
«Կանաչների միության» նախագահը դուրս է գալիս Սևանի հարցերով հանձնաժողովի կազմից
Երբ 2008 թ. դեկտեմբերի 25-ին նախագահի կարգադրությամբ ստեղծվեց հանձնաժողովը, որը պետք է զբաղվեր Սևանա լճի հիմնահարցերով, այս խնդրով մտահոգվածներն ուրախացան՝ կարծելով, որ պետությունը վերջապես որոշել է լրջորեն զբաղվել Սևանի պահպանմամբ:
Այսօր՝ ասուլիսի ժամանակ, ՀՀ նախագահին առընթեր Սևանի հանձնաժողովի անդամ, «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս այդ հանձնաժողովի կազմից:
Այդ որոշումն ընդունելու համար Սանասարյանը մի շարք պատճառ ներկայացրեց, որոնցից առաջնայինն է, որ Սևանա լճին կապված կառավարության հայտարարած քաղաքականությունը չի իրականացվում. լիճը խոստացվածի համաձայն չի բարձրանում, և դժվար թե առաջիկա մի քանի տարում ականատես լինենք Հայաստանի համար ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող այդ օբյեկտի՝ Սևանա լճի մակարդակի բարձրացմանը:
«Կանաչների միության» նախագահի դիտարկմամբ՝ Սևանա լճի մակարդակի բարձրացումն արհեստականորն սանձվում է, և առաջին հերթին նրա համար, որ ափամերձ հանգստի գոտիներում գտնվող 4000-ից ավելի շինությունները չտեղափոխվեն, և դրանց գործունեությունը չտուժի:
Մյուս մեղավորն, ըստ Սանասարյանին, Համաշխարհային բանկն է, որի փորձագետները պարբերաբար կեղծ փորձագիտական եզրակացություններ են անում, համաձայն որոնց՝ Հայաստանի տնտեսությունը զգալիորեն կտուժի, եթե լճի մակարդակը բարձրանա:
«Ի՞նչ ռազմավարական նշանակության մասին է խոսքը, եթե հանքարդյունաբերության այժմյա տեմպերի արդյունքում 20-30 տարի հետո Հայաստանում մարդու համար ապրելն անհնարին կլինի»,- եզրափակեց Հակոբ Սանասարյանը:
Մեկնաբանել