղա՝ բերեց կապեց ախոռը՝ մեռնելու։

Ձի եմ ասում, որ 70 տարվանից քառասունի վրայից ցատկ կատարի։

Այդ ցատկը իմ երևակայությունը կատարեց։

Ու հիմա, երբ մեռնում եմ, չգիտեմ ո՞ր ձողին, ո՞ր ծառին, ո՞ր օղին կապեմ հեգ ձիուս սանձը, որ իմ մահվանից հետո էլ գնա գա կյանքիս լարի վրա։

Պատերազմներում, երբ ընկնում է զինվորը, նրա ձին երկար չի հեռանում իր տիրոջ    դիակից, կանգնում ու պաշտպանում է նրան գազաններից ու գիշակեր թռչուններից։ Պատահել է ձի, որ մինչև վերջ էլ չի հեռացել ի տիրոջ դիակից։

Իմ ձի, աղաչում եմ քեզ, կանգնիր ու պաշտպանիր ինձ բոլշևիզմից։ Նրանք պղծեցին իմ կյանքը, գեթ թողնեն որ մաքուր մեռնեմ։

Չթողին որպես մարդ ապրել, գեթ թույլ տան մարդ մեռնել…                                                                  

…Օ՜հ, մեռնել գեթ մի օր ազատություն չտեսած, ահա սարսափելին…

xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx


                                       «Ես այս աշխարհում, որ այսքան դժվարությամբ եմ ապրում՝ այդ նրանից է,

                                       որ ի բնե ազնիվ եմ ծնված: Այո՛, չափազանց ազնիվ»:

                                                                                                                               Լեռ Կամսար

Երգիծաբանին ամենայն իրավամբ կարելի է անվանել գրական խենթ, որովհետեւ ճշմարտությունն ասում են միայն խենթերն ու երեխաները:

Որպես երգիծաբան երեսուն տարուց ավելի ես ճշմարտություն գրեցի հայկական բոլոր թերթերում եւ ասում եմ. չկա ավելի դժվար բան աշխարհում, քան ճշմարտություն գրել սովետական թերթերում: Այսինքն՝ ճշմարիտն ասել այնտեղ, երբ բոլորն անխտիր ստում են: Այնտեղ, ուր չստողին բռնում, բռնաբարում եւ գնդակահարում են:

Ինչպես «Խաչագողի հիշատակարանի» մեջ քավոր Պետրոսը գողացված էշը ներկում ծախում էր տիրոջը, այնպես էլ ես ստիպված էի ճշմարտությունը հաճախ ստով ներկել եւ ծախել բոլշեւիկներին, որով դարձա կատարյալ ճշմարտության կոնտրաբանդիստ: Ես երկու հարված հասցնում էի դաշնակցությանը, որպեսզի կարողանամ մի հարված էլ բոլշեւիկներին հասցնել, ինչու որ բոլշեւիկյան մորալն այդ էր պահանջում. ինքն առանձին ոչ մի պակասություն կամ արատ հանձն չի առնում: Եթե ուրիշները հարյուր արատ ունենան, է՜հ, այն ժամանակ մեծ դժվարությամբ, թեեւ, կհամաձայնի մի փոքրիկ արատ ունենալ, պայմանով, որ այդ արատը ժամանակավոր լինի եւ խոսք տաս վերջում քո ձեռքովդ էլ ուղղել: Սովետական մամուլի աշխատակիցն իր բերանում ոչ կտրիչ, ոչ ժանիք պիտի ունենա, այլ ամբողջովին սեղանատամ, որ «սովետական շինարարությունը» կամ Ստալինի գովքը գցած բերանը՝ իր ողջ կյանքում որոճա ու փրփուրը բերնից թափի:

Ամեն անգամ հոդվածս կարդալիս, խմբագիրը գրչի տեղ աքցան էր վերցնում ձեռքը՝ հոդվածի ժանիքներն ու կտրիչները քաշելու համար: Հոդվածս դառնում էր պառաված մարդու կակուղ լինդ միայն, բայց ես, այնուամենայնիվ, համաձայնվում էի տպագրության տալ, մտքիս մեջ ասելով՝ կակուղ լինդն էլ եթե կատաղած իրար սեղմես, էլի կցավացնի:

Մի ժամանակ պոլսահայ մամուլում աշխատակցում էր ոմն Միհրդատ Հայկազն, որը հովանոցավաճառ էր: Մի վաճառական, որը ծախում էր միայն հովանոց: Այս վաճառականն իր ապրանքը հաջող վաճառելու համար սկսեց սիրավեպեր գրել պոլսահայ թերթերում եւ երկու սիրահարների ամենաբուռն գրկախառնության ժամանակ մեկ էլ տեսար ընդհատեց պատմությունն եւ հայտարարեց. «Ընտիր հովանոցներ միայն Միհրդատ Հայկազի մոտ փնտրեցեք. հասցեն Ճաքմաքչիլար խան նո. 2», հետո էլի դարձավ իր սիրահար զույգին:

Մի ժամանակ փորձեցի օգտվել նման ձեւից. գովասանել չմնացած բառերով սովետական շինարարությունը՝ հանկարծ ընդհատել եւ գրել. «Բոլորովին սուտ է, խնդրեմ չհավատաք» եւ էլի անցնել սկսված գովեստին: Բայց չհաջողվեց ինձ այդ: Չկարողացա շինարարությամբ նրանց քննադատությունը երգել ու դարձա թերթի ոչ մշտական, այլ պարտիզանական աշխատակից: Սարից իջնում, մի երկու ճշմարտություն կրակում ու փախչում էի դարձյալ լեռը, մինչեւ որ բռնեցին ինձ վերջապես ու մինչեւ Հյուսիսային բեւեռը քշեցին անիրավները:

Բնական բան է. այն մարդն, որ աշխարհ գալիս նպատակ է դնում իր առջեւ նախ՝ հասկանալ իր շրջապատը, ապա նոր սկսել ապրել, նա երբեք չի ապրի: Տմարս կերակուրի պես աշխարհի բերանից կմտնի՝ հետույքից դուրս կգա... նույնությամբ:

Մինչեւ իմ կյանքի երեսուն տարին տառապել եմ երկընտրանքից՝ ապրե՞լ, թե դատել, դատե՞լ, թե ապրել: Բայց երբ բոլշեւիկներն եկան աշխարհ, տառապանքս վերջ գտավ միանգամից: Դրանից հետո մարդն, ինչպես գիտեք ո՛չ դատում, ո՛չ ապրում է, այլ ընկած գլխիկոր գնում է Լենինի եւ Ստալինի ետեւից, ինքն էլ չիմանալով, թե ո՞ւր են տանում իրեն...

Գիտե՞ք, ինչքան ինքս ինձ օտար եմ: Իմ մեջ սեփական ոչինչ չեմ գտնում: Առանց իմ կամքն առնելու ծնողներս ինձ այս աշխարհը գցեցին ու իրենք հեռացան: Դա նրանց կողմից պարզ թշնամություն էր իմ հանդեպ:

Երբ արագիլը կամ ագռավը մի ծառի վրա բույն է կառուցում իր համար, նախ ուսումնասիրում է տեղանքը՝ նոր կառուցում:

Իմ ծնողները, որ ինձ ծնեցին, մի՞թե առաջուց չգիտեին, որ մեծ եղբայրս անվերջ պիտի ծեծեր ինձ: Կամ անտեղյա՞կ էին, որ տասնհինգ թվականին պիտի պաշարվեինք թուրքերի կողմից, օրհասական դիմադրությամբ ազատվեինք ու գալով Կովկաս՝ ընկնեինք բոլշեւիկների ձեռքը, ամբողջ քսան տարի հյուսիսի սառնամանիքներում աքսորվելու համար՝ հետո էլ անտուն, անհաց թափառելու:

Ասացե՛ք, ո՞ր արագիլը այսպիսի աշխարհում ձու կդներ...

Լինում են րոպեներ, երբ սկսում եմ ինքս ինձ կշտամբել այն բանի համար, որ այսպես անվերջ ծիծաղում եմ աշխարհի վրա եւ միեւնույն ժամանակ ապրում եմ այդ աշխարհում:

Բայց ես ինքս ինձ վրա էլ եմ ծիծաղում:

Ծիծաղելի չէ՞ այն մարդը, որ չգիտի, թե ինչո՞ւ է եկել աշխարհ:

Կամ այն մարդիկ, որոնք լաց են լինում աշխարհի վրա, ավելի՞ են օգնում մարդկությանը իր դժբախտության մեջ, քան ես իմ ծիծաղով:

Ուզո՞ւմ եք կանգնեմ, չը՜ռ-չը՜ռ լաց լինեմ:

Կամ՝ չե՞ք լսում արդյոք մի դառն հեգնանք իմ ծիծաղաբերի արանքում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter