HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կառավարությունը ժողովրդին նեղություն չտալու համար մեն մենակ ինքն իրեն ընտրում է»

Լեռ Կամսար

Ի՞նչ տեսակ կառավարություններ են լինում աշխարհում։

Զանազան։ Կա միապետություն։ Այստեղ թագավորը վերցնում է մի կին և դառնալով իր ժողովրդին ասում է.

-Ժողովո՛ւրդ, ահա այս կինն առնում և պառկում եմ, թե ինչ տղա դուրս կգա՝ չգիտեմ։ Ձեր բախտը։ Կարող է շատ խելացի թագավոր լինել, կարող է կապելու գիժ ծնվել. դուք անխոս պարտավոր եք հպատակվել նրան մինչև նրա մահը։
Դրան հակառակ՝ կա հանրապետություն։ Այնտեղ երկրի ամենախելացի մարդուն ընտրում են իրենց ղեկավար ընդամենը չորս տարով, այդ ժամանակամիջոցում եթե իրեն չարդարացրեց՝ նրա տեղը մի ուրիշին կընտրեն։ Այնպես որ այդ ղեկավարի սրտում միշտ ահն է նստած։

Այն պետական ղեկավարները, որոնք ժողովրդի ազատ կամքով են ընտրվում, նման են այն ծառին, որ կուտից է աճել ու պահպանել իր ցեղական անխառն առանձնահատկությունները։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, սովետական երկրում առաջ եկավ պետական բոլորովին նոր տեսակ։
Դրանք ոչ թե աճում էին սերմից այլ պատվաստովի կառավարություններ էին։ Մոսկվան կտրում էր այդ կառավարությունների գլուխները և իր կոմունիստական գործարանում պատրաստված գլուխներ էր պատվաստում՝ մեջը լիքը սոցիալիզմ։ Պատահում էր, որ այդ գործարանային, ինդուստրիալ գլուխները իսկի տվյալ ազգությանն էլ չէին պատկանում։

Այս արհեստական գլուխները «նոր լիցք» ստանալու համար տարին մի քանի անգամ Մոսկվա պիտի բարձրանան, ինչպես Մովսեսը Սինա լեռ, կոմունիզմի աստծուց պատվիրաններ ստանալու համար։

Նման պարագաներում ժողովուրդը մնում է անգլուխ, և պետական ապարատը կանգ է առնում՝ չիմանալով որ կողմը շարժվել։ Ու որպեսզի նման անպատեհությունից զերծ մնան այս պատվաստովի պետությունները, պետք է այնպիսի երկար վիզ ունենան, որ առանց տեղիցը շարժվելու իրենց գլուխները Մոսկվա պարզեն, առանց երկրից կտրվելու։

Կարևորն այս գլուխներն են, ժողովուրդը ձևական բան է և կարող է նույնիսկ գոյություն չունենալ։ Եթե մարմնի կարևոր մասը ստամոքսն է՝ այդ ստամոքսը գտնվում է գլուխների մեջ, որովհետև ժողովուրդը ոչինչ չունի ուտելու։ Նրա ունեցած ստամոքսը մի սովետական ակումբ է, որ իր օրում հաճախորդի երես չի տեսել։

Մոսկվան մի քսանի չափ այսպիսի պետություններ ունի, որոնցից յուրաքանչյուրի համար երկուական սաղ գլուխ է պահում իր պահեստում, փչանալիս փոխնեփոխ գործածելու համար։
***
Հակոբ Պարոնյանը մի տեղ ասում է. «Ադրիանապոլսոյ գավառական ժողովն ընտրուեցավ տեղուոյն գավառական ժողովէն»։

Այս որակումն եթե չափազանցություն է հիշյալ գավառական ժողովի հասցեին ուղղված, ապա շատ պակաս պիտի գա, եթե Պարոնյանի այդ դիտողությունը վերցնենք մեր կառավարությանն ուղղենք։ Որովհետև մեզ մոտ կառավարությունը ժողովրդին նեղություն չտալու համար մեն մենակ ինքն իրեն ընտրում է։

Ամենափափկանկատ բեռնակիրն անգամ իր նեղ րոպեին անցորդին կանչում է բեռը շալակը տալու, բայց մեր կառավարությունը ամենևին չի կանչում իր ժողովրդին իշխանության բեռն իր կռնակը դնելու։

Եվ մենք դեռ քննադատում ենք նման կառավարությանը…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter