HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի զբոսաշրջության վարչության արձագանքը «Հետքի» հոդվածին և «Հետքի» պատասխանը

«Հետք» կայքում հրապարակված «Արցախի Զբոսաշրջության վարչությունը չի թույլատրել երեսպատել Գանձասարի պարիսպը…» նյութի վերաբերյալ

Անձնական բնույթի զրույցների վրա հղումներ կատարելով` սեփական ենթադրություններին եւ եզրակացություններին կշիռ տալու ու հավաստիության տպավորություն ստեղծելու փորձերը դուրս են գործարար շփումների եւ մարդկային փոխհարաբերությունների համընդհանուր ընդունված վարքագծի իմ ընկալումներից:

Նմանապես, միջնորդավորված տեղեկությունների հրապարակումը զանգվածային լրատվության միջոցների կողմից չի համապատասխանում լրագրության էթիկայի մասին իմ պատկերացումներին:

Վարչության եւ դրա ղեկավարության դիրքորոշումների եւ գործողությունների շարժառիթների վերաբերյալ բոլոր մեկնաբանությունները մնում են դրանց հեղինակների խղճի եւ պատասխանատվության գիտակցության վրա:

Ինչ վերաբերում է Գանձասարի վանական համալիրի պարիսպապատերի սալիկապատման վերաբերյալ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության դիրքորոշմանը, ապա այն հրապարակվել է դեռեւս սույն թվականի դեկտեմբերի 14-ին ու մնում է անփոփոխ:

Ս. Շահվերդյան

Հ.Գ. Կից Ձեզ է ներկայացվում ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության դիրքորոշումը.

«Դեռեւս 2011 թվականին Գանձասարի վանքի արդի վիճակը մանրամասն ուսումնասիրվել է մասնագետների կողմից, որոնց եզրակացության համաձայն, վանական համալիրը, ներառյալ դրա բաղկացուցիչ մաս կազմող շրջապարիսպները, կարիք ունեն համալիր գիտավերկանանգնման աշխատանքների` համաձայն մշակված համապատասխան նախագծի: Մինչ այժմ Գանձասարի վանական համալիրում իրականացվող ցանկացած աշխատանքները պետք է ընկալել որպես ժամանակավոր բնույթ կրող, որը չի կարող որեւե ազդեցություն ունենալ համալիրի գիտավերկանգնման նախագծային լուծումների եւ ապագայում իրականացվելիք գիտավերականգնողական աշխատանքների վերջնական արդյունքների վրա:

Գանձասարի վանական համալիրի գիտավերականգնողական աշխատանքները կսկսվեն անմիջապես դրանց ֆինանսավորման աղբյուրների հստակեցումից հետո»:

ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման եւ պահպանության բաժին

«Հետք»

«Հետքը» բազմիցս զանգահարել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանին՝ Գանձասարի պարսպի երեսպատման վերաբերյալ տեղեկություն անմիջապես նրանից ստանալու նպատակով: Սակայն վերջինս չի պատասխանել զանգերին: Զանգերին չի պատասխանել նաև վարչության քաղաքային հեռախոսահամարը: Միջնադարյան հուշարձանի երեսպատման վերաբերյալ լրագրողներին տեղեկատվություն չտրամադրելը դուրս է «գործարար շփումների և մարդկային փոխհարաբերությունների համընդհանուր ընդունված վարքագծի» ընկալումից:

Միջնորդավորված տեղեկություն հրապարակելը եղել է լրատվամիջոցի վերջին միջոցը՝ կատարելու իր առաքելությունը, այսինքն՝ իր լսարանին ապահովելու տեղեկատվությամբ՝ միջազգային հռչակ վայելող հուշարձանի՝ հայ ճարտարապետության գլուխգործոց Գանձասարի պարսպի նկատմամբ կատարվող միջամտության (մասնագետների հավաստիացմամբ՝ անթույլատրելի միջամտության) օրինական կամ ապօրինի, թույլատրված կամ չթույլատրված լինելու վերաբերյալ: Լրատվության աղբյուրին կատարվել է պատշաճ հղում՝ պահպանելով լրագրության էթիկան: Օրենքի խախտմամբ կատարվող երեսպատման մասին լռելը և այդ երեսպատումը չկանխելը չեն համապատասխանում էթիկայի և իրավական պետության մասին «Հետքի» պատկերացումներին:

Ինչ վերաբերում է պարոն Շահվերդյանի այդ դիտարկմանը, որ «վարչության և դրա ղեկավարության դիրքորոշումների և գործողությունների շարժառիթների վերաբերյալ բոլոր մեկնաբանությունները մնում են դրանց հեղինակների խղճի եւ պատասխանատվության գիտակցության վրա», ապա հայտնենք, որ հոդվածում արվում է ոչ թե մեկնաբանություն, այլ ստեղծված իրավիճակի հիման վրա ենթադրություն (այդ ենթադրությունը հոդվածում արտահայտված է «ենթադրում է», «գուցե» բառերի միջոցով): Գանձասարի պարսպի ապօրինի երեսպատումը մնում է Արցախի իշխանությունների «խղճի եւ պատասխանատվության գիտակցության վրա»:

Վարչության դիրքորոշումն է, որ «մինչ այժմ Գանձասարի վանական համալիրում իրականացվող ցանկացած աշխատանքները պետք է ընկալել որպես ժամանակավոր բնույթ կրող, որը չի կարող որեւե ազդեցություն ունենալ համալիրի գիտավերկանգնման նախագծային լուծումների եւ ապագայում իրականացվելիք գիտավերականգնողական աշխատանքների վերջնական արդյունքների վրա»: Մինչդեռ մասնագետներն այդ «ցանկացած աշխատանքները» որակում են որպես «ծաղրուծանակ», «խեղաթյուրում», «այլանդակում» և «հանցագործություն»: Ի վերջո, առաջնային հարցը ազդեցություն ունենալ-չունենալը չէ, այլ այն, որ որևէ մեկը (անկախ իր ֆինանսական դրությունից) չկարողանա սրտի ուզածն անել ազգային արժեքին, և որ Արցախում վճռորոշ լինի օրենքը, այլ ոչ թե անհատի քմահաճույքը:

Հարգանքով՝
«Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter