
«Vertu» բջջային հեռախոսը` ընդամենը 7000 դրամով
Կենտրոնի դատարանը ռումինացի Կոռնել Ստենգաչուին` որպես միջազգային հանցավոր խմբի պարագլխի, ազատազրկելուց բացի, որոշել է նաեւ բռնագանձել նրանից առգրավված «Nokia 6300», «Vertu» մոդելների բջջային հեռախոսները եւ արեւային ակնոցը: «Vertu»-ն, ըստ քրեական գործի, Կոռնելը գնել էր հայաստանյան բանկերից հափշտակած գումարով` 1 մլն 200 հազար դրամով:
Սակայն ԴԱՀԿ-ն, ինչպես հայտնում է այս կառույցում «Հետքի» աղբյուրը, հեռախոսը «վաճառել» է ընդամենը 7000, իսկ թանկարժեք ակնոցը` 3000 դրամով: Առայժմ անհայտ է «Nokia 6300»-ի ճակատագիրը:
Չնայած տեղեկատվության իսկությանը չենք կասկածում, այնուամենայնիվ, «Հետքը» պաշտոնապես դիմել է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին` խնդրելով պարզաբանել, թե ինչ ճակատագրի են արժանացել Ստենգաչուից բռնագրավված արեւային ակնոցը, 353510029036580 գործարանային համարով «Nokia 6300» մոդելի ու 135790246811220 գործարանային համարով «Vertu» մոդելի բջջային հեռախոսները: Հուսով ենք` հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը կասի նաեւ, թե ով է 3300 դոլարանոց հեռախոսը ձեռք բերել մոտ 20 դոլարով:
Մեկնաբանել