«Ժողովրդավարական հայրենիքի» կոչը Բագրատյանին, Հայրիկյանին, Հովհաննիսյանին
1999-2000 թթ. Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի գլխավորությամբ և նրանց շուրջը համախմբված հետադիմական ու ապազգային ուժերի կողմից հակասահմանադրական ճանապարհով և զենքի ուժով ձևավորված վարչախումբը շուրջ մեկ ու կես տասնամյակ շարունակ պահում է զավթած իշխանությունը:
Վարչախումբն, իր գոյության ընթացքում կեղծելով բոլոր մակարդակի ընտրությունները, այն կատարելագործեց այն աստիճան, որ 2012 թ.-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները վերածեց մանդատների աճուրդի, որով վերջնականապես հաջողվեց հասարակությանը զրկել ընտրելու իր սահմանադրական իրավունքից և որպես գործոն չեզոքացնել:
2012 թ.-ի մայիսի 19-ին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով իր մտահոգությունը արտահայտեց ստեղծված իրավիճակի մասին և ընդդիմադիր ուժերին, այդ թվում՝ ՀԱԿ-ին, առաջարկեց նոր ուժային կենտրոնի ձևավորման օրակարգ, որը սպասվող նախագահական ընտրություններին կկանխեր ընտրակեղծիքի համակարգի անխափան գործելուն և կվերականգնվեր ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը:
Ստեղծված իրավիճակում ԺՀԿ-ն արձանագրում է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ ուրվագծվում է նախագահական ընտրությունների կանխատեսելի արդյունք, այն է՝ առանց մրցակցության ու հետընտրական զարգացումների, հանրապետականների քրեաօլիգարխիկ նոմենկլատուրան հռչակելու է իր նախագահին:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը տեսականորեն դեռևս իրավիճակի փոփոխության հնարավորություն տեսնում է, եթե առաջադրված թեկնածուներից Հ. Բագրատյանը, Պ. Հայրիկյանը և Ր. Հովհաննիսյանը կարողանան իրավիճակը ճշգրիտ գնահատեն և ընդդիմադիր ընտրազանգվածին համախմբման գործընթաց նախաձեռնել, և դա հնարավոր կլինի, եթե նրանք մեկ ծրագրով ու թիմով հանդես գան և քվեաթերթիկում մնա նրանցից մեկը:
Գործընթացների նման զարգացումների դեպքում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը վերստին դուրս կգա պայքարի առաջին գիծ և իր հնարավորությունների սահմաններում կանի ամեն ինչ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ
13.01.13 թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել