HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ որս անողը... «ոսկե ձկնիկն» է

Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների առաջադրման փուլին մնացել են հաշված օրեր, սակայն ողջ քաղաքական դաշտը, բացառությամբ իշխանությունը ներկայացնող ուժերի, դեռևս չի կողմնորոշվել ընտրություններին մասնակության ձևաչափի հարցում:

Անգամ խորհդրարանական ընտրություններին ՀՀԿ-ից հետո ամենաշատ ձայներ ստացած ԲՀԿ-ն և նրա առաջնորդն են շարունակում այս հարցում պահպանել անորոշության ռեժիմը, ինչն ուղղակի նոնսենս է: Իրեն ժողովրդավարության արժեքների ջատագով համարող որևէ քաղաքական ուժ այս հարցը վաղուց արդեն իր համար պետք է հստակեցրած լիներ այն պարզ պատճառով, որ ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող ուժը թեկնածու առաջադրելու հարցը որոշում է ոչ միայն ու ոչ այնքան սեփական շարքերի ցանկությունները, քաղաքական դաշտում առկա ուժերի դասավորությունները հաշվի առնելով, այլ հիմվելով հանրային պահանջարկի վրա: Իսկ դա հնարավոր չէ անել` առանց այդ հանրության հետ առերեսվելու և անկեղծ երկխոսության մեջ մտնելու:

Այսինքն` բնական միջավայրում ԲՀԿ-ն երկմտելու, մանևրելու խնդիր չպետք է ունենար: Որովհետև հանրային ռեսուրսի վրա հիմնվելը նրան ձերբազատում է որևէ տեսակի կուլիսային գործարքների մեջ մտնելու գայթակղությունից: Եթե  դա տեղի չի ունենում, նշանակում է կամ իրականում այդ քաղաքական ուժը չունի հանրային այն վստահությունը, որի շնորհիվ խորհդրարանում ձևավորել է մեծությամբ երկրորդ խմբակցությունը և որին վկայակոչելով դեռ ամիսներ առաջ հայտարարում էր, թե խորհդրարանական ընտրությունների պաշտոնապես հայտարարված արդյունքները չեն արտահայտում քաղաքական ուժերի նկատմամբ հանրային վստահության իրական պատկերը, կամ գնում է ոչ թե ընտրությունների, այլ ընդամենը բորսա` գործարք կատարելու: Ընդ որում` հարկ է նկատել, որ այս տարբերակները ոչ թե հակադրվում են միմյանց, այլ լրացնում, որովհետև իշխանության ձգտող ուժը միայն հանրային աջակցության պատրանք ստեղծելու դեպքում կարող է մտածել նման գործարքների մեջ մտնելու մասին, քանի որ միայն դա կարող է երաշավորել վերարտադրությունը նոր իշխանության ձևավորման համատեքստում:  Հետևաբար երկու դեպքում էլ գործ ունենք հանրությանը և քաղաքական դաշտին խաբելու հետ:  

Այս իմաստով ԲՀԿ-ն, ընդունի այդ փաստը, թե ոչ, շարունակում է գործել 2011թ. ստորագրված կոալիցիոն հուշագրի շրջանակներում և հանուն դրա: Այդ հուշագրով ԲՀԿ-ն պարտավորվել է աջակցել Սերժ Սարգսյանի վերընտրությանը: Բայց դրանով չի սահմանվել` ինչ ձևերով կամ եղականով դա անել, և ԲՀԿ-ն դա անում է յուրովի` նախընտրելով, հանրության սպասումները շահագործելով, մանիպուլյացիայի դիմելու միջոցը: Նման պարագայում մինչև վերջ նման անորոշության պահպաննումից հետո անգամ սեփական թեկնածուով հանդես գալու որոշումը ոչ մի լուրջ նշանակություն և ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն կարող է չունենալ:

Նախ` նման սպասողական, անհասկանալի վիճակի շարունակումը մինչև վերջ հասարակությանը և քաղաքական դաշտին պահում է արհեստական և ըստ էության, երկրորդական նշանակության հարցից` այլընտրանքային թեկնածուի առաջադրման հնարավորությունից կախվածության մեջ: Արդեն ամիսներ շարունակ ողջ երկրին մտահոգող միակ հարցը, ըստ էության, այն է, թե Գագիկ Ծառուկյանն առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ` առանց հաշվի առնելու անգամ, թե որքանով է արդյոք բնական  Ծառուկյանի առաջադրումն ինքնին որպես քաղաքական երևույթ, որքանով է այն անկախ կայացված որոշման արդյունք, որքանով է նա տեղավորվում նախագահի կերպարի մեջ և ընդհանրապես` ինչո՞վ է Ծառուկյանը տարբերվում Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Լևոն Տեր-Պետրոսյանից, մնացած պոտենցիալ թեկնածուներից: Այսինքն` երկրի համար ամենաճակատագրական պահերին ողջ հասարակությունը կախվածության մեջ է մնում արհեստական օրակարգից` զրկվելով ռացիոնալ դատելու և կողմնորոշվելու, իր ընտրությունը հիմնավորելու ունակությունից, ինչպես նաև իմունիտետից:

Երկրորդ` ընդդմիադիր դաշտում բնականորեն թե արհեստականորեն հեգեմոնիա ձեռք բերած կուսակցության նման պահվածքը զրկում է ընդդիմությանը մտածել այլընտրանքային լուծումների կամ մոբիլիզացիոն սեփական ռեսուրսներն ավելի առողջ միջավայրում, տարածության մեջ ռեալիզացնելու հնարավորությունից: Այդ ռեսուրսն, իհարկե, չափազանց փոքր է: Հակառակ դեպքում Ծառուկյանի որոշմանը սպասելու փոխարեն նրանցից գոնե մեկնումեկը կփորձեր նախաձեռնողականություն դրսևորել և նույնիսկ քայլ կատարել ԲՀԿ-ին բերելու իր տիրույթ: Սակայն այս պահին էականը ոչ թե այդ ռեսուրսի մեծ ու փոքր լինելն է, այլ ինքնին առողջ այդ տիրույթի, դրա առկայության ցուցադրումը հասարակությանը` իբրև անկեղծության, իրական քաղաքական մշակույթի փոքրիկ, բայց գոնե հավատ ներշնչող հանգրվան:

Մինչդեռ հենց այդ առողջ հանգրվանի բացակայությունը կամ քաղաքական ուժերի կողմից դրա կարևորության անտեսումն է պատճառը, որ բոլորն սպասում են ընդհուպ Ծառուկյանի հոնքի շարժումներին: Իրավիճակն այն աստիճան է անլրջացել, որ, օրինակ, Ծառուկյանի` երկում լինել-չլինելու, տրամադրություն ունենալ-չունենալու հարցերն ավելի մեծ ռեզոնանս են առաջացնում, քան, ասենք, 2013թ. պետական բյուջեի բովանդակությունը կամ Հայաստանի շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները: 

Արդյունքում ստեղծվում է հակասական մի իրավիճակ. մի կողմից այդ ուժերը ԲՀԿ-ին մեղադրում են իշխանության հետ գործարքի մեջ մտնելու հակումների համար, բայց մյուս կողմից իրենք են իրենց քաղաքական հաշվարկները կառուցում Ծառուկյանի հետ գործարքի գնալու հույսերի վրա:

Սա թույլ է տալիս ենթադրելու, որ եթե անգամ Ծառուկյանը որոշի առաջադրել իր թեկնածությունը, ընդդիմադիր ուժերից շատերը նույն կուրությամբ, լուսանցքում չհայտնվելու նույն մտավախությամբ մտնելու են նրա դրոշի տակ` առանց խորապես վերլուծելու, թե որանով է այդ առաջադրումը բխում (կամ հակասում) Սերժ Սարգսյանի, իշխանության շահերից: Նախկին ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն մշտապես հարմարվողական է եղել և, ըստ էության, ծառայել է միայն գործող իշխանության և կայացած խայտառակ ընտրությունների լեգիտմացմանը: Ինչո՞ւ պետք է հիմա նույնը տեղի չունենա: Չէ՞ որ դա ձեռնտու է թե Գագիկ Ծառուկյանին և թե Սերժ Սարգսյանին: ԲՀԿ-ի` երկրորդի կարգավիճակը պահպանելու դեպքում նրանք երկուսով շարունակում են ողջ քաղաքական դաշտը պահել իրենց մանիպուլյացիոն աքցանների մեջ և բացի դրանից` հիմքեր են ստեղծում 2018թ. նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի իրական հավակնությունների դրսևորման համար: Այսինքն` եթե անգամ ԲՀԿ-ն ինչ-որ պլաններ էլ ունի իշխանության գալու առումով, դրանք կապված են ոչ թե 2013-ի, այլ 2018-ի ընտրությունների հետ: Բացի դրանից` Սերժ Սարգսյանին բոլոր դեպքերում ձեռնտու է Ծառուկյանի նման անբովանդակ այլընտրանքը, քան Տեր-Պետրոսյանի, ՀՅԴ-ի նման գաղափարահեն ընդդիմությունը:

Մյուս կողմից հարց է առաջանում` իսկ ի՞նչ է փոխվելու, եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի և ինչ-որ հրաշքով հաղթի Սերժ Սարգսյանին: ԲՀԿ-ն գործող իշխանության կոնյուկտուրայի հոգեզավակն է. այն կրում է գործող իշխանության ամբողջ գենոֆոնդը: Ավելին, եթե ՀՀԿ-ն գոնե ձևականորեն պահպանողականություն է խաղում, ապա ԲՀԿ-ն ընդհանրապես որևէ գաղափարախոսությունից զերծ է:

Ըստ էության, ընդամենը տեղի է ունենալու նախագահի անձի փոփոխություն, և եթե դատենք այլակարծության բացակայության, անձնիշխանության այն ներքին մշակույթից, որ Ծառուկյանն ստեղծել է իր կուսակցությունում, գուցե շատ ավելի ողբալի վիճակում հայտնվենք, քան ունեցել ենք երբևէ: Այսինքն` այն, ինչին հույս ունեն ԲՀԿ-ի այլընտրանքայնությանը վստահելով հասնել ընդդիմադիր ուժերը և հատկապես ՀԱԿ-ը, լինելու է ոչ թե իշխանափոխություն, այլ իշխանության հանձնում նրա մի մասից մյուսին: Այսինքն` ընդդիմությունն ինքն իրեն դրել է մի այնպիսի փակուղում, երբ կամա թե ակամա լուծելու է իշխանության վերարտադրությունը, շանունակելով մնալ այն նույն կոտրած տաշտակի առջև, որից ազատվելու հույս ունեն ԲՀԿ կոչվող ոսկե ձկնիկի օգնությամբ: Այսինքն` քաղաքական դաշտն արդեն սկսել է գործել ոչ թե լավի ու վատի, այլ երկու չարյաց մեծագույնների միջև ընտրություն կատարելու տրամաբանությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter