
«Նաիրիտի» բանվորները պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը և աշխատեցնել գործարանը (վիդեո)
Նախագահական նստավայրի մոտ հավաքվել են «Նաիրիտ գործարանի» աշխատողները, որոնք պահանջում են աշխատեցնել գործարանը եւ վճարել իրենց աշխատավարձերի պարտքերը: Հավաքվածները հիմնականում բանվորներ են, որոնք չեն ստացել 11 ամսվա աշխատավարձ: Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարանի» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանը մեր հարցմանն ի պատասխան ասել էր, որ բանվորներին չի վճարվել 6 ամսվա աշխատավարձ, իսկ սպասարկող անձնակազմին և ղեկավարության՝ 8: Նոյեմբերի սկզբին բանվորներին խոստացել էին վճարել 1 ամսվա աշխատավարձերը մինչեւ նոյեմբերի 25-ը, սակայն չեն վճարել:
Գործարանի ներկայացուցիչները առավոտյան հավաքվել են գործարանի մոտ, այնուհետև եկել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, հետո նաեւ նախագահական նստավայր: Նախարարությունում նրանց խոստացել են վճարել 2 ամսվա աշխատավարձերը, իսկ նախագահականից ասել են, որ մինչեւ դեկտեմբերի վերջ նրանք կստանան 3 ամսվա փողերը. առաջիկա շաբաթվա մեջ՝ 1 ամսվանը, մինչեւ դեկտեմբերի 25-ը՝ եւս 2 ամսվանը: Իսկ մինչ դեկտեմբերի 25-ը կլուծվի նաև «Նաիրիտ գործարանի» գործարկման հարցը:
Բանվորները դժգոհ են թե նախարարության, թե նախագահականի պատասխաններից: Նրանք դեռեւս Բաղրամյան 26-ի դիմաց են: Միաժամանակ նրանք որոշեցին վաղը՝ առավոտյան 8-ին, հավաքվել գործարանի դիմաց, և այդպես ամեն օր՝ մինչև իրենց պահանջներն ամբողջովին չբավարարվեն:
Մեկնաբանել