HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականությունը խորն է

Հարցազրույց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ

Ի՞նչ է կոռուպցիան հայաստանյան հասարակության համար: Որքա՞ն խորն են կոռուպցիայի արմատները կենցաղային եւ իշխանական բարձր մակարդակներում:

Արդեն վաղուց փորձագետների եւ ակադեմիական շրջանակների կողմից ընդունված է, որ հնարավոր չէ ուղղակիորեն չափել կոռուպցիան: Կարելի է  պատկերացում կազմել կոռուպցիայի չափի մասին այնքանով, որքանով այն ընկալվում է հասարակության կողմից: Իհարկե, ուղղակի գծային կապ չկա կոռուպցիայի ծավալների եւ ընկալման միջեւ:

Չի կարելի ասել, որ եթե հարցվողների 90 տոկոսն ասում է, որ տվյալ ոլորտը կոռումպացված է, ապա այդ ոլորտի պաշտոնյաների 90 տոկոսը կոռումպացված են: Դա ճիշտ չէ: Բայց, միեւնույն ժամանակ, կան շատ լուրջ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ գոյություն ունի որոշակի կապ ընկալման եւ կոռուպցիայի ծավալների միջեւ. չի կարող պատահել, որ երկրում կոռուպցիայի ընկալումը լինի բարձր, իսկ ծավալները` ցածր:

Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մեզ մոտ կոռուպցիան շատ խորն է արմատացած, սակայն հնարավոր չէ խոսել կոնկրետ ծավալների եւ չափերի մասին. այդպիսի ուսումնասիրություններ Հայաստանում չեն կատարվել, եւ դա բավական բարդ եւ ծախսատար աշխատանք է: Անգամ մեթոդոլոգիական խնդիր կա. շատ դժվար է չափել, ասենք, թե որքա՞ն է կազմակերպությունը տուժում, եթե պաշտոնյան իր բարեկամին է նշանակում աշխատանքի: Կազմակերպությունը կարող է նույնիսկ շահել այդ պատճառով, բայց երեւույթը, միեւնույն է, կոռուպցիա է: Այսինքն` հնարավոր չէ հովանավորչության հետեւանքները չափել գումարային արժեքով: Ես հակված չեմ ասել, որ մենք ունենք կոռումպացված կառավարություն եւ մաքուր հասարակություն: Երկուսն էլ փոխկապակցված են:

Մեր ազգի մեջ շատ խորն է ոչ թե դրական վերաբերմունքը կոռուպցիայի հանդեպ, այլ հանդուրժողականությունը: Ես շատ եմ ուզում հատկապես սա տարբերակել: Ժողովուրդն ասում է` դե, բաշարում է, անում է, այսինքն` եթե թերակշռում է, մանրը չի վերադարձնում եւ այլն, դա հասարակությունը հանդուրժում է: Իհարկե, չի նշանակում, որ պաշտոնյաները պետք է ձեռքները ծալած նստեն եւ սպասեն, թե երբ պետք է ազգի ինքնագիտակցությունը բարձրանա, եւ մարդիկ դադարեն հանդուրժել այս երեւույթները:   

Ո՞ր ոլորտներում է առավել շատ տարածված կոռուպցիան: Կա՞, արդյոք, կոռուպցիա բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում:

2010 թ. դեկտեմբերի 9-ին մենք հրապարակեցինք «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի» տվյալները: ԿՀԲ-ն աշխարհի տասնյակ պետությունների տնային տնտեսությունների ներկայացուցչական հարցում է մարդկանց` կոռուպցիայի ընկալման եւ փորձի վերաբերյալ:

Նշեմ, որ խոսքը ընկալման համաթվի մասին է: Մասնավորապես, հարցման միջոցով վեր են հանվել տվյալ երկրի բնակչության կողմից առավել կոռումպացված համարվող ոլորտները, վերջին տարիներին կոռուպցիայի մակարդակի փոփոխության վերաբերյալ կարծիքը, քաղաքացիների կողմից պաշտոնատար անձանց կաշառք տալու տարածվածությունը եւ այլն:

Հայաստանում հարցումն անցկացվել է 2010 թ. հունիսի 10-ից 20-ն ընկած ժամանակամիջոցում «Գելափ Ինթերնեշնլի» ռուսաստանյան ներկայացուցիչ «Ռոմիր հոլդինգի» կողմից, որը հանրային կարծիքի ուսումնասիրություններ իրականացնող ռուսաստանյան հայտնի ընկերություն է:

Ըստ հարցումների` առավել կոռումպացված են կրթության ոլորտը` 4.2 (5 նիշը` բացարձակ կոռումպացված), 4.1 ոստիկանությունն ու դատարանները: Շատ ոլորտներ, ինչպես, ասենք, դատախազությունը կամ բնապահպանության ոլորտը, չեն ներառվել: Սա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ուսումնասիրությունն անցկացվել է 86 երկրներում, եւ դիտարկվել են այնպիսի ոլորտներ, որոնք համընդհանուր են եւ համասեռ բոլոր երկրների համար:

Բոլոր 86 երկրներում նույն պատկերացումն ունեն, թե ինչ է կրթությունը կամ ոստիկանությունը, իսկ դատախազության համակարգը կարող է տարբեր երկրներում տարբեր լինել: Ընտրվում են նաեւ այն ոլորտները, որոնց հետ բնակչությունն առավել հաճախ է շփվում: Օրինակ` բնապահպանության ոլորտի հետ ուղղակի շփումը համեմատաբար քիչ է:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի առկայությանը բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում, ապա իհարկե կա, բայց մենք չունենք կոնկրետ հետազոտություններ եւ հենվում ենք միայն մամուլի հրապարակումների եւ բացահայտումների վրա: Մինչ այժմ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, որ պատժվել են կոռուպցիոն հոդվածներով, հենց բնապահպանության նախարարությունից են` բնապահպանության վարչության պետը եւ նրա տեղակալը:

Սակայն, նույնիսկ բացահայտումները չեն կարող միանշանակ ցուցանիշ լինել, որովհետեւ որոշ ոլորտներում պայքարն ավելի ուժեղ է տարվում, մյուսներում` ավելի թույլ: Օրինակ` պաշտպանության նախարարությունը փակ կառույց է, եւ եթե քիչ են այնտեղ բացահայտումները, ապա դա դեռ չի նշանակում, որ այնտեղ քիչ է կոռուպցիան, իսկ եթե ավելի շատ են բացահայտումները գյուղապետարանների շրջանում, ապա դա էլ դեռեւս չի նշանակում, որ բոլոր գյուղապետարանները կոռումպացված են: Հնարավոր է, որ նախարարի աշխատակիցը իր կապերի շնորհիվ չի պատժվի, իսկ գյուղապետարանի աշխատակիցը կպատժվի: Սա էլ է պատճառներից մեկը, որ որպես ցուցանիշ ընդունվում է կոռուպցիայի ընկալումը եւ ոչ թե գրանցված դեպքերը:

Գործնականում ի՞նչ է նշանակում կոռուպցիայի դեմ պայքարը: Ինչպե՞ս են մղում այդ պայքարը պետությունը (Ազգային ժողովի Վերահսկիչ պալատ, նախագահի եւ վարչապետի վերահսկողական ծառայություններ, իրավապահ մարմիններ) եւ քաղաքացիները: Իրատեսակա՞ն է, արդյոք, կոռուպցիայի մակարդակ նվազեցնելը մեր երկրում:

Կա կոռուպցիայի դեմ պայքարի երեք բաղադրիչ` կանխարգելում, դեպքերի բացահայտում եւ հանրային աջակցություն: Գործնականում պայքարը, իմ կարծիքով, այն է, երբ այդ բոլոր բաղադրիչներն արդյունավետ կերպով ներգրավված են: Ես սա չեմ տեսնում մեզանում: Մեզ մոտ շեշտը դրվում է կանխարգելիչ միջոցառումների վրա, որոնք նախատեսում են օրենսդրական ակտերի կատարելագործում եւ այլն:

Մի տարբերակ է, երբ իշխանափոխություն է տեղի ունենում, եւ հաջորդ իշխանություններն ավելի մաքուր են: Սակայն, հաշվի առնելով մեր ազգի հոգեկերտվածքը` այս տարբերակը քիչ հավանական է: Մյուս ճանապարհը քաղաքացիական հասարակության կայացումն է, ժողովրդավարությունը, որի արդյունքում այդ երեւույթները վեր կհանվեն, եւ դրանց վերաբերյալ կլինի արձագանք եւ անհանդուրժողականություն: Երբ պաշտոնյան հասկանա, որ կոռուպցիայի պատճառով կարող է զրկվել պաշտոնից, այդ ժամանակ նա գուցե ավելի զգոն լինի: Եթե խոսքը լուրջ պայքարի մասին է, ապա, իմ կարծիքով, ամեն ինչ պետք է սկսվի նորմալ ընտրություններից:

Այդ ժամանակ պաշտոնյան կարող է կորցնել իր պաշտոնը, կարող է հեղինակազրկվել, եթե նշանակի կոռումպացված նախարար, քանի որ դա նվազեցնում է իր` նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորությունը: Ես չեմ ասում, որ դրանով կոռուպցիան կվերանա, բայց դրանով սկիզբ կդրվի արդյունավետ հակակոռուպցիոն պայքարին, եւ այդ պայքարը կունենա լուրջ հիմք: Կա Սինգապուրի օրինակը:

Սինգապուրը ավտորիտար պետություն է, բայց վերնախավը որոշում է, որ պետք է մաքուր լինի եւ դա ցույց է տալիս իր օրինակով: Սա իշխող համակարգի բարի կամքն է, թեեւ ես կնախընտրեի, որ ոչ թե բարի կամք լինի, այլ ժողովրդի վերահսկողություն: Որոշ պաշտոնյաներ շատ են սիրում Սինգապուրի օրինակը բերել, բայց ես չեմ պատկերացնում, որ մեզ մոտ դա կգործի: Չեմ հավատում, որ բարձրաստիճան պաշտոնյան բանտ կնստեցնի իր բարեկամին` կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու պատճառով:

Ի՞նչ տեղ է զբաղեցնում Հայաստանը կոռուպցիայի վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի վերջին հաշվետու ժամանակաշրջանի զեկույցում: Արդեն քանի՞ տարի է, որ գործում է ՙԹրանսփարենսի Հայաստանը', եւ այդ ընթացքում ինչպե՞ս է փոխվել կոռուպցիայի հետ կապված իրավիճակը երկրում (կոռուպցիան պակասե՞լ է, ավելացե՞լ):

2001 թ. հոկտեմբերին կազմակերպությունը հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից որպես ազգային մասնաճյուղ: 2008 թ. փետրվարին կազմակերպությունը վերագրանցվել է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ):

Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2.6 է (որքան ցածր է ցուցանիշը, այնքան բարձր է ընկալվում կոռուպցիան): Մենք կիսում ենք 123-126-րդ տեղերը Մադագասկարի, Նիգերիայի եւ Էրիթրեայի հետ: Մենք ավելի քիչ կոռումպացված ենք ընկալվում, քան Բելառուսը, Սիրիան, Ադրբեջանը, Ֆիլիպինները, Զիմբաբվեն, Ուկրաինան, Ռուսաստանը: Ադրբեջանը կիսում է 134-142-րդ տեղերը: Ռուսաստանը` 154-163:

Նշեմ նաեւ, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը չի անցկացնում հարցումներ, այն վերցնում է այլ ուսումնասիրություններ եւ դրա վերլուծության հիման վրա ստանում է ցուցանիշներ: Հայաստանը 2003 թ.-ից է ներգրավված այս ուսումնասիրության մեջ:

Հայաստանի ԿԸՀ արժեքը շարունակում է իր դանդաղ հետընթացը: 2008-ից սկսել է վատանալ: Մինչ այդ էլ համաթիվը հուսադրող չէր` 3 էր, բայց տարբեր տարիների տատանվում էր` 2.9, 3.0, 3.1: 2008 թ. մենք չուզեցինք ասել, որ վիճակը վատանում է, որովհետեւ ընդամենը 0.1-ով իջավ, բայց հիմա ակնհայտ է, որ կա դանդաղ վատթարացում, եւ սա ունի իր բացասական միտումը. եթե վիճակը կտրուկ վատանար, ապա կձեռնարկվեին հստակ եւ շտապ քայլեր, իսկ եթե վիճակը դանդաղ է վատանում, անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված դիտարկել, որպեսզի վատթարացման պատկերն ակնհայտ լինի, իսկ դա ժամանակի կորուստ է:

Մեկնաբանություններ (1)

haykUS
This is not surprising. In Armenia government officials can steal, suck our blood, kill and then when retired freely invest in new business and live great rich life. All are corrupted from president to smallest cockroach in the government. This will end if we execute few of them or put then in jail for 20-30 years. Look who owns biggest businesses and properties in Armenia, all are owned by former government officials, prosecutors, tax inspectors, police, military generals, all of them. So, the country is corrupted to the roots. So dear Diaspora Armenians why support those thefts and criminals? Yes, people of Armenia needs help, but it should by-pass anyone in the government including president, because he is also corrupt. We all Armenians from US, Armenia, France must do something about it.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter