40 միլիոն դոլար ներդրում, 500 աշխատատեղ Արմավիրի մարզում
Էդուարդո Էռնեկյանի հիմնադրած «Տիեռաս դե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը Արմավիրի մարզում դեռևս ութ տարի առաջ ձեռք է բերել մոտ 2300 հա անմշակ ու քարքարոտ հողատարածք: Այսօր արդեն 450 հա խաղողի այգիներ են: Մեր այցելության օրը հողամասի տարբեր հատվածներում խաղողի տունկերն էին թաղում հողի մեջ, մի քանի այլ տեղերում ջրագծեր էին կառուցում, մի ուրիշ մասում հարթեցնում էին այգու համար նախատեսված տարածքի ձորակները… Հայաստանում դժվար է գտնել աշխատանքային նման եռուզեռ:
Վերջերս տեղի ունեցավ ընկերությանը պատկանող գինու գործարանի բացումը, որ գտնվում է այգու տարածքում: Գործարանում օգտագործում են 450 հա հողատարածքում աճող խաղողի տարբեր տեսակներ: Այգիների և գործարանի բիզնեսի համար ներդրված գումարը մոտ 40 մլն դոլար է: Ներդրումային բիզնեսը, գործարանի վաճառքի գծով մենեջեր Վահե Քուշգերյանի խոսքով, դեռ շահույթ չի ապահովում: Սակայն շահույթ չապահովելը ոչ թե անհաջողություն է, այլ փուլ, որը հաղթահարելու ժամանակը կգա՝ կարծում է Է.Էռնեկյանի ներկայացուցիչը Հայաստանում, «Արմենիա. միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն: «Որևէ մեկը ներդրում չի անում գումար կորցնելու համար»,- ասում է նա: Առայժմ հիմնադիրների հաշվարկների մեջ է մտնում գյուղացիների համար ապահովել աշխատատեղեր, գինու համար՝ որակ, և ամեն տարի խաղողի տնկիներով «բնակեցենել» ևս 50-60 հա:
«Ութ տարուց հայկական գինեգործությունը չենք ճանաչելու»
Դաշտում աշխատողները հողի մեջ էին թաղում խաղողի տնկիները: Հողի մեջ «դնովի-հանովի» բիզնեսը սեզոնային աշխատողների համար աշխատանք է ապահովում նաև գարնանը, երբ պետք է տնկիները դարձյալ հողից հանել: Այստեղ մշտական աշխատում են 300, իսկ գարնանը, ամռանը եւ աշնանը` 500 հոգի: Աշխատողները հիմնականում Արմավիրի գյուղերից են: Նելլի Հակոբյանը Քարակերտ գյուղից է, վեցերորդ տարին է արդեն, որ աշխատում է, ինչպես ինքն է ասում, Էռնեկյանի այգիներում: Ասում է՝ գյուղից շատերն են ուզում աշխատել, իր՝ աշխատանքի անցնելու հիմնական չափանիշը շուտ դիմելն էր:
1 հա-ի վրա խաղողի տնկիները թաղելը և հետո բացելը ընկերության վրա, Վահե Քուշգերյանի խոսքով, նստում է մոտ 1000 եվրո: «Ուրիշ երկրներում չեն անում, որովհետև թանկ է, միայն Կանադայում կա մի քանի տեղ, Չինաստանում և Նյու Յորքում», - ասում է նա: Յուրաքանչյուր տարի «Տիեռաս դե Արմենիա»-ն Արմավիրում ներդնում է մոտ 3 մլն դոլար:
Այգիներում սկզբում եղել են խաղողի հայկական տեսակների տնկիներ, որոնք հաջող բերք չեն տվել: Հետո բերվել են ֆրանսիական տեսակները: «Տիեռասը» խաղողի հայկական տեսակներից այգում տնկել է «կանգունը»: «Ոսկեհատի» քանակը շատ փոքր է, իսկ «արենու» տնկարկումը փորձնական է: «Մինչև որոշ ժամանակ չանցնի, դժվար է հասկանալ, թե ինչպես են սորտերը հարմարվել հողին, ընդհանրապես ութ տարի է ժամկետը, խաղողագործության արդյունքները երկար ժամկետում են որոշվում: Մենք չենք ճանաչելու հայկական գինեգործությունը 8 տարի անց` շնորհիվ նաեւ այլոց կողմից կատարված բազմաթիվ ներդրումների»,- ասում է Վ. Քուշգերյանը:
«Բանակից ով եկել է, տեղավորել են աշխատանքի»
Ընկերության հողատարածքում գործում է ջերմոց, որ բանջարեղեն է ապահովում գործարանին պատկանող մոտակա հյուրանոցի համար: Այնտեղ մնում են հիմնականում Էռնեկյանի հյուրերը` նշում է Քուշգերյանը:
Ջերմոցի աշխատողներից տիկին Էմման Մյասնիկյան գյուղից է, ասում է, որ այգիներում շատ են երիտասարդ աշխատողները, իր հաշվարկով՝ մոտ 10-12 ավտոբուս: «Բանակից ով եկել է, տեղավորվել են հիմնականում էստեղ աշխատանքի»,- ասաց տիկին Էմման:
«Լավ աշխատելու համար պարգևատրում ենք, - պատմում է նա,- խաղող հավաքելը հիմնականում ժետոններով է, ով շատ ժետոն հավաքեց, պարգևատրում է ստանում, մի զամբյուղ խաղող տանելն արժի մի ժետոն: Վերջում հաշվում են. ով շատ ժետոն ունի, ուրեմն ինքն ավելի շատ է աշխատել»:
Տանը այգի ունեն, իսկ դաշտում էլ՝ 1 հա հող, բայց չեն մշակում, ասում է՝ ջերմոցում աշխատելն ավելի է ձեռք տալիս, քան սեփական հողը մշակելը:
Աշխատում են օրական ութ ժամ: Ընկերությունը թե դաշտերում, թե ջերմոցում պահում է հիմնական և սեզոնային աշխատողներ: Հիմնական աշխատողները ստանում են 130 000 դրամ աշխատավարձ, իսկ ոչ հիմնականները աշխատում են 6000 դրամ օրավարձով:
Ձմռանը հիմնական աշխատողները աշխատավարձ են ստանում: Տանն են մնում մինչև գարնանային աշխատանքների սկսվելը:
«Էստեղի լավն էն է, որ տարին մեկ անգամ բուժզննում ենք անցնում, մենք բժշկական ապահովագրություն ունենք, - ասում է ջերմոցի աշխատողներից տիկին Արաքսյան, - ինձ անվճար վիրահատել են հիմնարկի հաշվին, միոմայի վիրահատություն էր, 350 000 դրամ փոխանցեցին»:
Եթե խաղողը «ունակություններ» ունի, նրան ուղարկում ենք «սովորելու» նոր տակառների մեջ
Վահե Քուշգերյանն (ձախից) ու Արման Մանուկյանը |
Շաղդոնը՝ ծագումով ֆրանսիացի խաղողն ու տեղացի Կանգունը գինեգործ Արման Մանուկյանի նախաձեռնությամբ շուտով «կպսակվեն»: Խաղողի երկու տեսակների խմորման փուլը, որ տևում է մոտ 20 օր, արդեն ավարտվել է, մնում է՝ ճիշտ չափաբաժիններով դրանք միավորել գինու մեկ տեսակի մեջ: «Կանգունը մարմնեղ է, ունի կառուցվածք, համը ունի լիքություն, անվերջ լիքություն, - ասում է Արմանը գինու գործարանում,- իսկ շարդոնեն նուրբ է է, նիհարիկ, երկուսը միասին կստացվեն հետաքրքիր ասամբլյաժ` համախառնուրդ, մենք պետք իմանանաք՝ ինչ չափերով պետք է իրար խառնել, որ լինի մեր ուզածը»:
Արմանը ավարտել է Ագրարային համալսարանի ագրոնոմիայի բաժինը, հետո կրթությունը շարունակել է Ֆրանսիայում` Մոնպելյեի Գինեգործության բարձրագույն դպրոցում:
«Շուտվանից գիտեի այդ դպրոցի մասին, գրքերում էի կարդացել, հայրիկիցս գիտեի, նա նույնպես գինեգործ է… Մի քանի անգամ սեփական ուժերով դիմեցի: Նպատակ կար դրված, իհարկե յոթ-ութ տարի տևեց մինչև հասա էդտեղ, լիքը նամակներ էի ուղարկում տարբեր տեղեր»,- պատմում է Արմանը:
Չի կարելի ցույց տալ մի բան, որ դեռ կիսատ է՝ ասում է նա, երբ մոտենում ենք հայկական արենի խաղողից պատրաստվող գինու տարային: Ամեն դեպքում համտեսում ենք գինուց, որից հետո թվում է, թե գինեգործը չափազանցնում էր. ոչինչ էլ կիսատ չէ: «Դեռ ճանապարհ ունի անցնելու այս գինին: Պտղամսի մեջ եղած բոլոր կառուցվածքները, ամեն ինչը էստեղ կոպիտ է, հետագայում ներքին խմորումների հաշվին պետք է նստի, զուլալ, մաքուր գինին մնա,- ասում է Արմանը,- եթե խաղողը լավ ծագում, «ունակություններ» ունի, ոնց որ մարդը, կուղարկենք իրեն լավ տեղ «սովորելու»՝ նոր տակառների մեջ, որտեղ ձեռք կբերի ուրիշ հատկություններ, ուրիշ արոմատներ»:
Գինու հոտի մեջ բանվորներն արագ-արագ աշխատում են: Մեկը մտել է հսկա տարայի մեջ ու ներսից դուրս է թափում ճզմված խաղողի մնացորդը: Բանվորները նույնպես Արմավիրի գյուղերից են: Ասում են, որ գինու որակի ու համի մեջ իրենք էլ ներդրում ունեն, քանի որ «գինու արտադրության մեջ ամենկարևորը սարքերը մաքուր պահելն է», ինչն էլ հեշտ չէ, անդադար աշխատանք է պահանջում:
«Առաջին դեպքն է, որ էս հողի մեջ, էս կլիմայական դաշտում կարելի է էս արոմատներն ունենալ, այսպիսի խաղողի այգիներ Հայաստանում չի եղել»,- ասում է Արմանը: Թե ինչպես ֆրանսիական սորտերը հարմարվեցին տեղական կլիմայական պայմաններին, պատասխանում է. «Արարատյան դաշտի «ջերմությունն ու լույսը, ուրիշ տեղ չկա»: Իսկ Վահե Քյուշգերյանն էլ ավելացնում է, որ մեծ դեր խաղաց դաշտերում կանոնավոր կաթիլային ոռոգման համակարգի ստեղծումը:
«Կարաս» գինու շիշը բերվում է Իտալիայից: Տեղական արտադրանքի գինը, Քյուշգերյանի խոսքով, իտալականին շատ չի զիջում, այդ պատճառով ընկերությունը ներկրում է դրսից ավելի որակյալը: «Էստեղ 38 ցենտ է (նկատի ունի Սարանիստի գործարանը արտադրվող շշերը- Մ.Մ.), իսկ Իտալիայում` 45: Յոթ ցե՞նտն է խնդիրը»:
«Զուգարանն էի մաքրում, Էռնեկյանը ձեռքով բարևեց ինձ, գնաց»
Աշխատանքային օրվա վերջն էր: Ավտոբուսները, որն ընկերությունը վարձել է դաշտում աշխատողներին տուն տանելու համար, լցվում էին ու շարժվում:
Քնարիկ Եղոյանը հիմնարկի 19 զուգարանները մաքրողն է արդեն երրորդ տարին: Մենակ է ապրում, ամուսինն անցած տարի է մահացել, իսկ տղան Ռուսաստանում է: «Յոթ տարի ա` էնտեղ ա: Բռնված ա Ռուսաստանում: Գնաց աշխատելու, բռնվավ, եսիմ: Չեմ իմանում՝ ինչի: Հեռախոսով չի ասում: Ինը տարի են տվել»: Քնարիկը կուզեր, որ որդին աշխատեր Հայաստանում, ոչ գնար Ռուսաստան, ոչ էլ բռնվեր, միայն, ասում է, դրա համար պետք է լինեն գործարաններ: Ինքը 130 հազար դրամ է ստանում: «Մի քիչ կեղտոտ գործ է, բայց հիմնարկից գոհ եմ,-ասում է նա,- իրենց միջոցներով ինձ օպերացիա արեցին»:
Տիկին Քնարիկը ուզում է անձամբ տեսնել իրենց «շեֆին»` է. Էռնեկյանին, միայն թե, ասում է, չի հաջողեցնում: Երբ Էռնեկյանը գալիս է, «իրենց մոտ չեն թողնում», մի անգամ է տեսել նրան զուգարանի մոտով անցելիս, հազիվ հասցրել է բարևել. «Զուգարանն էի մաքրում, ձեռքով բարևեց ինձ, գնաց, նշան արեց, որ լավ եմ աշխատում»:
Լուսանկարները` Սառա Անջարգոլյանի
Տես նաև՝ ֆոտոպատմությունը
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել