
Ախթալայի «Նազիկ» պոչամբարի վրա ծառատունկ կատարվեց
Նոյեմբերի 21-ին ծառատունկ կատարվեց Ախթալայի «Սվինեց» թաղամասում գտնվող, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նազիկ» պոչամբարի վրա:
Լոռու մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրճյանի տեղեկացմամբ՝ Եվրամիության «Թափոնների կառավարում» ծրագրով կատարված ծառատունկին մասնակցում էին մարզպետարանը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:
Ծառատունկը կատարում էին լեռնահարստացման կոմբինատի բանվորները և մասնագետները: «Թափոնների կառավարում» ծրագրով բանվորներ էին բերվել նաև Պտղավանից: Ծառատունկի ժամանակ բանվորներին պաշտպանիչ արտահագուստ տրամադրված չէր: Արտակ Դեմիճյանն ասաց, որ պոչամբարը հողածածկված է և վտանգավոր չէ:
Պոչամբարը գտնվում է «Նազիկ» (Ախթալա) գետակի գետաբերանին և թեք դիրքի պատճառով հորդառատ անձրևների ու հեղեղների դեպքում պարունակում է պոչանքային հոսքերի լուրջ սպառնալիքներ. հոսքերը Ախթալա գետակի միջոցով կլցվեն Դեբեդ գետը:
Պոչամբարի 1 հա տարածքի վրա տնկվեց 14 տեսակի 700 ծառաթփատեսակ: «Տնկված տնկիները պտղատու և մեղրատու չեն: Կտեսնենք՝ որ ծառատեսակն է ավելի կպչուն: Մոնիտորինգ ենք անելու, որ նախադեպ լինի այլ պոչամբարների կանաչապատման համար»,- ասաց Արտակ Դեմիրճյանը:
Նրա խոսքով՝ մինչ ծառատունկ սկսելը քննարկվել է պոչամբարի տեխնիկական վիճակը: «Ընդհանուր 4-5 մասնագետով նստել, մտածել, որոշել ենք: Քննարկմանը ես էլ եմ մասնակցել: Մասնակցել են նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ինժեներները և այլ մասնագետներ»,- ասաց նա:
Քննարկողներն էլ որոշել են, որ վտանգից խուսափելու ամենառացիոնալ ձևը ծառատունկն է: Սակայն պոչամբարի ամենավտանգավոր թեք լանջի վրա ծառատունկ չկատարվեց: Գարնանը արդյունքերը լավ լինելու դեպքում, ծառատունկը շարունակական կլինի:
«Տնկիների արմատային համակարգերն ենք հատուկ լուծույթով մշակել: Գարնանը կտանք նաև ազոտական պարարտանյութ, ծառերի կպչողականությունը ավելի խթանելու համար: Մնացած պարամետրերով՝ կալիումով և կալցիումով, հողը բավականին հարուստ է. դա լաբորատորիաներում ստուգել ենք»,- տեղեկացրեց Արտակ Դեմիճյանը:
Անտառի մասնագետ Հովիկ Բեգջյանի հավաստիացմամբ՝ տնկված տնկիների կպչողականությունը գարնանը անպայման տեսանելի կլինի: Նաք կանխատեսում է մոտ 70-75 տոկոս կպչողականություն:
Սա 2-րդ ծառատունկն է «Նազիկ» պոչամբարի նույն տարածքում: «Նախկին տնկիների էտումը ճիշտ չէր կատարված, բայց մենք հիմա անտառային ծառատեսակներ` կեչի, հացի, թխկենի, տարբեր ծառատեսակների փորձեր ենք դրել: Տեսնենք՝ գարանանը որ ծառը իրեն ոնց է զգում, որից հետո ծառատունկը շարունակական կլինի»,- ասաց Հովիկ Բեգջյանը:
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պոչամբարը ռեկուլտիվացիայի է ենթարկել 2010թ.: Կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի խորհրդական Լյովա Վարդանյանը ռեկուլտիվացիան դրական համարեց:
«Մենք ունենք լեռնամետալուրգիայի ինստիտուտի կողմից երաշխավորություններ ՝ ռեկուլտիվացիա անցկացնելու համար: Ըստ դրանց՝ մենք պետք է ոչ պակաս 30 սմ հողաշերտով ծածկված հողաշերտ ունենանք: Այս պոչամբարի վրա 30,5 սմ, տեղեր կան՝ նույնիսկ 60 սմ հողածածկույթ կա»,- ասաց Լյովա Վարդանյանը:
Եվրամիության «Թափոնների կառավարում» ծրագրի ղեկավար Սայմոնդ Պաուն նշեց, որ մինչև ծառատունկը կատարվել է պոչամբարի արտաքին հողածածկի և ներքին պոչերի լաբորատոր վերլուծություն, որի արդյունքները թույլ են տվել պատկերացումներ կազմել՝ ինչպիսի ծառատեսակներ կարող են այստեղ աճել: «Դա մեզ ներշնչում է վստահություն, որ այն ծառատեսակները, որոնք մենք տնկել ենք, այստեղ միանշանակ կաճեն»,- ասաց Սայմոնդ Պաուն:
Անդրադառնալով «Հետքի» այն դիտարկմանը, որ ըստ որոշ մասնագետների՝ պոչամբարը հոսելու վտանգներ ունի՝ Սայմոնդ Պաուն հենց այդ տեսանկյունից կարևորեց ծառատունկը: «Այստեղ տնկված ծառերի արմատային համակարգը կպահի պոչամբարի վերևի հողածածկ շերտը և չի թողնի, որ սողանք կամ արտահոսք տեղի ունենա»,- ասաց նա:
Սայմոնդ Պաուի տեղեկացմամբ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագիրն իրականացվում է 4 տարի տևողությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել և բարելավել 7 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում թափոնների կառավարումը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել