HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտիս օրագիրը (1936թ, մայիս)

Լեռ Կամսար

(հատված «Բանտիս օրագիրը» գրքից)

սկիզբը

Չորեքշաբթի  2. – Տարի մը առաջ հոս բանտի փոխարեն «ուղղիչ տուն» է կոչվեր, որքան կխորհիմ, չեմ կրնար գիտնալ, թե փոփոխությունն ի՞նչ բանի արդյունք է։

Կնշանակե հիմա կառավարությունը ուղղել չո՞ւզեր, վրեժ լուծելու համա՞ր կբանտարկե մարդոց։ Այս հանգամանքն սաստիկ անհրաժեշտ է գիտնալ մեզի ըստ այնմ վարվելու համար։ Եթե վրեժ կլուծե՝ փոխվրեժի մասին մտածենք, ինչպես օրենք է, իսկ եթե ուղղել կուզե՝ ուղղվենք պատրաստվենք, երեք տարի լրանալուն սպասենք։

Ես, օրինակ, սա վեց ամիս, կարծելով, որ մեզ բռնողները երկրորդ նպատակին կհետապնդեն՝ սկսեր եմ ուղղվել։ Եթե սխալեր եմ՝ թող հայտարարե՝ շտապ ծռվիմ նորեն, քանի լիակատար չեմ ուղղված։

Պլան, ըսել կուզեմ, գործունեության պլան պետք է տա բանտարկյալին։

Կիրակի  6. – Այսօր գրագիտության ու կուլտուրայի մասին մեծ վեճ պատահեցավ և քաղաքակրթությունը մահացու հարված  ստացավ մեր կամերին մեջ։

Երբ Սամսոնը գրել-կարդալու օգուտները հակառակորդին կոնկրետ ցույց տալու համար կըսեր՝

- Սաֆար, տես՝ դուն անգրագետ ես, բայց ազատվել կուզես։ Վիշինսկիին, Կալինինին, հանրապետական դատախազին դիմումներ տալ պետք է։ Ո՞վ պիտի գրե, եթե գրագետ մը չունենանք մեր մեջ։

- Ե՛հ, - առարկեց Սաֆարն արհամարհական ու ինծի դառնալով ըսավ, - Արամն (Լեռ Կամսարը) գրագետ է. հարյուր հիսուն դիմում գրեց չազատվեցավ, իսկ Հարությունը առանց դիմումի ազատվեցավ ու հիմա տունը նստած է...

------

Ըսենք, ես բարբարոսության կողմնակից չեմ, հարկավ, բայց որ Սաֆարի ըսածը իմ մասին տվյալ պարագային ճիշտ է բոլորովին՝ այդ ևս չեմ կրնար ժխտել։

Եթե գրագետ չըլլայի՝ բանտ չէի բերվի։

Հինգշաբթի 10. - ... Ճնճղուկ մը, ա՛խ, Աստված իմ։ Բանտի բակին մեջ մերոնք հևացող ճնճղուկ մը բռնեցին։ Նորեկ 17 տարեկան Արտաշը գորովալիր գրկեց ու կորորեր արևին տակ, աշխարհիս բոլոր ուրախությունները պատճառելու պատրաստ։ Իսկ երբ մեր զբոսանքի ժամանակը լրացավ, և Արտաշը ճնճղուկը գրկած դեպի կամերը կերթար երջանիկ խոստումներ շռայլելով թռչունին, բանտի մուտքին բռնեցի Արտաշը.

- Եթե կուզես գերագույն երջանկությունը  պարգևել թռչունիդ, ներս մի տար, թող տուր անձրևի տակ թևերը թրջին, բակի ճահիճը գլորի ու ցեխերու մեջ իր շունչը

փչե։

Թող տուր մեռնիլ ազատ...

------

Այսօր որքա՜ն ուշ կմթնե։ Ժամացույց ալ չունինք ստուգելու՝ այսօր 13 ժամ չտևե՞ց արդյոք ցերեկը։

Ուրբաթ 11. – Մարդիկ կան բանտին մեջ, որ փաստաբանեն ավելի քաջ գիտեն, թե օրենսգրքի հարյուրավոր հոդվածներեն որն ինչ  հանցանք կնախատեսե։ Ես ընդամեն երեքը հազիվ եմ կրցեր միտքս պահել։ 67-ը, որ սեփական հոդվածս է,

68-ը՝ հակահեղափոխական կուսակցության պատկանել ըսել է, և 142-ը՝ պետական դրամ ուտել։

Ուզենամ օրվա մը մեջ հարյուր հոդված կսորվիմ, բայց ինչի՞ս է պետք. խոմ հարյուրավոր հանցանք չե՞մ գործելու։ Մեկ հանցանք պիտի գործեմ, ան ալ առանց իմ գիտնալուս դատարանն կհայտնե իր ժամանակին։ Բացի այդ, նախքան հանցանք գործելն մեղադրական հոդվածներու ծանոթ ըլլալը այն վնասն ունի, որ հաճախ մարդս կհակե կատարել այդ հանցանքները փորձի համար ճիշտ այնպես, ինչպես  զենքին անծանոթ մը փորձի համար քաշե ատրճանակին փլթակը, գիտնալու համար, թե գործո՞ն է արդյոք զենքը։ Ատկե զատ, առհասարակ, հանցանքներու անուններ գիտնալը լավ բան չէ։

Եկեղեցիին մեջ, հաղորդության ժամանակ 72 հանցանքեն բաղկացած «Մեղա ամենասուրբը» միայն կվնասե ունկնդիրներուն։ «Մեղա ամենասուրբն» դարերու ընթացքին կատարած հանցանքներն են, որ «սուբ հայրերու» բերնովը հետագա մարդկությանը կավանդվեն ... առ ի գործադրություն։

Հետո՝ ինչո՞ւ գոց սորվիմ կոտեքսը, գուցե բաղդս բերեց ու հանցանք չկատարեցի։

------

Ինչպես կերևի դուրսը  անձրևը դադրեր է՝ խոհանոցը մեզի մաքուր ջուր կուտա...

Շաբաթ 12. – Այսօրվա զբոսանքին մրջյուններ տեսա։ Զարթներ են արդեն ձմեռվա քունեն։ Ի՜նչ կենդանի եռ ու զեռ... Բայց... այս ի՞նչ մրջյուններ են, որ քաշեքաշ ներս կտանին փոքրիկ մրջյուն մը։ Բույներնին մեր բանտի տակը կտանի։ Ծո, կմտածեմ. միգուցե՞ մրջյուններն ալ կօգտվին մեր բանտեն իրենց հանցավորներն ուղղելու համար։ Սա՞ ինչ էր։ Այսքան իմաստություն ո՞վ տվավ իրենց։ Կուզեի գիտնալ, նախ՝ ինչպե՞ս հանցանք կգործեն, քանի որ խոսիլ չգիտեն. մեկ ալ՝ ինչպե՞ս է լուծված հոն արտաքնոցային հարցը՝ երբ կարիք զգա՞ն, թե երբ կարգադվե վերեն։

... Ա՜յ քեզ բա՜ն։ Լսեր էի մրջյունները խելացի միջատներ են, բայվ չէի գիտեր՝ այսչափ։

------

Մթնեց։ Ելլեմ անգամ մըն ալ Նորքի դալարագեղ լանջերը դիտեմ պատուհանես ու գամ պառկիմ...

Կիրակի 13. – Չեմ պահանջեր անպատճառ, որ ինծի մատուցվող կերակուրն ըլլա կոտլետ, բիֆշտեքս, տոլմա կամ լուլա քեբաբ։ Թող ըլլա մախոխ, թող ըլլա վռոշ, ոսպնապուր, բայց միայն իր ուրույն համն ունենա։ Գդալի ծայրով համն առնելուն պես ըսես՝ սա մախոխ է, կամ սոուս է։ Վասնզի ամեն կերակուր իր տեղն ունի, փոխնեփոխ ուտելու ժամանակ ամենն ալ թանկ արժեն իրենց տեղը։ Բայց ես ի՞նչ ըսեմ սա Հակոբ բիձային, որն ոչ մեկ կերակուրի մեջ չի ուտվեր ու ինչ կերակուրի մեջ իյնա՝ որպես փայտի կտոր պիտի հանես անդին դնես։

Հետո՝ կերակուրին մեջ ինչքան կուզես յուղ ու միս դիր, եթե աղ չկա մեջը՝ չի ուտվեր։

Կալանավոր մը ունինք մեր կամերին մեջ, որ ինչքան ըսես բարի է, որքան կամենաս մաքուր, օրնիբուն ետևեդ ինկած աղեկություն մը կուզե ընել քեզի, հոգին կուտա ուրիշին օգտակար ըլլալու համար, բայց ալանի է, անտանելի ալանի, սիրտ խառնելու չափ ալանի։ Մարդ մը, որուն գովասանքը հայհոյանք կուգա քեզի, բարությունը գարշելի, օգնությունն զզվելի։ Մարդ մը, որուն ամենամեծ բարիքը իր բացակայությունն է։

Չեմ գիտեր, Աստվածաշունչին մեջ չի՞ գրված, թե Աստված, երբ Ադամն թուքե ու կավե կստեծեր, աղ ցանե՞ց խմորին, թե ոչ։ Կկասկածեմ։ Ավելի հակված եմ կարծելու, որ հետագային, երբ առաջին մարդն դրախտեն արտաքսվելով «իր ճակտի քրտինքովը» իր հացը վաստկեց՝ նոր աղիացավ, շնորհիվ քրտինքի աղային հատկությանը։ Հավանական կտեսնեմ, որ արտաքսվելու ատեն Եվայի թափած արտասուքի մեջ ալ աղ չըլլար։ /Ըսենք կնոջ արցունքի մեջ առհասարակ աղ չկա/։

Չորեքշաբթի 16. – Բավական երկար կարողացա ծածկել  իննքնությունս կամերականներեն։ Բայց այն օրվնե,երբ հայտնի եղավ, որ գրող եմ, սկսվեցավ սարսափելի տանջանք ինծի ու կամերականներու համար։

Երևակայեցեք մարդիկ, որք ամիսներով ապրեն բաց լուսանկարչական ապարատի դիմաց և դողան անվայել նստվածքով մը նկարվելու վախեն։

Կարծելով, որ իրենց կյանքն է, որ գրի կառնեմ, և յուրաքանչյուր պակասությունն կրնա հավերժացվել իմ կողմես՝ կամերականները ինծի կմոտենան միայն տոնական պատրաստությամբ։

Անոնք միայն քաջ են կռվի մեջ, միայն ազնիվ ընկերի հանդեպ։ Մեկը կա, որ իր ողջ կյանքին մեջ տակավին ձեռք բարձրացուցած չունի իր կնկա վրա։ Գևորգը եթե չըլլար, վեց հոգի պիտի այրվեին փայտեղեն շենքին մեջ։ Մեսրոպը միա՛յն տեղ հասավ ութը հետախույզներեն /1918 թվին/։ Ամբողջ 16 հոգի չորրորդ կամերը եղած ժամանակ Սահակի ծխախոտն են ծխեր։ 1926 թվին Թիֆլիսի բանտեն ազատվելու պահին Խաչիկը իր վերջին փոխնորդներն ընկերներուն բաժնեց ու ինքը ձեռք մը փոխ վերցուցած զգեսով տուն գնաց։

Վերջապես, ի՞նչ երկարեմ, ողջ կամերը «Աբիսողոմ աղա» դառնալով գլխիս՝ «սպասավորներու», «բադերու» և «սագերու»  փոխարեն սրտոտություն, առատաձեռնություն և վեհանձնություն կփռին առջևս։

Ցերեկով իր կյանքն պատմող կալանավորը, մեյ մըն ալ տեսար, գիշերը կողս մշտեց.

- Մոռցա պատմելու, որ ավազակները, երբ Սարիղամիշի մոտ մեր սայլը կեցուցին, ատրճանակս բեռանս մեջ էր. թե չէ հնա՞ր կար մեր կողոպտվելու։ Այս փորձանքեն ետք չեմ գիտեր որքան եմ քներ, ուրիշ մը կփսփսա ականջիս.

- Բայց անկեղծ հավատացեք, որ այդ սպանությունը կատարած եմ, առանց աչք ունենալու իր կնոջ վրա։

Ամբողջ օր «անկեղծ խոստովանությունեն» աչք չեմ բանար։ Այն հանցավորներ որք «հինգ կամ տասը տարվա բանտարկութենեն» չեն վախնար՝ այլ միայն «պատմության դատաստանեն կքաշվեն»՝ ինծի կուգան։ Ես ալ կարդարացունեմ բոլորին, վասնզի «պատմությունը» բանտ չունի։

Անանկ մարդիկ կառաջարկեն գրել իրենց պատմությունը, որոց պատմությունները արժանի են միայն ու միայն չգրվելու։

Տե՜ր Աստված, ասանկ ալ փորձա՞նք։

1936թ., մայիս

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter