
Դատարանը մերժեց news.am-ի դեմ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի հայցը
Դեկտեմբերի 14-ին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժեց news.am լրատվական գործակալության դեմ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության մասին հայցը:
Հիշեցնենք, որ news.am-ի դեմ ներկայացված հայցի համար հիմք է հանդիսացել լրատվական գործակալության՝ 2010 թ. նոյեմբերի 23-ին հրապարակված «Սրտի արատով հիվանդին արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում «ֆռռացրել» են ու այլ սարք տեղադրել» վերտառությամբ հոդվածը: Այն վերաբերում էր Հայաստանի քաղաքացի Հովհաննես Կաթրջյանին, ով news.am-ի թղթակցի հետ զրույցում մեղադրել էր վերոնշյալ բժշկական կենտրոնին` իրեն խաբելու և 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ` էժանագին սարք տեղադրելու մեջ:
Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը լրատվամիջոցից 2 միլիոն դրամ էր պահանջում` իր պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին հարված հասցնելու համար:
Մեկնաբանել