
Ճանապարհային ոստիկանությունը կարող է կյանքեր փրկել, բայց բիզնես է անում
ՀՀ ոստիկանությունը և դրա մաս կազմող ճանապարհային ոստիկանությունը պարբերաբար հայտարարում են, որ իրենց ուշադրության կենտրոնում է Հայաստանի ճանապարհներին մահացության վիճակագրությունը: Ապա, հղում անելով այդ վիճակագրության բարելավման վեհ նպատակի սպասարկման իրենց պարտականության վրա` ոստիկանությունը անակնկալ-արագաչափեր է տեղադրում հանրապետությունով մեկ և տուգանքների չափերը մեծացնում:
Այն, որ առանց դրա մասին նախազգուշացնող ցուցանակի արագաչափ տեղադրելը հակասումը է ոստիկանության կողմից ԱԺ-ին տրված խոստմանը, մենք արդեն խոսել ենք: Սակայն եկեք հասկանանք, որ միայն արագության գերազանցումը չէ, որ հանգեցնում է մահացու վթարների:
Մահացության հիմնական պատճառները
Ճանապարհների վրա մահերի (կամ ծանր մարմնական վնասվածքների) հանգեցրած վթարների հիմնական պատճառները բազմաթիվ են: Տարբեր երկրներում կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արագության սահմանափակման գերազանցումը վթարի պատճառ է լինում վթարների ընդհանուր թվի ոչ ավել, քան 5-10 տոկոս դեպքերում: Օրինակ՝ 2011 թվականին ՌԴ-ում արագության գերազանցման պատճառով ծանր վթարների քանակը չի գերազանցել ծանր վթարների ընդհանուր քանակի 1,5 տոկոսը:
Այսինքն, եթե նույնիսկ ոստիկանությունը ամեն քայլափոխի արագաչափ, տեսախցիկ տեղադրի, միևնույնն է, ճանապարհներին զոհվածների քանակը համարյա չի պակասի:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մահացության քանակը կարելի է շեշտակիորեն պակասեցնել ամրագոտիների, որակյալ ճանապարհների (և ճանապարհային նշանների), ինչպես նաև մեքենաների տեխ. զննության միջոցով:
Այն, որ մեր երկրում խաչմերուկները, լուսաֆորները, ճանապարհային նշաններն ու գծանշումները շատ անհաջող են և հաճախ դառնում են խախտում կատարելու ու վթարվելու պատճառ, բոլորիս է հայտնի:
Հայտնի է նաև, որ վարչապետի նախաձեռնությամբ Հայաստանում մեքենաների տեխ. զննությունը, փաստացի, վերածվել է հարկատեսակի: Մուծիր գումարը, ստացիր կտրոնը, իսկ մեքենայիդ վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում… Կարող ես անգամ աշխատող արգելակներ, ղեկ կամ ամրագոտիներ չունենալ:
Բացի դրանից՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վարորդական վկայական ունեցող բազմաթիվ անձինք տեղյակ չեն երթևեկության կանոններից ու անվտանգության տեխնիկայից… Մարդիկ մեքենան վարում են ռեֆլեքսներով` հեծանիվի պես և ոչ օրենքներով:
Ամրագոտիները և սև ժապավենները
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամրագոտիները կարող են փրկել մարդու կյանքը հետևյալ իրավիճակներում/հավանականությամբ.
1. Ֆրոնտալ բախում – առջևի նստածների կյանքը փրկելու հավանականությունը` 60 %, հետևի ուղևորներինը` 30 %,
2. հարված մեքենայի կողքից – վարորդի և բոլոր ուղևորների կյանքը փրկելու հավանականությունը` 45 %,
3. մեքենայի շրջում (գլխիվայր) – վարորդի և բոլոր ուղևորների կյանքը փրկելու հավանականությունը` 85 %:
Միջինում ծանր վթարների դեպքում ամրագոտիները փրկում են վարորդի և առջևի ուղևորի կյանքը շուրջ 65 տոկոս դեպքերում, իսկ հետևի ուղևորներինը` շուրջ 55 տոկոս դեպքերում:
Այսինքն, եթե մի պայծառ օր բոլորը սկսեն ամրակապված երթևեկել, ապա ճանապարհներին զոհերի քանակը (վրաերթները չհաշված) կպակասի շուրջ 60 տոկոսով:
Թեև, դեռ 1970-ականերից ԽՍՀՄ-ում, իսկ ապա Հայաստանում վարորդներն ու ուղևորները (այդ թվում` հետևի նստատեղի ուղևորները) պարտավոր են ամրագոտի կապել, ճանապարհային ոստիկանությունն ընդամենը մի քանի տարի առաջ է սկսել տուգանել չամրակապված վարորդներին:
Այնուամենայնիվ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հաճախ վարորդները ամրագոտիների փոխարեն սև ժապավեններ են գցում ուսերին և դրանով բավարարում ՃՈ տեսուչների` ամրակապված լինելու պահանջը: Բացի այդ՝ ՃՈ տեսուչները, փաստացի, երբեք չեն հետևում, թե մեքենաների հետևի նստատեղերի ուղևորներն ամրագոտի կապե՞լ են, թե՞ ոչ:
Եթե փորձենք մոտավոր իրավիճակը պատկերացնել, ապա կարող ենք հանգիստ ասել, որ հանրապետությունում երթևեկող վարորդների և ուղևորների ավելի քան 80-90 տոկոսը ամրակապված չէ, այսինքն՝ վթարը 2.5 անգամ ավելի մեծ հավանականությամբ մահացու ավարտի կհանգեցնի… Սակայն դա ՃՈ տեսուչներին չի հետաքրքրում:
Իսկ ՃՈ-ն բիզնես է անում
Այսպիսի իրավիճակում ակնհայտ է, որ առաջին հերթին հարկավոր է վերականգնել մեքենաների տեխ. զննության ինստիտուտը, վարչարարությամբ պարտադրել, որ ձռմանը մարդիկ բացառապես ձմեռային անվադողեր օգտագործեն, խստացնել և ապակոռումպացնել վարորդական վկայական ստանալու գործընթացը, հետևել, որ վարորդներն ու ուղևորները ամրակապված լինեն և գոնե մի քիչ բարելավել ճանապարհների վիճակը:
Ակնհայտ է, որ այսպիսի գործառույթներ իրականացնելու դեպքում զոհերի ու վիրավորների քանակը կպակասի ընդհուպ 3 անգամ: Բայց ճանապարհային ոստիկանությունը դրա փոխարեն ջանք չի խնայում ամեն կերպ քաղաքացիներին տուգանելու համար… ՃՈ-ի` տուգանքներ հավաքելու առաքելությունը վերածվել է գերխնդրի, որի իրականացման համար ոստիկանությունը խաբում է ԱԺ-ին, իսկ ՃՈ-ն խաչմերուկներն ու փողոցները դարձնում է խախտումների դրդող (դրան մենք դեռ կանդրադառնանք):
Այստեղ ակնհայտ է դառնում, որ ՃՈ-ն անակնկալ-արագաչափերը տեղադրում է հիմնականում ոչ թե կյանքեր փրկելու, այլ վարորդներից փող հավաքագրելու համար (իսկ տուգանքների գումարները գնում են ՃՈ արտաբյուջետային հիմնադրամ):
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել