HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Խեչոյան

Ամբոխը

Ժողովուրդը վազում էր: Ջհուդ Մուկուչի Մորիկին տարել էին գոմերը խեղդելու: Գետի վրա արդեն սառույց էր կապել: Մեծահասակներն ու երեխաներս, սայթաքուն սառույցի վրա ընկնելով, սահելով ու սառցի կտորներ գցելով բերաններս, վազում էինք:

Ջհուդ Մուկուչը տեղափոխվում էր քաղաքում ապրելու, իսկ շանը չէր ցանկանում որևէ մեկին թողնել:

Հովիվներից մի քանիսը, խոր ձյունը լոք տալով, կոլտնտեսության մի տասնհինգ շուն ետևները գցած, հարայհրոցով, նրանց ոգևորելով, գոմերից գալիս էին դեպի գետը՝ ուզում էին ճանապարհը կտրել: Մորիկը, գյուղացիների առաջն ընկած, քշվելու նման, դարձդարձիկ պոչը բարձր պահած, հավասարաքայլ վազում էր:

Վազողներս կանգնեցինք: Մորիկը կանգնել էր, գլուխը բարձրացրած, ուշադիր նայում էր աղմկող հովիվներին ու իր ճանապարհը կտրել ցանկացող շներին: Կտրուկ ետ դարձավ, չգիտես՝ գյուղ էր ուզում գնալ, թե ժողովրդի հետ իր ետևից վազող տիրոջ մոտ՝ հպվելու նրա ոտներին: Ջհուդ Մուկուչը կռացավ՝ իբրև քար է վերցնում, նրան չթողեց մոտենա, մատների արանքում  մամլած ձյունը գցեց բերանը, ասաց. «Էն օրն էլ Դշխուն մամին էր կծել...»: Նրա ներքևի շրթունքը աննկատելի դողում էր, լսողներից ոչ մեկս էլ չհավատացինք: Գետի ամբողջ սառցակալած լայնքով և ձյունառատ, սպիտակ ափերով՝ սև շղթա տված, լուռ կանգնել էր ամբոխը՝ վազքից հանգստանում էր ու սպասում: Մորիկը նայեց մոտեցող շներին, մի պահ գանգուր պոչը իջեցրեց ու նորից գետի հունով վազեց, այս անգամ լեզուն դուրս գցած, հալածվողի նման: Ամբոխն էլ վազեց:

Մորիկը ճանապարհը չէր ծռի, սառցակալած գետի հունից դուրս չէր գա, չէր շրջանցի իր թիկունքից հոսող ամբոխի սև շղթան ու կոլտնտեսության աշնանա-վար սև ու սպիտակ ցելերով պոչը իջեցրած չէր վազի դեպի տուն... Նրա մաքրամաքուր, սպիտակ գույնն ու երբեք չուղղվող դարձդարձիկ պոչը նրան վեհ ու անպարտելի տեսք էին տալիս: Հաբել տացուի պատմածից բոլորն էլ տեղյակ էին գայլերի պատմությանը, ասում էր. «Փայտի էի գնացել, աշուն էր, գիշեր էր, գայլերը վրա էին տվել»: Ասում էր. «Չգիտեմ՝ ում, բայց գոռում էի... չգիտեմ՝ ինչքան էի գոռացել... մեկ էլ տեսնեմ՝ ճերմակ­ճերմակ մոմի նման վառվող մի բան ընկավ գայլերի մեջ: Տիրումերը բոլորին ցիրուցան արեց, քշեց ծմակուտները...»:

Նրա բացառիկ սպիտակության համար կանայք ասում էին. «Սուրբ Սարգսի շանը շատ է նման»: Ասում էին. «Հողեղեն ոչ մի կենդանի այդպես ծաղկած բա-լենու ճերմակություն չի կարող ունենալ»:

Շրջկենտրոնից ոտքով գյուղ եկողները գիշերով, եթե «Քոռ կամրջի» մոտ երգող ջրահարսների էին հանդիպում ու ընկնում նրանց հմայքի տակ, Մորիկը մի ակնթարթում գյուղից հասնում էր, ջրահարսներին քշում ճահճուտների խորքե-րը, ազատում «Կորած ժամի» մոտ սատանաների շուրջկալի մեջ ընկած որսորդներին: Գյուղացիք ասում էին. «Քամին գրքի նման կարդացող շուն է»: Հովիվներն ու շները կտրեցին նրա ճանապարհը: Երկուստեք նայում էին իրար: Նրանք Մորիկին տեսնելիս միշտ էլ ճանապարհները փոխում էին՝ նրա անորոշության հասնող սպիտակությունից վախեցած: Հիմա նրանք կաղկանձում էին, իրար կծոտում ու չէին համարձակվում Մորիկին մոտենալ: Հետո նույն համաչափ քայլքով սկսեց վազել: Ամբոխն էլ վազեց:

Հովիվների հարայ-հրոցից շները քիչ էին բորբոքվում, իմիջիայլոց պարտականություն կատարելու պես վազում էին Մորիկի կողքով: Հովիվներից մեկը շտապով ձնագնդի շինեց ու խփեց: Կանգնեց, գորշավուն աչքերը հառած, մարդու հայացքով նայում էր խփողին: Ջհուդ Մուկուչը, բռան մեջ մամլած ձյունը բերանը գցելով, ասաց. «Ծերացել է: Էն օրը Մաղաք տացուս պատահական ոտքն էր կոխել՝ հարձակվել էր վրան...»: Նրա ներքևի շրթունքը աննկատելի դողում էր, լսողներից ոչ մեկս էլ չհավատացինք: Ամբոխը, կոլտնտեսության շների համար տարածություն թողած, գորշ պատի պես, գյուղի ճանապարհը փակած, լուռ կանգնել, սպասում էր: Շները, ձնագնդից ոգևորված, նետվեցին: Մորիկը մի հարվածով երկուսին տապալեց, երրորդին կրծքով այնպես խփեց, որ այն երկար ժամանակ չէր կարողանում բարձրանալ: Ու դարձավ, չգիտես՝ գյուղ էր ուզում գնալ, թե ժողովրդի հետ իր ետևից վազող տիրոջ մոտ՝ հպվելու նրա ոտներին: Ջհուդ Մուկուչը կռացավ, իբրև քար է վերցնում՝ չթողեց: Բռան մեջ սեղմած ձյունը գցեց բերանը ու շրջված ամբոխից՝ սրթսրթալով, միզում էր ձյուների մեջ: Շունը, դարձյալ համաչափ քայլքով, սկսեց վազել: Կարճատև հանգստացած ամբոխն էլ վազեց: Ջհուդ Մուկուչը, շալվարը կոճկելով, տրակտորիստ Զարմիկին գոռաց. «Քաղաք քաշվելու չլինեի...»: Ասաց. «Տիրումերը ծնած կովի հետ փոխողի»: Նրա կապտավուն ստվերը սպիտակ ձյան վրա բարակ ու երկար-երկար էր:

Զարմիկն ասաց. «Այ քեզ շուն, դրանց ոնց ավլեց, իստկեց...»: Ասաց. «Ուզում է դրանցից տասնհինգ հատ չէ, քսան էլ լինեն, բան դուրս չի գա, ախր վախենա-լու չափ ճերմակ է, դրա համար էլ աչք ու ատամ չի բռնում... մի հրացան լիներ...»: Ամբոխից փափախավոր մեկին ուղարկեց որսորդ Բագրատենց տուն: Ասավ. «Հավատացած եմ, գրազ կգամ, գյուլլա էլ չի բռնի»: Կոլտնտեսության տասնհինգ շները հովիվների տաք քըսքըսներից չէին ոգևորվում: Մի քանիսը կանգնեցին, արմատիքներ էին հոտոտում ու գուղձերին միզում: Հետո էլ ետ դարձան ու գնացին կոլտնտեսության գոմերի կողմը: Հովիվներից մեկն ասաց. «Ափսոս, քոլլո Զալիկը չկար, Զալիկը լիներ, ձեռաց հարցերը կլուծեր, էնի ետևից է խփում՝ ուղիղ ամորձիքին…»: Հետո ձեռը դրած ճակատին՝ նայեց գոմերի դիմացի գորշ սարին: Բոլորս էլ, ձեռներս վահանակի ճակատներիս դրած, նայեցինք գորշ, քարկիտուկ սարին: Ասավ. «Այ, սատկես դու, մկների հետ է խաղում...»: Բոլորս նորից նայեցինք ու չտեսանք, բայց մեզանից ամեն մեկը հավատացած էր, որ նա այնտեղ մկների հետ է խաղում: Հովիվը երկու ձեռքի զույգ մատները դրեց բերանը՝ երկար, տաք, հույսով ու տագնապալի սուլեց մի քանի անգամ: Նայող՝ չտեսնողներիս ասաց. «Գալիս է…»: Ճակատի քրտինքը փափախով սրբեց: Մենք էլ ճակատներիս քրտինքը փափախներով սրբեցինք: Թքեց, ասաց. «Գալիս է… էնտեղ իր արհեստի վերաբերյալ դաս է սովորում…»:

Մորիկը վազում էր, ամբոխն էլ վազեց: Թիկունքում կապտավուն մշուշի մեջ մնացած գյուղը հազիվ էր նկատվում: Նա արդեն հասնում էր «Քոռ կամրջի» գունավոր գոլորշիներ արձակող տաք ճահիճներին, որի եղեգնուտներում  ջրահարսներն էին բնակվում: Սաքոն վազքի պահին գոռաց. «Էս անտեր շունն էլ էնքան հպարտ է, որ ուրիշի տանը ապրողը չէ»: Նա հազիվ նկատելի գունատ էր, լսողներից ոչ մեկս էլ չհավատացինք:

Պոչատ Զալիկը ահագին տարածություն կտրած եկավ, հասավ հովիվներին: Դեպի գոմերը գնացող շները, նրա թափով վազքը տեսած, նորից եկան: Հովիվներից մեկը ճանապարհին հաստ մի ճյուղ էր ջարդել, գետի ափով Մորիկին համընթաց վազեցվազեց ու վերևից ներքև հասցրեց մեջքին: Սայթաքուն սառցի վրա, հարվածի թափից, ոտները տակից փախան, կիսաընկած մի քիչ սահեց ու առանց կաղկանձի ոտքի կանգնեց: Հարվածից խրախուսված՝ պոչատ Զալիկը նետվեց առաջ: Նա սրընթաց հասավ, մտավ ետևի ոտների արանքը ու որսաց ամորձիքը: Մորիկը այդպիսի հարձակման չէր սպասում ու հանկարծակիի եկավ: Մյուս շներն էլ հարձակվեցին: Հետո դարձդարձիկ պոչը բացվեց, ու նա ընկավ: Ահագին ժամանակ՝ մի քսանհինգ-երեսուն րոպե, նրա երկինք պարզած ետևի ոտները դողում էին, իսկ ոհմակը գտել էր նրա քներակը, կոկորդը բերանն առած՝ խեղդում էր: Մորիկի գույնը փոխվեց, մարմինը ստվերի նման դարձավ՝ առանց ծավալի ու թեթևացավ…

Այդ ձմռան դեպի գյուղ փչող փոթորկոտ քամիներից հետո գարնանը ոչ մի սպիտակաթերթ բալենի չծաղկեց: Իսկ «Քոռ կամուրջը» լքած ջրահարսները այլևս չվերադարձան եղեգնուտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter