HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Խառատ-զինագործը

59-ամյա Էդվարդ Գրիգորյանին Մարտունիում ճանաչում են Քարիմ անունով: Արցախում մի ավանդույթ կար. երբ նորածինները մահանում էին, մեծերը խորհուրդ էին տալիս ծնողներին երեխային օտար անուն տալ, որ մնացածները ողջ մնան:

Այսօր Քարիմը Մարտունի քաղաքում հայտնի խառատ է: Նա պատմում է, որ այդ արհեստը սովորել է խորհրդային բանակում, որտեղ աշխատել է թուջի ձուլարանում: Զորացրվելուց հետո Քարիմը մեկնել է Երեւան եւ երեք տարի աշխատել «Հայ Էլեկտրաշարժիչ» գործարանում, որտեղ էլ հմտացել է իր արհեստում:

«1975 թ. վերադարձա Երեւանից եւ աշխատանքի անցա Մարտունու Մեքենատրակտորային կայանում` որպես խառատ: 10 տարի աշխատելուց հետո մի ավտոտնակ վարձեցի ու սկսեցի աշխատել: Չանցած 5 տարի` սկսվեց Արցախյան շարժումը»,- հիշում է Քարիմը:

Ստորագրահավաքներին հետեւեցին ցույցերն ու միտինգները, որոնց Քարիմն ակտիվորեն մասնակցում էր: Զգալով, որ այդ ամենի վերջը պատերազմ է, սկսեց ծածուկ նռնակներ պատրաստել: Այդ մասին նա շուտով պատմեց լեգենդար Կոմիսարին` մարտունեցի Վլադիմիր Խաչատրյանին:

Տեսնելով, որ Քարիմը կարողանում է զենք սարքել, Վ. Խաչատրյանն առաջարկեց մեծ խմբաքանակի վրա աշխատել: Օմոնականներն արդեն Մարտունիում էին, երբ 5 հոգով հանձն առան նռնակներ ու այլ տեսակի զենք-զինամթերք պատրաստել եւ ուսումնական հրացանները ձեւափոխել մարտականի:

«Զենք դեռ պատանի ժամանակից էի սիրում, որսորդությամբ էի զբաղվում: Հետո էլ բանակում ծանոթացա մնացած զենք-զինամթերքին: Այդպես էլ սկսեցի զենքեր սարքել, բավականին հաջող էր ստացվում: Օմոնականները պարզելով, որ ես զենք եմ պատրաստում, խուզարկեցին իմ արհեստանոցը, բայց ոչինչ չգտան: Ինձ 3 օր Աղդամում հարցաքննեցին, ոչինչ չկարողանալով պարզել` բաց թողեցին»,- պատմում է Քարիմը:

Իր պատրաստած զենքն ինքն էր փորձարկում ու դրանով մարտերին մասնակցում: Զրուցակիցս հիշում է, թե ինչպես իր պատրաստած հրանոթով մասնակցեց Ղարադաղլուի, Խոջավենդի ազատագրմանը: Իսկ Մարտունու մատույցներում օրումեջ ընթացող թեժ մարտերից մեկի ժամանակ նրա աչքի առաջ զովեց իր աշակերտը:

1991 թ. Կոմիսարը Երեւանից ականանետ բերեց 5 արկի հետ: Քարիմը պատմում է, որ Կոմիսարին խնդրել է մեկը թողնել որպես նմուշ, որից հետո ինքը կփորձի կրկնօրինակը պատրաստել: Բայց այնպես է ստացվել, որ 5 արկն էլ օգտագործել են:

«Տեսնելով, որ այլ ելք չկա, ինքնուրույն արկ պատրաստեցի, փորձարկելու ժամանակ արկը պայթեց` դեմքս վնասելով: Երկու ամիս ստիպված էի Ստեփանակերտի հոսպիտալում բուժվել: Հենց դուրս եկա հոսպիտալից, հաջորդ օրը հանձն առա նոր զենքի ձեւափոխումը»,- ասում է Քարիմը` հավելելով, որ համապատասխան գիտելիքների ու փորձի բացակայությունը լրացնում էր բազմաթիվ փորձերով. օրինակ` ինչ-որ նոր ու անծանոթ դետալ պատրաստելիս համեմատում էր մեկ այլ զինամթերքի նույն դետալի հետ:

Ինքնաշեն զենքերի կարիք, Քարիմի հավաստմամբ, կար պատերազմի սկզբում, հետո արդեն ձեռք բերված զինամթերքը հիմնականում ձեւափոխում ու վերանորոգում էին:

Պատերազմի ընթացքում զինագործ դարձած Քարիմը զենք էր պատրաստում եւ ձեւափոխում ոչ միայն Մարտունու շրջանի ջոկատների, այլեւ հարեւան Հադրութի շրջանի տղաների համար:

Երբ Մարտունու ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար նշանակվեց Ավոն` Մոնթե Մելքոնյանը, Քարիմին նշանակեց զինագործ: Զինադադարից հետո նա որոշ ժամանակ որպես զինագործ ծառայեց ԼՂՀ պաշտպանության բանակում, ապա զորացրվեց ու շարունակեց իր արհեստանոցում աշխատել` որպես խառատ: Քարիմը խոստովանում է, որ չնայած խորհրդային բանակում ծառայել է, բայց պատերազմ ու մահ տեսել էր միայն մարտաֆիլմերում: Արցախյան պատերազմում նա այդ ամենը տեսավ ու զգաց սեփական մաշկի վրա:

«Սկզբում, իհարկե, դժվար էր մահ տեսնելն ու դրան համակերպվելը: Ամենաահավոր տեսարանը, թերեւս, Հադրութի ավտոբուսի վրա ադրբեջանցիների հարձակումն էր, երբ միաժամանակ հինգ զոհ եմ տեսել: Այդ օրվանից ինքս ինձ հանգստացնելու համար ասում էի, որ կռվում չամիչ չեն բաժանում»,- ասում է նա: Ապա ավելացնում է, որ մահից առավել սարսափելի է գերի ընկնելը:

Պատերազմի ամբողջ ընթացում Քարիմի ընտանիքն Արցախում էր: Ռմբակոծությունների ժամանակ նա կնոջն ու նորածին որդուն տեղափոխեց Մարտունու շրջանի Գիշի գյուղ: 1994 թ. վերջին մարտերն էին, երբ հրանոթի արկը պայթեց իրենց թաղամասի բլինդաժի մոտ, որից չորս մարդ զոհվեց, իսկ Քարիմի կինն ու երեխան վիրավորվեցին:

«Կինս` Իրինան, ծանր էր վիրավորվել, արկի բեկորները փայծաղն ու գլուխն են վնասել: Փայծաղը վիրահատեցին, իսկ գլխի հատվածում մանր բեկորներն այդպես էլ չեն հանել, ու այսօր էլ նա պարբերաբար գանգատներ է ունենում: Մեկուկես տարեկան որդիս` Մհերը, շատ չի տուժել, մի բեկոր է վնասել ոտքը, որն այդպես էլ չեն հանել»,- ասում է Քարիմը ու թեթեւ ժպտում: Այսօր որդին ողջ-առողջ ծառայում է բանակում, իսկ երբ մագնիսի կտորը մոտեցնում է բեկորից վնասված ոտքին, իսկույն կպնում է:

Քարիմը` Էդվարդ Գրիգորյանը, պարգեւատրվել է «Մարտական ծառայություների» մեդալով:   

Մեկնաբանություններ (1)

Karen
Չեմ ուզում մեկնաբանեմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter