HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Գորգագործությունը Հայաստանում

Հայկական գորգը միջազգային շուկայում թանկացել է 40 տոկոսով

Հայաստանում աշխատող սակավաթիվ գորգագործական արտադրամասերից մեկի տնօրեն Մխիթար Սիմոնյանն ասում է, որ գորգագործությունը Հայաստանում վերանալու շեմին է: Սիմոնյան եղբայրների «Աիդա Սիմոնյան» ՍՊԸ-ն գործում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում:

Արտադրամասն ունի 150 աշխատատեղ, բայց հազիվ 40 գորգագործ է հավաքվում, այն էլ` ձմռան ամիսներին, երբ մարդիկ պարապ չմնալու համար գալիս են աշխատանքի: Ամռանը նրանք գերադասում են հող մշակել եւ անասուն պահել: Գորգագործի միջին աշխատավարձն ամսական 30 հազար դրամ է: Ուրիշ աշխատանք Ճամբարակում գրեթե չկա:

«Մենք չենք կարողանում խրախուսել գորգագործությունը: Ճամբարակում տասնյակ գործազուրկ գորգագործ կանայք կան, որոնք չեն ուզում գալ այստեղ, մենք էլ չենք կարողանում այն չափով վարձատրել, որ չափսոսան այստեղ անցկացրած ժամանակի համար»,- ասում է «Աիդա Սիմոնյան» ՍՊԸ-ի տնօրեն Մխիթար Սիմոնյանը:

Այս գորգագործական արտադրամասը բացվել է 2006 թվականին, բայց ղեկավարների ասելով` մի կերպ է գոյատեւում եւ փակման շեմին է: Նրանց հիմնական պատվիրատուն «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ընկերությունն է, որը գորգերը 90 տոկոսով արտահանում է Միացյալ նահանգներ, իսկ 10 տոկոսը` վաճառում Երեւանում. գնորդները բացառապես արտասահմանցիներ են: Դրամի եւ դոլարի տատանումների պատճառով արտահանող ընկերությունը գորգը թանկացրեց 40 տոկոսով: Արտասահմանում գորգի դիմաց ստացած դոլարն այլեւս չէր փակում դրամային արժեք ունեցող ծախսերը: Գորգի ինքնարժեքն ավելի թանկ է, քան նրա վաճառքից ստացված գումարը: Միջազգային շուկայում գորգերի գինը վերջին մի քանի տարիներին կայուն է, իսկ հայկական գորգը թանկացել է 40-50 տոկոսով:

«Արտաքին շուկան ողողված է գորգերով` էժան, թանկ, որակով, անորակ, մի խոսքով` լիքն են: Ու եթե գնորդը հայկական գորգ գնելու հատուկ նպատակ չունենա, նա կկարողանա գտնել նույն որակի ավելի էժան ապրանք: Մենք էլ ինչպե՞ս մրցակցենք: Պատվիրատուն համաձայն չէ մեր գնի հետ, իսկ մենք ուրիշ տարբերակ չունենք: Կամ պիտի թանկացնենք, կամ պիտի փակվենք: Բայց որ թանկացնենք, էլի գուցե մնանք անգործ ու վերջում փակվենք»,- եզրակացնում է արտադրամասի տնօրենը:

Այդպես եղավ 90-ականներին հիմնված «Սահակյան գորգեր» արտադրամասի դեպքում, որը 2005 թվականին իր դազգահ ները վաճառեց «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ընկերությանը եւ վերջնականապես դուրս մնաց շուկայից: Նման ճակատագիր ունեցան մի շարք փոքր գորգագործական արտադրամասեր եւս: «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ընկերությունը Հայաստանում գործում է 1994 թվականից: Այս ընկերության պատվերներով Հայաստանում շարունակում են աշխատել երեք արտադրամասեր` Ճամբարակում, Լճաշենում եւ Կարմիր գյուղում: Այլ պատվիրատուներ այդ հիմնարկները չունեն: Գորգերը բացառապես ձեռագործ են: Արտադրամասերից դրանք բերվում են Երեւանի կենտրոնական գրասենյակ, վերջնականապես մշակվում եւ արտահանվում Միացյալ նահանգներ, որտեղ վաճառվում են տարբեր նահանգներում գտնվող խանութ-սրահներում` Դալլասում, Չիկագոյում, Նյու-Յորքում, Կալիֆոռնիայում:

«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ընկերության գլխավոր տնօրեն Արման Գրիգորյանը նշում է, որ ընկերության գորգերի վաճառքը վերջին երեք տարում կրճատվեց երկու անգամ: «Եթե երկու-երեք տարի առաջ մենք արտադրում եւ արտահանում էինք ամսական 800-900 քմ, նույնիսկ 1000 քմ գորգ, հիմա մեր արտադրության եւ արտահանման ծավալները 2 անգամ նվազել են: Մենք արտադրում եւ արտահանում ենք 300-400 քմ գորգ ամեն ամիս»,- ասում է Արման Գրիգորյանը:

«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ընկերությունը գորգի ինքնարժեքը նվազեցնելու ուղիներ է փնտրում: Նրանք փնտրում են բրդի եւ թելի նոր մատակարարներ եւ ներկրողներ: «Եթե նախկինում մտածում էինք, որ թելի համար բուրդը մեր գյուղացիներից գնենք, հիմա դա մեզ համար շռայլություն կլինի»,- ասում է Ա. Գրիգորյանը: Ճամբարակում գործող գորգագործական արտադրամասի տնօրեն Մխիթար Սիմոնյանը վստահեցնում է, որ կարող են իրենց ուժերով գորգը հասցնել վերջնական վաճառքի տեսքի, բայց վստահ են նաեւ, որ երբեք չեն կարողանա այն վաճառել արտասահմանում: «Մեր գորգն արտասահմանում վաճառվում է, որովհետեւ կրում է «Թուֆենկյան» առեւտրային ապրանքանիշը, այլապես մենք եւ մեր նմանները չենք կարող դուրս գալ արտաքին շուկա եւ մեր ձեռքերով գործած գորգը վաճառել նույնիսկ ինքնարժեքի կես գնով»,- ասում է պրն Սիմոնյանը:

Մխիթար Սիմոնյան Արման Գրիգորյան Իրինա Ղալեչյան

Արծվաշենի գորգագործուհիներն անգործ են

Ճամբարակի հիմնական գորգագործուհիները 1992 թվականին Արծվաշենից գաղթած կանայք են: Խորհրդային շրջանում Արծվաշեն գյուղում գործել է «Հայգորգ» պետական ձեռնարկության մասնաճյուղերից մեկը: ԽՍՀՄ-ի փլուզումից եւ ադրբեջանցիների հարձակումից հետո արծվաշենցիները գաղթեցին Ճամբարակ, Վարդենիս եւ Աբովյան: Իսկ «Հայգորգի» երկհարկանի շենքը քանդվեց, հիմնարկի պահեստներում պահված հարյուրավոր գորգերը թալանվեցին: Արծվաշենի կանայք իրենց մայրերից եւ տատիկներից են սովորել գորգ գործել: Նրանց գերակշիռ մասը տասնյակ տարիներ աշխատել է «Հայգորգում»:

«Ամոթ բան էր, եթե որեւէ կին կամ աղջիկ Արծվաշենում գորգ գործել չիմանար: Եթե նույնիսկ «Հայգորգում» չաշխատեին, միեւնույն է, տանը դազգահ ունեին եւ գործել գիտեին»,- ասում է Արծվաշենի նախկին բնակչուհի, գորգագործուհի Իրինա Ղալեչյանը:

1992 թվականի օգոստոսի 6-ին, թողնելով ամեն ինչ, արծվաշենցիները հայկական ամենամոտ տարածք` Ճամբարակ գաղթեցին: Եկան երեք օրից վերադառնալու հույսով, բայց այդպես էլ մնացին` արդեն 15 տարի: ««Հայգորգն» աշխատել է մինչեւ վերջին օրը: Երբ սկսում էին կրակել, մտնում էինք նկուղները եւ թաքնվում, հենց կրակը դադարում էր, նորից էինք նստում դազգահների մոտ ու գործում»,- պատմում է Իրինան: Երբ գյուղը հանձնեցին, Արծվաշենում մոտ 750 տնտեսություն կար, 3000 բնակիչ: Ճամբարակում պետությունը գաղթածներին վարկ տվեց, որով նրանք գնեցին մալականների տները:

«Հնում մարդիկ խալին կափսոսեին... Խալին հին ժամանակներում բացված գիրք է եղել, մարդիկ իմաստ են դրել մեջը, իսկ հիմա շատ հաճախ գեղեցկություն է, հարստություն: Խալիներով նաեւ պատմություն էին պատմում, բայց ոչ բոլորն էին կարողանում կարդալ: Իմ նախնիների կանայք հիշողությամբ էին գործում: Հնում արծվաշենցի կանանց գործած գորգերը ոսկով են առել, թեպետ գորգագործուհիների մեծամասնությունն անգրագետ կանայք են եղել»,- պատմում է Իրինան : Արծվաշենցի գորգագործուհիների շատ քիչ մասն է աշխատում Ճամբարակի գորգագործական արտադրամասում: Նրանք գերադասում են դաշտում կամ այգում աշխատել. գորգագործությունն այլեւս ապրուստի միջոց չէ: Այդ կանայք այլեւս չեն ուզում, որ իրենց աղջիկները գորգագործություն սովորեն:

Հայկական գորգագործության առանձնահատկություններից մեկն այն է, որ արեւը, աստղերը, կենդանիները, բույսերը, մարդիկ, վիշապները, թռչունները եւ օձերը խորհրդանշական նախշերով են պատկերվում: Իսկ արաբական, պարսկական կամ թուրքական գորգերի վրա պատկերներն իրենց տեսքով են նախշվում` առանց խորհրդանշական նախշերի:

«Հնում մարդիկ գորգերը պատին էին կախում: Համարյա բոլորի տներում այդպես էր: Գորգերը հայերի կյանքում այն դերն ունեին, ինչ սրբապատկերներն ուղղափառների համար: Գորգերը սրբության պես պահում էին: Իմ նախնիները հավատում էին, որ այդ խալին հաջողություն եւ բարիք է բերում տուն: Բնականաբար, նրանք չէին կարող այն գետնին կամ սեղանին գցել, գետնի համար կարպետներ էին գործում, որոնց վրա չկային Աստծուն կամ լույսը խորհրդանշող նախշեր: Բայց գորգերն ամեն մի պատին չէին կախում, այլ միայն գլխավոր, որոնց վրա նաեւ զենք էին կախում, հետո էլ` նախնիների նկարները»,- պատմում է Իրինան:

Հայկական գորգի ամենահայտնի նախշերից է վիշապը: Վիշապ պատկերած գորգը վիշապագորգ են ասում: Վիշապը հայկական բանահյուսության մեջ չի համարվում բարի կամ չար, այն տարերք է, որը կարող է եւ՛ բարի լինել, եւ՛ անողոք: Վիշապի պատկերը խորհրդանշական է: Նրա խորհուրդը տունը պաշտպանելն է: Վիշապները պատկերված են լինում գորգի ծայրերին, բայց ոչ կենտրոնում: Դրանով մարդիկ ցանկացել են ասել, որ վիշապները պաշտպանում են երկրի սահմանները, որի կենտրոնում գրեթե միշտ խորհրդանշական արեւն է եղել պատկերված:

«Մեր պապիկն ամբողջ կյանքում զբաղվել է հնաոճ գորգերի առք ու վաճառքով: Պապիս ասում էր, որ կովը, արծաթյա գոտին եւ գորգը հավասար հարթության վրա գտնվող հարստություններ են եւ նույն արժեքն ունեն: Պապիկիս ժամանակներում կանայք հիշելով են գորգ գործել, դրա համար էլ ամեն մի գորգ եղել է անկրկնելի արվեստի նմուշ: Հիմա, եթե նույնիսկ ձեռքով են գործում, միեւնույն է, արտադրություն է, որովհետեւ նկարով են գործում, եւ բոլոր խալիները նույնն են ստացվում»,- ասում է Մխիթար Սիմոնյանը:

Հայկական գորգերը հնում անուններ են ունեցել` Վիշապագորգ, Թավրիզ, Բայազետ, Վասպուրական, Ծառագորգ, Զանգեզուր, Ղարաբաղ, Դվին, Շիրակ, Լոռի, Տարոն, Անի` ըստ նախշատեսակների եւ տարածքների, հիմա գորգերին անուններ չեն տալիս, միայն համարակալում են:

«90-ական թվականներին շատ հայեր չնչին գներով վաճառեցին տանը եղած գորգերը: Դրանով մենք կորցրեցինք մեր արվեստի պատմության մի մասը»,- ասում է գորգագործուհի Իրինա Ղալեչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter