
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ անակնկալը հայկական պատվիրակության համար
«Ցանկանում եմ ընդգծել, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն այսօր շատ հեռու է իր ստանձնած դերից»,- հայտարարեց արվեստի պատմության դոկտոր Պատրիկ Դոնաբեդյանը: -Իմ պատրաստած ցուցանակը ցանկանում էին հանել միայն այն պատճառով, որ տեքստում նշված էր Ջուղայի մասին»:
Հունիսի 15-ին Փարիզում տեղակայված ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված «Խաչքարի արվեստ` հայկական սուրբ քարեր» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը համախմբել էր ավելի քան 350-400 հյուրի:
Ցուցադրությանը ներկայացված էին տարբեր ժամանակաշրջանների խաչքարերի հինգ տասնյակից ավելի լուսանկարներ: Քանդակագործ Ռոբերտ Մինասյանը տեղում ցուցադրում էր խաչքարի ստեղծման տեխնիկան:
Իր բնույթով առաջին նմանատիպ ցուցադրությունը համընկնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի երկու տարբեր կոմիտեների նստաշրջանների հետ, ինչը պետք է հնարավորություն տա հայկական խաչքարի արվեստը ցուցադրել աշխարհի տարբեր ծայրերից հրավիրված մասնագետներին:
Սակայն այս «հաջողության» կողքին մշակութային արժեքների ջատագով ՅՈւՆԵՍԿՕ-ն մեծ անակնկալ էր պատրաստել հայկական պատվիրակության համար:
Ցուցահանդեսի բացումից ժամեր առաջ հանվել էին բոլոր ցուցանմուշների տեղանունները, խաչքարային մշակույթի տարածման տվյալներն ընդգրկող քարտեզը, ինչպես նաեւ Ջուղայի խաչքարերը ոչնչացումից հետո պատկերող լուսանկարը:
Մեզ հետ զրույցում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը նշեց, որ երկարատեւ բանակցություններ են վարվել մինչ ցուցադրությունը: Մասնավորապես ՅՈւՆԵՍԿՕ-ն դեմ է եղել ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքներում, այլ նաեւ Ղարաբաղում տեղակայված խաչքարերի ցուցադրությանը:
Հայկական պատվիրակությունը զիջել էր միայն Ջուղայի խաչքարերի հարցում, այդուհանդերձ, պահպանելով նախկին Ջուղայի լուսանկարը: Ի պատասխան հայկական պատվիրակության համառությանը՝ սրահից դուրս էր տարվել ՅՈւՆԵՍԿՕ-ի դրոշը: Իսկ բացման արարողությանը ղեկավարությունը չներկայացավ՝ պատճառաբանելով զբաղվածությունը:
«Ուզում եմ հավատալ, որ իսկապես զբաղված էր»,- մեկնաբանեց Արեւ Սամուելյանը:- Մեզ ասում էին` ներկայացնենք խաչքարերի ժամանակագրությունը, որովհետեւ տեղանունների համար պետք էր համաձայնեցնել տվյալ երկրների հետ: Բայց դա իրենց խնդիրն էր: Ստացվում է, որ այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ն Ադրբեջանի հրահանգով է շարժվում»:
Ջուղայի խաչքարերի հարցում ՅՈւՆԵՍԿՕ-ի միջամտությունն ակնկալողների զարմանքը մեծ էր. մշակութային տեռորը ոչ միայն չի պատժվում այսօր, այլեւ փորձ է արվում այն կոծկել:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել