HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտիս օրագիրը. 1936 թ.

(հատված «Բանտիս օրագիրը» գրքից)

սկիզբը

Լեռ Կամսար    

Հունվարի 1. - «Ա՜խ, տվե՛ք ինձ քաղցըր մի քուն, Կյանքից հեռո՜ւ սըլանամ». կըսե բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։ Ժամանակ մը, տեսեք մարդիկ որքա՜ն պահանջկոտ են եղած, որ կյանքը քիչ են տեսեր։ Ես չէ։ Ես կըսեմ. «Ա՜խ, տվեք ինձ քաղցր մի քուն՝ բանտես հեռու սլանամ»։

Եթե բանաստեղծին ալ ամիս մը բանտարկեին, ինծի պես երգեր պիտի անշուշտ և գլուխն խոտի բարձին դնելով, մեկեն «քնքուշ վարդերն ինծ բարձ լինին» չէր ըսե, բրդե բարձն խիստ բավարար պիտի գար իրեն։

Հունվարի  2. - Ա՜խ...

Հունվարի  3. - Ա՜խ, ա՜խ...

Հունվարի  4. - Այսօր երեկվնե ավելի «ա՜խ»։

Փետրվարի  3. – Կլյուչնիկը ներս մտնելով տվավ երեքիս անունն ու ըսավ. «հավաքեցեք իրերնիդ»։ Մենք կեդրոնական բանտ կտարվինք բեռնատար ավտոներուն մեջ թխմված։ 70 օր խուցն ապրելեն ետքը, հանկարծ դուրս կուգանք փողոց, ուր կերթևեկեն ազատ մարդիկ, մանավանդ՝ կանայք։ Բայց ինչո՞ւ մտախոհ կքալեն ու բարձրաձայն չեն խնդար։ Աջ ու ձախ դառնալով ծանոթ կամ բարեկամ մը կփնտռեմ պոռալու՝

- Գոհ եղեք ձեր վիճակեն, օգտվեցեք ձեզ տրված ազատութենեն, գիշերները լամպը չվառիք ու որքան կարող եք երկար նստեք արտաքնոցը։ Աշխարհ մեռնիլ կա»։

Ոչ ոք չպատահեց ճամբին ծանոթ ու ողջ իմաստությունս հետս կեդրոնական բանտը տարի։

Փետրվարի  4. – Կեդրոնական բանտ։ Ցերեկը լույս կառնենք երկու խոշոր պատուհաններե։ Հոս կարելի է բարձր խոսիլ, երգել, խնդալ։ Ու մարդիկ, որ չէին երգեր ու խնդար ոչ անոր համար էր, որ իրավունք չունեին, այլ որ հիմք չկար այդ ընելու։ Հոս չկա կամերին միզամանը, սակայն, հոս դուրս երթալու իր ուրույն դժվարությունը կա։ Գիշեր ըլլա, թե ցերեկ, կարիքավորը կերթա երկաթյա դռանը քով, կզարնե ու Աղա Միրզա՜ կպոռա։ Աղա Միրզան, հարկավ, անմիջապես չի բանար վրադ դուռը՝ պետքարան երթալու։ Կսկսես թախանձել ու քաղցր խոսքեր մը ըսել իրեն՝ «ջան», «հոգուդ մատաղ», «ման օլում» և այլն, նայած թե կարիքդ որքան կնեղե քեզի։

Իմ լեզուն գութ չի շարժեր։ Եթե հույսս  լեզվիս վրա դնեի՝ ես դուրս գնալիք չպիտի ունենայի կեդրոնական բանտին մեջ։ Միշտ լեզվանի ընկերոջ մը ետև կանգնած կամ պատրաստ, մտովին կրկնելով իր թախանձանքը. երբ բացվեց դուռը երկրորդ դուրս եկողն եմ ես։

Գիշեր է։ Մեկը 18 ընկերներես, սպիտակեղենով կեցած դռան քովը կծեծե ու Աղա Միրզա՜ կպոռա։ Բոլորս կարթննանք և ծանր ու թեթև կընենք կարիքնիս՝ դուռը բացվելուն օգտվի՞նք, թե հաջորդին սպասենք։ Ես ամեն բաց դուռնեն օգուտ քաղելու համար անգամ մը կելնեմ ու կմտնեմ, առանց նկատի առնելու, որ քունս այդ արտաքնոցային ագահությանը զոհ կուտամ։

Այնքան վարժված ենք առանց Աղա Միրզա պոռալու չմիզելուն, որ դուրսը պրոգուլկայի ատեն կամ ներսը տաք խոսակցության ժամանակ «Աղա Միրզա» լսելուն պես մեզերնիս կուգա...

Իմ կարծիքովս, բանտերու արտաքնոցային հարցը արմատապես կլուծվի ան ատեն միայն, երբ կալանավորները կենդանոց չափ դիսցիպլինար ըլլան։

-------------

Տեսած կաք, ինչպես կարավանապետի հրամանով հարյուրավոր ուղտերու կարավանը մեկեն կանգ կառնե ու կմիզե երկա՜ր-երկա՜ր։

Ժամանակն է, որ միզելու նախաձեռնությունը վարչությանն անցնե։ Ասանկ անարխիկ վիճակը կչարչարե և՛ կալանավորին, և՛ կլյուչնիկ Աղա Միրզային, որն ամենայն օր ավելի աղերսանք ու պաղատանք կընդունե վեց կամերներեն, քան Աստված իր արարածներեն։

Չեմ կասկածեր, որ եթե «Հայր մերն» հորինված ժամանակ բանտեր գոյություն ունենային, «զհաց մեր հանապազօրդ տուր մեզ այսօրեն»  առաջ «արտաքնոցն մեր հանապազօրդ տուր մեզ այսօր» պիտի ըսեին աղոթողները։

Փետրվարի 17. – Բանտի հիվանդանոցն եմ։ Պառկած։ Լուսավոր սենյակ, ներկած հատակ։ Վաղուց տախտակի վրա ոտք չէի դրած։ Քովս պառկած է Սերգո անուն հիվանդ բանտարկյալ մը. ամեն անգամ երբ բժշկուհին կմոտիկնա դրությունն իմանալու՝

- Ես ախր ո՜չ մեկ հանցանք ունիմ, բժշկո՛ւհի, շառ, զուտ շառի արդյունք է,- հազարերորդ անգամ կկերկերա ու կսկսե լալ։

Բժշկուհին առանց ուշք դարձնելու, կնշանակե այն դեղը, որն անհրաժեշտ է արդարին և մեղավորին հավասարապես ու դուրս կերթա։

Բայց  Սերգոն կշարունակե մնալ «անմեղ» իր անկողնին մեջ ու կգրե դիմումներ, դիմումներ, անվերջ դիմումներ, ինչքան սպիտակ թուղթ ճարե ողջ հիվանդանոցին մեջ։

Մեր քովի պալատին մեջ պառկած են երկու խելագարվածներ, որք սակայն իրենց խելագարությունը որքան կաշխատեն, չեն կրնար ապացուցանել։ Բանտին մեջ դժվար է խելագարվել։ Խոսե ինչքան կուզես հիմարություններ. դուն խելագար չես, դուն կձևացնես միայն՝ ազատվելու համար։ Ասոնց խոսած հիմարությանց կեսը, եթե դուրսն արտասանե մեկը, անմիջապես խելագար կհայտարարեն զինքը։ Բայց հոս՝ ոչ, հոս ինչ ալ խոսիս խելոք ես։

------------

Թերթ ձեռք առի՝ աչքս ինկավ ընկերոջս, Վարդանի մահազդը։ Այս ամռան Արզնիեն գալուն հոն մոռցեր էր իր վերարկուն։ Մեռնելեն առաջ գտա՞վ արդյոք այն...

Մարտի 4. – Այսօր իմ դատս է։ Դռնփակ։ Առաջներ դռնփակ կըլլային այն դատերը միայն, երբ պետական գաղտնիք կար մեջը, կամ այնքան անբարոյական մանրամասներ պիտի բացվեին պրոցեսին, որին պետք չէր, որ ուրիշներ ներկա ըլլային։ Իմ մեղադրանքիս մեջ ոչ այս կար, ոչ այն, սակայն գաղտնի պիտի ըլլար։

Դատարանը կպավ ակնջիս և Հանուն Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Կառավարության երեք տարի բանտարկության դատապարտեց ինծի...

Կվերադառնամ բանտ, այս անգամ արդեն դատապարտվածներու կամերը ու ծանր կնստիմ։

--------------

Հոս թեյը կերակուրի կաթսայի մեջ կեռացունեն։ Կերակուրն ինքը համ չունի, բայց թեյը սաստիկ կերակուրի համ կուտա։

Մարտի 13. – Պրոգուլկայիդուրս գալուն, կալանավորը, եթե իր վերարկուին կամ գլխարկին գինը հետը չառնի, տկլոր պիտի վերադառնա կամերը։ Չորս կողմդ կվխտան գրպանահատ-կալանավորներ, որք հոս բանտին մեջ ավազակային թեքումն են ստացեր ու մինչև մարդասպանություն կերթան։ Մեյ մըն ալ տեսար, քեզի պատին դեմ տվին ու հանեցին վերարկուդ։ Կանցնեն քովեդ բազմաթիվ կալանավորներ, ընկերներդ, բայց հավար պոռալու արտոնությունը չունին. կողոպտվողին օգնության փութացողը կամ մահամերձ կծեծվի գողերու կողմե, կամ սպաննվի։

Սակայն, գողերն այնքան ազնիվ են, որ քո վերարկուն օտարին չեն վաճառեր.օրինավոր սակարկելով, նորեն քեզի կծախեն ու կերթան, երախտապարտ թողնելով քեզի։

Մարտի 19. – Ի՞նչ բան է սա։ Սամսոնն կատղեր է այս գիշեր. կերգե, կխնդա, կխաղա ինքն իր հետ և աշխարհի բոլոր կենդանիներու ձայները կհանե։ Պատահեցավ կռիվ այս առթիվ, վասնզի բոլորս քնել կուզենք։ Ուժ ունեցողները զարկին, չունեցողներն հայհոյեցին, խելահասները խրատեցին՝ չեղավ ու չեղավ։

Ան ատեն գլուխս վեր վերցուցի ու հարցուցի.

- Սամսոն, քանի երեխա ունիս։

- Չորս,- պատասխանեց Սամսոնն ու լռեց հանկարծ։

 Քիչ մը վերջ լսվեց Սամսոնի առաջին «ա՜խը», հետո՝ երկրորդը, երրորդը...

Ես գլուխս վար դրի ու հանգիստ պառկեցա։ Չորս երեխա. մինչև որ մեկ-մեկ գիրկն առնե, մինչև համբուրե, մինչև այսինչ երեխայի այնինչ խոսքը կամ արարքը վերհիշե՝ գիշերը կլուսնա...

Մարտի 20. – Կալանավոր Մարգար։ Երեք տարվա բանտարկության է դատապարտված արվամոլության պատճառով։ Երեք տարի ամբողջ բանտին մեջ մնալով, որոճալով ու ապրելով իր հանցանքին ողջ հաճույքը, հարց է, պատիժն ավարտելով, իբրև արվամո՞լ պիտի անցունե իր մնացյալ կյանքն, թե իգամոլ։ Բանտարկությունը ուղղե՞ պիտի արդյոք, թե վախցունե միայն, ու ստիպե հետագային ավելի զգույշ ըլլալ։

Արվամոլին ուղղելու ես այլ միջոց չեմ ճանչնար, քան էգին համը ճանչեցնել տալը հանցավորին։ Կվախցունե՞ս ինծի՝ չեմ մոտենար, ոչ արվի, ոչ էգի, մտքիս մեջ կշնանամ։

--------------

Երկու իրար այդքան մոտիկ անցքերը շփոթելու համար չեմ գիտեր, արժե՞ այդքան խիստ պատժել։

... Ողորմած մամս ասեղը թելելու ժամանակ կես կանգուն հեռու կպարզեր թելը ասեղի ծակեն։

Մարտի 30. – Այսօր փորձեցի հաշվել այն բոլոր մարդիկ, որք կիշխեն կալանավորին վրա և որոցմե կախված է կալանավորին կյանքը։

Կլյուչնիկ առաջին դռան, կլյուչնիկ բակի դռան, երեք հերթապահ, կամերներու պետ, բանտի պետ՝ տեղակալով, քաղղեկ, գաղտնի մասի պետ՝ տեղակալով, ОМЗ- ի նախագահ՝ տեղակալով, բանտի հսկողական դատախազ /կարծեմ անտեղակալ/ հանրապետական դատախազ՝ տեղակալով, ներգործժողկոմատ, զինտրիբունալ, գերագույն դատարանի վճռաբեկ կոլեգիա, սպեց կոլեգիա, կենտգործկոմիներման հանձնաժողով, կուսկենտկոմ, Ռակզիկա, Վիշինսկի, Կալինին, Յագոդա և այլն։

Երբեմն, երբ շատ նեղսրտեմ, կորոշեմ վերցնել հարյուր թերթ թուղթ և անխտիր բոլորեն ներումն խնդրել։ Բայց իսկույն ետ կկենամ։ Ես դատապարտված եմ երեք տարվա ազատազրկման։ Վերադաս մարմիններեն յուրաքանչյուրը ինչքան ալ չներե՝ գեթ ամիս մը ներե պիտի։ Կստանամ հարյուր ամսվա ներումն, երբ ինձ պետք է միայն երեսուվեց ամիս։

Ըսենք՝ ի՞նչ վնաս շատեն։ Ավելցած ամիսները կուտամ ազատվել ցանկացող ընկերներուս...

1936 թ.

շարունակությունը

Մեկնաբանություններ (1)

Marine
Հունվարի 2. - Ա՜խ... Հունվարի 3. - Ա՜խ, ա՜խ... Հունվարի 4. - Այսօր երեկվնե ավելի «ա՜խ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter