
Հայաստանի համար բարձր մաքսեր սահմանելով՝ Վրաստանը միջազգային համաձայնագի՞ր է խախտում
«Այս ամենը նման է մի իրավիճակի, երբ առանց հրացանի գնում ես որսի. որպեսզի Վրաստանից պահանջենք կատարել իր կողմից վավերացված միջազգային կոնվենցիայի դրույթները, նախևառաջ մենք նույնպես պետք է այդ կոնվենցիայի անդամ լինենք»,- այսօրվա ասուլիսում ասաց միջազգային հարցերով փորձագետ Մենուա Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ տրանզիտային առևտրի միջազգային համաձայնագիրը, որի անդամ է ավելի քան 60 երկիր, այդ թվում Հայաստանի հարևաններից Վրաստանը և Թուրքիան, շրջանակային է: Այդ համաձայնագիրը վավերացրած պետությունները հնարավորություն ունեն կնքել երկկողմ պայմանագիր, որի օգնությամբ կարգավորվում են առևտրատնտեսական հարաբերությունները ծովեզերք ունեցող և չունեցող երկրների միջև: Այդ պայմանագրերի միջոցով բավականին ցածր մաքսային տուրքեր են սահմանվում ծովեզերք չունեցող երկրների համար:
2008 թ. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի անգամ բարձրաձայնեց այս հարցը, սակայն տևական ժամանակ շարունակություն չեղավ: 2012 թ. վերջին միջազգային այդ համաձայնագրին անդամակցելու վերաբերյալ մեկօրյա խորհրդարանական լսումներ անցկացվեցին:
Քաղաքագետ Նարեկ Գալստյանի դիտարկմամբ՝ բացի պետական և ազգային շահերից՝ գոյություն ունեն նաև բիզնեսի շահեր, և հնարավոր է նաև այն տարբերակը, երբ վրացական կամ արտաքին որևէ այլ լոբբինգի ձեռնտու չէ, որ Հայաստանի համար ցածր մաքսեր սահմանվեն:
«Մեր երկիրն առավելապես ներմուծող է, շուկան էլ փոքր է, և տնտեսական տեսանկյունից Վրաստանին ձեռնտու չէ իր տարածքով Հայաստան ներկրվող ապրանքների համար մաքսը նվազեցնել, քանի որ միևնույն է՝ բեռնափոխադրումների քանակը կտրուկ չի ավելանա: Եթե Վրաստանի ծովային տարածքով Հայաստան է ներկրվում, օրինակ, 1000 ապրանք, ապա մաքսային արտոնությունների արդյունքում այդ թվի կտրուկ աճ և մեծածախ առևտուր դժվար թե լինեն՝ Հայաստանի շուկայի ծավալներից ելնելով»,- ասաց Նարեկ Գալստյանը:
Նրա կարծիքով հայկական բեռների վրա Վրաստանի դրած բարձր մաքսային սակագները ոչ թե միջազգային կոնվենցիայի խախտում են, այլ ուղղակի հակասում են ՄԱԿ-ի կանոնագրքի 85-րդ հոդվածին, համաձայն որի՝ ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավոր են միմյանց հետ համագործակցել ընդհանուր հանուն խաղաղության: Քաղաքագետի դիտարկմամբ համագործակցության իրավունքը կարևորագույն միջազգային իրավունքներից մեկն է, որը ոչնչով չի զիջում միջազգային մյուս իրավունքներին:
Լուս.՝ ձախից Մենուա Սողոմոնյան և Նարեկ Գալստյան
Մեկնաբանել