HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Միասնական թեկնածուն իմաստազուրկ և սխալ գաղափար է

Այս օրերին Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը նախագահի ընտրությունում ընդդիմության միասնական թեկնածուի հարցն է: ԲՀԿ-ն քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմադիր ուժերի հետ: Վարդան Օսկանյանը, ինչպես նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչները բազմիցս ընդգծում են ընդդիմության միասնական թեկնածուի կարևորությունը: Նույնիսկ արդեն իր առաջադրվելու մասին հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ կարող է չառաջադրվի, եթե մինչև դեկտեմբերի 15-ը իրավիճակ փոխվի, և միասնական թեկնածու լինի:

Անշուշտ, շատ կարևոր է, որ ընդդիմադիր դաշտը գործի միասնականորեն և միավորի իր ուժերը: Սակայն եկեք տեսնենք` արդյոք նախագահի ընտրությունում միասնական թեկնածուի գաղափարը սպասարկո՞ւմ է ընդդիմադիր զանգվածների ուժերի միավորման նպատակը:

Ընտրազանգվածը

Հայաստանում ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկող ընտրազանգվածները բավականին տարբեր են: Եթե դիտարկենք, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է, և հավատանք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին (մի կողմ դնենք բոլոր տեսակի կեղծիքները), ապա Հայաստանում ընտրողների կեսը իր ձայնը տալիս է ընդդիմությանը: Այդ ընտրազանգվածը բաշխված է ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի միջև:

Այդ ընդդիմադիր ընտրողները բավականին տարբեր են: Ոմանք ազգայնական են, ոմանք` լիբերալ, որոշ մասը ծայրահեղական է, մի մասը` ինտելեկտուալ, մի մասն էլ` պարզապես իշխանափոխություն ցանկացող, որոշ մասին էլ դուր է գալիս բարեգործությունը: Բացի դրանից՝ ընտրազանգվածի մի մասը չի սիրում նախորդ իշխանություններին, մի մասը արևմտամետ է, մի մասն էլ` ռուսամետ:

Ակնհայտ է, որ ոչ մի միասնական թեկնածու չի կարողանա սպասարկել այդ բոլոր խավերի ակնկալիքները և հավաքել այնքան ձայն, որքան կհավաքեն այդ խավերի հետաքրքրությունները առանձին-առանձին ներկայացնող թեկնածուները` միասին վերցված:

Այսինքն՝ եթե ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի և «Ազատ դեմոկրատներից» առաջին կին թեկնածուները առանձին-առանձին մասնակցեն ընտրապայքարին, իրենք գումարային առումով ավելի շատ ձայն կհավաքեն, քան իրենցից որևէ մեկը` որպես միասնական թեկնածու:

Ընտրակարգը

Անշուշտ, դուք կարող եք հակաճառել` ասելով, որ նախագահական ընտրություններում պետք է, որ թեկնածունիրից հենց մեկը հավաքի 50 տոկոս ձայնից ավելի, և պետք է գտնել այն թեկնածուին, ով առավելագույն հնարավորություն ունի այդքան ձայն հավաքելու, իսկ մնացածները պետք է չառաջադրվեն և սատարեն այդ մի թեկնածուին, որ վերջինս հավաքի այդ 50 տոկոսը:

Սակայն այդպես չէ: Ինչպես հայտնի է, երբ նախագահի ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում 50 տոկոսից ավելի ձայն, առավելագույն ձայն ստացած երկու թեկնածուն մրցում է երկրորդ փուլում:

Ակնհայտ է, որ եթե ընդդիմադիր թեկնածուները, առանձին-առանձին մրցելով, գումարային ավելի շատ ձայն հավաքեն, քան միասնական թեկնածուն, ապա այդ առանձին մասնակցությունը կփոքրացնի առաջին փուլում իշխանության թեկնածուի (Սերժ Սարգսյանի) հաղթելու հնարավարությունները:

Պատկերը

Այսպիսի սցենարի դեպքում, հավանաբար, Սերժ Սարգսյանը և ընդդիմության` առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն կանցնեն երկրորդ փուլ: Այստեղ խիստ կարևոր է, որ չկրկնվի 2003 թվականի նախագահական ընտրություների տխուր սցենարը, և բոլոր ընդդիմադիրները 2-րդ փուլում միաբերան սատարեն ընդդիմադիր թեկնածուին:

Դեպքերի զարգացման այսպիսի տարբերակի հիմնական առավելությունն այն է, որ ընդդիմադիր ուժերը հնարավորություն են ունենում մոբիլիզացնել իրենց ընտրազանգվածին առանձին-առանձին, իսկ վերջում միավորելով ուժերը, հասնել իշխանափոխության:

Այնուամենայնիվ, այս դեպքում անհրաժեշտ կլինի, որ ընդդիմադիրները դեմ նկատմամբ քարոզչությամբ չզբաղվեն և նախապես արդեն ունենան պայմանավորվածություն՝ երկրորդ փուլ անցած ընդդիմադիր թեկնածուին սատարելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter