HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրություն

Լեռ Կամսար
 
Նախնի բռնավորներուն եւ միապետներուն Աստվածը վերեն կկախեր մեր գլխուն, որ կառավարեին։
 
Ան ատենները այդ երեւույթը կորակեինք իբրեւ անլուր բռնություն հանդեպ մարդկային սրբազան իրավունքի։
 
Սակայն, ո~վ կերեւակայեր, որ պիտի գա ժամանակ մը , երբ մարդիկ իրենք պիտի «ընտրեին» իրենց բռնավորները։
 
Ցարը մեզի կապտակեր իր ձեռներովը ու մենք կբողոքեինք։
 
Ի՞նչ պիտի ընենք հիմա, երբ մեզի կստիպեն ապտակել մեզի մեր իսկ ձեռներով…
 
Ուրիշ կերպ անկարող եմ որակել «ընտրություն» մը, որ կառավարությունը կընտրե ու ժողովրդյան բռնի կքաշե մատ բարձրացնելու։
 
…Երանի~ անոր այս երկրին մեջ, որուն մատը կտրված է կամ բազուկը գոսացած։
Անոնք են միակ «մարդը»։
                                                                                                                                     1928
                                                                ***              
Արդյոք մարդու էության մեջ կա՞ ազատության տենչ։ Ո՛չ։ Կա ստրկության տենչ։ Ապացույցն այն, որ ազգերը, ազատվելով միապետական բռնակալ լծից, դառնում են հանրապետական, ու իրենք կամովին իրենց գլխին մի բռնակալ են դնում՝ այն անվանելով «նախագահ»։
 
Ուրեմն, ավելի վատ։ Միապետության ժամանակ ազգը կարող էր արդարանալ, թե բռնապետը նստել է իր կամքին հակառակ. հիմա՞ ինչով պիտի արդարանա։
 
                                                  ***               
Երբ հյուր ես գնում բարեկամիդ տուն, երբեք չես ասի՝ ինձ այս տվեք, ինձ այն տվեք ուտելու։ Սուս ու փուս կնստես ճաշի, սեղանին ինչ հրամցնեն՝ այն կուտես։ Այսպես է քաղաքավարության օրենքը։
 
Երբ փողոցում տեսնես մի գեղեցիկ կին, երբեք նրան չես ասի՝ «ինձ սիրիր», այլ ընդհակառակը, կասես՝ «ես քեզ սիրում եմ»։ Այդ էլ է պահանջում քաղաքավարությունը։
 
Եթե սովետական գրող չես, այլ սովորական, մարդավարի գրող, երբեք չես բռնի քննադատի կոկորդից, թե ինձ շեփորիր ու ներբողներ հյուսիր իմ գրքի մասին, այլ սուս ու փուս գրվածքը կդնես իր առջև, կասես.
 
-Դու ու քո խիղճը, ինչ գնահատական ուզում ես տուր։
 
Այս բոլորը պահանջում է քաղաքավարությունը մեր առօրյա կենցաղում։
 
Իսկ երբ մտնում ենք քաղաքական կյանքը, այնտեղ արդեն պատկերը փոխվում է։
 
Սոցիալիստական աշխարհում ընտրությունների ժամանակ թեկնածուն ատրճանակը ընտրողի կրծքին ուղղած ասում է. «ինձ ընտրիր, թե չէ կրակեցի»։
 
Կապիտալիստական երկրում ընտրելիները ժողովրդին սուտ ու փուտ խոստումներ են տալիս, բարեկամաբար նրա ձեռքն են սեղմում, տրամվայի մեջ վեր են կենում, իրենց տեղը ժողովրդին են տալիս, խոլվաթ տեղ մի բաժակ օղի են առաջարկում, վերցնում ընտրողի երեխային գիրկն ու համբուրում, թշին զարնում ու «ջանիկ» ասում, վերջապես ոտքն են ընկնում, աղաչում, պաղատում, որ քվեն իրենց տան։
 
Հարց։ Ինչու՞ այսպիսի դժվարություններով ընտրվել են ուզում թեկնածուները. ընտրվում են ժողովրդի՞ն օգուտ տալու համար, թե՞ իրենց։
 
Ես կարծում եմ իրենց:
 
Որովհետև տեսնված չէ, որ անցորդը փողոցում նստած մուրացիկին խնդրի, աղաչի, որ իրենից մի ողորմություն ընդունի, ընդհակառակն, ինքն է պաղատում և ընդունելիս էլ անվերջանալի օրհնություններ է թափում անցորդի գլխին։
 
Եթե թեկնածուները ժողովրդի բարիքի համար են կամենում ընտրվել, ինչու՞ ուրեմն չեն սպասում, որ ընտրողները գան իրենց աղաչեն-պաղատեն։
 
Պարզ է, չէ՞։ Նշանակում է թեկնածուները պարզապես ասում են ընտրողներին.-մի փոքր ծովեք, նստեմ ձեր կռնակին, ուտեմ-խմեմ, ման գամ աշխարհում։
 
Ի՞նչ եմ ուզում սրանով ասել։
 
Սրանով ուզում եմ ասել, որ աշխարհում որևէ տերև, որ շարժվում է, այդ անձնական շահի համար է լինում, չլիներ անձնական շահ՝ տերևն հավետ անշարժացած կկախվեր ծառից, ինչպես Մարքսի դոգմաներն են կախված Լենինի շուրթերից։
                                                            ***
 
Լսել էինք, որ կաթը առանց մերանի հաճախ ինքնիրեն կկտրվի մածուն կդառնա, բայց չէինք լսել, որ կառավարությունն էլ առանց ժողովրդի «ընտրած» պատգամավորների ինքնիրեն կարող է … կազմվել։
                                                               
                                                            ***
Իսկական սերը երևան է գալիս ամուսնության մեջ՝ վերմակի տակ, իսկ քաղաքական կյանքում գաղտնի քվեարկության ժամանակ։
 
Մեր պետական քվեարկությունը թեև  «գաղտնի» է կոչվում, բայց քաղաքացին ու պետությունը «պառկում» են ապակյա վերմակի տակ...
 
Այդ պատճառով էլ «կանգում» տեղի չի ունենում, և մերձեցումը դառնում է անպտուղ։
 
                                                                ***  
Հանրապետական երկրներում էն որ նախագահի թեկնածուն ընկնում է ընտրողի ետևից աղաչանք պաղատանք է անում, սուտումուտ խոստումներ է տալիս ժողովրդի ոտքն է համբուրում, որ ընտրվի. էդ հո նրա համար չի, որ ուզում է ժողովրդի հոգսը իր շալակը վերցնել։ Էդ նրա համար է, որ ինքն է ուզում ելնել ժողովրդի շալակը՝ իշխանություն ձեռք բերել, ուտել, խմել, արտասահմանում պտուտ գալ։
 
                                                                ***
Մեզ մոտ կառավարությունը պետք է ընտրվի ժողովրդի քվեով։ Եվ երբ վերջինս տեսնի իր խփած մեխը ծուռ գնաց, անմիջապես ձեռքի աքցանով քաշի հանի և նոր մեխ խփի։ Սակայն մեզ մոտ կառավարությունը ինքն իր ձեռքով «մեխն» խփում է ժողովրդի գլխին ու ոչ մի աքցան չի տալիս նրա ձեռքը երբևիցե այդ իսկապես  ծռված   «մեխը» հանելու համար։

                                                                ***
Չորսը տարին լրացավ, ու այսօր դարձյալ պետական ընտրություններ են մեզ մոտ։
 
Մի ընտրություն, երբ ոչ մի իշխանավոր իր տեղից չի շարժվում։ Աթոռից մի վայրկյանով բարձրանում ու էլի նույն աթոռին նստում։
 
Երբ այդ այդպես է, զարմանում եմ, ի՞նչ կարիք կա անհանգստացնել մեր ղեկավարներին։ Հազիվ են տեղները տաքացրել, թող նստեն, էլի։
 
                                                                                ***
Մեզ մոտ մի ճաշարան կա, որ ամենայն օր ավելացած ճաշերը տաքացնում է ու հաջորդ օր դնում հաճախորդների առջև։
 
Մեր ընտրություններին եթե գեթ ադքանն անեին՝ էլի ես շնորհակալ պիտի լինեի։ Մեր ընտրությունները այդքան էլ չեն անում. հին կառավարությունը պաղ-պաղ մյուս օր նորից դնում են «ընտրողների» առջև…
 
                                                                                   ***
Զարմանալի կերպով մեր կառավարության ընտրությունները համընկնում են տարվա այն մասին,երբ էգ կատուները կտուրները ելած, բեղմնավորող որձեր են փնտրում։
 
Կատուները անտանելի մլավում են կտուրներում. ընտրողները՝ թերթերում և ժողովներում։
 
Մեկը ամուսին է փնտրում, մյուսը՝ իշխանություն։
 
Միակ տարբերությունը, որ գոյություն ունի այս երկու տեսակ ընտրողների մեջ, այդ այն է, որ կատուն բեղմնավորվելով երբեք անցյալ տարվա ձագը նորից չի ծնում, իսկ կառավարական ընտրությունը միշտ միևնույն է ծնում։
 
Ու չեմ հասկանում, որ եթե առաջուց նախատեսված է ծնվելիք «կատուն»՝ էլ ի՞նչ կարիք կա համաժողովրդական մլավոցի։
 
                                                                  ***
Ձեզ մի բան ասե՜մ, ընտրովի կառավարությունները գլխացավանք բաներ են։
Ափսոս չի՞ թագավորությունը։ Առանց «պերեսադկայի» գնացք է, նստիր ու քշիր մինչև աշխարհի ծայրը։ Իսկ հանրապետությունը՝ չէ. տեղի անտեղի մեկ էլ տեսար կառավարությունն ընկավ ու երկրին որբևայրի կնոջ վիճակին ենթարկեց. ոչ կարող է մի այլ պետության հետ առևտուր անել, ոչ պատերազմել։ Պիտի նստի իր երկրորդ մարդուն սպասի, որ գործառնության անցնի։
 
Միայն ես չեմ հասկանում մի բան։
 
Թագավորը իր իշխանությունը ստանում է Աստծուծ և ժառանգաբար իշխում է ժողովրդին։ Նոր անկախացած,նորաստեղծ պետությունը, որ չունի թագավորի «սերմ» ինչպե՞ս է թագավոր աճեցնում իր երկրում։
 
Արդյո՞ք հարևան թագավորությունից  «շիվ» է բերում ու պատվաստում իր  մի «վայրնի» քաղաքացու վրա…
Ինչպես ասացի՝ չեմ հասկանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter