HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բանտիս օրագիրը» (Հետ գրություն)

Լեռ Կամսար

 («Բանտիս օրագիրը» գրքի վերջին հատվածը)

Սկիզբը 

Քանի պետությունն ինձ ճնշէ՝ ժողովուրդն այնքան իր գնահատանքն ու սէրը կավելցունե իմ  նկատմամբ, շնորհակալ եմ այդ կողմանէ։ Սակայն, ի՞նչ ժողովուրդ մնաց, որու գնահատականը լսելով հպարտանամ ես։  Այն մարդիկ որոց գնահատականն լսել կուզէի՝ հիմա չկան, ավա՜ղ. մեռան բոլշևիկյան բանտերում, աքսորներում և կառափնարանում։ Մնացին մարդիկ, որոց երեսի մասը եթէ քիչ մը քերես՝տակէն խուժան կամ գրպանահատ դուրս կելնէ։

Իսկ այն կոմունիստ քննադատները, որք ծածուկ, բանավոր կգովաբանեն զիս, բան մը չարժէն, վասնզի անոնք նույն բերանով կգովեն նաև սովետական գրողներուն։

Գէթ իմ մասին խոսած ատեննին բերանները ողողեին            մաքուր ջուրով...

                                                  ------------        

Մինչև իմ կյանքի երեսուն տարին տառապել եմ երկընտրանքից՝ ապրե՞լ, թե դատել, դատե՞լ, թե ապրել։ Բայց երբ բոլշևիկներն եկան աշխարհ, տառապանքս վերջ գտավ միանգամից։ Դրանից հետո մարդն, ինչպես գիտեք ոչ դատում, ոչ ապրում է, այլ ընկած գլխիկոր գնում է Լենինի և Ստալինի ետևից, ինքն էլ չիմանալով, թե ո՞ւր են տանում իրեն...

                                                                                      Լեռ Կամսար 

  Հետ գրություն

(«Բանտիս օրագիրը» գրքի վերջին հատվածը) 

Երեքշաբթի 17. – Այսօր լրացավ իմ աքսորանքին 12-րդ տարին։ Տասներկու տարի առաջ, ճիշտ այս օր ինծի բանտիս կամերայեն հանեցին, բերին հատուկ տեսակցության հարմարցուցած այն սենյակը, ուր  «հանցավորները» Սիպիր աքսորելե առաջ վերջին տեսակցությունը կուտան իրենց հարազատներուն։

Կինս, երեք փոքրիկ երեխաներս սպռած կեցած են բարձր ու լայն սեղանի այն կողմը։ Ես «օրինական» հեռավորության վրա աչքերս կրցածիս չափ կճոռթեմ նայելու այն փոքրիկներիս, որոց գուցե հավիտյանս չտեսնեմ։ Կինս բան մը կուզե ըսել, բայց չի կրնար։ Անիկա գրպանեն կհանե 50 ռուբլի դրամ և կմեկնե տեսակցության հսկիչին, որ ինծի տա։

- Վերջին խնայողությունս, - հազիվ կարտասանե կինս սեղանի մյուս ծայրեն և կուլա։

Հսկիչն ըստ ձևի գազան, բայց ըստ էության «մարդ» կերևա ինծի։ Կդառնամ իրեն շատ անվստահ.

- Ընկե՛ր, գուցե թույլ տաք վերջին անգամ համբուրել փոքրիկներիս...

Անիկա պահ մը մտածեց, ապա զգուշության համար շրջապատը և դռնեն դուրս նայեց ու ըսավ.

- Պայմանով միայն, որ յուրաքանչյուրին մեկ անգամ միայն համբուրես, և այդ բոլորը ակնթարթ մը քաշե. այլապես եթե բռնվեմ՝ այլևս փրկություն չկա ինծի։

Այնպես ըրե, որ պետությունն ալ չտուժե։

Ու սաստիկ վախով ճամբա տվավ, որ ընտանիքիս մոտենամ։

Երբ գրկեցի առաջին փոքրիկիս, մոռնալով խոստումս, աշխարհի բոլոր օրենքներն ու պետությունները, սկսեցի տեղատարափ համբուրել։

- Բավ է, բավ է, խղճա ինծի, ես ալ երեխայի տեր եմ, - կձայնե հսկիչս սարսափի ու հուզմունքի մեջ ալեկոծ։

Բայց իզուր, հրացանեն դուրս թռած գնդակն այլևս ետ չի դառնար...

Վերջեն, երբ պետական բոլոր օրենքներն խախտելով կարոտս առեր էի, նայեցա՝ հսկիչիս երեսը գույն չէր մնացեր, հազիվ ուժ ունեցավ արտասանելու.

- Քաղաքացի՛ կալանավոր, ինքդ դատե, եթե ամեն աքսորական իր ընտանիքին այսպես անխնա համբուրե, մեր պետությունը կրնա՞ դիմանալ։

Վերջն, ի՞նչ երկարացունեմ՝ եղածն եղած էր։

Ես երեք տարի «հեռավոր աքսոր» գացի։ Երբ հեռավորն ավարտեցի, անկե վերջ բերին ու հիմա «մոտավոր աքսոր» ղրկեցին։ Հիմա «մոտավոր աքսորիս» իններորդ դասարանն եմ, տասնամյակն ավարտեմ, նայինք վերջն կառավարությունը աքսորի ո՞ր կուրսերը կղրկե՝ «մշտական աքսորականի» կոչում տալու համար։

Պարտքս կհամարեմ ըսել, որ ներկա աքսորիս հսկիչս, նորեն մարդկային բաներ ունի մեջը։ Տարին անգամ մը թույլ կուտա, որ տունս երթամ և տեսնեմ ընտանիքիս, պատվիրելով, սակայն, որ կարճ, շատ կարճ տեսնվեմ։

Կպատահի, որ երբեմն անսաստելով հսկիչիս պատվերը՝ երկար կտեսնվեմ ու երբ աքսորավայրս վերադառնալով կտեսնեմ, որ պետությունը չի կործանվեր տակավին, գոհունակությամբ կըսեմ ինքս ինծի.

- Չէ՜, մեր պետությունը արդեն ամրացեր է, կարելի է անխնա տեսնվել ընտանիքի հետ...

                                                                                                     1947 թ.

 

Չորեքշաբթի 22. – Քաղցր բան է երազը, մանավանդ, որ քեզ տանում է նախասովետական օրերը, երբ դու էլ մարդ էիր։ Փողոցով անցնելիս բոլորը մատով ցույց էին տալիս քեզ, չմնացած գովասանքը շռայլելով,  չափազանցված հարգանքով շրջապատում  էին քեզ. դու էլ ինչքան էլ համեստ ես, այնուամենայնիվ չէիր կարող չուռել, չփքվել ու գոհունակությամբ շուրթերդ չլիզել։

Բայց երազը երկսայրի է։ Մեկ էլ տեսար ծռեց իր ճամփան, խլեց քեզ ընտանիքիցդ ու տաքուկ սենյակիցդ, տարավ Չեկա, գցեց մութ նկուղների պաղ ցեմենտի հատակի վրա, սև ու կեղտոտ ոջիլները ծվարեցին վրադ ու կծի՛ր, որ կկծես։ Այսպես յոթանասուն օր, որից հետո վեց ամիս բանտը։

Սա դեռ պատիժը չէ, պատժի նախերգանքն է։             

Սա այն է, ինչ Թումանյանի « Շունն ու կատուի» մեջ Քեռի քուչին կատվի բերած մորթին «ցրցամ է» դրել, որ հետո նրա համար գլխարկ կարի։

Այս նախնական տանջանքներով պետությունը քեզ «ցրցամ» է դրել, որ դատարանում անձիդ հարմար հանցանք կարի ու քեզ հեռավոր հյուսիս քշի։

Եվ ահա դու կանգնած  երեք կատաղած զինվորականների առաջ, դռնփակ դատվում ես։

Այնտեղ այդ երեք զինված հրեշներն են, դու՝ ու քո Աստվածը։

Մեջտեղի նստողը հանում է ատրճանակը պատյանից, դնում սեղանին ու դառնալով քեզ ասում.

- Խոստովանի՛ր հանցանքդ։

- Ես հանցանք չունեմ...

- Չունե՞ս, - բղավում  ու վերցնում է ատրճանակը...

- Ունեմ, ունեմ...

Դու երկար մտածում ու ոչ մի հանցանք չես ճարում։ Հետո ասում ես.

- Ես չգիտեի, հանցանք գտնելն էլ մեր պարտականությունն էր. կարծում էի դուք կմեղադրեք ու կպատժեք։

Այդ միջոցին քննիչի աջ կողմ նստողը տեսնելով քո հուսահատ անմեղությունը, խղճում է քեզ և դառնալով գլխավոր քննիչին ասում.

- Ինչպես երևում է իրոք հանցանք չունի, մի պատրաստի հանցանք տանք թող ընդունի, դատենք գործը վերջացնենք։

Ապա դառնալով քեզ հարցնում է.

- Գնդակահարվե՞լ ես ուզում, թե քսան տարով աքսորվել։

- Քսան տարով աքսորվել։

- Լավ, այն ժամանակ քեզ կհամարես ֆաշիստ։ Ու որպեսզի չմոռանաս այդ բանը, լավ կանես մի տեղ նշես։ Եթե ոչ՝ կարող է հանկարծ հանցանքդ  մոռանաս՝ ստիպված լինենք նորից կանչենք դատենք։ Ուրեմն, դատը վերջացավ, մնաց ծեծը։ Այս րոպեիս վախտյորը կկանչենք քեզ մի քիչ ծեծի՝ այն ժամանակ ազատ ես աքսորվելու։

Ու վերցնելով հեռախոսը վախտյոր է կանչում։

Հայտնվում է մի գազան՝ հաստ փայտը ձեռքին ու ասում.

- Ուժ չմնաց թևերումս, ընկեր դատավոր, առավոտից մարդ եմ ծեծում։ Խնդրել եմ ձեզ օգնական տալ ինձ. մինչև կեսօր ես ծեծեմ, կեսօրից հետո՝ օգնականը, որ ծեծը էֆեկտ ունենա։ Իմ առավոտյան ծեծածները անպայման մեռնում են, որովհետև ուժ ունեմ թևերումս։

- Ներկա կալանավորը չի մեռնելու, քսան տարով պիտի աքսորենք։ Քեզ հարկավոր է միայն այնպես ծեծել, որ քսան տարում չմոռանա։

- Այդքանը կարող եմ, - ասում է մարդն ու սկսում է ծեծել քեզ։

Բայց դու ոչ թե քսան տարում, այլ հենց առաջին հարվածը, որ իջավ գլխիդ՝ կանգնած տեղդ էլ կմոռանաս։ Տանջարանիդ դռները կբացվեն առաջիդ և ուր ուզես՝ կերթաս...

Ա՜խ, օրեր...

Երբ վերջապես աչքդ բացիր՝ հեռավոր հյուսիսում ես արդեն։ Վեց ամիս ցերեկ, վեց ամիս գիշեր։ Ցուրտ ու բուք այն աստիճան, որ խոսելիս չես կարող այնպիսի բառ  արտասանել, որի մեջ «ա» տառը լինի՝ անմիջապես բուքը բերանդ լեցվելով քեզ կխեղդի։

Հազարավոր ընկերների հետ թափված եք մինչև պորտը ձյուն, ամայի անտառում։ Պիտի ինքներդ ծառերը կտրեք, բնակարան կառուցեք ու ապրեք մեջը։ Դու ամիսներով ձյունախառն ճահիճների մեջ քայլելով ուժասպառ ես ու մի օրվա հանգիստ ես խնդրում։

- Հանգի՞ստ,- բղավում է ուզբեկ նարյադչիկը ճիպոտը ձեռքին,- չաշխատես օրապահիկդ հացը չես ստանա։

- Կաշխատե՛մ, կաշխատե՛մ, տուր կացինը, - կասես դու վախենալով ոչ թե սովամահությունից, այլ նրանից, որ մեռնելիս քեզ կծածկեն սառցակոշտերով, որի հետևանքով ամառները դիակդ պիտի լողա ճահճացած ջրերում, իսկ ձմեռները դառնա սառույցի բաղկացուցիչ մի մասը։

Ա՜խ, օրեր...

Առաջին գիշերը պառկում ես ձյունի վրա։ Որովհետև վերմակդ բարեխառն գոտում է պատրաստված, բևեռային գոտու համար կարճ է գալիս, ու երբ առավոտն արթնանում ես՝ տեսնում ես ոտներդ չկան, նրանք վերմակից դուրս մնալով սառել են ու սկսում ես ձյունով շփել կենդանացնելու համար։

Ահա ճիշտ այդ միջոցին հրաման է գալիս Մոսկվայից նոսրացնել կալանավորներին։

Իսկ աքսորի վարչությունը ժամանակ չունի մեկիկ-մեկիկ հանցանքներ ճարել կալանավորների համար, որպեսզի գնդակահարի։ Այդքան բազմահազար կալանավորներն էլ մի հանցանքով գնդակահարելը անհարմար է. դա ցույց կտա սովետական օրենսգրքի աղքատությունը։ Մեղադրանքը պիտի բազմազան լինի։ Այդ պատճառով էլ ամեն առավոտ շարք եք կանգնում բոբիկ ոտներով ձյուների վրա. առաջին օրը՝ հաշվում, տասից մեկը գնդակահարում, երկրորդ օրը՝ իննից մեկը. երրորդ  օրը՝ ութից մեկը, մինչև հասնում են երկուսից՝ մեկ...

Դու երջանիկ մեկերի շարքում ես, ողջ ես մնում, որ գաս պատմես մարդկությանը, թե ինչպես Սովետական Միությունում հանցանք է առաջինից զատ մյուս բոլոր թվերը լինել։ Որպեսզի ապագա մարդկությունը  ընկածների վրա մի օր արձան կանգնեցնելիս գրի՝ մեռան, շարքի մեջ ութերորդ, իններորդ լինելու համար։

Ու թող կործանվի այն օրը, երբ մարդիկ թվաբանություն հնարեցին։

Սովետական կառավարությունը այսօր տասի սահմաններում գնդակահարեց՝ որովհետև իշխում է միայն երկու հարյուր միլիոն բնակչության վրա. երբ դարձավ համաշխարհային՝ վայն եկել է աշխարհին տարել։ Այնքան աշխարհում այլևս մարդ չի թողնի, որ մազապուրծ ազատված մարդկանց պիտի բաժանի կոտորակների, առաջին օրը նրա աջ մասը գնդակահարի, երկրորդ օրը՝ ձախ... որ անելիք ունենան։

------

Աշխարհում չկա մի կենդանի, որ վագրի ճանկերում պատառոտվելիս փառաբանի իր գիշատչին։

Իսկ սովետական ժողովուրդը Ստալինին փառաբանելով փողոտվեց։

Ժողովուրդը այդ գազանի երախում փառք տվեց և փառք տալով էլ իջավ նրա ստամոքսը...

Ա՜խ, օրեր...

 «Կարմիր օրեր»                       
  
Նոյեմբեր, 1961թ.

 

Սիրելի «Հետք», ահա այս սրտաճմլիկ «Հետգրությունով» էլ ավարտում եմ «Բանտիս օրագիր» շարքը:

1936թ. հունիսի 4-ին նոր կարգադրությամբ բանտարկյալներից վերցնում են թուղթն ու թանաքը և արգելում գրել: Օրագրության վերջին նախադասությունն է. «Վերջացնելով հուշատետրս՝ այսուհետև բանտարկվեմ անգիր...»: Այս արգելքից շատ չանցած Լեռ Կամսարին  Երևանի Կենտրոնական բանտից տեղափոխում են Սիբիր՝ Վորկուտա... Գրքում Հետգրությունը ավելացված է, որ հասկացվի բանտարկյալի հետագա ճակատագիրը:

Ժողովածուն ընդգրկում է նաև հեղինակի կենսագրությունը մինչև բռնադատումը և ՊԱԿ-ի վարույթի թղթապանակը, որին, ի դեպ, անկախացման հենց առաջին տարիներին «Հայաստանի հանրապետություն» թերթում անդրադարձել է Էդիկ Բաղդասարյանը: Երբ իմացա, չեք պատկերացնի ինչպես էի վախենում, որ Լեռ Կամսարն էլ չդիմանալով կտտանքներին, կարող էր անդառնալի կերպով արատավորած լիներ իր պատիվը: Երբ Էդիկն ասաց մաքուր է՝ քար ընկավ սրտիցս: Մտքումս պարծեցա, ասելով. «Ա՜խր ես գիտեմ, պա՛պ, թե ի՜նչ շշմելու տղա ես եղել»:

Սիրելի ընթերցող, շնորհակալ եմ ձեզ սրտացավ արձագանքների և աննախադեպ հետաքրքրության համար: Համացանցում բազում հարցադրուներ եմ ստացել, որը պարբերաբար կփորձեմ լուսաբանել: Էնպես չի, որ ես  ամեն ինչ գիտեմ այս զարմանալի համարձակ գրողի մասին: Իմ ուսումնասիրություններն ինձ հասցրել են  մոտավորապես Կամսար Լեռան լանջին...

Դեպի լյառն «Կամսար վսեմագույն գագաթը» (ես չեմ ասում՝ Նորայր Ադալյանի որակավորումն է) դեռ շատ հաղթահարելիք մղոններ կան...                                                                                                      

Վանուհի Թովմասյան

Մեկնաբանություններ (3)

aa
Hayrs patmum er vor Basargechari Torfi hanqerum ashxatelis tesel e Ler Kamsarin u mek-mek nra katakneriz er patmum, apsos yerexa ei u hima chem hishum.
Էդիկ Բաղդասարյան
aa-ին- Իսկ կա որեւէ մեկը որ գիտի թե Տորֆավանում ո՞ր տանն է ապրել Կամսարը:
aa
Էդիկ Բաղդասարյան-in Տորֆավանում kan mi qani shinutyunner ayd zamanakneriz u hima el bnakezvaz en. Bayz inchqan gitem naev BARAQner el en yexel u shat havanakan e vor Kamsar@ aprel e Baraqum. Shenqerum der aprum en tarez u banimaz mardik voronq karox en vorosh baner hishel. Zavoq yes hima hayastanum chem vor aveli shat ban imanam u haytnem dzez.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter