HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչ եղավ հետո, երբ Տիգրան Սարգսյանը դարձավ բնության պաշտպան...

Այսօր` ժամը 20:00-ին, Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայանալու է Հայաստանի բնության պաշտպանությանը նվիրված համերգ` վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո:

Այս առիթով հարկ ենք համարում հարգանքի տուրք մատուցել «մեծ բնասեր» Տիգրան Սարգսյանի բնապահպանական գործունեությանը:

Հիշեցնենք, որ նրա վարչապետության տարիներին Հայաստանում աննախադեպ զարկ է տրվել հանքերի շահագործման ծրագրերին` հարյուրավոր հեկտար անտառներ կտրելու, միլիոնավոր տոննա թունավոր թափոններ տեղակայելու, ջրերն աղտոտելու, հազվագյուտ բուսական ու կենդանական տեսակներ վնասելու և ոչնչացնելու հաշվին:

1. Չնայած բնապահպանների և հազարավոր քաղաքացիների բողոքներին և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի բացասական եզրակացությանը` որոշումների ընդունման գործընթացների ոչ պատշաճ լինելու և տվյալ կոնվենցիայի պահանջների խախտման վերաբերյալ` ՀՀ կառավարությունը շարունակում է հովանավորել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագիրը: Հիշեցնենք, որ այս ծրագրի հետևանքով Լոռու մարզում ոչնչացվում է պաշտոնական տվյալներով 357 հա, իսկ մասնագետների կարծիքով ավելի քան 1000 հա անտառ, կենդանական և բուսական աշխարհի բազմաթիվ հազվագյուտ տեսակներ, գետեր, առաջանում է ստորգետնյա ջրերի թունավորման մեծ վտանգ և այլն:

2. Սյունիքի մարզում շարունակվում են ուրանի արդյունահանման համար երկրաբանահետազոտական աշխատանքները` չնայած տեղի բնակչության և բնապահպանական կազմակերպությունների բողոքներին:

3. Հրազդանում նախատեսվում է երկաթի հանքերի շահագործում` վտանգի ենթարկելով զբոսաշրջության համար կարևոր այս տարածաշրջանի չքնաղ բնությունը և Հրազդան գետի ավազանը:

4. Անօրինական կերպով շարունակվում է Սոթքի հանքավայրի շահագործումը` արհամարհելով Կովկասի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարի` Սևանա լճի թունավորման վտանգը:

5. Օրակարգից չի իջնում Կապանի պղնձամոլիբդենային հանքի բաց շահագործման նախագիծը, որն ուղեկցվելու է հազարավոր ծառերի հատումով, բնակչության առողջության համար առավել մեծ վտանգներով:

6. Նախատեսվում է շահագործել Սվարանցի երկաթի հանքավայրը` վտանգի տակ դնելով Հարավային միջանցքի ծրագրով նախատեսվող զբոսաշրջության զարգացման հեռանկարը:

Այսքանը միայն հանքարդյունաբերության մասով... Ցանկը շարունակելի է...

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արհամարհում է Հայաստանի բնակչության, բնապահպանների ու մասնագետների կարծիքներն ու բողոքները և հանդես գալիս որպես կեղծ բնապաշտ:

Թեղուտի պաշտպանության խումբ
Երևան, 13 հունիսի, 2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter