HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիայից քայքայված իշխանությունը անգործունակ է դառնում

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ    

Հայաստանում եւ Ադրբեջանում դատական համակարգերի անկախության մասին են ստորեւ ներկայացվող հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն 

Հարցազրույց «Թրանսփարենսի Ադրբեջան» կազմակերպության գործադիր տնօրեն Ռենա Սաֆարալիեւայի հետ

Ի՞նչ է կոռուպցիան Ադրբեջանի հասարակության համար: Որքա՞ն խորն են նրա արմատները կենցաղային մակարդակում եւ իշխանության վերինխավերում:

Հիմա Ադրբեջանի հասարակության մեջ շատ ցածր է վստահությունը պետական կառույցների նկատմամբ: Կարծում եմ, որ ամեն մարդ պետք է սկսի իրենից, բայց ընդհանուր առմամբ «հասարակություն եւ պետություն» ձեւաչափը ենթադրում է երկկողմանի երթեւեկությամբ ճանապարհ: Պետության խնդիրն է` զբաղվել հակակոռուպցիոն պրոպագանդայով (դրա համար միջոցներ կան) եւ ամրապնդել սեփական հայտարարությունները գործնական քայլերով:

Հարուստ Եվրոպան ապրում է ավելի համեստ, քան մեր պետական կառույցների ներկայացուցիչներից շատերը: Եթե խորհրդային տարիներին միլիցիայի սպան աշխատանքի էր գալիս նոր «Ժիգուլիով», ապա դա անմիջապես հետաքննության նյութ էր դառնում: Անհրաժեշտ է պետության համար ստեղծել նորմալ հիմք, որի անկյունաքարերից են օրենքն ու իրավունքը, անհրաժեշտ է պատշաճ կադրային քաղաքականություն: Այդ ժամանակ էլ մեր երկրում կվերականգնվի վստահությունը օրինապահ մարինների նկատմամբ:

Ո՞ր ոլորտներում է առավել շատ տարածված կոռուպցիան: Կա՞, արդյոք,կոռուպցիա բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում:

2005 թվականից սկսած` «Թրանսփարենսի Ադրբեջանը» ԵԱՀԿ-ի եւ USAID-ի ֆինանսավորմամբ իրականացնում է «Իրավական օգնության եւ հասարակական շահերի պաշտպանության կենտրոններ» նախագիծը, որը, Բաքվի հետ միասին, ներառում է չորս շրջաններ` Գյանջա, Լենքորան, Գուբա եւ Շեքի: Այս տարիների ընթացքում մեր կազմակերպության հինգ կենտրոնները ստացել են ավելի քան 27 հազար բողոք: Դժգոհության մեծ մասը բաժին է ընկնում դատական համակարգին, ոստիկանությանը, մունիցիպալ մարմիններին, գործադիր իշխանությանը եւ թոշակների ու սոցիալական վճարումների ոլորտին: Ընդգծեմ, որ սա ոչ թե տարբեր նախարարությունների կոռումպացվածության ցուցանիշն է, այլ քաղաքացիների` տարբեր գերատեսչությունների դեմ բողոքների քանակը:

Ադրբեջանի բնական պաշարների օգտագործման ոլորտում առկա կոռուպցիայի մասին. կան կոռուպցիայի ներքին, նաեւ տարատեսակ արտաքին պատճառներ: Օրինակ` ՄԱԿ-ի 2003 թ. դեկտեմբերի 9-ի հակակոռուպցիոն համաձայնությունը ստորագրել են 140 երկրներ, բայց վավերացրել են մոտ քառասունը: Իսկ եթե վերցնենք «Մեծ ութնյակը», ապա նրա անդամներից վավերացրել են միայն Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Ստացվում է, որ հումքային պաշարների ոլորտում կոռուպցիայից տուժող երեք տասնյակ երկրներ վավերացրել են փաստաթուղթը, բայց այն չի կարող գործել: Այն պարզ պատճառով, որ անդրազգային ընկերությունների շտաբ-բնակարան-երկրներում գործի չեն դրվել համապատասխան իրավական մեխանիզմները:

Գործնականում ի՞նչ է նշանակում կոռուպցիայի դեմ պայքարը,ինչպե՞ս են մղում այդ պայքարը պետությունը եւ քաղաքացիները: Իրատեսակա՞ն է մեր երկրում կոռուպցիայի ծավալը նվազեցնելու ցանկությունը:

Կոռուպցիան առաջ է եկել պետության ի հայտ գալու հետ միասին, բայց հենց նա էլ կարող է հանգեցնել ցանկացած պետության անհետացմանը, եւ սա բնավ էլ տեսական հարց չէ: Ցանկացած, նույնիսկ ձեւականորեն շատ ուժեղ իշխանությունը կոռուպցիայից քայքայվելու դեպքում դառնում է անգործունակ: Մասնագետները մի տերմին ունեն` «գրավված պետություն», երբ քաղաքականությունն ու բիզնեսը սերտաճում են, որի պատճառով պետական ինստիտուտները սկսում են գործել միանգամայն այլ ռեժիմով, քան պահանջում են ընդունված նորմերն ու կանոնները:

Հիմա կարելի է ասել, որ երկրի քաղաքական իշխանությունը լրջորեն մտահոգված է հասարակության մեջ առկա կոռուպցիայի մասշտաբով եւ դրսեւորում է քաղաքական կամք: Երբ մի քանի հազարավոր դոլար արժեցող կոստյումներ, տասնյակ հազար դոլարներ արժեցող մեքենաներ եւ միլիոնավոր դոլարներ արժեցող տներ ունեցող մարդկանց թիվը հասնում է հազարների, իսկ նրանց պաշտոնական եկամուտներն այս բանի հետ ոչ մի կերպ չեն համաձայնեցվում, այլեւս անհնար է չնկատել խնդիրը: Բացի այդ, քիչ-քիչ անհետանում են խորհրդային պրակտիկայի ավանդույթները, երբ գոյություն ուներ կադրերի պատրաստման եւ դրանց վերահսկման թեկուզ անկատար համակարգ:

Մենք ականատես ենք յուրահատուկ իրադրության, երբ պետությունն ընդունում է փորձագետների առաջարկները եւ կատարելագործում օրենսդրությունը, բայց բազմաթիվ խնդիրներ կան օրենքի գործադրման ասպարեզում: Կոռուպցիային լայնամասշտաբ հակազդեցության համար պահանջվում է ազգային անկաշառության բազմակողմանի համակարգ:

Այն ենթադրում է իրական քաղաքացիական վերահսկողություն օրենքով հաստատված շրջանակներում: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարով թող զբաղվի հատուկ դրա համար նախատեսված գերատեսչություն: Ներկայումս գործում է Գլխավոր դատախազությանը կից Կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտը: Բայց ավելի ցանկալի կլիներ ունենալ անմիջապես նախագահին կամ խորհրդարանին ենթարկվող մարմին:

Չպետք է մոռանալ, որ կոռուպցիայի առաջին զոհերն այն կառույցներն են, որոնք ունեն հսկայական չվերահսկվող ռեսուրսներ, ինչպես նաեւ նրանք, ովքեր իրականացնում են վերահսկողություն` իրենք չլինելով վերահսկողության ենթակա: Իսկ հսկողության գործառույթներ ունեցող մարմինը չպետք է զբաղվի վերահսկողությամբ, քանի որ ցանկացած կառույցում կա կորպորատիվ շահերի խնդիր:

Հրատապ է օրենքի պահպանման խնդիրը: Ոմանք գողանում են միլիոններ եւ ստանում հինգ տարվա պայմանական ազատազրկում, իսկ մեկ ուրիշը` լվացքի պարանից մի շոր եւ դրա համար` երեք տարվա ազատազրկում: Անհրաժեշտ է իրական հավասարություն օրենքի առաջ, իսկ օրենսդրությունը պետք է պաշտպանի մարդու իրավունքները եւ սեփականությունը: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ հակակոռուպցիոն օրենսդրությունը պետք է անցնի կոռուպցիայից, կանխատեսի զարգացումները:

Արդյունավետ պայքարին խանգարում է այն, որ պաշտոնյաների շրջանում չկա կոռուպցիայի դատապարտման պրակտիկա: Սովորական մարդիկ այդ առումով ավելի լավ են հասկանում խնդիրը, քանի որ գիտակցում են վտանգը` վիրահատվելու փողով դիպլոմ ձեռք բերած վիրաբույժի մոտ, զոհվելու տան մեջ, որը կարող է փլվել անօրինական վերակառուցման հետեւանքով, կամ ընկնելու երթեւեկության կանոնները չիմացող վարորդի մեքենայի տակ: Հասարակության կողմից կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունը ստեղծում է նպաստավոր պայմաններ այս սոցիալական չարիքի դեմ պայքարի համար: Երբ մենք խոսում ենք կոռուպցիայի համակարգային բնույթի եւ համատարածության մասին, ապա դա նշանակում է, որ ծննդատնից մինչեւ գերեզմանոց, որտեղ պետք է հողակտոր ձեռք բերել հանգուցյալի համար, առկա են կոռուպցիոն սխեմաներ: Պայքարն ընթանում է փոփոխական հաջողությամբ, բայց ընդհանուր առմամբ մեր կազմակերպությունը պատրաստ է մրցանակ տալ նրան, ով հանրապետությունում կգտնի կոռուպցիայից ազատ որեւէ ոլորտ:

Ի՞նչ տեղ է զբաղեցնում Ադրբեջանը կոռուպցիայի վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի վերջին հաշվետու ժամանակաշրջանի զեկույցում: Արդեն քանի՞տարի է, որ գործում է «Թրանսփարենսի Ադրբեջանը»,եւ այդ ընթացքում ինչպե՞ս է փոխվել կոռուպցիայի հետ կապված իրավիճակը երկրում (կոռուպցիան պակասե՞լ է,ավելացե՞լ):

Մինչեւ 2000 թվականը Ադրբեջանը չի մտել «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կողմից կազմվող Կոռուպցիայի ընկալման ինդեքսի մեջ, քանի որ դրա համար պահանջվում են որոշակի քանակությամբ հատուկ ուսումնասիրություններ: Իհարկե, այս Ինդեքսը բացարձակ ցուցանիշ չէ, բայց միանգամայն պարզորոշ ձեւով վկայում է իրերի որոշակի դրության մասին: Հաշվարկների համար օգտագործվում է 10 բալանոց համակարգ: Ինչքան քիչ են բալերը, այնքայն վատ են պետության եւ հասարակության գործերը:

Այս ընթացքում Ադրբեջանը դուրս չի եկել 2,4 եւ 2,7 բալի միջակայքից: Իսկ 3 բալից պակաս գնահատականը վկայում է կոռուպցիայի բարձր մակարդակի մասին, որը կրում է համակարգային բնույթ: Սկզբունքորեն, այդ սոցիալական չարիքի շատ թե քիչ ընդունելի մակարդակի մասին կարելի է խոսել` սկսած 5-ի հավասար ցուցիչից: Ցավոք, վերջին գնահատման ցուցակում հայտնված երկրների երկու երրորդի ինդեքսը ցածր է այդ նիշից: Իսկ 3 եւ պակաս բալ ունեցողների խումբը սկսվում է 90-րդ տեղից: Լավագույնները Դանիան, Նոր Զելանդիան եւ Սինգապուրն են, որոնք 9,3 բալով բաժանում են առաջին երեք տեղերը: ԱՄՆ-ը, օրինակ, 22-րդ տեղում է եւ ունի 7,1 բալ: Որքան հեռու է երկիրը առաջին տեղերից, այդքան մեծ են կոռուպցիոն խնդիրներն ու ռիսկերը: 2010 թ. տվյալներով, 178 երկրների շարքում Ադրբեջանը գրավում է 134-րդ տեղը եւ ունի 2,4 բալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter