«Բանաձեւ»-ը պարտավոր է հրապարակային ներողություն խնդրել ԵՊՀ-ից
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա հուլիսի 30-ին մասնակի բավարարել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի և նույն ամբիոնի դասախոս Արա Գաբուզյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու մասին հայցն ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի, Սիրակ Եղիազարյանի և Սոնա Հարությունյանի:
Դատարանը համարել էր, որ իրավաբանական անձը չի կարող ունենալ պատիվ և արժանապատվություն, ուստի և չի կարող այդ իրավունքների ենթադրյալ խախտման պաշտպանության հայց ներկայացնել դատարան, այսինքն` ԵՊՀ-ն պատշաճ հայցվոր չէ: Եվ այս մասով դատարանը հայցը համարել էր անհիմն և մերժման ենթակա։
Դատարանը նաև համարել է, որ «Ականատես» հաղորդման իրավաբան Սոնա Հարությունյանին ներկայացված պահանջը ենթակա է մերժման այն պատճառաբանությամբ, որ համաձայն Քաղ. օր.-ի 1087.1 հոդվածի՝ հայց կարող է ներկայացվել դատարան վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ տվյալ դեպքում հայցվորը քննարկվող հաղորդման մասին իմացել էր 2011թ. մայիսի 28-ին, սակայն Սոնա Հարությունյանին պահանջ էր ներկայացվել նոյեմբերի 29-ին` ավելի քան 6 ամիս հետո: Այսինքն՝ կողմը բաց էր թողել դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։
Արա Գաբուզյանի պահանջը իրենից ներողություն խնդրելու մասին առաջին ատյանի դտարանը բավարարել էր: Համաձայն դատարանի վճռի՝ Սիրակ Եղիազարյանը, «Բանաձև» ՍՊԸ-ն, ինչպես նաև Հ1-ը պարտավոր էին Հանրային հեռուստաընկերության այլ հեռուստահաղորդմամբ հրապարակային բանավոր ներողություն խնդրել ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից:
Սակայն այս որոշումը չէր գոհացրել կողմերից եւ ոչ մեկին, եւ երկուսն էլ Կենտրոնի դատարանի վճիռը բողոքարկել էին վերաքննիչ դատարան: Հայցվոր ԵՊՀ-ն իր վերաքննիչ բողոքում պահանջել էր մասնակի բեկանել և ԵՊՀ-ի մասով փոփոխել վճիռը` ամբողջությամբ բավարարելով Արա Գաբուզյանի և ԵՊՀ-ի հայցն ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի և Սիրակ Եղիազարյանի:
Իսկ Սիրակ Եղիազարյանն իր վերաքննիչ բողոքում պահանջել էր ամբողջությամբ բավարարել վերաքննիչ բողոքը, բեկանել իր մասով Արա Գաբուզյանից ներողություն խնդրելուն և նրա վերաբերյալ արված արտահայտությունների հերքմանը պարտավորեցնելու վերաբերյալ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.07.2012թ. վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության։
Վերաքննիչ դատարանն իր 23.11.2012թ. որոշմամբ բավարարել է ԵՊՀ-ի վերաքննիչ բողոքը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռին ավելացնելով նաև այն, որ Սիրակ Եղիազարյանը և «Բանաձև» ՍՊԸ-ն պարտավոր են ԶԼՄ-ներով հրապարակային ներողություն խնդրել ԵՊՀ-ից:
Մեկնաբանել