HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտիս օրագիրը

Լեռ Կամսար           

(հատված «Բանտիս օրագիրը» գրքից)

սկիզբը 

Նոյեմբերի 27. – Այսօր արդեն բանտ եմ նստած։ Բայց ո՜չ, ի՞նչ կխոսիմ՝ բանտ եմ կանգնած։

Բանտարկյալը երբ չի գիտեր, թե ի՞նչ է իր մեղքը՝ նստիլ չի կրնար։ Անիկա կանգնել իսկ անկարող է։ Անիկա կքալե, անիկա կվազե բանտին մեկ անկյունեն մյուսը։

Երբ Օթելլոյին քայլերով հևասպառ կքալեմ ու կձայնեմ՝ «ի՜նչ է հանցանքս», կնայիմ շուրջս` իմ ընկերներս, իմ բարի և սիրող ընկերներս կարեկից ինծի այնքան, որ օգնել չկրնալուն ինքզինքնին կորսնցուցեր են, «հանգստացիր,- կըսեն,- առանց հանցանքի չես մնար»։

Ու Մակարը, բանտակիցներես այդ ամենանվիրվածը, ինծի համար իր կյանքը չխնայող տղան, կըսե վերջապես.

- Հանգստացիր, սիրելիս, եթե հանցանք չունեցար, կրնաս իմ մեղադրանքես օգտվիլ։ Կմեղադրվեմ երկու հոդվածով՝ մեկը քեզի, մյուսն ինծի։

- Բոլորս մեկանց կխնդանք։

Ա՜խ, բանտին մեջ որքան կից կապրին սա լացն ու ծիծաղը։ Այնքան, որ հաճախ կփոխարինեն իրարու...

Դեկտեմբերի  1. – Ազատ մարդը  ողջ ընկույզ է, բանտարկյալը՝ ընկույզի միջուկ։ Ազատը դուրսը նախագահ է, դատավոր, համբավի տեր գրող, ճարտար փաստաբան, անմրցելի հռետոր, անպարտելի ըմբիշ, պողպատ կամքի տեր մարդ։ Բայց նույն ազատը բանտին մեջ միայն մարդ է, մերկացած իր այդ արտաբանտային կեղևներեն։ Կեղևներ, որոց մեջ շատ հաճախ մոռացված կըլլա միջուկը։

Ի՜նչ քաղցր է ապրիլ ըստ էության մարդկանց մեջ։ Անոնք անկեղծ են, ինչպես կըլլա մարդ իր ծնունդին ու մահվան ժամանակը միայն։ Անոնք հեռագիր վեպեր են, առանց երկարապատում առաջաբանի ու ձանձրալի վերջաբանի։

Բանտարկյալն իր ունեցածը ուղիղ կկիսե հետդ։ Ինչո՞ւ. վասնզի անիկա միայն թշվառ է, իսկ թշվառությունն անանկ կարողություն է, որուն տերը միշտ կեսը, եթե ոչ ավելին, պատրաստ է զիջել իր ընկերին...

Դեկտեմբերի 15. – Մտովին դիմում կուտամ արդարադատությանը, անոնց, որոնց կարգադրությամբ բանտարկված եմ։

- Ընկերնե՛ր, հարգելի ընկերներ, ես հրաժարած եմ ինծմե։ Ես մեծատան ծխողի մը նման բացեր եմ պապիրոսիս տուփը ձեր առջև։ Վերցուցեք իմ  էութենես որքան պետք է ձեզ։ Վերցուցեք բոլորը, ես այլևս պետք չեմ ինծի։ Միայն...Միայն... շատ փոքրիկ հայր մը թողեք երեխաներուս համար։ Նաև՝ եթե հնար է, պզտիկ ամուսին մըն ալ կնոջս համար։ Ուրիշ ոչինչ. մնացյալ բոլորը ձեզ, միայն ձեզ...

------

Այսօր ինչո՞ւ համատարած տխրություն է կամերին մեջ։

Օր կա ամբողջովին խոսք է, առանց կետադրության. օր ալ կա, որ միայն կետադրություն է առանց խոսքի, առանց կենդանության...

Դեկտեմբերի 21. – Այսօր կռիվ։ Քննիչս վիրավորեց ինծի մահացու։ Ան ըսավ.

- Իբրև գրող ի՞նչ ես դուն՝ փոշի, կատարյալ ոչնչություն։ Դուն քեզի կերևակայես միայն, դու երես ես առեր...

Ինչ խոսք, որ պատիվս պաշտպանելու համար հարձակվեի պիտի։ Չափեցի նախ իմ, ապա հակառակորդիս ուժերը։ Սենյակին մեջ երեք հոգի էին անոնք, երեքն ալ ատրճանակավորներ։ Ատրճանակ, յուրաքանչյուրի մեջ հինգական փամփուշտ՝ տասնհինգ փամփուշտ, որոնցով, հարկավ, կարելի էր սպաննել ինծի, ինչքան ալ «անմահ» ըլլայի։ Չէ՛, հոս կռիվը հաղթանակ չէր խոստանար ինծի։ Իբրև ստրատեգ, ավելի հարմար տեսա՝ վարը, կամերիս մեջ, երբ կլյուչնիկը դուռը պինդ կփակե վրաս, պառկիլ մահճիս վրա և սկսիլ կռիվը...

Բայց, փա՜ռք Աստծո, ազատվեցի ավելորդ տեղ արյուն թափելու հարկեն։ Հինգ վայրկյան ետքը քննիչն ինքն արդեն ինքնասպան եղավ։

Երբ անցավ Փարիզի իմ բարեկամին ղրկածս նամակի քննությանը՝ ըսավ.

- Դուն հայտնի, մեծ գրող ես, քո ամեն մեկ բառ արտասահման պատգամի տեղ կընդունվի. չէ՞ որ յուրաքանչյուր գանգատդ վատ վիճակիդ մասին կանդրադառնա դուրսի հայության մտայնությանը վրա՝ հանդեպ մեր կառավարության։ Նամակդ գրելուն մտածեցի՞ր այն հետևանքներուն վրա, որ կրնար առաջ գալ, եթե հանկարծ Փարիզի բարեկամդ նամակդ միամտաբար մամուլին հանձներ...

Այսպես, ուրեմն, ինծի «մեծ» համարող ներկա քննիչս զարկավ սպաննեց հինգ րոպե առաջ «փոշի» համարող քննիչիս։

Ի՜նչ լավ է խաղաղ նստիլ և դիտել, թե ինչպե՜ս մեկ ուրիշը թշնամուդ կջարդե...

------

Երբ կռիվն ավարտվեց ու դիակները հավաքված էին ռազմադաշտեն, քննիչս իր խաղաղ քննությանն անցավ։

Բայց քննիչս, եթե համետագործ ծնված ըլլար՝ տարեկան մեկ համետ չէր ծախի։ Առանց ձիու հասակին ու ծավալին նայելու համետներ կպատրաստե և կստիպե, որ գրաստները հարմարվեն իր ձեռագործին։

«Փոշիեն» ետքը, երբ ինծի «մեծ», «հայտնի» կանվաներ, ես պահ մը իրապես մեծ համարեցի ինծի. դուն մի՞ ըսեր, քննիչս կմեծցնե ինծի, որ իր նախապես պատրաստած մեծ հանցանքը տեղավորե կռնակիս...

------

Ատամս ջարդվեց։ Ապուրի մեջ խոշոր քար մը կար։ Հոս պետք է փնտռել պղտոր ապուրի թերությունն ահա։ Եթե ապուրն քիչ մը ավելի վճիտ ըլլար՝ քարն իսկույն կնկատվեր։

Դեկտեմբերի 23. – Որովհետև չեմ գիտեր՝ պիտի ազատվե՞մ, թե պիտի մեռնիմ բանտիս մեջ, այդ պատճառով երկուսին ալ կմարզվեմ հավասարապես։

Հոս ոչնչի մասին չեն նախազգուշացներ մարդուն, հոս ամեն ինչ հանկարծական է։ Կմտնե կլյուչնիկդ ու կըսե. «Հավաքիր իրերդ» ու դուրս կտանե քեզի։ Չես գիտեր, մեռնելո՞ւ, թե ապրելու համար կերթաս։ Այդ պատճառով հոգեբանորեն միշտ պատրաստ պիտի ըլլաս թե ապրելու, թե մեռնելու։

Մեռնելու հրահանգ ստանալուս, հինգ վայրկյանի մեջ կրնամ իրերս հավաքել։ Ի՞նչ ունիմ կյանքի մեջ։ Այնքան չնչին բան, որ կամչնամ անգամ մյուս աշխարհը տանիլ։

Իսկ ինչ կվերաբերի ապրելուն՝ այդ դժվար է, քիչ մը, այդ մասին պետք է մտածել...

------

Եթե մեկը կցանկա մեկի մը լիակատար սպաննել, պետք է սպաննե այն բոլոր մարդկանց, որոց սրտի ու մտքի մեջ կապրի այդ մարդը։ Ըստ այդմ, իմ դատավորները եթե մտածեն մեռցնել ինծի առանց նախապես իմ բոլոր ընթերցողները մեռցնելու՝ արդյունքի չեն հասներ։ Իսկ որքա՞ն զգույշ կատարեն դատավորներս այդ կոտորածը, որ իրենք ևս մեջը չիյնան...

Դեկտեմբերի 31. – Այսօր առտվանց հայտնի եղավ, որ իրիկուն Նոր տարի է։ Ու կալանավորներս սարսափով սկսեցինք նախապատրաստել մեզի՝ իրիկուն մեր երեխաներու հետ չըլլալու...

Ոչ, անկարող եմ ես այսօր բանտն ըլլալ ու վճռած եմ ինչ ալ ըլլա, ստուգման ժամանակ «ներկա էի» ըսել։

-----

Իրիկուն, երբ ամեն ոք իրմե ավելի թշվառ մեկը կփնտրեր ինքզինքը մխիթարելու, ես Գրիգոր Լուսավորիչն ընտրեցի՝ Վիրապին մեջ։

                                                         

1935թ.

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter