HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտիս օրագիրը (1936թ, ապրիլ)

Հատված «Բանտիս օրագիրը» գրքից

սիզբը

Լեռ Կամսար

Ապրիլի 11. – Այս գիշեր գեշ երազներու մեջ էի ու առտուն արթնցա անտրամադիր ու տխուր։ Ինձի կուգար, որ մենք այս վիճակեն ազատվելիք չունինք։ Ժամանակը կանցնի ծանր և յուրաքանչյուր րոպեն կարծես կխազե էությունս։ Բայց ես քանի մը բաժանորդներ ունիմ, որոց պիտի մխիթարեմ ամեն օր։ Կմխիթարեմ, բայց այսօրվա խոսքերս շատ կնմանի Աստուծո արքայությանը չհավատացող, բայց Աստուծո արքայությունը քարոզող քահանայի։

------

Մեր բանտն երկու կորպուս ունի՝ դատվածներու և չդատվածներու կորպուս։

Չդատվածներու կորպուսի բանտարկյալները կապրին նշանված, բայց դեռ չտարված աղջկանց հոգեբանությունը. չեն գիտեր պիտի դատապարտվե՞ն, թե ազատ արձակվեն։

Իսկ դատվածներու կորպուսի մարդիկ ամուսնացած կանայք են, իրենց դժբախտությանը հետ հաշտված...

Դատվածներու կամեր գալուս առաջին օրերը ինչե՜ր քաշեցի։ Մեզի դրին գողերու, մարդասպաններու հետ միևնույն կամերը։ Գողերը մեր ինչքին կսպառնային, մարդասպանները՝ կյանքին։ Ընկերներես յուրաքանչյուրը մեյ մեկ գող որդեգրեց և հոգալով իր ողջ սնունդը, մտավ անոր պաշտպանությանը տակ։ Ես ոչինչ չունենալով կաշառելու, մնայի պիտի անպաշտպան, եթե հանգամանք մը չի գար ինձ փրկելու։

Գողերեն մեկը օրն ի բուն կպատմեր իր քաջագործությունները և մնայուն զարմացող մը կփնտռեր իր վրա։ Իսկ ես, ինչպես գիտեք զարմանալի զարմացող եմ։ Մոտեցա այդ գողին, որու անունը Արտաշ էր, ու սկսեցի եռանդով զարմանալ։ Սկսեցինք։ Ան երկաթուղիի վակոնը կմներ մեկ ձեռքով գողցած չեմոդանը* բռնած, մյուսով միլիցիան դեն հրելով վար կցատկեր՝ ես «վա՜յ» կպոռայի։ Ան դաշույնը քաշած շիվյոտ կոստյում կհաներ սարը բարձրացող երեք երիտասարդներու, ես՝ «ի՛նչ սիրտ» կըսեի աչքս լայն-լայն  բանալով։ Ան կես գիշերին խոջա Սահակին տունը իջած դանակը կոկորդին սղմած ոսկիին տեղը կպահանջեր, ես վախես քիչ մնար  ցույց տայի...

Տե՜ր Աստված. ինչպես մարդս ամեն բան գիտնալու է։

Շաբաթվա մը մեջ ընկերներես յուրաքանչյուրը քսանական ռուբլիի շաքար ու երշիկ էին կերցուցեր, իսկ ես ձրի ապրած էի։

Զարմանալուս այս արժեքը չէի գիտակցած ցայսօր։ Վճռեր եմ դուրս գալուս զարմանալով ապրիլ այսուհետ։ Շատ չէ, չորս մարդ ճարեմ, որք իրենց գործերու վրա զարմացողներ փնտռեն, կզարմանամ ու կապրիմ...

Ապրիլի 13. – Բանտեն դուրս, կյանքին մեջ հանցանքն ու պատիժը շատ զգացմունքային է. հայրը մինչև չբարկանա՝ չի ծեծեր իր տղային։ Եվ կարճ, րոպեական կըլլա այս բոլորը։ Ինչպես երկինքն կկածկլտա, կպոռա ահարկու ու վերջ կանձրևե սիրողաբար, անանկ ալ ծնողն՝ իր տղուն։ Կպոռա, կապտակե, վերջեն գրկելով կրծքին կսեղմե ու կհամբուրե։ Ոչ հայրն իր պատիժին համար ամսական կառնե, ոչ հանցավորն՝ օրապահիկ։ Այլ բան է, սակայն, բանտը։

Դատարանը, որ դատելու ատեն սովորություն չունի հուզվելու /եթե հաշվի չառնենք դատախազի ձայն բարձրացնելը/  երեք, հինգ, տաս տարվա բանտարկության վճիռ կհանե /ամսականով/ և կհանձնե բանտապետին, որ տանե ամսականով պատժե, չարչարելը դարձնելով իրեն արհեստ։ Տաս տարվա բանտարկության դատապարտված մարդն ալ ստիպված, ուզի-չուզի պիտի դառնա ամսականավոր հանցավոր, որն, ճշմարիտ է թեև ամսական չի առներ, բայց հացբերան կդատապարտվի։

Այդ տասը տարվա մեջ բազմաթիվ անգամները բանտապետը կամերները կայցելե, հանցավորին որպիսությունը կհարցնե, սավան կբաժնե, չունեցողին պնակ-գդալ կուտա, բանտային բոլոր բարիքները կբարեմաղթե բանտարկյալին ու առանց ազատելու կերթա, որու համար հանցավորն ստիպված կշարունակե իր հանցավորությունը, դարձնելով այն իր արհեստը /վասնզի եթե դադրե հանցավոր ըլլալեն, զրկվի պիտի իր օրապահիկեն/։

Այսպիսով, ուրեմն, պատժելն ու պատժվելը հավասարապես պաշտոն կդառնա, այն տարբերությամբ սակայն, որ պատժողն երբ եռանդ ցույց տա իր պաշտոնին մեջ՝ ամսականի հավելում կունենա, իսկ հանցավորն որքան ալ աշխուժով բանտարկվե՝ 600 գրամեն ավելի հաց չի ստանա...

------

Մարդիկ կապրին 70, 80, 100 տարի։ Այսքանը բոլորովին քիչ չէ։ Քիչ կուգա մեզի ու կյանքեն չենք կշտանար այն պատճառով միայն, որ այդ 70, 80, 100 տարիներու կյանքի յուրաքանչյուր օրվա մեջ մահ կա, իսկ մեր միլիոնավոր տարիներ տևող մահվան մեջ ոչ մեկ ժամ կյանք չկա...

                                                             Ա Պ Ր Ի Լ

Շաբաթ 15. – Այն մարդիկ, որք Ստեփանի պես զարմացկոտ են ու ամեն չնչին բանի վրա սաստիկ կզարմանան, հակահասարակական չըլլալու համար պետք է, որ քիչ մը մաքուր հագված ըլլան։

Ամեն զարմանալուն ձեռները անանկ մը ծունկերուն կզարնե, որ փոշին մարդ կխեղդե։

Հազար անգամ ըսեր եմ. մա՛րդ կամ անգամ մը փանթալոնդ դուրսը թափ տուր, կամ քիչ մը կամաց զարմացիր։ Եթե անգամ հանցանք չունենաս, լոկ այդ սովորությանդ համար արժես ութ տարի։

------

Որ կտանիմ լռությամբ իմ հանդեպ ցույց տրված բոլոր անարդարություններն այդ անկե է, որ կուզեմ չափել թե մարդ արարածը որքան է «գայլ»։ Ես անընդհատ խորացող ջրհոր մըն եմ, որ թույլ կուտամ թշնամիիս անվերջ իջեցնել իր դույլն, անոր պարանի ողջ երկարությունն ստուգելու համար։ Չէ՞ ես աշխարհ եմ եկել հանդիսատեսի, և ոչ դերակատարի մտքով։

Կիրակի 22. – Մեղվապահներ, ամառ իրիկուն, երբ փակելով փեթակներու բերանները գիշերով սարը կտեղափոխեն, հաջորդ առավոտ կվերադառնան գիշերը դաշտ մնացած հատ ու կենտ մեղուները ծանրաբեռնված ծաղկափոշով ու չգտնելով փեթակնին իրենց տեղերը՝ կորոնեն, կբզզան տխրագին այնքան, որ թուլնա թևերնին։ Ապա հիսուն տարբեր փեթակներու մեղուները՝ հոն տեղվանքն պատահմամբ ինկած սնդուկի մը մեջ  կհավաքվին, խորթ-խորթ իրար երեսը նայելով, չիմանալով ո՞ւր իջեցունել բեռներնին, անմայր, անկյանք, անտաքություն կկծկտին իրար վրա ու կամաց-կամաց...կմեռնին։

Բայց որքա՜ն նման է սա մեղուներու կյանքը բանտարկյալի կյանքին։

Առավոտ մը անկողնուս մեջ աչքս բացի՝ այլևս իմ ընտանիքին մեջ չէի։ Փոքրիկ երեխաներուս համար եղած գորովանքիս բեռը մնաց սրտիս մեջ, ինն ինծի նման   բնակորույս մարդոց հետ  Չեկայի «պատվալը*» կծկտած իրար վրա, տուներնիս ու ձագերնիս հիշելով... կմահանայինք... տակավ։

------

Կլյուչնիկը գլուխը դռնակեն ներս խոթելով հարցուց.

- Արտաքնոցն հիմա՞ կուզեք, թե մեկ ժամեն։

Տիրեց երկու վայրկյան լռություն, որու ընթացքին յուրաքանչյուր կալանավոր ինքն իր մեջ բան մը հաշվեց։ Ապա կամերն ամբողջ հանկարծ երկու մասի բաժնվեցավ։ Մաս մը սկսեց «հիմա» պոռալ, մաս մը՝ «մեկ ժամեն»։ Իսկ կլյուչնիկը հեռացավ առանց դուռը բանալու, սրտդողած։

Այս պատահական երկպառակությանն ամենայն իրավամբ կարելի էր «կուսակցություն» անունը տալ՝ եթե միայն արտաքնոց երթալը կապ ունենար մարդկության ապագա երջանկության հետ և որևէ բան խոստանար անոր։

Մարդն արտաքնոցի կարիք ունի, իսկ մարդկությունը՝ ոչ։

Երկուշաբթի 23. –  Դատաստանիս օրը խնդրեցի դատավորիս մեղադրական ակտիս պատճենն ինծի հանձնել, չտվավ։ Իսկ ես սաստիկ պետք կզգամ հանցանքներուս ցանկին՝ մեկ-մեկ ուղղվելու համար։

Կհիշեմ։ Փարիզի բարեկամիս նամակով գանգատեր եմ վիճակես։ Դուրս գալուս պիտի գրեմ, թե շատ երջանիկ կապրիմ։ Այդ հեշտ է։

Հետո։ 1921 թվին, ուրեմն ասկե 15 տարի առաջ, Թավրիզ եմ գացեր։ Այլևս չեմ երթար։

Բարեկամիս տունը այցի եկած տիկնոջ մը պատմությանը այն մասին, որ այս տարի շինարարությունը թույլ կընթանա, լսած ու հակահարված չեմ տված։ Դուրս ելլելուս պիտի լսեմ ու հակահարված տամ։

Չորրորդ հանցանքս... չորրորդ հանցանքս... չորրորդ հանցանքս։

Տեր Աստված, ո՞ւր կորավ սա չորրորդ հանցանքս... հա՛, ես կապ ունիմ դաշնակցական Տերոյանի հետ։ Տերոյանը, թեև դաշնակցական չեմ՝ կըսե, բայց կարելի է ինքը չի գիտեր՝ կապերս կտրիմ պիտի։

Հինգերորդ հանցանքս... հիշեցի։ Տասը տարի առաջ անտիպ հոդված մըն եմ գրեր, որու մեջ չեմ հիշեր, ինչը սխալ է գրված։ Կելլեմ դուրս, գիծ կքաշեմ սխալիս վրա, վերը ճիշտը կը գրեմ։

Վեցերորդ սխալս...

Տե՜ր Աստված, վեցերորդ սխալս... Չէ, չեմ հիշեր, պետք է դատարանն անպատճառ մեղադրանաց պատճենը մեղադրյալին հանձնե, վորպեսզի ան նայե՝ ուղղվե։

Երկուշաբթի 30. – Գողությունն ավազակության նախնական աստիճանն է։ Քաղաքի մեջ ամեն գող պետք է պատրաստ ըլլա լեռան վրա ավազակ ըլլալու։ Ու որովհետև մեր բանտին մեջ հսկողությունը գողերու վրա այնքան թույլ է, որ առանց սար բարձրանալու ալ կրնան ավազակությանն անցնել, ուստի և ավազակ են դարձեր արդեն։

Ընդամեն քառասուն հոգի միևնույն շենքի մեջ, քով-քովի. փոխադարձաբար իրարու փորձառություներե օգտվելով, ավազակության կուրսեր գացող  աշակերտներու պես կկոփվեն ու կհմտանան իրենց արհեստին մեջ, սպառնալով  ավարտելուն դուրս գալ ու «Արտավազդի» նման աշխարհին ավեր բերել։ (Զարկեցե՛ք, դարբիննե՛ր, կռանը սալին)։

Բանտի այս ավազակները ունին իրենց ղեկավարները, գործադիր մարմին, պահակ, լրտես, հետախույզ, լրատար ու տնտեսվարը։ Ապարատ մը, որ ելեքտրականության չափ արագաշարժ է, ամերիկյան բորսայի չափ զգայուն...

Բայց հաճախ ի՜նչ անխիղճ գործ կբռնեն։

Շաբաթ մը առաջ բանտ կբերվի նոր բանտարկյալ մը։ Դարպասեն մինչև կամերը, ճանապարհին կհարձակվեն սա մարդուն վրա ու կմերկացունեն հանելով թանկագին վերարկուն, քոստյումը և 200 ռուբլի դրամ։ Տկլոր երկրորդ կամերը կիյնա, ուր ավելի փորձառու ընկերներ խորհուրդ կուտան 150 ռուբլի ճարել ու գողերու հետ սակարկության մտնել՝ ապրանքն վերագտնելու համար։ Մեր գողերն գեթ այնքան ազնվություն ունին, որ նախ տիրոջը կհարցունեն, եթե չառավ՝ նոր օտարի կվաճառեն։

Եվ ահա կողոպտված կալանավորը 150 ռուբլի գրպանը դրած գողերու պետին կներկայանա։

- Հը՛, գնե՞լ կուզես քոստյումը, - կհարցնե պետը։

- Այո։

- Բայց ի՜նչ պատվական ապրանք է, իսկը վրայովդ կարված։ Հագիր, փորձիր կուզես։

- Գիտեմ։ Իսկ ի՞նչ պիտի վճարեմ։

- 500 ռուբլի։

- Ի՜նչ կըսեք, ջանըմ։ Հագնված ապրանք...

- Շատ հագնված չէ, և ատոր  մեջ մե՛նք չենք մեղավորը։ Եթե հագնելուդ պես բանտ գայիր, այդ օրը կհանեինք՝ եվ բոլորովին նոր կըլլար։

- 150 տամ։

- Ի՜նչ կըսես, ջանըմ։ Խիղճ ունեցիր։ Այդ գնով եթե տամ իսկ՝ դուն կտանի՞ս...

- Չունիմ, ավելին չունիմ, եթե ունենայի...

- Չունիս, կրնանք ձրի տալ, բայց ա՜յդ գնով ...

Սակարկությունը շատ երկարեց։ Գողերու պետը 50 մը իջավ։ Կողոպտված կալանավորն կուզեր 50 մը բարձրանալ, սակայն դրամ չուներ. ուստի նորեն 150 առաջարկեց, միայն այս անգամ քիչ մը ավելի բարձր ձայնով։

- Շատ աղեկ, - անսպասելի համաձայնեցավ պետը, հան դրամը վճարե, վնաս չկա, օր մը մեզի պետք կուգաս։

Հաճախորդն, որ բնավ չէր ցանկար երբևէ պետք գալ, ձեռքը գրպանը տարավ  հանելու 150 ռուբլին, որն սակայն ... չկար։

------

Ինչպես յուրաքանչյուր մարդ պատվաստվելու է ծաղիկ չհանելու համար. անանկ ալ յուրաքանչյուր կալանավոր նախապես իր հագած զգեստի գինը մուծելու է գողերու գանձարանն ու վկայականն ծոցը դնելու։

Կողոպտվելը ծաղիկեն երկու անգամ ավելի հավանական է։

Այն հարցին, թե երկրորդ անգամ չե՞ն գողցվեր վճարողներու զգեստները, պիտի պատասխանեմ, որ այո, կրնա պատահիլ։ Հիմա քաղաքի բուժարանը յուրաքանչյուր տարի կպատվաստե երեխաները։

Ամենաապահով ձևը զգեստն շտապ մաշելն է։

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter