
«Հետքի» պարզաբանումը ՊԵԿ-ի պարզաբանմանը
«Հետքն» այսօր ստացել է Պետական եկամուտների կոմիտեի պարզաբանումը` հունիսի 9-ին «Հետք» շաբաթաթերում տպագրված և հունիսի 11-ին hetq.am կայքում տեղադրված «10 հատ չվաճառված սղոցի կտրիչի գինը. նախագահի ելույթից մեկ օր անց» հոդվածի վերաբերյալ:
4 պարբերությունից բաղկացած պարզաբանման առաջին 2 պարբերության մեջ ներկայացված է ՊԵԿ-ի դիրքորոշումը մայիսի 28-ին անհատ ձեռներեց Արթուր Էժդարյանին պատկանող տաղավարից հարկային տեսուչների իրականացրած հսկիչ գնման վերաբերյալ:
«Հետքը» ՊԵԿ-ի այդ դիրքորոշմանն անդրադարձել է հենց վերոնշյալ հոդվածում, որտեղ ներկայացրել է և հսկիչ գնումն իրականացրած հարկային տեսուչներ Յուրիկ Վարդանյանի ու Սարգիս Սահակյանի, և ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանի տեսակետները տեղի ունեցածի վերաբերյալ: Ուստի, ՊԵԿ-ի պարզաբանման առաջին երկու պարբերության մեջ նորություն չկա, քանի որ այդ պարզաբանումն արդեն իսկ ներառված էր հոդվածում` ապահովելով հոդվածի համակողմանիությունը:
«Հետքին» ուղարկած պարզաբանման 3-րդ պարբերության մեջ ՊԵԿ-ը նշում է. «...իրականությանը չեն համապատասխանում պնդումներն այն մասին, որ հարկային տեսուչները, խախտելով օրենքը, ուսումնասիրությունն իրականացրել են ժամկետը սպառվելուց հետո», և տեղեկացնում, որ ուսումնասիրություն կատարելու «հանձնարարագիրը տրվել է մայիսի 10-ին, իսկ ստուգումը սկսվել է 2011 թ. մայիսի 20-ին, ուսումնասիրության 8-րդ օրը` մայիսի 28-ին, արձանագրվել է խախտումը»: «Հետքը» գրել էր, որ «Յուրիկ Վարդանյանը և Սարգիս Սահակյանը հսկիչ գնումն արել են` «համաձայն Մյասնիկյան ՀՏ պետի «10» մայիսի 2011 թ. թիվ 2604359 հանձնարարագրի»:
Իսկ մայիսի 10-ով թվագրված այդ հանձնարարագրում գրված է. «Ուսումնասիրության ժամկետը` 10 աշխատանքային օր»: Մայիսի 10-ից հաշված` 10 աշխատանքային օրը լրանում է մայիսի 23-ին: Մինչդեռ հարկային տեսուչներն ուսումնասիրությունն արել են մայիսի 28-ին` ժամկետի սպառվելուց 5 օր անց»:
Սա գրելիս «Հետքն» առաջնորդվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով, որով սահմանված է. «Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը:...»: Իսկ թե ինչ իրավական ակտով է առաջնորդվել ՊԵԿ-ը, պարզաբանման մեջ չի նշվում:
ՊԵԿ-ի պարզաբանման վերջին` 4-րդ պարբերության մեջ նշվում է, թե «ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2011 թ. մայիսի 26-ի հրամանով, տեսչության կանխատեսումների և հավաքագրումների բաժնի համապատասխան աշխատակիցների համար 2011 թ. մայիսի 28-ը համարվել է աշխատանքային օր»:
Այնինչ «Հետքը» դեռ մինչև հոդվածի տպագրվելը ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանից հարցրել էր, թե արդյոք մայիսի 28-ը Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ-ի նախագահի հրամանով հայտարարվա՞ծ էր աշխատանքային օր: Նելլի Մանուչարյանը պատասխանել էր, որ ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ ՊԵԿ-ում մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր էր:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել