HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսարն ու խորհրդային մտայնությունը

                                                                    «Այժմ ի՞նչ եմ խնդրում ես արդարադատությունից…
                                                                    Դատարանը եթե միայն ազատել կամ պատժել կարող
                                                                     է, ապա այդ երկուսն էլ հավասարապես ինձ պետք չեն։
                                                                     Միայն ազատությունից ավելի ինձ պետք է, որ
                                                                     խորհրդային մտայնությունը դադարի ինձ սևամորթ գրող
                                                                     համարելուց։ Ցանկանում եմ խորհրդային մյուս գրողներին
                                                                    հավասար ապրելու իրավունք… 
                                                                    … Խոսքս վերջացնելուց առաջ, ընկե՛ր դատախազ,
                                                                    խնդրում եմ արդարադատությունից, որ իր վճիռն իմ մասին
                                                                    անպատճառ լինի գերագույն։ Գերագույն ազատություն
                                                                    կամ գերագույն պատիժ, որով միայն կվերջանա այն
                                                                    մղձավանջը, որի մեջ խեղդվում եմ ես այժմ…»
 
                                                                                                                                   1936թ.
 
                                                           (Լեռ Կամսարի` Չեկայում դատախազին ուղղված դիմումից)
 
Եթե սովետահայ գրողներից ոմանց ստալինյան կառավարությունը ուղղակի գնդակահարեց, ապա Լեռ Կամսարի համար նախատեսել էր աննախադեպ պատիժ։ Նրան կենդանի-կենդանի «զմռսել էին» և բերանը խցել` դատապարտելով դանդաղ գործող մահվան ու մոռացության։ Տեսնելով նրա վշտալլուկ, տանջահար դեմքը և հոգսերից ու անարդարությունից բռնաբարված հեգ մարմինը` ակամա մի մեղսոտ միտք էր սողոսկում մարդու մեջ` մտածելով լավ չէ՞ր լինի միանգամից գնդակահարված լիներ, որով կվերջանային անլուր զրկանքներն ու անասելի լլկանքները։
 
«Սխալ է Միքայել Նալբանդյանի սա խոսքը, թե ամենայն տեղ  մահը մի է, մարդ մի անգամ պիտի մեռնի,- գրում է երգիծաբանը։ Ո՛չ, ամեն մարդ մի անգամ չի մեռներ. մարդ կա որ 365 անգամ կմեռնի հասարակ, իսկ 366 անգամ` նահանջ տարվա մեջ»։
 
Բոլշևիկյան կառավարությունը, ոչ անմասն պրոլետ գրողների աջակցությունից (ափսոս շատ ափսոս,որ հեղափոխության մեր խրոխտ երգիչները չհետևեցին ժողովրդական այն իմաստնությանը, որը զգուշացնում է` ուրիշի համար փոս մի փորիր` ինքդ կընկնես), ծիծաղի վարպետի դատավճիռը կայացրեց 1931թ.-ի հոկտեմբերի 15-ին, Չեկան վավերացրեց 1935թ.-ի նոյեմբերի 26-ին, իսկ վերջնական պատիժը ի կատար ածվեց 1965թ-ի նոյեմբերի 22-ին։
Ուշ աշնանային մի առավոտ էր։ Երգիծաբանը դեռ պառկած էր անկողնում, քանզի խղճուկ կացարանը շատ էր ցուրտ և տամուկ` վերմակի տակից դուրս գալու համար։ Հոգեխլիրտ անհանգստությամբ սպասում էր «Հայաստան» հրատարակչության խմբագիր Խաչիկ Պողոսյանին, ով պետք է բերեր  երկար ու ձիգ տարիներ սպասված «Մարդը տանու շորերով» գրքի ազդանշանային օրինակը։
 
Խմբագիրը երկար սպասեցնել չտվեց` այլայլված ներս խուժելով գուժեց.
 
- Վարպե՛տ, Կենտկոմը գրքի վրա կալանք է դրել։
 
Մինչ տանեցիները աչքով ունքով կհասկացնեին, որ լռի, նա շարունակեց.
 
- Պատճառը «Թատրոնի դիրեկտորը» ֆիլիետոնն է (Տե՛ս, «Մարդը տանու շորերով» գիրքը, 1965թ., էջ85)։ Դուք ի՞նչ հանգամանքներում եք դա գրել։
 
- Ես անձնապես ոչ Սունդուկյանի անվան թատրոնի դիրեկտորի տեղակալ Սուրեն Բադալյանին եմ ճանաչում, ոչ էլ նրա պետ Ղազար Ղազարյանին։ 1955թ-ին «Ոզնին» ինձ փաստեր էր ուղարկել, ուր ասված էր, որ վերոհիշյալ այրերը անդրկուլիսյան խաղեր էին տանում` աշխատանքից անհիմն հեռացրել էին թատրոնի վաստակաշատ և տաղանդավոր քանդակագործ Հայկազ Մուրադյանին, որպեսզի նրա տեղը զբաղեցնի իրենց հովանավորյալ Ռոզա Սարգսյանը։ Երգիծական հանդեսը ինձ այդ կապակցությամբ մանրապատում գրելու հայտ էր ներկայացրել, որը բնականաբար չտպեց, և այդ նյութը, մնալով արխիվումս, հրատարաչության ընտրությամբ տեղ գտավ այս ժողովածուի մեջ։
 
- Բայց ինչո՞ւ են ամբողջ գիրքը ոչնչացնում, Խաչի՛կ, եթե  ֆելիետոնը չի բավարարում, թող այդ էջերը հանեն ժողովածուից, չէ որ արդեն իսկ ծվատել են գիրքը այդ անարգ ու կեղծ հավատաքննիչները` զտելով նրա միջից քաղաքական սատիրան։
 
- Այդ առաջարկը ես արդեն արել եմ, վարպե՛տ, ասում են տեխնիկապես հնարավոր չէ։
 
- Ուրեմն, մեկ հոդվածի համար ուզում են ոչնչացնել 20 մամուլանոց ժողովածուի 10000 տպաքանա՞կը։ Եվ այսքանից հետո այդ ես եմ, հա՜, որ կհամարվեմ հակապետական գրող, իսկ իրենք` սոցիալիզմ կերտող, երկիր շենացնող` այդ շուն-շանորդի վնասարարները։
 
Չէ՛, դա տանելու բան չի, Խաչի՛կ, չէ որ սա չորրորդ գիրքն է, որ կմատնեն խարույկի բոցերին, այդ ճիզվիտ կոմունիստները։ (Երբ 1935թ-ին չեկիստները ձերբակալեցին Լեռ Կամսարին, բազմաթիվ անտիպների հետ ոչնչացվեցին «Անվավեր մեռելներ»,  1924թ., «Ազգային այբեննարան», 1926թ. և «Վրիպած արցունքներ», 1934թ. ժողովածուները)։
 
Բերե՛ք շորերս,- ապսպրեց տանեցիներին երգիծաբանը,- ելնեմ գնամ այդ մարդու մոտ, ծնկաչոք աղաչեմ, որ նա լինի գեթ այն միակ խորհրդային պաշտոնյան, որի արատների վրա ես որպես երգիծաբան իրավունք ունենամ ծիծաղելու։
Անկողնուց վեր կենալու փորձ արեց, բայց ավա՜ղ, դա խորհրդային մտայնության պարգևած տառապանքի վերջին կաթիլն էր, որն իրագործեց իրեն նախատեսված դերը` գետին տապալելով ազատ խոսքի այդ անխոնջ մարտիկին։
Դեմքը ծռմռվեց, թախիծը, դանդաղ ծորալով նրա ծաղկատար դեմքով, աստիճանաբար փոխվեց անասելի կսկիծի  և  ուրախ ժանրի վարպետի վշտերից հյուծված սիրտը կաթվածահար եղավ։
 
Հոգեկան ու մարմնական տառապանքի գալարումները դեռ մի քանի օր էլ շարունակվեցին։ Երբ հարազատները հորդորում էին բացել գոց կոպերը, ասում էր.
 
- Ես աշխարհի վրա բացվող պատուհանս արդեն փակեցի, մաքրեցի նրա հետ բոլոր հաշիվներս։ Իզուր և սին էր իմ պայքարը հանուն ճշմարտության և արդարության։ Ճշմարտությունը անցնելիք ճանապարհ չունի այս  մեղավոր աշխարհում։ Չնայած այդ անհավասար կռվում ես ընտրել էի ամենաանմեղ և ամենաանվնաս զենքը` ծիծաղը, սակայն, ոտնահարված և անտեսված արդարության և իմ բաժին ճշմարտության համար ես խոշտանգվեցի թե՛ մարմնապես և թե՛ հոգեպես և դատապարտվեցի մինչ ի մահ գաղտնի և  լռելյայն ստեղծագործելու դաժան պատժին։ Որպես մարդ ապրելու հնար չեղավ` չթողեցին որպես մարդ ապրել, գեթ թողնեն որպես մարդ մեռնել…
 
Զավակներին ապսպրեց.
 
-…Իմ ամբողջ կյանքում, ես աշխատեցի այնպիսի դիրք բռնել, որ այս կառավարությունը իմ անունը չտա, բայց բան է եթե որոշեն իրենք ինձ թաղել, լեշս իրենց փեշքեշ։ Բայց անտիպներիս մոտիկ չթողեք։ Գրվածքներս կվստահեք միայն Ադո Ադոյանին, Հրանտ Թամրազյանին և Բաբկեն Շահումյանին։
 
… Հա, չմոռանաք հաղորդել Քրիստափոր Թափալցյանին, որ ես զղջում եմ գրածս պամֆլետի համար, հեռանալուցս առաջ կուզենայի համբուրել նրա ճակատը, «Պատերազմի»  4-րդ հատորը լիուլի արդարացրեց նրան…
 
…Իսկ որպես պատգամ հետնորդներիս` մարդի՛կ, որքան ուժ ունեք, հեռու փախեք կոմունիզմից, դա մարդկային բոլոր տեսակի ազատությունների դամբարանն  է…
 
Այդ վարդապետությունը ոճիր է մարդկային բանականության հանդեպ։ Կոմունիզմը հղկում, հարթում է Շվեցարական անուշաբույր ծաղկավետ լեռները, դարձնելով այն փոքրիկ Սահարա։ Կոմունիզմը ձմերուկի մեծության մի սուտ է, փախե՜ք դրանից…
 
Նրա վերջին խոսքերն էին.
 
- Ես խնդրում եմ ձեզ ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը... որ այս կառավարության երեսը չտեսնեմ։ Մի՛ երկմտեք, երբևէ ռեժիմը փոխվելիս, անգամ եթե անբողջովին փտած էլ լինեմ, դարձյալ շուռ պիտի գամ մեջքիս վրա…
Խորհրդային կառավարությունը հեքիաթի այն վիշապն եղավ, որ նստած իմ և ժողովրդի մեջտեղը, արգելեց ամեն տեսակի հաղորդակցություն իրար հետ։
 
Ինձ Բևեռ աքսորեց ու վառեց գրքերս, որ չկարդան, վերադարձիս էլ այնպես խցեց բերանս, որ ծպտուն չհանեմ։
 
Ինչո՞ւ։
 
Որ չգոռամ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ…
 
…Օ՜հ, մեռնել գեթ մի օր ազատություն չտեսած, ահա սարսափելին…
 
Ահա այսպես ավարտեց իր վշտաբեկ կյանքը, ծիծաղ պարգևող մարդը…
 
Ընտանիքի անդամները մի պահ կսկիծի մեջ քարացան, այնուհետև  դառը արցունքները խեղդելով լուռ սկսեցին արագ-արագ դատարկել գրական գզրոցները։ Տեղավորելով դրանք  հնամաշ ճամպրուկներում` կապկապեցին պարաններով, կնքեցին, որ հնարավոր չլինի բացել, ուղարկեցին հատուկ թաքստոց, որ նախապես պատրաստել էին։
 
Միայն դրանից հետո սկսեցին լացն ու կականը ի լուր հարևաների և բարեկամների։
 
Բոթը առաջինը հաղորդեցին «Ոզնու» գլխավոր խմբագրի տեղակալ և ընտանիքի բարեկամ Բաբկեն Շահույանին։
- Ես հենց հիմա գալիս եմ, գրականությունը հանե՞լ  եք տանից։
 
Հետո զանգեցին «Լենինյան ուղիով» հանդեսի խմբագիր Ադո Ադոյանին, որը նույնպես յուրային Էր։
 
- Ես մինչև կհաղորդեմ կառավարություն, խնդրում եմ ամբողջ անտիպները թաքցնել։
 
Թերթում էլ հայտարարություն չտաք, որովհետև կառավարական մակարդակով պետք է լինի հուղարկավորությունը։ Այս հեռախոսազանգերից դեռ մեկ ժամ էլ չէր անցել, երբ հայտնվեցին երկու պաշտոնական  այցելուներ։ Ըստ պատճաշի ցավակցելուց հետո ասացին.
 
- Մեզ հրահանգված է տանել երգիծաբանի ողջ գրական վաստակը որպեսզի ուսումնասիրվի և ապահով պահպանվի պետական արխիվում։
 
- 35թ.-ին արդեն բռնագրավել և տարել եք, հետո էլ արգելել եք գրել, էլ ի՞նչ գրականություն եք փնտրում,- պոռթկաց գրողի ավագ որդին,- անտիպներ չունի, նա վաղուց չէր գրում։
 
Անծանոթ այցելուները տարակուսած հեռացան։
 
Հաջորդ օրն անցավ անհանգիստ սպասման մեջ։ Մահազդը չէր տպված, իսկ Ադո Ադոյանի խոստացած կառավարական հուղարկավորության ակնարկներ անգամ չկային դեռ։ Միայն ուշ երեկոյան պարզ դարձավ, որ կառավարությունը հրաժարվել է հուղարկավորել։
 
Բարեբախտաբար երգիծաբանի կրտսեր որդին աշխատում էր «Երեկոյան Երևան» թերթում և հասցրեց ուշ երեկոյան մահազդը տպագրել տալ։ Շրջանների ժողովորդը ուշ իմանալով մահվան մասին, թաղումից հետո էր միայն հասել Երևան իր հարգանքի տուրքը մատուցելու սիրելի գրողին։
 
Թաղման օրը առավոտյան Գրողների միությունից ներկայացավ մի կին բերելով 300 ռուբլի որպես օգնություն։ Գրողի ժառանգները հրաժարվեցին ընդունել։
 
Քիչ հետո նորից հայտնվեց նույն կինը արդեն կրկնապատկված գումարով։ Կառավարությունը նույնպես որոշել էր նյութապես սատարել։
 
Հավաքված ժողովորդը չդիմացավ.
 
- Թքել ենք  թե՛ իշխանության, և թե՛ նրա փողերի վրա,- բղավեցին այս ու այն կողմից,- ինքը ժողովրդին է պատկանում, և ժողովուրդն էլ նրան կթաղի առանց ձեր տված ողորմության։
 
Կեսօրին ժողովրդական տխուր թափորը, ուսեուս տեղափոխելով իրեն երբեք չդավաճանած Մեծ տառապյալի աճյունը ոտքով, դանդաղաքայլ բռնեց հավերժության ճանապարհը…
                                                                           
 
Ո՞ր արագիլը այսպիսի աշխարհում ձու կդներ
 
Համարյա կես դար առաջ 1965 թ.-ի նոյեմբերի 22-ին, Երեւանում իր խղճուկ եւ աղքատիկ խրճիթում, հալածված ու հետապնդված իշխանություններից ու մոռացված իր ազգից, աշխարհից ու բախտից խռով, վիրավոր ու դառնացած ոգով, վախճանվեց Լեռ Կամսարը` «երգիծաբանության շողշողուն եռաստեղության վերջին մոհիկանը, Պարոնյանի եւ Օտյանի արժանավոր եւ հոգնած հաջորդը...*»: Ի ցավ մեզ եւ ի դժբախտություն իրեն նա ապրեց եւ ստեղծագործեց պատմական այնպիսի ամոթալի ժամանակահատվածում եւ հասարակարգում, որը ականջ չուներ ճշմարտությունը լսելու: Եվ ոչ միայն չէր լսում, այլ ճշմարտության համար պատժում էր, աքսորում, գնդակահարում: Հենց այս ժամանակահատվածում էլ երգիծաբանը որոշեց ավելի՛ տեր կանգնել ոտնահարված եւ անտեսված Արդարությանը եւ իր բաժին ճշմարտության համար նա խոշտանգվեց թե մարմնապես եւ թե հոգեպես, չնայած որ պայքարի համար նա ընտրել էր ամենաանմեղ եւ անվնաս զենքը՝ ծիծաղը: Նա դատապարտվեց մինչ ի մահ գաղտնի եւ լռելայն ստեղծագործելու պատժին:
 
Նրա կյանքը խորհրդանշեց իր ապրած ամբողջ ժամանակը, իսկ նրա ստեղծագործությունը կերպարավորեց այդ խորհրդանիշը:
 
Նա ապրում էր աննկատ եւ անաղմուկ: Նրա գրվածքները կարդալիս մարդիկ ծիծաղում էին սրտանց, իսկ նա չէր էլ ժպտում:
 
Ապրեց անաղմուկ եւ անաղմուկ էլ հեռացավ մեզանից՝ թողնելով մեզ իր ճշմարտությունը, որը պիտի անպայման ուղեկցի մեզ. այլապես, առանց նրա ուղերձ-խորհուրդների այնքան հեշտ կլինի սայթաքելը, այնքան դյուրին՝ գայթելն ու դառը վերադարձը:
 
Նույնքան լքված եւ մոռացված էլ հանգչում է նա այժմ Երեւանի Թոխմախյան ընտանեկան գերեզմանում, ուր գրական հանդիսություններ ու հիշատակման արարողություններ երբեք չեն կատարվում: Ո՛չ ողջությանը նրան տեղ եղավ հայ գրողների շարքում, ո՛չ մեռնելիս... Հոգեհանգստյան ոգեկոչումները՝ գլուխը քարը: Մինչեւ իսկ ոչինչ, որ խաչագողերը կոտրել եւ տարել են ալյումինե ցանկապատը: Ցավը նրանում է, որ գերեզմանտան վարչությունը արդեն վերահուղարկավորման որոշում է կայացրել, քանզի արդեն նեղվածք է, եւ հաջորդ ժառանգները տեղ չունեն այլեւս թաղվելու այդ գերեզմանում: Եթե նրա շիրմի վրա նոր հուղարկավորություն կատարվի, եւ Աստված մի արասցե, մի ճարպիկ ժառանգորդ էլ որոշի տապանաքարը օգտագործել ավելորդ ծախս չանելու համար, այդպես էլ Լեռ Կամսարի շիրիմի տեղը ոչ ոք չի իմանա: Երեւի բոլոր երգիծաբանների ճակատագիրն է դա: Աստծո պատիժն է, ի՞նչ անես: Տեղն է: Հասնում է իրենց: Ո՞վ էր նրանց իրավունք տվել այսպես դառնաղի հռհռալ եւ ծաղրուծանակի ենթարկել այն աշխարհը, որտեղ արեւի լույսն էին առնում եւ ապրում: Եթե Պարոնյանի շիրիմը կորցրինք թշնամի Թուրքիայում՝ Լեռ Կամսարը նրանից լավը չլինի, կուրանաք նաեւ նրան այստեղ՝ Մայր Հայրենիքում:
 
* Գուրգեն Մահարի «Հայրենիքի ձայն», 1965 թ.
 
 
Ես ո՞նց ապրեմ
 
                                           «Մա՜յր իմ, այս անհամ շրջապատում ինչո՞ւ ինձ քաղցր ծնար։ Դարվինը չե՞ս
                                            կարդացել, չգիտե՞ս որ կենդանի արարածը իր գոյությունը պաշտպանելու
                                            համար պետք է շրջապատին հարմարվի, թիթեռը անապատում ավազի
                                            գույն հագնի, կանաչի վրա` կանաչ, երկնքում ճախրելիս`կապույտ։ Ճիշտ
                                            այնպես, ինչպես հիմա ապրելու համար մարդիկ դաշնակների
                                            իշխանությանը դաշնակ են դառնում, բոլշևիկյան իշխանությանը` բոլշևիկ,
                                            դեմոկրատականինը` դեմոկրատ։ Իսկ դու սևի վրա սպիտակ ծնար, ես
                                            ո՞նց ապրեմ…»
                                                                                                                    Լեռ Կամսար
 
Հայոց արգանդը բեղուն չի եղել երգիծաբաններ ծնելու համար։ Այդուհանդերձ, չենք սիրում, չէ՛, մեր արատները մեր երեսին ասողներին չենք սիրում, որովնետև շատ ենք արատավոր։
 
Մեր երգիծաբանության նախահորը` Պարոնյանին, թույլ տվեցինք, որ սովից մեռնի, Օտյանին, ում է իրավամբ միայն պատկանում հեղափոխություն ծաղրելու արտոնագիրը, թողեցինք օտար ամայի ճամփեքին։ Լեռ Կամսարին, ով բանտերում և աքսորում չդադարեց իր ժողովրդի պաշտպանը լինելուց, դատապարտել ենք չգոյության։
 
Շուտով կլրանա նրա ծննդյան 125 ամյակը, արդեն համարյա կես դար նա մեզ հետ չէ, իսկ ինչպե՞ս ենք վարձահատույց եղել ճշմարտության համար կռվի ելած այդ ազատ խոսքի անխոնջ մարտիկին։
 
Ճիշտ է, զոռով-շառով քաղաքապետարանից մի նրբանցք պոկեցինք, որը եթե ծիծաղի վարպետը տեսներ, կհարցներ.
– Այդ փողոցը ո՞վ նվիրեց ինձի։
– Քաղաքապետարանը։
– Ի՞նչ մարդ է ատիկա, երգիծաբա՞ն է։
– Ոչ։
– Ինչպես կրցավ հապա ինձի այդպես ծաղրել։
 
Չմեղադրենք քաղաքապետարանին. եթե Լեռ Կամսարի մահվան սպառնալիքի տակ ստեղծված գրական ժառանգությունը համարյա թե անտիպ է, եթե երգիծաբանի անունը չես գտնի ոչ դպրոցական և ոչ բուհական ծրագրերում, եթե անկախ և ազատ Հայաստանի ակադեմիան հրատարակում է հայ գրականության պատմության ստվար հատորներն առանց նշելու իր երգիծաբանության եռաստեղության վերջին մոհիկանին, եթե լույս են ընծայվում բռնադատված գրողների մասին ծավալուն գրքեր և շրջանցում են մեծ հեղինակին լոկ այն պատճառով, որ վերջինիս բռնադատման ցավալի պատմությունը կարող է անցանկալի լույս սփռել մեր ամոթալի անցյալի իրողության վրա, և ազգիս արժանապատվությունը վիրավորվի իմանալով որոշ Մեծությունների անբարոյանան նկարագիրը։
 
Է, եթե այս բոլորին անտեղյակ է հասարակությունը, խեղճ քաղաքապետարանը որտեղից գիտնար գրողի իրական արժեքը և արժանին հատուցեր նրա վաստակի համար։
           
Պետք է խոստովանել, որ սովետական իշխանությունը լավ, շատ լավ էր աշխատել Լեռ Կամսարի հիշատակը իսպառ մոռացության մատնելու գործում։ Պանթեոնում նրան չենք գտնի, թանգարան, անվանակոչված դպրոց, գրադարան կամ նման մանրուքների մասին խոսելն ավելորդ է։
 
Իրոք որ «փառավոր նախնիք` անարժան հաջորդներ»։
 
Վանուհի Թովմասյան

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լեռ Կամսարին նոր եմ ծանոթանում,ու,ամենայն հավանականությամբ,կդառնա իմ ամենասիրելի գրողը: Շատ եմ զարմանում,որ այսպիսի խորը և մեծ կերպար է եղել Հայաստանում: Շատ ափսոս,որ ապրել է այդ բիրտ ու գորշ ժամանակում. միգուցե հենց դա էր նախախնամությունը: Լեռ Կամսարի աստղի կողքին Թումանյանը,Իսահակյանը,Տերյանը,Չարենցը,Սևակը փոքրիկ աստղիկներ են երևում. համենայն դեպս ինձ համար:
Qwerty
Iroq vor ler!!!
Vanuhi
Ով գեթ մի փոքր ազնիվ է՝ անմիջապես և անվերադարձ շուլալվում է Լեռ Կամսարին: Ամեն մի մեկնաբանություն ինձ հավատ է ներշչում, որ իզուր չէր, որ Մեծ Մտածողը զոհաբերեց իրեն հանուն Մեծն Ճշմարտության...
Անդրանիկ Հակոբյան
Հարգելի տիկին Վանուհի, Ձեր տաղանդավոր պապի՝ Լեռ Կամսարի գրական ժառանգության մասսայականացմանն ուղղված Ձեր ջանքերը կրկին հաստատում են, որ մարդու ամենամեծ ստեղծագործությունն իր զավակներն են, լավ զավակները: Թեև, մեծերի ժառանգության պահպանումն ու տարածումը համզգային խնդիր պետք է լինի: Հասկանում եմ, քանի դեռ ամեն մեկն իր տեղում չէ, հարցի լուծումը կմնա առանձին-առանձին ընտանիքների վրա: Այդ առթիվ հարգանքս ու հիացմունքս Ձեզ ու նման զավակներին: Հարգարժան Վարազ Սյունի, անսահման ուրախ եմ, որ ակտիվորեն մասնակցում եք Ձեր հայրենիքի մշակութային կյանքին, ունեք Ձեր վերաբերմունքն ու կարծիքը: Դա խոսում է Ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշման մասին, հայրենիքին օրինավոր զավակ լինելու և մնալու մասին: Միայն մի խնդրանք, մեծերին մի դրեք համեմատության մեջ: Ամեն մեկն իրենով է մեծացրել մեր հոգևոր աշխարհի տարածությունն ու ծավալները: Անգամ առանց Գևորգ Դոդոխյանի, ում ,,Ծիծեռնակը,, բոլորիս սրտից է ջուր առնում, մեր գրականությունը էապես կաղքատանար: Ձեր թվարկան հսկաներից յուրաքանչյուրը՝ Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց, Սևակ, համաշխարհային գրականության գագաթներ են, այլ հարց է, թե ինչպես ու ինչքան են ներկայացված: Մեր մեծանուն երկիծաբաններ Հակոբ Պարոնյանի ու Երվանդ Օտյանի գոյության պայմաններում Լեռ Կամսարի ներկայությունը հայ քաղաքացիական մտքի ներքին ուժի և օրինաչափության հաստատումն է: Սիրելի ,,Հետք,, լուրջ ու բարձր պլանկա ես վերցրել մեր գրական մեծությունների ժառանգությանը վերադառնալու իմաստով, խնդրում եմ պինդ մնացեք, մնացեք հավատարիմ ձեր առաքելությանը, որին ես շատ եմ հավատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter