HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Արամ Հարությունյանը գնալու է մինչև վերջ, բայց կարող է նաև հանել իր թեկնածությունը

«Ես գնալում եմ մինչև վերջ» և «Հնարավոր է, որ ընտրություններից 10 օր առաջ հանեմ թեկնածությունս».  այսպիսի վճռականությամբ է տրամադրված նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով համոզված է նաև, որ նախագահի մյուս թեկնածուները իշխանության դրածոներն են և միայն ինքն իրավունք ունի քննադատել իշխանություններին, քանի որ երբեք պաշտոնյա չի եղել: Այս մասին նա հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Արամ Հարությունյանը բողոքում է, որ իրեն ուղիղ եթեր չեն տրամադրում, միգուցե այդ պատճառով է, որ ժողովուրդն իրեն այդքան լավ չի ճանաչում: Իր նախընտրական ծրագրի մասին խոսելիս Հարությունյանն ասաց, որ նախագահ դառնալու դեպքում առաջին հերթին կփոխի ընտրական համնակարգը. այն կդարձնի բալային, երբ քվեարկության ժամանակ ընտրողները թեկնածուների անվան դիմաց կնշանակեն միավորներ, օրինակ, 0-ից 7, կախված թեկնածուների թվից: Այդպիսով կդժվարա նաև կեղծարարների գործը:

Մի փոքր անհասկանալի էր նախագահի թեկնածուի ծրագրի երկրոդ մասը, որով նա առաջարկում էր տարանջատել քաղաքական և տնտեսական իշխանությունները: Այդ տարանջատման արդյունքն այն է լինելու, որ Հայաստանի խոշոր ձեռնարկատերերը կկարողանան մասնակցել երկրի կառավարմանը անմիջականորեն, և ստիպված չեն լինի իրենց բիզնեսը պաշտպանելու համար մտնել ԱԺ և զբաղվել քաղաքականությամբ:

Հարությունանը իր ծրագրի երրորդ կետով առաջարկում է ընդունել օրենք ընդդիմության վերաբերյալ, որպեսզի, ինչպես ինքն է նշում, մեր երկրի հարստությունը հանդիսացող ընդդիմությունը լինի պաշտպանված:

Քաղաքականության դասական դարձած կանոնների համաձայն` նախագահի թեկնածուն չզլացավ նաև փնովել մրցակիցներին. «Էսօր միայն Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք ուներ առաջադրվելու ՀԱԿ-ի անունից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց ընտրություններին չմասնակցելու մասին, իսկ ահա Հրանտ Բագրատյանը թեկնածությունը դնելուց առաջ պետք է վայր դներ մանդատը, քանի որ ՀԱԿ-ի շնորհիվ է, որ նա դարձել է պատգամավոր, այժմ էլ ուզում է նախագահ դառնալ»:  

Խոսելով ընդդիմության մյուս ներկայացուցչի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, Հարությունյանը «դիպուկ» մի դիտարկում արեց, համաձայն որի` «Ժառանգության» առաջնորդի այցը Բաքու անիմաստ էր, քանի որ Ադրբեջանն արդեն իսկ պախարակված էր Սաֆարովի դեպքից հետո, և այլևս կարիք չկար այցելել Բաքու: Ուրիշ` ավելի «ծանրակշիռ»  հարձակում այս մրցակցի վրա Հարությունյանը չգործեց,  թերևս բացի այն, որ իր համոզմամբ ճիշտ են արել, Րաֆֆի Հովհաննիսյանին հանելով արտաքին գործերի նախարարի պաշտոնից, երբ նա Ստամբուլում հայտարարել էր, թե այդ քաղաքի պալատները հայերն են կառուցել: Հարությունյանի կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաև որոշ այլ թեկնածուներ, իշխանությանը ձեռնտու ընդդիմություն են:

Խոսելով գործող նախագահ Սերժ Սարգյանի մասին` Արամ Հարությունյանը մի փոքր ավելի չափավոր խոսքեր գտավ նրան «քննադատելու» համար: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կարծիքով, Հանրապետական կուսակցության ծրագիրը վատը չէ, պարզապես պետք է Սերժ Սարգսյանի քաղաքական կամքը այն իրականություն դարձնելու համար:

Խոսելով նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի՝ միասնական ինքնաբացարկ անելու կոչի մասին` Արամ Հարությունյանն ասաց, որ հարգում է Ղուկասյանին, սակայն չի ընդունում այն միտքը, որ պետք է հենց այնպես դուրս գալ պայքարից. ինքը գնալու է մինչև վերջ, չնայած չի բացառում դեպքերի այնպիսի զարգացումը, երբ ընտրություններից 10 օր առաջ հնարավոր է, որ հանի թեկնածությունը և նույնիսկ համոզված է՝ իշխանությունները շատ ուրախ կլինեին, եթե դա հիմա աներ:

Հարությունյանի կարծիքով, եթե Սերժ Սարգսյանը քվեաթերթիկներում մնա միայնակ թեկնածու, ապա 50% ձայն չի հավաքի:

Հետաքրքրական էր նախագահի թեկնածուի դիտարկումներից մեկը, որը վերաբերում էր 2012 թ.-ին աղմուկ հանած «Հարսնաքարի» դեպքին: Արամ Հարությունյանն ասաց, որ ցավում է, որ ՊՆ նախարարը «Հարսնաքարի» դեպքից շատ չանցած մարզադաշտում Ռուբեն Հայրապետյանի կողքին նստած հրճվելով երկրպագում էր  Հայաստանի ֆուտբոլի հավաքականին: Լրագրողների հարցին՝ թե այդ դեպքում ինչո՞ւ ինքը չէր մասնակցում Վահե Ավետյանի մահվանը հաջորդած բողոքի ակցիաներին, նախագահի թեկնածուն պատասխանեց, որ չէր ցանկանում այդ ամենը քաղաքականացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter