Ընտրություն-2
Լեռ Կամսար
Հակոբ Պարոնյանը մի տեղ ասում է. «Ադրիանապոլսո գավառական ժողովն ընտրվեցավ տեղվույն գավառական ժողովեն»։
Այս որակումն եթե չափազանցություն է հիշյալ գավառական ժողովի հասցեին ուղղված, ապա շատ պակաս պիտի գա, եթե Պարոնյանի այդ դիտողությունը վերցնենք մեր կառավարությանն ուղղենք։ Որովհետև մեզ մոտ կառավարությունը ժողովրդին նեղություն չտալու համար մեն մենակ ինքն իրեն ընտրում է։
Ամենափափկանկատ բեռնակիրն անգամ իր նեղ րոպեին անցորդին կանչում է բեռը շալակը տալու, բայց մեր կառավարությունը ամենևին չի կանչում իր ժողովրդին իշխանության բեռն իր կռնակը դնելու։
Եվ մենք դեռ քննադատում ենք նման կառավարությանը…
***
Կառավարությունը երկրի կեղևն է, ժողովուրդը՝ միջուկը։ Ինչպես ծառը։
Երբ երկիրը հանրապետական է, աճելիս մի խավ պետությունն է հաստանում, մի խավ՝ ժողովուրդը։
Իսկ եթե կառավարությունը բռնակալ է և հաստանում է միայն ինքը ի հաշիվ իր ժողովրդի, առաջ է գալիս անջատում, և շարժումներն այլևս չեն ներդաշնակում իրար։
Այն ժամանակ, երբ կառավարությունը քրքջում է՝ ժողովուրդը դառը հեծկլտում է ու արցունք թափում։
Ինչ արագությամբ կառավարությունը դեպի երջանկություն է սուրում, նույն արագությամբ ժողովուրդը դեպի թշվառություն է գլորվում։
Ու այս հակադիր ճանապարհներում դեմ դեմի գալով, անգամ առանց բարևի անցնում են իրար կողքով անտես, անճանաչ, անգամ որպես թշնամի։
Տեսե՞լ եք կաթվածահար մարդու կերպարանքը, որ երբ կամենում է ծիծաղել՝ արցունք է թափում աչքերից, երբ կամենում է լաց լինել՝ ժպիտ է փայլում երեսին։
Այդ կաթվածահարը մեր պետությունն է ահավասիկ։
***
Ուզում եմ մեծ տղայիս պսակել։ Ասում եմ՝ անցյալ տարի ես գյուղում մի աղջիկ եմ տեսել, շատ հավանել, ուզում եմ բերել քեզ կնության, ի՞նչ ես ասում, ա՛լ բալա։
Ասում է, ա՜յ հայրիկ, ես ինչպե՞ս համաձայնություն տամ առանց աղջկան տեսնելու։ Սա կյանքի խնդիր է, մեկ էլ տեսար չհավանեցի, ու իմ կյանքը տառապանք դառնա։
Ոչ մի տառապանք էլ չի դառնա,- ասում եմ,- հնում երբեք ամուսնացողը իր կնկա երեսը չի տեսել։ Տղայի ծնողները ընտրել են՝ տղան ամուսնացել է ու սիրել։ Ներկայիս դա գոյություն ունի մեր կառավարության սիստեմում. ժողովորդն իր դեպուտատին ընտրում է առանց երեսը տեսնելու։ Պետական դժբախտություն պատահե՞լ է մինչև օրս։ Երբե՛ք։ Ժողովրդի երեսը չտեսած դեպուտատները հավաքվում, կառավարություն են կազմում և կառավարում իրենց երեսը չտեսած ժողովրդին՝ և շատ էլ սիրում են իրար։ Ի՞նչ տառապանքի մասին է խոսքը։Թերթերում չե՞ս կարդում, որ մեր ժողովուրդն ամենաերջանիկն է աշխարհում։
-Էհե՜,- ասում է որդիս, եթե մեր ժողովրդի պես պիտի երջանիկ լինեմ՝ չուզեցի քո ընտրած աղջիկը։
-Ո՛չ, ես մինչև աղջկան չտեսնեմ, չհավանեմ, չեմ առնի։
Ես սկսում եմ կատակել հետը։
-Ա՜յ տղա, նշանակում է դու կողմնակից ես ընտրական բուրժուական սիստեմին։ Այնտեղ, արտասահմանում ընտրողներն ու ընտրվողները իրար ուզում են ճանաչել նրա համար, որովհետև փոխադարձ վստահություն գոյություն չունի նրանց միջև. վեր կենանք մե՞նք էլ կասկածենք մեր դեպուտատներին։ Տարիներ առաջ,ընդունելով մեր կառավարությունը, երդվել ենք մի բարձի ծերանալ հետը, և եթե վերջինս կուրանա, կաղանա՝ «տեր» լինենք։ Հիմա՝ կառավարությունը կուրացել է, չի տեսնում, որ իր ընտրած ճանապարհը դեպի կործանում է տանում ժողովրդին և կաղացել է՝ ոչ մի ուղիղ քայլ չառնելով. ի՞նչ ես ասում հիմա, վեր կենանք խաչով, ավետարանով մեր տված երդումը դրժե՞նք։ Ես այդ բանը չեմ անի։ Նա իմ վստահած կառավարությունն է և ինձ համար բոլորովին հետաքրքիր չէ, թե ո՞վ է նստած այնտեղ։ Մինչև անգամ չեմ հետաքրքրվում, թե մարդ կա՞ այնտեղ, թե՞ դատարկ է։ Է՛, կառավարություն է, կարող է մի ամսով կամ մի տարով արձակուրդ գնացած լինի Հնդկաստան, կամ՝ իսկի արձակուրդ էլ չի գնացել, հենց ուղղակի մեռել է. պիտի վեր կենամ նոր կառավարությո՞ւն ընտրեմ։ Երբե՛ք, իմ վստահած կառավարության դատարկ տեղը ես ուրիշի լիքը տեղի հետ չեմ փոխի։ Ճշմարիտ է, եկեղեցին մարդկանց պսակելիս պարտադրում է կաղ ու կույր ամուսնուն տեր կանգնել հետագայում ու չի շեշտել նաև, որ տեր պիտի կանգնի իր մեռած ամուսնուն, բայց այն ժամանակները մեռած մարդը այլևս դեր չէր խաղում աշխարհում։ Իսկ այլ է հիմա։
Տե՛ս, կոմունիզմին, որ մեռած գաղափար է՝ ինչպե՜ս ալեկոծում է ողջ աշխարհը…
Թուրքահայ միությունները Երեւանին մեջ
Սխալ է այն կարծիքը, որ յուրաքանչյուր նոր ծնունդ մը արդյունք է սիրո, վասնզի Երեւանին մեջ օրական տասնյակ մը միություններ կծնին, որ ոչ թե սիրո, այլ ատելության պտուղներ են։ Այսպես, օրինակ, դեպի Ուուցչական միությունն ունեցած ատելությունը ծնավ Գրասիրաց միություն. դեպի առաջին Գրասիրացին եղած հակակրանքը ծնավ երկրորդ Գրասիրաց մը։ Առ տղամարդիկ ունեցած ատելությունը ծնավ Կանանց միություն. աս Կանանց միությունը երկնելով, իր հերթին ծնավ երկրորդ Կանանց միություն մը։ Արեւմտահային հանդեպ զգացած ատելությունը ծնավ Ալաշկերտցիական միություն, ասիկա ալ նույն ամսին արբունքի գալով, ծնավ Տարոն-Տուրուբերան ընկերությունը։ Դեպ այս ընկերությունն ունեցած չկամությունը ծնավ Պաշտոնեից միությունը։ Այնուհետեւ կազմվեցավ Միություն մը արհեստավորաց համար, Միություն մը մանր առեւտրականաց գոյությունն ապահովող եւ այլն։ Ու եթե աս եռանդով շարունակվելու ըլլա, պետք չկա կասկածելու, որ պիտի կազմվի միություն մը, որ ոտանավորը սիրե լոկ, միություն մը, որ ախորժե ոտանավորեն ու արձակեն հավասարաչափ, միություն մը, որ ածականը նախադաս գործածե, միություն մը, որ հետադաս, միություն մը, որ իր նիստերը շաբաթ օրերը գումարելու հարմար տեսնե, միություն մը, որ եթե երկուշաբթի չըլլա, իսպառ հրաժարյալ սեպե ինքզինքը։
Սա ընկերություններն ու միություններն այնքան մոտիկ կապրին, կողք-կողքի, որ եթե միություններեն մեկը քթախոտին տուփը բանալու ըլլա, հանուր փռնգտոցը պիտի բռնե բոլոր Երեւանի միությունները։ Եթե կարճահասակ մեկը սայթաքելով գետին փռվելու ըլլա, աս ընկերություններեն երեքին կրնա տակը ճմլել։ Ու եթե բարկացած ես եւ կնկադ քանի մը խոսք ուղղելու համար մեծկակ քայլերով տուն կաճապարես, գիտցիր, որ յուրաքանչյուր քայլիդ` հինգ միության գրասենյակին դուռնեն կանցնիս… Հոս, ահավասիկ պետք է փնտրել այն բանին պատճառը, թե ինչպե՞ս կըլլա, որ տասներեք հոգիանոց ժողովի մեջ տասնյոթ ընկերության ներկայացուցիչներ կրնան գտնվիլ միաժամանակ։
«Հայաստանն ուներ 100 հազար քառակուսի կիլոմետր տարածություն եւ 200 հազար ընկերություն… բնակիչ, - պիտի գրե մեր մասին ապագա պատմիչը անշուշտ եւ պիտի հավելու,- հայերը զարմանալի բազմածին ազգ մը եղած են, օրական միջին թվով ծնած են մեկ մանուկ, երկու միություն»։
Կարծիքներ կային, որպես թե սա միությունները կազմված են նպաստի շուրջը եւ նպաստը դադրելով ընկերություններն ալ պիտի լուծվին, սակայն այս հիպոթեզը չարդարացավ անով, որ մինչ պետական նպաստը 50 տոկոսով կրճատվեց, ընկերությունները 10 տոկոսով կավելանան դեռեւս։
Ժողովներն են այս ընկերությանց գործունեության միակ ասպարեզը եւ «ձայնն» է միակ գործիքը։
Մի ամսվա աղմուկ-աղաղակից հետո այսօր վերջապես ընտրվեցին մեր ժողովրդական դատավորները։
Այս ընտրությանը, սակայն, մասնակցեցին բոլորը, բացի... ընտրողներից ու ընտրվողից։
Այսպես հեշտ են կատարվում մեզ մոտ բոլոր տեսակի ընտրությունները։
Ինչպես վարժ վիրահատը հանում է կույր աղիքն առանց նեղություն տալու հիվանդին, այնպես էլ մեր կառավարությունը կույր աղիքը պատվաստում է ժողովրդին, առանց ընտրողին ու ընտրվողին որևէ ցավ պատճառելու։
-------------------------
Ինչպես կատուները փուչ ընկույզի հետ ավելի երկար են խաղում՝ քան լիքի, այնպես էլ կառավարությունն ամիսներով ռեկլամում ու թմբկահարում է այն ընտրությունները, որոնք ժողովրդի սրտին ոչինչ չեն ասում, ավելորդ են, նվաստացուցիչ և անբովանդակ։
1960
Դեմոկրատական ներկա դարում ատոմային ռումբը ազատ ընտրությունն է և ոչ թե Ռուսաստանից բերած զենքը։ Ռուսաստանից բերած զենքով ինչ էլ ձեռք բերես՝ Ռուսաստանինն է, Գերմանիայի՞ն ինչ։
Քաղաքացի՛ք, դեպի քվեատուփ, ընտրելու արդեն նախապես ընտրվածը։
Փողոցներու պատերին կախված է ձայնազուրկներու ցանկը։ Անոնց իրավունք է վերապահված բողոքելու ձայնազրկության համար։
Իրավունք մը, որմե ոչ ոք կուզե օգտվել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել