HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Մինչեւ ո՞ւր են հասնում Եվրոպայի սահմանները

Հազիվ թե այսօր որեւէ մեկը լրջորեն հարցնի` «Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ ոչ»։ Հարց, որի շուրջ բանավիճում էին անկախության առաջին տարիներին, եւ որը վաղուց կորցրել է հրատապությունը։

Ավելի թարմ է հետեւյալ ձեւակերպումը. «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին», որը Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի մի քանի տարի առաջ կազմակերպած միջազգային խորհրդաժողովի (եւ այնուհետեւ տպագրված հատորի) խորագիրն էր։ Ի տարբերություն հարցի, որը ենթադրում էր դրական պատասխան` հիմնված որոշակի պատմական, մշակութային եւ այլ նախադրյալների վրա, երկրորդը չունի նման հավակնություն, բայց դարձյալ լռելյայն ենթադրում է Հայաստանի` Եվրոպա մտնելու ինչ-ինչ հնարավորություններ։

Իհարկե, ճանապարհի փոխաբերությունը անբացահայտ կերպով հուշում է հասարակության արդիականացման-զարգացման գաղափարը, որը ավելի բնութագրական է արդիության դարաշրջանի, քան ներկա իրադրության համար։ Ես կուզեի հավատալ, որ Հայաստանը Եվրոպայի ճանապարհին է, որ մեր երկիրն ինչ-որ հայտնի ուղղությամբ ճանապարհ է ընկել, որ կան մարդիկ, որոնք գաղափար ունեն այդ ճանապարհի մասին… Բայց, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ, եթե Հայաստանի հեռանկարին վերաբերող հարցը (քանզի այդ արտահայտությունները, անկախ ձեւակերպման տարբերություններից, վերաբերում են երկրի ապագային) զետեղվեր ավելի ընդարձակ համատեքստում, որտեղ հաշվի կառնվեին տարածաշրջանում գլոբալացման ընթացքի ինչ-ինչ ազդեցություններ ու դրսեւորումներ։ Չունենալով բազմակողմանի եւ խորը վերլուծության հավակնություններ` կփորձեմ, այնուամենայնիվ, նշված տեսանկյունից որոշ մանրամասներ ավելացնել այս հարցադրմանը կամ, ավելի ճիշտ, նկարագրական հաստատմանը` միաժամանակ փոխելով «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» ձեւակերպումը մեկ ուրիշով` «Հայաստանը Եվրոպայի լուսանցքում», որտեղ լուսանցքը, լինելով մեկ այլ փոխաբերություն, թե՛ աշխարհագրական, թե՛ սոցիալ-մշակութային իմաստ ունի, բայց ոչ` անպայման բացասական։ Այն չի սպառվում «մարգինալություն» բառի ընդունված նշանակությամբ, այլ ավելի բազմիմաստ է, եւ այդ մասին կխոսվի ավելի ուշ։ Ամեն դեպքում, այս արտահայտությունը հաշվի է առնում թե՛ այն հանգամանքը, որ արդեն քանի տարի Հայաստանը Եվրախորհրդի անդամ է եւ բազմաթիվ ձեւերով առնչված Եվրամիության ներսում կատարվող զարգացումներին, թե՛ այն, որ միեւնույն ժամանակ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները մնում են բավական ձեւական, իսկ եվրոպական ընտանիք մտնելու Հայաստանի հեռանկարը` խիստ անորոշ։

Շատերն են կարծում, որ եվրոպական ընտանիքի ձեւավորումը եւ ծավալումը պատասխան է գլոբալացման մարտահրավերին։ Այսպիսի անդրազգային միավորումը, ըստ նրանց, թույլ է տալիս լուծումներ գտնել բազմաթիվ ներկա եւ, որ շատ ավելի կարեւոր է, ակնկալվող ապագա խնդիրների (քաղաքական, տնտեսական, բնապահպանական եւ այլ) համար։ Լուծումներ, որոնք դուրս են առանձին ազգային պետության հնարավորությունների սահմաններից։ Գիտենք, որ սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո մեծ թափով շարունակվող Եվրամիության ընդլայնումը դանդաղել է, եւ այսօր տարբեր կողմերից հարցնում են, թե մինչեւ ուր կարող է տարածվել Եվրոպան։ Հարցը հետաքրքրում է նաեւ իրենց` եվրոպացիներին, եւ պատասխանի շուրջ բնավ չկա համաձայնություն։ Խոսքը վերաբերում է հատկապես Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալու հարցին։ Հարց, որն այժմ, Թուրքիայում նախագահական ընտրություններում իսլամական ուժերի տարած հաղթանակից հետո, թվում է ավելի բարդ, քան երբեւէ։

Գլոբալացման ընթացքի հակազդեցություններից մեկն էլ տեղական ինքնությունների, ավանդական մշակութային ձեւերի եւ արժեքների վերածնունդն է, ազգային, էթնիկական կամ մշակութային յուրօրինակության գաղափարի տարածումն ու հզորացումը։ Աշխարհով մեկ իսլամական գործոնի ակտիվացումը, եւ մասնավորապես իսլամական արմատականությունը դրա օրինակն է։ Հայաստանի երկու հարեւանների մոտ` Իրանում եւ Թուրքիայում այդ զարգացումներն ունեն տարբեր պատմություններ եւ դրսեւորման ձեւեր, բայց ներկա իրադրությունը հուշում է, որ արդեն անհնար է անտեսել իսլամականության հնարավոր ազդեցությունները մասնավորապես Հարավային Կովկասի եվրոպական հեռանկարի վրա։

Տարածաշրջանում առավել մեծ ազդեցություն ունեցող երեք երկրներ` Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, որոնք այս կամ այն կերպ առնչված են Եվրոպայի ընդլայնման ընթացքին, միանգամայն տարբեր կեցվածքներ ունեն այդ հարցի նկատմամբ։ Իրանը ոչ միայն ամենից քիչ չափով է կապված եվրոպական ընտանիքի հետագա ճակատագրին, այլեւ բացահայտ առճակատման մեջ է Արեւմուտքի հետ։ Իրանի ներկա նախագահը հանդես է գալիս առավել արմատական իսլամի դիրքերից։ Այդուհանդերձ, հասարակության ներսում առկա է ընդգծված մղում (որը ժամանակ առ ժամանակ հասնում է իշխանության հետ բացահայտ հակամարտության) դեպի աշխարհիկություն, դեպի արժեքներ, որոնք ընդունված է կապել Արեւմուտքի հետ։ Խոսքը ոչ միայն արտահայտման ազատության, մարդու իրավունքների եւ այլ նման արժեքների համար մղվող պայքարի, այլեւ այնպիսի բաների մասին է, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաների հեռանկարային արդյունաբերությունը, համաշխարհային համբավ ունեցող կինոարտադրությունը եւ այլն։

Ռուսաստանի Եվրամիություն մտնելու մասին անիմաստ է խոսել առնվազն Ռուսաստանի ներկա տարածքի, հավակնությունների եւ տեղի ունեցող զարգացումների պայմաններում։ Ռուսաստանում առկա իրադրությունը (չեչենական հարցը, ժողովրդավարական ազատությունների հարաճուն սահմանափակումները եւ այն), որտեղ օրեցօր ավելի ակներեւ են դառնում եւ կարեւորվում Արեւմուտքից ունեցած տարբերությունները, խոսում է Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունների բարդացման հերթական փուլի, Արեւմուտքից Ռուսաստանի օտարման մասին, եւ շատ վերլուծաբաններ այս շրջադարձը համարում են անսրբագրելի։ Լավ հայտնի է նաեւ այն, որ Ռուսաստանը անթաքույց խանդով է վերաբերվում Արեւմուտքի հետ նախկին խորհրդային հանրապետությունների հարաբերությունների բարելավմանը։

Եվրոպա ինտեգրվելու Թուրքիայի հեռանկարը, շատերի կարծիքով, զգալիորեն մեծացնում էր նույն ճամփան բռնած հարավկովկասյան երկրների հնարավորությունները։ Մյուս կողմից` ավելի քիչ ուշադրություն էր դարձվում այդ երկրում իսլամականության զարթոնքի նախընթաց պատմությանը եւ թուրքական հասարակության մեջ դրա հարուցած փոփոխություններին։

Վերջին մի քանի տասնամյակում Թուրքիայում տեղի ունեցող գործընթացների մասին որոշ մանրամասներ կարելի է գտնել արեւմտյան նշանավոր հեղինակներ Փիթեր Բերգերի եւ Սեմյուել Հանթինգթոնի ղեկավարությամբ մի խումբ երկրներում 1990-ականների վերջին իրականացված հետազոտություններում, որոնք ամփոփված են «Բազմաթիվ գլոբալացումներ. մշակութային բազմազանությունը ժամանակակից աշխարհում» (2002) գրքում։ Նախագծին մասնակից երկրների թվում էր նաեւ Թուրքիան։ Թուրք հետազոտողները 1990-ականներին իրենց երկրում կատարված հիմնական փոփոխությունը համարում են իսլամի պոռթկումը, որը ծնեց բազմապիսի բանավեճեր, բախումներ եւ տարբեր հարցերի նկատմամբ նոր մոտեցումներ։ Իսլամը սկսեց կարեւոր դեր խաղալ Թուրքիայի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում։ Ըստ նրանց` «իսլամական աշխարհայացքը դարձավ քաղաքականացված եւ «քաղաքական իսլամը» դարձավ թուրքական քաղաքականության վճռական տարրերից եւ ազդեցիկ ուժերից մեկը»։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սկսած 1980-ականներից` արդիականացման թուրքական նախագծի համար ավելի ու ավելի բնութագրական է դառնում տնտեսական ազատականացման եւ ավանդապաշտության գոյակցությունը, որտեղ ավանդապաշտությունը բնութագրվում է սեփական յուրօրինակ ինքնությանը վերադառնալու ձգտմամբ։ Սա ոչ թե մերժում, այլ վերասահմանում է հասարակության արդիականացման ընթացքը, «փոխում է պատկերացումները զարգացման եւ ինքնության մասին եւ հարցականի տակ առնում աշխարհիկ ռացիոնալ մտածողության` որպես արդիականացման միակ աղբյուրի կարգավիճակը»։ Սա միաժամանակ նշանակում է իսլամի` որպես քաղաքական ուժի հզորացում, որն ազդարարում է աշխարհիկ մշակույթի գերիշխանության ավարտը եւ կարող է լրջորեն խմբագրել ժողովրդավարության արեւմտյան մոդելի կանոնները։

Հետազոտողներն ընդգծում են, որ խոսքը բնավ իսլամի արմատական ձեւերի մասին չէ, այլ այնպիսի շարժման մասին, որը փնտրում է արեւմտյան եւ ավանդական արժեքները համադրելու ուղիներ։ Ի հարկե, պետք է հիշել, որ հետազոտական աշխատանքն առաջնորդվել է որոշակի տեսական սկզբունքներով եւ հեռանկարի ընդհանուր տեսլականով (մասնավորապես ` Փ. Բերգերի գլոբալացման տեսության տեսքով) ` համապատասխան հասկացություններով եւ լեզվով հանդերձ։ Բայց նույնիսկ այդ դեպքում հետազոտության հիմնական եզրակացությունները թվում են հետաքրքրական եւ հավաստի։ Ըստ այդմ ` կասկած չի հարուցում, որ, իսկապես, թուրքական հասարակության մեջ վերջին երկու տասնամյակում կատարվել են եւ այժմ էլ ընթացքի մեջ են լուրջ փոխակերպումներ, որոնք շոշափելիորեն փոխում են Թուրքիայի ` որպես աշխարհիկ հասարակության, ինչպես նաեւ նրա եվրոպական ապագայի մասին մեր պատկերացումները։

Այսպիսով, եթե Հարավային Կովկասը դիտարկում ենք ավելի լայն տարածաշրջանային համատեքստում եւ հաշվի առնում առավել ազդեցիկ հարեւան երկրներում կատարվող փոփոխությունները, ապա հիմքեր կան եզրակացնելու, որ ներկա իրադրությունը բնավ չի խոսում հարավկովկասյան հասարակությունների եվրոպական հեռանկարի օգտին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։