HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բանտիս օրագիրը». 1935թ. նոյեմբերի 25

Հատված «Բանտիս օրագիրը» գրքի առաջաբանից 

Լեռ Կամսարի ազատ ոգին ծյուրվում էր, շնչահեղձ էր լինում։ Պետք էր փախչել բոլշևիկյան բռնատիրությունից։ Փորձում է օգտվել իրանական անձնագրից։ 1932 թ. դիմում է Նախիջևանում գտնվող Իրանի հյուպատոսին, որ նորից վերադառնա Իրան, սակայն մերժվում է։ Ոչ մի ելք չէր գտնում բոլշևիկյան այդ դժոխքից դուրս գալու համար։ Իսկ հպատակվելն ու հարմարվելն իր էությունից վեր էր։

«Իմ անձնագիրը չվավերացուցին, և այսօր միայն զգացի, որ ես գերի՜ եմ եղեր այս երկրին մեջ։ Կառավարությունը ինծի հետ կվարվե այնպես, ինչպես իր «Խորտնտեսության» եզներու ու կովերու հետ։ Անիկա ինծի ամուսնացուցեր է, որ իմ երեխաներու վրա սոցիալիզմ փորձե։ Ուրեմն ավելի ստոր, քան կովերն ու եզները, վասնզի գիտական փորձարաններու մեջ կգործածվեն կովեն ավելի ստոր ու անարժեք կենդանիներ իրենց փորձերու համար՝ մկներ, ծավախոզեր, ճագարներ և այլն։ Իմ երեք սիրասուն երեխաները կխլեն ինծմե «կոնտրակտացիայի», «կայուն առաջադրանքի» և այլ ցնդաբանությանց հիման վրա։ Կսե՝ տարեկան դուն ինծի պիտի տաս այսքան ձագ...

Ո՜վ ազատություն, թույլ տուր վռնդել քեզի իմ բոլոր զգայարաններով։ Պետք է մարդ մեզի չափ անազատ ըլլա՝ ազատության հարգն իմանալու համար։

Ո՜վ Սուրբ Ազատություն, թող անգամ մըն ալ ծնրադրեմ, բանտի ծանր երկաթապատ դռան ետև հավիտյանս անհետանալե առաջ...»։

Մինչ կփակվեր իր ետևից բանտի երկաթյա դուռը դեռ երեք տարի կար։

Կասկած չուներ, որ ձերբակալվելու է, որովհետև բոլշևիկյան արատների մասին խոսել էր բարձրաձայն, օրը ցերեկով։ Ո՜չ էր ասել լենինյան սոցիալիզմին։ Նա համոզված էր, որ մարդն աշխարհ է գալիս անհավասար և անհավասար էլ թողնում այս աշխարհը։ Բռնի հավասարեցումն անհնար է, քանի որ աշխարհի զարգացումը կանգ կառնի։

Ի՞նչ է նշանակում բանվորա-գյուղացիական երկիր։ Ինչպե՞ս կարողէ բանվորը կամ գյուղացին կառավարել փիլիսոփային, գիտնականին, արվեստագետին։

Եվ ինչո՞ւ է սոցիալիզմը տարածվում բռնի՝ արյան և մահվան միջոցով։ Նորաստեղծ կուռքերն ինչո՞ւ սվինով են ուզում մտցնել իրենց գաղափարախոսությունը մարդկանց ուղեղը։

Իսկ ո՞ւր է կորել Աստված։ Եթե կա, գոյություն ունի, ինչո՛ւ տեր չի կանգնում իր իսկ ստեղծածներին, արդեն որերորդ անգամ ծառանում է  նրա ըմբոստ  ոգին։

Նույնիսկ Թուրքիայում նա չէր տեսել, որ արյունարբու բռնակալին դիֆերամբներ նվիրվեն։ Այս ի՞նչ զարհուրանք է բոլշևիզմը, որ կարող է ծնել մարդուկներ, որ իրար հերթ չտալով փառաբանում են ճիվաղ Լենինին և արյունռուշտ Ստալինին։

Վախը մարդու մեջ արթնացրել էր բոլոր ստոր բնազդները՝ քծնանք, լիզանք երեսպաշտություն, զրպարտանք, դավաճանություն։Այսպես էլ զուլո՛ւմ սխալական աշխարհ, որ միշտ արդարությունը խոշտանգվում է։

Եվ երբեմնի չարաճճի երեխան, զվարթ, աշխույժ և սրամիտ պատանին, միայն ծիծաղ հարուցող կոմիկ դերասանը ընկճվեց, մռայլվեց, քաշվեց ինքն իր մեջ և ներանձնացավ։ Խռովեց Աստծուց,  իրեն շրջապատող աշխարհից և  ուրացող ու դավաճան մարդկանցից։  Իր համար մնացել էր միայն ընտանիքը և միակ հավատարիմ ու անբաժան  ընկեր փիլիսոփա Վարզդատ Տերոյանը։

AMICITIA RARA AVIS EST

«Ընկերությունը հազվագյուտ թռչուն է» զգուշացնում է մեզ լատինական ասացվածքը։ Փոքրիկ Արամն ու Վարազդատը գտել և փայփայում էին այդ հազվագյուտ հավքին  իրենց մանկության այն  հայրենիքում, որտեղ արևը դուրս էր գալիս Վարագա սարից և սուզվում Վանա ծովակի կապտականաչի մեջ։ Անբաժան

էին, հավերժ անբաժան Արամ Թովմաղյան Լեռ Կամսարն ու Վարազդատ Տերոյանը։

- Քյա տղա, քե ի՞նչ էլավ, քյուն ու դադար կորսուսիր իս  Վարազդատի խամար,- հաճախ նեղսրտում էր Արամի Համասփյուռ մայրը։ Նույն խանդով էին վերաբերվում նաև Վարազդատի ծնողները։

Անբաժան էին նաև Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ուր Վանից էին եկել ուսում առնելու։

Այնուհետև տարածությունը սկսեց փորձարկել նրանց ընկերության ամրությունը՝ Վարազդատը Փարիզում փիլիսոփայություն էր ուսումնասիրում, իսկ Լեռ Կամսարը Վանում իր առաջին քայլերն էր անում մանկավարժության, դերասանության և գրականության մեջ։

1912 թ. երգիծաբանը գրում է Փարիզ.  «Աղջիկ մըն եմ գտեր՝ համայն սիրտ, համայն խելք, համայն բարություն, համայն գեղեցկություն, համայն առաքինություն և վերջապես համայն այն բոլորը, որն անհրաժեշտ է մարդ մը երջանկացնելու համար»։

Տերոյանն անհանգստանում է.«Չամուսնանաս մինչև գամ»։

Առանց ամենամոտ ընկերոջ օրհնության ի՞նչ պսակ, ի՞նչ բան։

Եվ չնայած Լեռ Կամսարն ուներ իրենից մեծ երկու եղբայր և հինգ քույր, բայց  սուրբ պսակի համար եկեղեցի առաջնորդեց Տերոյան Վարազադատը։

1915թ. Վանի հերոսամարտին կրկին անբաժան էին և հաղթական՝ թուրք խուժանի դեմ հանդիման։

Ճակատագիրը  փորձությունը շարունակեց՝ գաղթ։

Գաղթականներ Վարազդատ Տերոյանն ու Լեռ Կամսարը վերագտան իրար Երևանում։ Նորից հաճախակի փոխայցելություններ և մի զարմանալի կապվածություն, որ այս անգամ էլ նրանց կանանց խանդն էր շարժում։ Թվում էր՝ մահն էլ չի բաժանի այս ընկերությունը։ Բայց կար մահվանից առավել դավադիր ուժ՝ և դա էր բոլշևիզմը։

Բոլշևիկների  կարճատև իշխանության օրոք Վարազդատն արդեն հասցրել էր երեք անգամ բանտարկվել և ազատ արձակվել։ Մեղսակից էր համարվում Ամերկոմում դաշնակցական գործունեության, Ջեմալ փաշայի սպանության և լրտեսության մեջ։ Սակայն փաստերը չապացուցվելու պատճառով ազատվել էր։ 1935 թ. սեպտեմբերին չորրորդ անգամ է ձերբակալվում։

Լեռ Կամսարը հաստատ գիտեր, որ հաջորդն իրեն են վերցնելու, բայց մտքի ծայրով էլ  չէր անցկացնում, որ դա լինելու է հե՛նց Վարազդատ Տերոյանի ցուցմունքի հիման վրա։

Ո՜վ ճակատագրի ծաղր։ Լեռ Կամսարին ձերբակալելու առիթ՝ ինչքան ուզես։ Նրա ծաղրական վերաբերմունքը կոմունիստական ամբողջատիրության նկատմամբ հորդում էր գրքերում և մամուլում արդեն լույս տեսած ամեն բառից և տողից։ Ի՞նչ կարիք կար անվանարկել ազնվաբարո փիլիսոփային։ Բայց դե բոլշևիզմը հենց դրանով է բոլշևիզմ, որ ոչնչացնի, անարգի, ապականի ամեն մարդկայինը և բարոյականը։

Քննիչներն ինչքան էլ անընդհատ հիմնվեին իբր Տերոյանի ձեռքով գրված տեղեկագրի վրա՝ երգիծաբանը խոմ լավ էր ճանաչում իր ընկերոջ ազնիվ բնույթը։

- Սո՛ւտ է,այդպիսի բան չի եղել, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում և մեղադրականը չեմ ստորագրի- ասում էր Լեռ Կամսարը, ապավինելով  Վարազդատ Տերոյանի անդավաճան էությանը։

- Իսկ եթե առերեսում անենք՝ այն ժամանակ ի՞նչ ես երգելու, - հեգնում էր քննիչը։

- Արե՛ք, - հանգիստ ասում էր նա՝ համոզված լինելով, որ Վարազդատն իր դեմ վնասող վկայություն չի տա։

Եկավ առերեսման օրը։ Կալանավոր Արամ Թովմաղյանը արդեն քննիչի մոտ էր, երբ սադայելի որդիները քննչասենյակ քարշ տվեցին Վարազդատին։ Քարշ էին տալիս, որովհետև նա ոտքերի վրա կանգնել չէր կարող, սփրթնած դեմքի վրա ուրվագծվում էին թարմ կապտուկները, բերանի անկյունից արյուն էր հոսում։ Նա պետք է բանավոր հաստատեր  այն վկայությունը, որ նախապես արդեն գրված էր Չեկայի կողմից և տակը կեղծված էր իր ստորագրությունը։

- Լավ, կստորագրեմ, ինչ որ ուզում եք կստորագրեմ, միայն թե թո՛ղ Վարազդատը ոչինչ չխոսի, - ընկերոջը ստորացումից և անել վիճակից փրկեց Լեռ Կամսարը։ Ա՜յդ էր պակաս, որ Վարազդատը նվաստանա այս պժգանքների առջև՝ մտածեց նա։

Արձանագրությունը ստորագրեց և ատելությամբ դարձավ քննիչին.

- Մեկ է, ես ինձ ոչ մի բանում մեղավոր չեմ համարում։

Դատին որպես վկա կանչված Տերոյան Վարազդատը հայտարարեց, որ նախնական վկայությունն իրենից դուրս է կորզված կտտանքների միջոցով։

- Լեռ Կամսարի դեմ ոչինչ չունեմ ասելու, բացի նրանից, որ իմ ամենամոտ, 30 տարվա լավ ընկերն է, և ես ինչ էլ որ ասեմ՝ պետք է լինի միայն ի պաշտպանություն իրեն և մեր անկոտրում ընկերության։

Երբ Չեկայի նկուղից Վարազդատին հանում էին հեռավոր Սիբիր աքսոր ուղարկելու համար, նա «կլյուչնիկ*» Խաչիկին թախանձում է հրաժեշտի համար մեկ րոպեով մտնել Լեռ Կամսարի բանտախուցը։ Խաչիկը, ով հայտնի է իր մարդկայնությամբ, տեղի է տալիս։

Ճռնչալով բացվում է դուռը, խցի մթության և կալանավորների բազմության պատճառով Վարազդատն Արամին չէր տեսնում։ Ետևից ներս թափանցած լույսը նրան տեսանելի էր դարձրել խցի մարդկանց համար։ Վարազդատը զգում է ինչ-որ մեկի շնչառությունը, և երկու տարաբախտ կալանավորներ սրտաճմլիկ  հոգոցներով իրար են փաթաթվում։  Բառեր չկային, միայն տաք արցունքներ էին հոսում արդեն հասուն դարձաց այրերի՝ հայ ժողովրդի երկու արժանավոր զավակների՝ Լեռ Կամսարի և փիլիսոփա Վարազդատ Տերոյանի տաժանքից կարծրացած այտերով։ Դա նրանց վերջին հանդիպումն էր...

Երգիծաբանը սովորություն ուներ Չեկայի նկուղի պատուհանից նախանձանքով միշտ հետևել անծեղների ազատ թռիչքը։ Վարազդատի մեկնումից հետո, երբ նա հուզմունքը կալանավոր ընկերներից թաքցնելու համար մոտեցավ պատուհանի վանդակին, երկինքն ամայի էր՝ անծեղները թռել-գնացել էին...

* Բանտապահակ /ռուս./։ 

  Վանուհի Թովմասյան 

«Բանտիս օրագիրը» 

Ձ Ե Ր Բ Ա Կ Ա Լ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն 

Մոտենում է նոյեմբերի 25-ը:*

Այս այն օրն է, երբ ինձ ձերբակալեցին ու հյուսիսային անդրբևեռ ուղարկեցին:

Չնայած օրերը դեռ տաք են, բայց ես հիմիկվանից մրսում եմ, չիմանալով ցրտի՞ց, թե՞ վախից:

Որպեսզի մարդ հանկարծակիի չգա, պետք է ժամանակից գեթ մի ամիս առաջ ձերբակալվի, հոգեբանորեն ինքզինքը նախապես պատրաստի այդ ահեղ օրվա համար, կարոտն առնի իր կնոջից ու երեխաներից, աշխարհի հետ եղած կապերը մեկ-մեկ քանդի, վերջին անգամ փափուկ անկողնում պառկի, յուղի և մսի երես տեսնի, հաշտվի ոջիլի գոյության հետ, իսկ ամենից կարևորը` մեջքն ուղղի ու հանգստանա, որպեսզի ուժ ունենա այնուհետև, Աստված գիտի մինչև երբ, հյուսիսի անտառներում գերաններ կրել դեպի գետային նավահանգիստ և այն բեռնել նավը:

Բռնվելուց շատ առաջ պետք է ուղղես սխալներդ, նոր մեղքեր չգործես, լինես բյուրեղի պես արդար, որ քեզ ձերբակալեն. որովհետև չեկիստը երբեք մեղավոր մարդուն ձեռք չի տալիս…

-Կնիկ,- ասում եմ,- ինչպե՞ս ես, պատմիր քո վիճակի մասին, որովհետև աքսորվելիս նամակ չի թույլատրվում գրել իրար, ու մենք հավետ իրարից լուր չենք ունենա: Ու եթե պատահի, որ իմ մահվան մասին լուր տարածվի` լաց ու կական չբարձրացնես, ինչպես մի անգամ արիր, և նոր ամուսին ճարելու մասին չմտածես, ինչպես մի անգամ մտածեցիր…

Հետո դառնալով երեխաներիս` ասում եմ.

-Եկեք ձեզ մի կուշտ համբուրեմ, բալիկներ, աքսորիս օրը, բանտում համբուրելն արգելված է բանտային օրենքով, և թույլ չեն տա: Նրանք սեղաններ են դնում գնացողի ու մնացողի մեջտեղը, որ արգելեն հրաժեշտի վերջին համբույրը: Ես, որ ողջ կյանքում անբիծ եմ ապրել, չեմ ուզում մի չնչին համբույրի համար «մեծ հանցանք» գործել…

Հետո էլի դառնում եմ կնոջս.

-Չլինի երեխաների բերանից կտրես ու ինձ «պերեդաչա**» բերես բանտում եղածս ժամանակ: Այդ նշանակում է` դու երեխաներիս մորթում ես և միսն ինձ հրամցնում։ Ասա, անիրավ, ես իմ երեխաների համար որդեկեր հա՞յր եմ եղել 

*Լեռ Կամսարը ձերբակալվել է, նոյ. 25-ին, սակայն ՊԱԿ-ի թղթապանակի ամսաթվերի հետ չի համընկնում՝ կարծես թե հետին թվով  ամսաթվերը ջնջել,փոխել և հարմարեցրել են արձանագրություններին։

** Պարենափոխանցում /ռուս./։ 

Այս բոլորն ասում ու ճանապարհ եմ ընկնում։ Յոթանասուն օր պառկում եմ չեկայում, պաղ սալահատակին, օրական մի անգամ բարձրանում քննիչի մոտ, վայր իջնում, լսում գնդակահարության գնացող մարդկանց կոկորդային, մարդկային ոճը կորցրած ձայները ու ինքզինքս նախապատրաստում այդ օրվան, «կլյուչնիկի» ոտքն եմ ընկնում, որ ինձ երկրորդ անգամ դուրս թողնի, որովհետև լուծ եմ, պատրաստվում եմ լսել նրա մերժումը իր բոլոր հետևանքներով…

-Ա¯խ,- այնուհետև հառաչում եմ ես,- ի՞նչ կլիներ, եթե իմ փորը կամքիս պես պինդ լիներ…

Երբ այսքանը նախապատրաստվել եմ` մոտենում, ներս եմ առնում երկու զինված չեկիստներին:

Նրանք ներս մտնելիս ուշի-ուշով պատերին են նայում, և նրանցից մեկը, ձեռքը ատրճանակի կոթին` խոսում է սպառնական.

-Ինչո՞ւ պատերին Լենինի ու Ստալինի պատկերներ չունես:

-…,- ասում եմ ես բարձրաձայն:

Նրանք քրքրում են գրադարանս:

-Գրքերիդ մեջ սոցիալիստական բրոշյուր անգամ չունես:

Ես կրկնում եմ իմ լռությունը:

Այնուհետև ձեռք են զարկում բնակարանիս մանրակրկիտ խուզարկությանը:

Ես այդ խուզարկության ժամանակ եմ միայն իմանում, թե որքան հարուստ մարդ եմ եղել:

Սնդուկներիցս դուրս են գալիս բանից պրծած կոշիկներ, ծակ կալոշներ, չորացած կաշվի կտորներ, որոնց չեկիստներից մեկը այնքան հետաքրքիր է նայում, որից եզրակացնում եմ, թե դա նախկին հնակարկատ լինելու է:

Վերջում ես ձերբակալվում եմ ոչ թե ունեցածս բաների համար, այլ չունեցածս առաջնորդների նկարների ու սոցիալիստական բրոշյուրների համար…

Վա¯յ, վա¯յ:

Ու ես սեղմված երկու չեկիստների արանքում գնում եմ:

Ճանապարհին սարսափեցնելու համար չեկիստներից մեկը դիմում է ինձ.

-Ուրեմն դու համոզմունքով ինդիվիդուալիստ ես եղել, հա՞:

-Այն ժամանակ, երբ ես անհատապաշտ էի` այդ հանցանք չէր համարվում,- ասում եմ ես ու ավելացնում,- ուրեմն՝ դուք ա՞յդ էլ գիտեք:

-Մենք դեռ ինչեր գիտենք քո մասին, որ դու չգիտես, կգաս Չեկա քեզ կճանաչես… 

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter