
Ում ջրաղացին ջուր լցրեց Ծառուկյանը
Գագիկ Ծառուկյանը որոշեց, որ նախագահական ընտրություններին չի մասնակցելու` համենայնդեպս ֆորմալ առումով: Հիմք ընդունելով նրա այս որոշումը` ԲՀԿ-ն իր հերթին հայտարարեց, որ այդ ընտրություններին չի սատարելու թեկնածուներից ոչ մեկին:
Իրավիճակի այս փոփոխությունը ոչ միայն ազդելու է ընտրություններին այս կամ այն ձևաչափով մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի հետագա քայլերի վրա, այլև ընդհանրապես ընտրությունների ընթացքի և արդյունքների: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ եթե Ծառուկյանն առաջադրվեր, անպայման հաղթելու էր: Ինչպես նշել ենք բազմիցս, անցած համապետական երկու ընտրություններին նրա մասնակցությունը եղել է ֆոնային, և դրա միակ արդյունքը եղել է իշխանության վերարտադրությունը: Նույնը լինելու էր նաև այն դեպքում, եթե Ծառուկյանը հիմա հակառակ որոշումը կայացներ: Պարզապես հիմա անգամ ընտրությունների ֆարս, իմիտացիա չենք ունենալու:
Բացի դրանից` ԲՀԿ-ն գործելու է ընդհատակից: Հնարավոր չէ պատկերացնել, որ այդքան լուրջ ընտրազանգված ունեցող քաղաքական ուժը կարող է ընդհանրապես մի կողմ քաշվել ու դիտորդի կարգավիճակ որդեգրել կամ կարող են նրան այդ շռայլությունը թույլ տալ: Եթե նույնիսկ Ծառուկյանը դա ցանկանա էլ, միևնույնն է` նրան ներքաշելու են գործընթացի մեջ, որովհետև այն ռեսուրսը, որին տիրապետում էր և որի վրա հենվելով փորձում էր այս ամիսներին բանակցային տակտիկական առավելություն ձեռք բերել իշխանության նկատմամբ, չի կարող անտարբեր թողնել թե նույն իշխանությանը և թե մնացած քաղաքական ուժերին: Եվ առաջին բանը, որ սպասելի է առաջիկայում, այդ ռեսուրսի նկատմամբ սկսվելիք որսն է: Եթե Ծառուկյանը, իբրև կուսակցության ղեկավար, ապագայի հետ կապված պլաններ ունի, ապա նա գոնե այդ ռեսուրսը չկորցնելու, մյուսներին չհանձնելու համար ստիպված է լինելու մնալ խաղի մեջ:
Հաշվի առնելով, որ Ծառուկյանը չառաջադրվելու որոշումը կայացրեց ոչ թե հանրության հետ երկխոսության մեջ մտնելու, հանրային պահանջարկը հաշվի առնելու արդյունքում, այլ իր ու իր կուսակիցների նկատմամբ իշխանության դրսևորած կոմպրոմատային ճնշումներից, անձնական ու քաղաքական հաշվարկներից ելնելով, նա ստիպված է լինելու ստվերային կարգով խաղալ հենց իշխանության դաշտում:
Ավելին` նա արդեն իսկ կամա թե ակամա խաղում է այդ դաշտում` բացարձակ անտերության մատնելով բազմահազարանոց իր ընտրազանգվածին, որի քվեն, փաստորեն, փոշիանալու է մի կողմից իշխանության, մյուս կողմից ընդդիմության տարբեր ուժերի միջև տարալուծվելու և երրորդ կողմից հիասթափվածության պատճառով շատերի` պարզապես քվեարկության չգնալու պատճառով: Իսկ դա բխում է բացառապես իշխանության շահերից:
Եթե սա խաղին մասնակցություն չէ, ապա Ծառուկյանը պետք է հիմնավորեր ընտրություններին չմասնակցելու այս որոշումը, բացատրեր, թե ինչով է ի վերջո դա պայմանավորված և ըստ դրա` առնվանզ ուղղորդեր իր ընտրազանգվածին` այս կամ այն դիրքորոշումը որդեգրել, այս կամ այն քաղաքական ուժերին սատարել: Բայց հենց դա է, որ չի անում Ծառուկյանը: Պատահական չէ, որ ի տարբերություն խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված նմանատիպ «բեկումնային» պահի, երբ դրված էր ԲՀԿ-ի` կոալիցիայում մնալ-չմնալու հարցը, այսինքն «օեկանալու» կամ «չօեկանալու» խնդիրը, Ծառուկյանն անձամբ հանդես եկավ հայտարարությամբ` միայն ընդգծելու համար, որ գնում են զբաղեցնելու քաղաքական դաշտի առողջ «այլընտրանքային» բևեռը:
Եվ հիմա հարց է առաջանյում` որտե՞ղ է սրանից հետո լինելու այդ բևեռը, առհասարակ` ո՞րն է լինելու նրա հետագա դերը Հայաստանի քաղաքական համակարգում: Դա պարզ կլինի միայն նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի դերակատարությունից և հատկապես լրիվ կանխատեսելի ելք խոստացող ընտրություններից հետո նախագահ վերընտրված Սերժ Սարգսյանի հետ Ծառուկյանի հետագա հարաբերություններից: Արդյոք Ծառուկյանը կպահպանի՞ իր ներկայիս «ոչ ընդդիմություն ոչ իշխանություն» բավականին հետաքրքրական կարգավիճակը նախագահական ու խորհրդարանական հաջորդ ընտրություններին մասնակցելու համար` հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանն այլևս չի մասնակցելու հաջորդ ընտրություններին և իշխանությունը վերցնելու համար պայքարը կարող է չափազանց անկանխատեսելի լինել, թե՞ տուրք տալով իր ու կուսակցության միջին, փոքր տրամաչափի օլիգարխների բիզնես շահերին, կրկին կստանձնի իշխանության սպասավորի դեր: Չի բացառվում, իհարկե, որ նա կարող միաժամանակ թե մեկն անել, և թե մյուսը:
Բայց արդեն իսկ կարելի է արձանագրել, որ իրադարձությունների նման ընթացքը բխում էր ԲՀԿ-ական օլիգարխիկ հատվածի շահերից, որոնք այլևս ստիպված չեն լինի խաղալ միաժամանակ երկու լարերի վրա ու իրենց բիզնեսը կապահովագրեն` առնվազն մնալով իշխանության համար խիստ վերահսկելիության ու տեսանելիության սահմաններում, որտեղ և ի սկզբանե ուզում էին լինել:
Սա բխում էր նաև ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» շահերից` այն իմաստով, որ նրանք ազատագրվում են Ծառուկյանի քաղաքական ազդեցությունից ու նրան սատարելու` մեղմ ասած ոչ այնքան մեծ հաճելի հեռանկարից: Բանն այն է, որ նրանք բոլորն էլ թաքուն հասկանում են և էին, որ Ծառուկյանի հետ, թե առանց Ծառուկյանի, այս ընտրությունները տանուլ են տրված: Պատճառը ոչ միայն փոխադարձ գերանվստահության այն մթնոլորտն էր, որի ներքո նրանք փորձում էին հարաբերություններ կառուցել միմյանց հետ, այլ իշխանության կողմից կիրառվող ընտրախախտումների ու կեղծարարության դեմն առնելու փաստացի հավաքական անզորությունը, որն ապացուցվեց մայիսին խորհդարանական ընտրությունների ժամանակ ստեղծված անփառունակ միասնական շտաբի անպտուղ գործունեությամբ:
Եվ անկախ նրանից` այս ուժերն ընտրություններին կգնան սեփական թեկնածուով, թե ոչ, պարտությունն այնքան ծանր չի լինելու, որքան եթե նրանք նստած լինեին Ծառուկյանի նավակի մեջ: Միակ խնդիրը, որ նրանք կարող են լուծել այս ընտրություններում այս կամ այն ձևաչափով մասնակցելով, սեփական հեղինակությանը նոր միավորներ բերելն է և, հետևաբար, իրենց մարտավարությունն էլ նրանք կառուցելու են այդ նպատակից ելնելով:
Այս իմաստով խիստ ուշագրավ է ընդդիմության և ԲՀԿ-ի միջև թափ առնող փոխադարձ մեղադրանքների հոսքը, որն, իհարկե, նախ այդ անթեղված անվստահությունը վերջապես դուրս թափելու հետևանք է, և երկրորդ` ընդդիմության կոնսոլիդացման հերթական ձախողման պատասխանատվությունից խուսափելու: Ծառուկյանը պետք է մեղադրի ՀՅԴ-ին ու ՀԱԿ-ին` մինչև վերջ իրեն ամբողջական վստահություն չհայտնելու և իր այլընտրանքայնությանը մինչև վերջ չհավատալու համար` որպեսզի կարողանա արդարացնել իր խաղից դուրս գալը: Նրա պարագայում գործելու է հետևյալ տրամաբանությունը. Ծառուկյանը չէր կարող առաջադրվել` քանի որ նրա թիկունքում այդ ուժերը իշխանության հետ սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել: Բայց սա պարզագույն փարիսեցիություն է, որովհետև ոչ թե ԲՀԿ-ն է կախված այդ ուժերից, այլ` վերջիններս` իրենից, և ինքը պետք է թե նախաձեռնողը լիներ և թե վստահություն ներշնչողը:
Իրենց հերթին ընդդիմադիր այս ուժերը պետք է մեղադրեն ԲՀԿ-ին` իրենց ընդհանուր պայքարը թողնելու և իրենց նկատմամբ առնվազն ոչ ազնիվ գտնվելու համար: Նրանք, իհարկե, կսրեն այս հանգամանքը, բայց պետք է նշել, որ այդ մեղադրանքների մեջ ռացիոնալ հատիկ կա: ՀԱԿ-ն, օրինակ, անասելի ծանր կորուստներ ունեցավ` հենց ԲՀԿ-ի հետ «եղիազարայնթապցիական» սիրախաղեր սկսելու պատճառով` ոչ միայն ողջ շարժումը տապալելու, այլև ՀԱԿ-ը պառակտման եզրին կանգնեցնելու առումով: ՀՅԴ-ն փաստացի, հենց ԲՀԿ-ի նախաձեռնության պատճառով կորցրեց քաղաքական օրակարգով հանդես գալու մարտավարությունը լավագույնս օգտագործելու հնարավորությունը: Որովհետև ԲՀԿ-ն, առանձնացնելով կառավարման համակարգը փոխելու և 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու պլատֆորմային առաջարկները` ըստ էության երկորդական դարձրեց ՀՅԴ-ի ներկայացրած օրակարգի մնացած, իրականում շատ ավելի կարևոր 5 կետերը:
Նախագահական ընտրությունները, ըստ այդմ, չեն անցնելու ընդդիմություն-իշխանություն դիմակայության պարզ սխեմայով: Իշխանությունն իր լավ կամ վատ քարոզչությունն է իրականացնելու` անգամ չունենալով դրա կարիքը, իսկ ընդդիմությունը զբաղված է լինելու ինքն իր ներսում մեծ ու փոքր գզվռտոցներով: Կարճ ասած`բացարձակապես ծանոթ ու արդեն ձանձրացրած սցենարի կրկնություն:
Այնպես որ Ծառուկյանի այս որոշումից աշխարհը հաստատ շուռ չի գալու: Ամեն ինչ գնալու է իր հունով: Միակ շրջանակը, կամ կողմը, որը տուժելու է այս ամենից, մնալու է խեղճ ու կրակ…հասարակությունը:
Մեկնաբանություններ (22)
Մեկնաբանել